Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Առակաց» գրքից
ՀԻՆ Իսրայելի Սողոմոն թագավորը «երեք հազար առակ խօսեց» (Գ Թագաւորաց 4։32)։ Ունե՞նք մենք հնարավորություն տեղեկանալու նրա իմաստուն խոսքերին։ Այո՛։ Աստվածաշնչի «Առակաց» գիրքը, որն ամբողջացվել է մ.թ.ա. 717 թ.–ին, պարունակում է Սողոմոնի առակներից շատերը։ Իսկ վերջին երկու գլուխները վերագրվում են Հակեի որդի Ագուրին և Լեմուել թագավորին։ Սակայն կարծիք կա, որ «Լեմուել»–ը Սողոմոնի մեկ այլ անունն է։
«Առակաց» գիրքն ունի երկու նպատակ, այն է՝ անհատին «իմաստութիւն» և «խրատ» սովորեցնել (Առակաց 1։2)։ «Առակաց»–ը մեզ իմաստություն է տալիս, որի շնորհիվ կարողանում ենք իրերը ճիշտ գնահատել և խնդիրները լուծելու նպատակով կիրառել մեր գիտելիքները։ Մենք նաև խրատ, կամ՝ դաստիարակություն ենք ստանում այս ներշնչյալ գրքից։ Եթե ականջ դնենք առակներում պարփակված խորհուրդներին, ապա դրանք կհասնեն մեր սրտին և մեզ կդարձնեն երջանիկ ու հաջողակ (Եբրայեցիս 4։12)։
‘ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԻՐ ԵՎ ՊԻՆԴ ԲՌՆԻՐ ԽՐԱՏԸ’
Սողոմոնն ասում է. «Իմաստութիւնը աղաղակում է դրսումը» (Առակաց 1։20)։ Ինչո՞ւ պետք է լսենք նրա բարձր ու հստակ ձայնը։ 2–րդ գլխում հիշատակվում են իմաստություն ստանալու օգուտները։ 3–րդ գլխում քննարկվում է, թե ինչպես մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել Աստծու հետ։ Այնուհետև Սողոմոնն ասում է. «Իմաստութեան սկիզբն է [«Ամեն բանի գլուխը իմաստութիւնն է», ծնթ.], «Իմաստութիւն ստացիր». եւ քո ամեն ստացուածքի հետ հանճար ստացիր։ Պինդ բռնիր խրատը, մի ձգիր» (Առակաց 4։7, 13)։
Ի՞նչը կօգնի մեզ դիմադրել այս աշխարհի անբարո ճանապարհներին։ 5–րդ գլուխը մեզ հորդորում է զարգացնել «խոհեմութիւն»՝ խորհելու ունակություն, և օգնում է տեսնել, թե ինչ գայթակղություններ կան աշխարհում, և թե ինչ մեծ գին է վճարում անբարոյություն գործող անհատը։ Հաջորդ գլուխը նախազգուշացնում է այնպիսի գործերից և սովորություններից, որոնք կարող են վտանգել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ 7–րդ գլուխը պարզ նկարագրում է անբարո անձնավորության գործողությունները։ 8–րդ գլխում գեղեցիկ կերպով ցույց է տրվում, թե որքան արժեքավոր և ցանկալի հատկություն է իմաստությունը։ 9–րդ գլուխը, եզրափակելով նախորդ գլուխները, պատկերավոր ձևով մեզ խրախուսում է հետամուտ լինել իմաստության։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։7; 9։10 — Եհովայի հանդեպ վախը ինչպե՞ս է «գիտելիքի սկիզբը» (ՆԱ) և «իմաստութեան սկիզբը» հանդիսանում։ Առանց Եհովայի հանդեպ վախի՝ չի կարող լինել գիտելիք, քանզի նա է ամեն բանի Արարիչը և Աստվածաշնչի Հեղինակը (Հռովմայեցիս 1։20; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Նա բոլոր ճշմարիտ գիտելիքների Աղբյուրն է։ Հետևաբար, գիտելիքներ ձեռք բերելու համար նախևառաջ հարկավոր է Եհովայի հանդեպ ակնածալից վախ ունենալ։ Աստվածավախությունը նաև իմաստության սկիզբն է, քանի որ չկա իմաստություն առանց գիտելիքի։ Այն անհատը, ով չի վախենում Եհովայից, ինչ գիտելիքների էլ որ տիրապետի, դրանք չի օգտագործի Արարչին պատվելու համար։
