«Տաճարը» և «Իշխանը» այսօր
«Իշխանը նորանց մէջ նորանք մտնելիս մտնէ, եւ դուրս գալիս դուրս գայ» (Եզեկիէլ 46։10)։
1, 2. Ո՞ր տեղեկությունն է օգնում պարզելու Եզեկիելի ստացած տաճարի տեսիլքի նշանակությունը։
ԵԶԵԿԻԵԼԻ գիրքը բոլորովին չէր գոհացնում հին ռաբբիներից ոմանց։ Ինչպես երևում է Թալմուդից, նրանցից ոմանք նույնիսկ հարմար էին գտել Սուրբ գրությունների կանոնագրքից հանել այն։ Ռաբբիները բավականին մեծ դժվարություններ էին ունեցել՝ կապված տաճարի տեսիլքի մեկնաբանության հետ և հայտարարել էին, որ այն մեկնաբանելը վեր է մարդկային ըմբռնողականությունից։ Եզեկիելին տրված Եհովայի տաճարի տեսիլքը քիչ շփոթության չի ենթարկել նաև Աստվածաշնչի բազմաթիվ ուրիշ գիտակների։ Իսկ ի՞նչ կարծիքի ենք մենք։
2 Մաքուր երկրպագության վերականգնումից ի վեր Եհովան օրհնել է իր ժողովրդին հոգևոր բազում հարցերի լուսաբանումներով՝ Աստծո հոգևոր տաճարը՝ մաքուր երկրպագության համար նախատեսած նրա կարգավորումը ներառյալ։a Այս ճանապարհ բացող ճշմարտությունն օգնում է ըմբռնելու Եզեկիելին տրված տաճարի տեսիլքի մեծ մասի նշանակությունը։ Եկեք ավելի ուշադիր քննենք տեսիլքի չորս բաղադրիչ մասերը՝ տաճարը, քահանայությունը, իշխանին և երկիրը։ Յուրաքանչյուրն ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում։
Տաճարը և դուք
3. Ինչի՞ մասին են խոսում տաճարի մուտքի բարձր առաստաղն ու պատերի փորագրությունները։
3 Մի պահ պատկերացնենք, որ շրջում ենք այդ երևակայական տաճարում։ Մոտենում ենք, բարձրանում յոթ աստիճան և հասնում տաճարի հսկայական դռներին։ Մուտքի ներսում մեզ ակնածանքի զգացում է պատում։ Առաստաղը երեսուն մետր բարձրություն ունի։ Դա մեզ համար հիշեցում է, որ երկրպագության համար նախատեսած Եհովայի կարգավորման չափանիշները բարձր են։ Պատուհաններից ներս թափանցող արևի ճառագայթները լուսավորում են պատերին փորագրված արմավենիները, որոնք Սուրբ գրություններում գործածված են արդարներին պատկերելու նպատակով (Սաղմոս 92։12; Եզեկիէլ 40։14, 16, 22)։ Այս սրբավայրը բարոյապես և հոգևորապես շիտակ անհատների համար է։ Եթե այդպես է, ապա մենք էլ ենք ցանկանում ուղղամիտ մնալ, որպեսզի մեր երկրպագությունն ընդունելի լինի Եհովային (Սաղմոս 11։7)։
4. Ո՞ւմ է արգելվում մտնել տաճար, և ի՞նչ կարելի է դրանից սովորել։
4 Միջանցքի երկու կողմերի երկայնքով պահակների երեքական խուցեր կան։ Արդյոք պահակները մեզ ներս կթողնե՞ն. Եհովան ասում է Եզեկիելին, որ «ոչ մի օտարազգի՝ սրտով անթլփատ» չի կարող մտնել (Եզեկիէլ 40։10; 44։9)։ Ի՞նչ են այս խոսքերը նշանակում։ Որպես իրեն երկրպագողներ Եհովան ընդունում է իր օրենքը սիրողներին և դրա հետ ներդաշնակ ապրողներին (Երեմիա 4։4; Հռովմայեցիս 2։29)։ Նման անհատներին նա սիրով իր հոգևոր խորանը՝ իր երկրպագության տունն է ընդունում (Սաղմոս 15։1—5)։ 1919 թ.