28 Չարագործները փախչում են, թեև նրանց հետապնդող չկա,
Իսկ արդարները առյուծի պես քաջ են:+
2 Երկրում օրինազանցության պատճառով իշխաններն անընդհատ կհաջորդեն իրար,+
Բայց խորաթափանցություն և գիտելիք ունեցող մարդու օգնությամբ իշխանը երկար կղեկավարի:+
3 Խեղճերին խաբող չունևոր մարդը+ նման է անձրևի,
Որը սրբում-տանում է ողջ բերքը:
4 Ովքեր խախտում են օրենքը, գովաբանում են չարագործներին,
Իսկ ովքեր պահում են օրենքը, վրդովվում են նրանց դեմ:+
5 Չար մարդիկ չեն կարող հասկանալ արդարությունը,
Բայց ովքեր իրենց հայացքը Եհովային են ուղղում, կարող են հասկանալ ամեն ինչ:+
6 Ավելի լավ է լինել աղքատ, բայց անարատ,
Քան հարուստ, բայց ապականված:+
7 Հասկացող որդին պահում է օրենքը,
Բայց որկրամոլների հետ ընկերակցողը խայտառակ է անում իր հորը:+
8 Նա, ով մեծացնում է իր հարստությունը տոկոսով փող տալու+ և վաշխառություն անելու միջոցով,
Այն կուտակում է նրա համար, ով բարություն է ցուցաբերում աղքատների հանդեպ:+
9 Ով չի ցանկանում հնազանդվել օրենքին,
Նրա աղոթքն անգամ գարշելի է:+
10 Նա, ով շեղում է ուղղամիտներին ու սխալ ուղու վրա կանգնեցնում, իր փորած փոսը կընկնի,+
Բայց անարատ մարդիկ բարիք կժառանգեն:+
11 Հարուստը իմաստուն է իր աչքին,+
Բայց խորաթափանց աղքատը տեսնում է, թե ով է նա իրականում:+
12 Երբ արդարները հաղթանակում են, մեծ ուրախություն է տիրում,
Բայց երբ չարագործներն են իշխանության գալիս, մարդիկ թաքնվում են:+
13 Իր մեղքերը թաքցնողը հաջողություն չի ունենա,+
Բայց ով խոստովանում է դրանք ու այլևս չի կրկնում,
Նրա հանդեպ գթասրտություն կցուցաբերվի:+
14 Երջանիկ է այն մարդը, ով միշտ զգույշ է, որ սխալ բան չանի,
Բայց համառ սիրտ ունեցողը փորձանքի մեջ կընկնի:+
15 Անօգնական ժողովրդի վրա իշխող չար ղեկավարը
Նման է մռնչացող առյուծի և հարձակվող արջի:+
16 Խորաթափանցություն չունեցող առաջնորդը չարաշահում է իր իշխանությունը,+
Բայց նա, ով ատում է անազնիվ ճանապարհով ձեռք բերված եկամուտը, կերկարացնի իր կյանքը:+
17 Արյունապարտ մարդը մինչև մահ փախուստի մեջ կլինի:+
Թող ոչ ոք նրան չաջակցի:
18 Անարատ վարք ունեցողը կփրկվի,+
Բայց ով անազնիվ է, հանկարծակի կընկնի:+
19 Իր հողը մշակողը առատ հաց կունենա,
Բայց փուչ բաների հետևից ընկնողը աղքատությամբ կկշտանա:+
20 Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կունենա,+
Բայց նա, ով շտապում է հարստանալ, անմեղ չի մնա:+
21 Կողմնապահություն անելը լավ չէ,+
Բայց հնարավոր է՝ մարդ մի կտոր հացի համար սխալ վարվի:
22 Նախանձ մարդը հարստության հետևից է ընկնում,
Բայց չգիտի, որ իրեն աղքատություն է սպասում:
23 Խրատողին+ ի վերջո ավելի շատ շնորհակալ կլինեն,+
Քան նրան, ով շողոքորթում է:
24 Նա, ով կողոպտում է իր հորն ու մորը և հետո ասում՝ «Մեղք չեմ գործել»,+
Կործանարար մարդուց ոչնչով չի տարբերվում:+
25 Ագահ մարդը վեճ է հրահրում,
Բայց ով ապավինում է Եհովային, հաջողություն կունենա:+
26 Իր սրտին վստահողը հիմար է,+
Բայց իմաստությամբ վարվողը ապահով կլինի:+
27 Նա, ով տալիս է աղքատներին, ոչ մի բանի կարիք չի ունենա,+
Բայց ով իր աչքերը փակում է, որ չնկատի նրանց, շատ անեծքներ կտեղան նրա վրա:
28 Երբ չարագործները իշխանության են գալիս, մարդիկ թաքնվում են,
Բայց երբ նրանք կործանվում են, արդարները շատանում են:+