5։3 — Ինչո՞ւ է պոռնիկը կոչվում ‘օտար կին’։ Առակաց 2։16, 17–ում ‘օտար կնոջ’ մասին ասվում է, որ նա «մոռացել [է] իր Աստուծոյ ուխտը»։ «Օտար» են կոչվել բոլոր նրանք, այդ թվում նաև պոռնիկները, ովքեր երկրպագել են կեղծ աստվածների կամ օտարացել են Մովսիսական օրենքից։
7։1, 2 — Ի՞նչ են ներառում «իմ խօսքերը» և «իմ պատուիրանքները» արտահայտությունները։ Բացի Աստվածաշնչի ուսմունքներից, դրանք ներառում են նաև այն կանոնները, որոնք ծնողները հաստատում են՝ ի բարօրություն ընտանիքի բոլոր անդամների։ Երեխաները պետք է հնազանդվեն այդ կանոններին, ինչպես որ հնազանդվում են ծնողներից ստացած սուրբգրային ուսուցումներին։
8։30 — Ո՞ւմ է ներկայացնում ‘ճարտարապետը’։ Անձնավորված իմաստությունն իրեն անվանում է ճարտարապետ։ Այսպիսի անձնավորումը ավելին է, քան պարզապես գրական միջոց՝ ներկայացնելու իմաստության առանձնահատկությունները։ Այն այլաբանորեն վերաբերում է Աստծու անդրանիկ որդուն՝ Հիսուս Քրիստոսին, երբ նա դեռ չէր եկել երկիր։ Որպես մարդ ծնվելուց շատ առաջ նա ‘ստեղծվեց’ (ԱԱ) Աստծու «ճանապարհի սկզբումը» (Առակաց 8։22)։ Լինելով «ճարտարապետ»՝ նա ակտիվորեն համագործակցում էր իր Հոր հետ բոլոր բաները ստեղծելու ընթացքում (Կողոսացիս 1։15–17)։
9։17 — Ի՞նչ են «գողացուած ջուրերը», և ինչո՞ւ են դրանք «քաղցր»։ Քանի որ Աստվածաշունչը ամուսնական կյանքում սեռական հարաբերություններից հաճույք ստանալը նմանեցնում է ջրհորից հանած թարմացնող ջուր խմելուն, գողացված ջրերը նշանակում են գաղտնի սեռական հարաբերություններ (Առակաց 5։15–17)։ Այդպիսի ջրերը քաղցր են թվում այն պատճառով, որ թաքուն են «խմվում»։
Դասեր մեզ համար
1։10–14. Մենք պետք է զգույշ լինենք, որ չհրապուրվենք հարստություն խոստացող մեղավորների չար ճանապարհներով։
3։3. Մենք պետք է բարձր գնահատենք ‘շնորհքը’, կամ՝ սիրառատ բարությունը, ու ճշմարտացիությունը և այդ հատկությունները պետք է դրսևորենք նկատելի կերպով, ինչպես որ մի թանկարժեք վզնոց կկրեինք։ Նաև պետք է «փորագրենք» այդ հատկությունները մեր սրտի վրա՝ դրանք դարձնելով մեր անձնավորության մի մասը։
4։18. Աստվածաշնչյան գիտելիքները մենք աստիճանաբար ենք ստանում։ Լույսի մեջ մնալու համար պետք է շարունակենք խոնարհություն և հեզություն դրսևորել։
5։8. Մենք պետք է հեռու մնանք ամեն տեսակ անբարո ազդեցություններից՝ լինեն դրանք երաժշտության, զվարճությունների, Ինտերնետի, գրքերի թե պարբերագրերի միջոցով։
