Եզեկիել
40 Մեր գերության+ 25-րդ տարվա սկզբում՝ ամսվա տասներորդ օրը՝ քաղաքի կործանման 14-րդ տարում՝+ հենց այդ օրը, Եհովայի ոգին իջավ ինձ վրա, և նա ինձ տարավ քաղաք:+ 2 Տեսիլքում Աստված տարավ ինձ Իսրայել ու մի շատ բարձր լեռան վրա կանգնեցրեց,+ որից հարավ քաղաքի նման մի բան կար:
3 Երբ նա տարավ ինձ այնտեղ, ես մի մարդու տեսա: Նա ասես պղնձից լիներ:+ Նրա ձեռքում վուշե պարան ու չափման եղեգ* կար,+ և նա կանգնած էր մուտքային շինության* մոտ: 4 Այդ մարդն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ուշադիր նայիր և ուշի ուշով լսիր: Ուշադիր եղիր այն ամենի հանդեպ, ինչ ցույց կտամ քեզ, որովհետև հենց դրա համար ես բերվել այստեղ: Պատմիր Իսրայելին այն ամենն, ինչ կտեսնես»:+
5 Ես մի պարիսպ տեսա, որը տաճարի* շուրջբոլորն էր: Այդ մարդու ձեռքում վեց կանգուն երկարությամբ մի չափման եղեգ կար (յուրաքանչյուր կանգունը սովորական կանգունից ձեռքի ափի լայնության չափ երկար է):* Նա չափեց պարիսպը. դրա հաստությունը մեկ եղեգ էր, բարձրությունը նույնպես մեկ եղեգ էր:
6 Հետո նա աստիճաններով բարձրացավ մուտքային շինության մոտ, որը նայում էր դեպի արևելք:+ Նա չափեց մուտքային շինության շեմքը. դրա լայնությունը մեկ եղեգ էր: Ապա չափեց մյուս շեմքը. դրա լայնությունը նույնպես մեկ եղեգ էր: 7 Պահապանների յուրաքանչյուր սենյակի երկարությունը մեկ եղեգ էր, և լայնությունը՝ մեկ եղեգ: Այդ սենյակների+ միջև եղած տարածությունը հինգ կանգուն* էր: Տաճարի կողմից մուտքային շինությունը նախասրահ ուներ: Նախասրահի մոտի շեմքը մեկ եղեգ էր:
8 Նա չափեց մուտքային շինության նախասրահը, որը տաճարի կողմից էր. դրա լայնությունը մեկ եղեգ էր: 9 Մուտքային շինության նախասրահի լայնությունը, որը նա չափեց, ութ կանգուն* էր: Նաև չափեց կողմնասյուները. դրանց լայնությունը երկու կանգուն* էր: Մուտքային շինության ներսում գտնվող նախասրահը նայում էր տաճարին:
10 Արևելյան մուտքային շինության ներսում՝ յուրաքանչյուր կողմում, պահապանների երեք սենյակ կար: Երեքն էլ նույն չափի էին: Միևնույն չափի էին նաև երկու կողմում գտնվող կողմնասյուները:
11 Հետո նա չափեց մուտքային շինության դարպասի լայնությունը. այն 10 կանգուն* էր: Իսկ դրսի կողմից շեմքի լայնությունը 13 կանգուն* էր:
12 Երկու կողմերում գտնվող պահապանների սենյակների առջևում կարճ պատով առանձնացված տարածքը մեկ կանգուն էր: Այդ սենյակների լայնությունը վեց կանգուն* էր:
13 Ապա նա տանիքից չափեց մուտքային շինության լայնությունը պահապանների մի սենյակի արտաքին պատից մինչև դիմացի սենյակի արտաքին պատը:* Դրա լայնությունը 25 կանգուն* էր: Իրար դիմաց գտնվող սենյակների մուտքերը հակառակ կողմերում էին:+ 14 Հետո չափեց կողմնասյուները. դրանց բարձրությունը 60 կանգուն* էր: Չափեց նաև գավիթի մյուս մասերում գտնվող մուտքային շինությունների կողմնասյուները: 15 Մուտքային շինության շեմքից մինչև նախասրահի սկզբնամասը, որը նայում էր տաճարին, 50 կանգուն* էր:
16 Մուտքային շինության երկու կողմից պահապանների սենյակները և դրանց կողմնասյուները պատուհաններ ունեին,+ որոնց խորշերը դեպի դուրս նեղանում էին: Նախասրահի յուրաքանչյուր կողմում նույնպես պատուհաններ կային: Կողմնասյուների վրա արմավենիներ էին պատկերված:+