5։21. Եհովային սիրող անհատը կփոխի՞ արդյոք ճշմարիտ Աստծու հետ ունեցած իր թանկագին հարաբերությունները վայրկենական հաճույքի հետ։ Իհարկե ո՛չ։ Ամենազորեղ մղիչ ուժը, որ օգնում է մեզ բարոյական մաքրություն պահպանել, այն բանի գիտակցումն է, որ Եհովան տեսնում է մեր գործերը և պատասխանատվության է կանչում։
6։1–5. Որքա՜ն լավ խորհուրդ ենք գտնում այս համարներում այն մասին, որ չպետք է ուրիշների համար ‘երաշխավոր լինել’, այսինքն՝ անխոհեմաբար մեզ վրա ֆինանսական պարտավորություն վերցնել։ Եթե լավ խորհրդածելուց հետո տեսնում ենք, որ սխալ քայլ ենք կատարել, ապա անհապաղ պետք է ‘թախանձենք մեր ընկերոջը’ և մեր ձեռքից եկածն անենք իրավիճակը շտկելու համար։
6։16–19. Այս համարներում հիշատակվում են յոթ բաներ, որոնք առնչվում են գրեթե բոլոր սխալ գործերին։ Մենք պետք է մեր մեջ ատելություն զարգացնենք դրանց հանդեպ։
6։20–24. Աստվածաշնչյան դաստիարակությունը կարող է պաշտպանել անհատին սեռական անբարոյության ծուղակն ընկնելուց։ Ծնողները չպետք է մատների արանքով նայեն երեխաներին նման կրթություն տալու իրենց պարտականությանը։
7։4. Մենք պետք է սեր զարգացնենք իմաստության և ‘հանճարի’, այսինքն՝ հասկացողության հանդեպ։
ԱՌԱՆՁԻՆ ԱՌԱԿՆԵՐԸ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԵՆ ՄԵԶ
Սողոմոնի մյուս առակները առանձին, սեղմ ասույթներ են։ Դրանք հիմնականում հակադրություններ, համանմանություններ և համեմատություններ են, որոնք ազդեցիկ դասեր են պարունակում վարքի, խոսքի ու մտածելակերպի վերաբերյալ։
10–24-րդ գլուխներում ընդգծվում է Եհովայի հանդեպ հարգալից վախ ունենալու կարևորությունը։ 25–29-րդ գլուխների առակները արտագրել են «Յուդայի Եզեկիա թագաւորի մարդիկը» (Առակաց 25։1)։ Այդ առակները մեզ բազմաթիվ կարևոր դասեր են սովորեցնում, որոնցից մեկն այն է, որ հարկավոր է ապավինել Եհովային։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
10։6. Ինչպե՞ս «բռնութիւնը կ’խցկէ [«կը գոցէ», ԱԱ] ամբարիշտների բերանը»։ Դա կարող է նշանակել, որ ամբարիշտները արժանանում են մարդկանց թշնամանքին, քանի որ ընդհանրապես մարդիկ վատ են տրամադրված նրանց հանդեպ։ Սակայն եբրայերեն բնագիրը կարող է նաև նշանակել, որ ամբարիշտները քաղցր խոսքերով քողարկում են ուրիշներին վնաս հասցնելու իրենց չար մտադրությունները։
10։10 — Ինչպե՞ս է «աչքով ակնարկողը» նեղություն տալիս։ «Անպիտան մարդը» կարող է ոչ միայն ‘ծուռ բերանով ման գալ’, այսինքն՝ դիմել խաբեության, այլև գուցե ձգտի իր շարժառիթները թաքցնել դեմքի որոշակի արտահայտությամբ, օրինակ՝ աչքով անելով (Առակաց 6։12, 13)։ Խաբելով իր զոհին՝ նա կարող է նրան մեծ տառապանք պատճառել։
10։29 — Ի՞նչ է «Տիրոջ ճանապարհը»։ Այս արտահայտությունը վերաբերում է այն բանին, թե ինչպես է Եհովան վարվում մարդկանց հետ, և ոչ թե կյանքի ուղղուն, որով մենք պետք է ընթանանք։ «Կատարեալի», այսինքն՝ անմեղ մարդու համար Աստծու գործերը պաշտպանություն են, իսկ չարերի համար՝ կործանում։
11։31 — Ինչո՞ւ է ամբարիշտն ավելի շատ հատուցում ստանում, քան արդարը։ Այստեղ հիշատակված հատուցումը մատնանշում է պատժի այն չափը, որ ստանում է յուրաքանչյուր անձնավորություն։ Երբ արդարը սխալ է կատարում, նրա ստացած հատուցումը խրատն է։ Ամբարիշտը միտումնավոր է մեղքեր գործում և չի ցանկանում բարին անել։ Ուստի նա արժանի է խիստ պատժի և ստանում է այն։
12։23 — Ինչպե՞ս է մարդը ‘ծածկում գիտեցածը’։ «Գիտեցածը», կամ՝ գիտելիքները ծածկել չի նշանակում, որ անհատը բոլորովին չի դրսևորում դրանք։ Պարզապես նա խոհեմաբար է իր գիտելիքներն ի հայտ բերում՝ ոչ ցուցադրական կերպով և չպարծենալով։
14։17, ՆԱ — Ինչո՞ւ է խորհելու կարողություն ունեցող մարդը ատվում։ Եբրայերեն բնագրի բառն ունի երկու իմաստ. այն կարող է նշանակել ինչպես խորաթափանցություն, այնպես էլ նենգամտություն։ Նենգամիտ մարդուն, ինչ խոսք, ատում են։ Սակայն գուցե ատեն նաև խորաթափանց մարդուն, որը, իր մտային ունակությունները գործադրելով, որոշում է ‘աշխարհից չլինել’ (Յովհաննէս 15։19)։
18։19 — Ի՞նչ իմաստով է «վիրաւորուած եղբայրը ամուր քաղաքից պինդ»։ Պաշարման մեջ գտնվող անառիկ քաղաքի նման՝ վիրավորված անհատը ոչ մի կերպ չի ցանկանում ներել դիմացինին։ Նրա և վիրավորանք հասցրած անհատի միջև եղած վեճերը հեշտությամբ կարող են ‘բերդի նիգեր’՝ խոչընդոտ դառնալ։
Դասեր մեզ համար
10։11–14. Որպեսզի մեր խոսքերը լինեն կերտիչ, մեր միտքը պետք է լցված լինի ճշգրիտ գիտելիքներով, մեր սրտին սերը պետք է մղի, և մեր բերանից պետք է իմաստուն խոսքեր դուրս գան։
10։19; 12։18; 13։3; 15։28; 17։28. Թող որ մեր խոսքերը լինեն քիչ, բայց իմաստալից։
11։1; 16։11; 20։10, 23. Եհովան ցանկանում է, որ մենք ազնիվ լինենք մեր գործարքների մեջ։
11։4. Անմտություն է նյութական հարստության ձգտել Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության, ժողովի հանդիպումներին հաճախելու, աղոթքի և քարոզչական ծառայության հաշվին։
13։4. Ժողովում պատասխանատվություններ ունենալու կամ նոր աշխարհում ապրելու ‘փափագը’ ինքնին բավարար չէ։ Այդ նպատակներին հասնելու համար նաև հարկավոր է բավարարել որոշակի պահանջներ, ուստի պետք է աշխատասեր լինենք և ջանքեր գործադրենք։
13։24; 29։15, 21. Սիրող ծնողը իր երեխային երես չի տալիս, ոչ էլ աչք է փակում նրա թերությունների վրա։ Հայրը կամ մայրը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի արմատախիլ անի այդ թերությունները, նախքան դրանք խոր արմատներ կգցեն երեխայի սրտում։
14։10. Քանի որ չենք կարող ամեն անգամ ճշգրտորեն արտահայտել մեր խոր զգացումները, և ոչ էլ ուրիշները կարող են միշտ հասկանալ դրանք, ապա մարդիկ ի վիճակի չեն լինի լիակատար զգացական աջակցություն ցույց տալ։ Գուցե հարկ լինի որոշ դժվարությունների տոկալ՝ ապավինելով միմիայն Եհովային։