17 Հետո նա տարավ ինձ դրսի գավիթ, և ես ճաշասենյակներ* տեսա:+ Գավիթի շուրջբոլորը քարահատակ էր: Այդ հատվածում 30 ճաշասենյակ կար: 18 Մուտքային շինությունների կողքերը եղող քարահատակի լայնությունը դրանց երկարության չափ էր: Այն ներսի գավիթից ցածրադիր էր:
19 Հետո նա չափեց ստորին մուտքային շինությունից մինչև ներսի գավիթ տանող մուտքային շինությունն ընկած հեռավորությունը: Այն 100 կանգուն* էր՝ թե՛ արևելքից և թե՛ հյուսիսից:
20 Դրսի գավիթն ուներ նաև հյուսիսային մուտքային շինություն: Նա չափեց դրա երկարությունն ու լայնությունը: 21 Յուրաքանչյուր կողմում պահապանների երեք սենյակ կար: Հյուսիսային մուտքային շինության կողմնասյուների և նախասրահի չափերը նույնն էին, ինչ առաջին մուտքային շինության կողմնասյուներինն ու նախասրահինը: Մուտքային շինության երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 25:* 22 Պատուհանների, նախասրահի ու արմավենու պատկերների+ չափերը նույնն էին, ինչ արևելյան մուտքային շինության պատուհանների, նախասրահի ու արմավենու պատկերների չափերը: Դեպի մուտքային շինություն տանող յոթ աստիճաններ կային, որոնց դիմաց՝ խորքում, նախասրահն էր:
23 Ներսի գավիթում կար մի մուտքային շինություն, որը հյուսիսային արտաքին մուտքային շինության դիմաց էր, և մի մուտքային շինություն, որն արևելյան արտաքին մուտքային շինության դիմաց էր: Նա չափեց իրար դիմաց գտնվող մուտքային շինությունների միջև ընկած հեռավորությունը. այն 100 կանգուն էր:
24 Նա տարավ ինձ դեպի հարավ, և ես հարավային կողմում մի մուտքային շինություն տեսա:+ Նա չափեց դրա կողմնասյուներն ու նախասրահը. դրանց չափերը նույնն էին, ինչ մյուս մուտքային շինություններինը: 25 Մուտքային շինության, այդ թվում՝ նախասրահի պատերին, այնպիսի պատուհաններ կային, ինչպիսիք որ մյուս մուտքային շինություններն ունեին: Մուտքային շինության երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 25: 26 Դեպի մուտքային շինություն տանող յոթ աստիճաններ կային,+ որոնց դիմաց՝ խորքում, նախասրահն էր: Կողմնասյուների վրա արմավենիներ էին պատկերված. ամեն կողմում՝ մեկական արմավենի:
27 Ներսի գավիթը հարավային մուտքային շինություն ուներ: Նա չափեց հարավային մուտքային շինությունների միջև ընկած հեռավորությունը. այն 100 կանգուն էր: 28 Հետո նա հարավային մուտքային շինությունով ինձ տարավ ներսի գավիթ: Նա չափեց հարավային մուտքային շինությունը. այն նույն չափերն ուներ, ինչ մյուս մուտքային շինությունները: 29 Պահապանների սենյակների, կողմնասյուների ու նախասրահի չափերը նույնն էին, ինչ մյուս մուտքային շինություններինը: Այդ մուտքային շինության և նախասրահի պատերին պատուհաններ կային: Մուտքային շինության երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 25:+ 30 Ներսի գավիթ տանող բոլոր մուտքային շինությունները նախասրահներ ունեին, որոնց երկարությունը 25 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 5: 31 Նախասրահը նայում էր դրսի գավիթին: Կողմնասյուների վրա արմավենիներ էին պատկերված:+ Դեպի այդ մուտքային շինություն տանող ութ աստիճաններ կային:+
32 Արևելյան կողմով նա ինձ տարավ ներսի գավիթ և չափեց մուտքային շինությունը. այն նույն չափերն ուներ, ինչ մյուս մուտքային շինությունները: 33 Պահապանների սենյակների, կողմնասյուների ու նախասրահի չափերը նույնն էին, ինչ մյուս մուտքային շինություններինը: Այդ մուտքային շինության և նախասրահի պատերին պատուհաններ կային: Մուտքային շինության երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 25: 34 Նախասրահը նայում էր դրսի գավիթին: Դրա երկու կողմնասյուների վրա արմավենիներ էին պատկերված: Դեպի այդ մուտքային շինություն տանող ութ աստիճաններ կային:
35 Ապա նա տարավ ինձ հյուսիսային մուտքային շինության մոտ+ և չափեց այն. դրա չափերը նույնն էին, ինչ մյուս մուտքային շինություններինը: 36 Պահապանների սենյակները, կողմնասյուներն ու նախասրահը այնպիսին էին, ինչպիսին մյուս մուտքային շինություններինը: Մուտքային շինության պատերին պատուհաններ կային: Մուտքային շինության երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 25: 37 Կողմնասյուները նայում էին դրսի գավիթին, և երկու կողմնասյուների վրա արմավենիներ էին պատկերված: Դեպի այդ մուտքային շինություն տանող ութ աստիճաններ կային:
38 Մուտքային շինությունների կողմնասյուների մոտ ճաշասենյակ կար իր մուտքով: Այդ մուտքային շինությունների մոտ էին լվանում ողջակեզը:+
39 Մուտքային շինության նախասրահի յուրաքանչյուր կողմում երկուական սեղան կար: Դրանց վրա մորթում էին ողջակեզի,+ մեղքի+ ու հանցանքի զոհերի+ համար նախատեսված կենդանիները: 40 Հյուսիսային մուտքային շինության նախասրահի մոտ՝ դրսի կողմից, երկուական սեղաններ կային թե՛ աջ և թե՛ ձախ կողմում: 41 Մուտքի երկու կողմերում ընդհանուր հաշվով ութ սեղան կար. չորսը՝ ներսում, չորսը՝ դրսում: Դրանց վրա մորթում էին զոհաբերվելիք կենդանիները: 42 Չորս սեղանները, որոնք ողջակեզի համար նախատեսված կենդանիների համար էին, տաշած քարից էին: Դրանց երկարությունը մեկ ու կես կանգուն էր, լայնությունը նույնպես մեկ ու կես կանգուն էր, իսկ բարձրությունը՝ մեկ կանգուն:* Դրանց վրա դրվում էին այն պարագաները, որոնք օգտագործվում էին ողջակեզի զոհը մորթելու ժամանակ: 43 Ներսում՝ բոլոր պատերին, ձեռքի ափի լայնության* չափ դարակներ կային: Սեղանների վրա դնում էին որպես ընծա մատուցվող զոհերի միսը:
44 Ներքին մուտքային շինության մոտ երգիչների+ ճաշասենյակներն էին: Դրանք գտնվում էին ներսի գավիթում՝ հյուսիսային մուտքային շինության մոտ, և դրանց մուտքը հարավային կողմից էր: Մեկ ուրիշ ճաշասենյակ էլ կար արևելյան մուտքային շինության մոտ. դրա մուտքը հյուսիսային կողմից էր:
45 Նա ասաց ինձ. «Այս ճաշասենյակը, որի մուտքը հարավային կողմից է, տաճարում կատարվող ծառայության համար պատասխանատու քահանաների համար է:+ 46 Իսկ այն ճաշասենյակը, որի մուտքը հյուսիսային կողմից է, զոհասեղանի հետ կապված ծառայության համար պատասխանատու քահանաների համար է:+ Նրանք Սադոկի+ սերունդներն են՝ այն ղևտացիները, որոնք նշանակված են՝ գալու Եհովայի առաջ և նրան ծառայություն մատուցելու»:+
47 Նա չափեց ներսի գավիթը: Այն քառակուսի էր. երկարությունը 100 կանգուն էր, լայնությունը՝ նույնպես 100 կանգուն: Զոհասեղանը տաճարի առջև էր:
48 Նա տարավ ինձ տաճարի նախասրահ+ և չափեց նախասրահի կողմնասյուները. դրանց երկարությունը հինգ կանգուն էր, իսկ լայնությունը՝ երեք կանգուն:* Դրանցից մեկը մուտքի աջ կողմում էր, մյուսը՝ ձախ:
49 Նախասրահի երկարությունը 20 կանգուն էր, լայնությունը՝ 11:* Այնտեղ աստիճաններով էին բարձրանում: Կողմնասյուների կողքին սյուներ կային՝ ամեն կողմնասյան կողքին՝ մեկ սյուն:+