15։7. Ինչպես որ հողագործն իր ունեցած ամբողջ սերմը չի ցանում մեկ տեղում, այնպես էլ մենք չպետք է մեր բոլոր գիտելիքներով հեղեղենք անհատին։ Իմաստուն անձնավորությունը քիչ–քիչ է «տարածում» իր գիտելիքները՝ ըստ անհրաժեշտության։
15։15; 18։14. Դրական մտայնություն պահպանելը կօգնի մեզ ուրախություն գտնել նույնիսկ դժվարին իրավիճակներում։
17։24. «Յիմարի» միտքն ու աչքերը թափառում են՝ կարևոր բաների վրա կենտրոնանալու փոխարեն։ Ի տարբերություն նրա՝ մենք պետք է հասկացողության ձգտենք, որպեսզի կարողանանք իմաստությամբ վարվել։
23։6–8. Մենք պետք է զգույշ լինենք, որ եթե հյուրասիրություն ենք ցույց տալիս, ապա դա չանենք կեղծավորաբար։
27։21. Գովասանքը կարող է բացահայտել մեր ով լինելը։ Երբ մեզ գովում են, ապա, եթե խոնարհ ենք, երախտագիտությամբ կլցվենք Եհովայի հանդեպ և կշարունակենք ծառայել նրան։ Իսկ խոնարհության պակասը դրսևորվում է նրանով, որ գովասանքը անհատի մեջ գերազանցության զգացում է առաջացնում։
27։23–27. Այս համարներում նկարագրվում է հովվի կյանքը և ընդգծվում է աշխատասեր լինելու և պարզ կյանքով ապրելուց գոհ լինելու արժեքը։ Սուրբգրային այս հատվածում առանձնապես շեշտվում է այն միտքը, որ անհրաժեշտ է Եհովային ապավինել։a
28։5. Եթե փնտրենք Եհովային աղոթքի և նրա Խոսքը ուսումնասիրելու միջոցով, ապա կարող ենք ‘հասկանալ բոլոր բաները’, որ անհրաժեշտ են՝ նրան ընդունելի կերպով ծառայելու համար։
ԶՈՐԱՎՈՐ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Աստվածաշնչի «Առակաց» գիրքն ավարտվում է երկու զորավոր պատգամով (Առակաց 30։1, ՆԱ; 31։1, ՆԱ)։ Անչափ հետաքրիր համեմատությունների միջոցով Ագուրը ցույց է տալիս, որ ագահությունը սահմաններ չունի, և թե որքան աննկատ կերպով կարող է տղամարդը հրապուրել օրիորդին։b Նրա պատգամը նաև զգուշացնում է ընդդեմ բարձրամտության և բարկության։
Այն զորավոր պատգամը, որ Լեմուելը ստացավ իր մորից, պարունակում է ողջամիտ խորհուրդ ալկոհոլային խմիչք օգտագործելու, ինչպես նաև արդարությամբ դատելու մասին։ «Առակաց» գիրքն ավարտվում է առաքինի կնոջ մասին նկարագրությամբ. «Տուէք նորան իր ձեռքի արդիւնքիցը, եւ նորա գործերը գովեն նորան» (Առակաց 31։31)։
Իմաստությո՛ւն ստացիր, խրա՛տ ընդունիր, աստվածավախությո՛ւն զարգացրու, Եհովայի՛ն ապավինիր։ Որքա՜ն արժեքավոր խորհուրդներ են պարունակում ներշնչյալ առակները։ Ուստի, եկեք կիրառենք դրանք և այդժամ կզգանք այն երջանկությունը, որ ունի ‘Տիրոջից վախեցող մարդը’ (Սաղմոս 112։1)։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Դիտարան», 1991 թ., օգոստոսի 1, էջ 31, ռուս.։
b Տե՛ս «Դիտարան», 1992 թ., հուլիսի 1, էջ 31, ռուս.։
[նկարներ 16-րդ էջի վրա]
Եհովան բոլոր ճշմարիտ գիտելիքների Աղբյուրն է
[նկար 18-րդ էջի վրա]
Ի՞նչ է նշանակում ‘գիտություն տարածել’