–ից, այսինքն՝ մաքուր պաշտամունքի վերականգնումից ի վեր՝ Եհովայի երկրային կազմակերպությունը պաշտպանել է նրա բարոյական նորմերը և շարունակ պարզաբանումներ մտցրել դրանց վերաբերյալ։ Այս նորմերը գիտակցաբար մերժողներն այլևս չեն դասվում նրա ժողովրդի շարքերում։ Չզղջացող մեղավորներին ընկերակցությունից զրկելու մեթոդը, որը հիմնված է Աստվածաշնչի սկզբունքների վրա, օգնում է այսօր մաքուր ու անարատ պահել մեր պաշտամունքը (Ա Կորնթացիս 5։13)։
5. ա) Ի՞նչ նմանություններ կան Եզեկիելին և Հովհաննես առաքյալին տրված տեսիլքների միջև։ բ) Ո՞ւմ են պատկերում Եզեկիելի տեսիլքում ներկայացված Իսրայելի տասներկու ցեղերը, որոնք երկրպագություն են անում դրսի գավիթում։
5 Միջանցքը դուրս է գալիս դեպի դրսի գավիթ, որտեղ ժողովուրդը փառաբանում և երկրպագություն է մատուցում Եհովային։ Այս պատկերը մեզ հիշեցնում է Հովհաննես առաքյալին տրված տեսիլքի «մեծ բազմութիւնը», որի անդամները «զօր ու գիշեր պաշտում են [Եհովային] իր տաճարի մէջ»։ Երկու տեսիլքներում էլ արմավենիներ կան։ Եզեկիելի տեսիլքում դրանցով զարդարված են մուտքի պատերը։ Հովհաննեսի տեսիլքում երկրպագուները արմավենու ճյուղեր ունեն իրենց ձեռքերում, ինչը խորհրդանշում է Եհովային փառաբանելու և Հիսուսին որպես իրենց Թագավոր ողջունելու նրանց ուրախությունը (Յայտնութիւն 7։9—15)։ Եզեկիելի տեսիլքում պատկերված Իսրայելի տասներկու ցեղերը ներկայացնում են «այլ ոչխարներին» (Յովհաննէս 10։16; համեմատեք Ղուկաս 22։28—30)։ Իսկ դուք արդյո՞ք մեկն եք նրանցից, ովքեր ուրախանում են Եհովայի Թագավորությունը ջատագովելուց և նրան փառաբանելուց։
6. Ի՞նչ նպատակի են ծառայում դրսի գավիթի (ճաշի) սենյակները, և ի՞նչ առանձնաշնորհման մասին է «այլ ոչխարներին» հիշեցնում այդ երևույթը։
6 Շրջելով դրսի գավիթում՝ տեսնում ենք երեսուն (ճաշի) սենյակներ, որտեղ ժողովուրդն օգտվում է իր կամավոր մատուցած զոհաբերություններից (Եզեկիէլ 40։17)։ Այսօր «այլ ոչխարների» անդամները անասնական զոհեր չեն մատուցում, բայց, միևնույն ժամանակ, դատարկաձեռն չեն մտնում Եհովայի հոգևոր տաճարը (համեմատեք Ելից 23։15)։ Պողոս առաքյալը գրում է. «Նրա [Հիսուսի] միջոցով Աստծուն միշտ մատուցենք օրհնութեան պատարագ, այսինքն՝ նրա անունը դաւանող մեր շրթների պտուղը։ Մի՛ մոռացէք բարեգործութիւնը և ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն» (Եբրայեցիս 13։15, 16; Ովսէէ 14։2)։ Այսպիսի զոհեր Եհովային մատուցելը մեծ առանձնաշնորհում է մեզ համար (Առակաց 3։9, 27)։
7. Ի՞նչ հարցում են մեզ վստահություն ներշնչում տաճարի չափումները։
7 Եզեկիելը հետևում է, թե ինչպես է մի հրեշտակ վերցնում երևակայական տաճարի չափսերը (Եզեկիէլ 40։3)։ Նույնը պատվիրվել է Հովհաննես առաքյալին. «Վե՛ր կաց եւ չափի՛ր Աստծու տաճարն ու զոհասեղանը եւ հաշուի՛ր այն երկրպագողներին, որ նրա մէջ են» (Յայտնութիւն 11։1)։ Ո՞րն է այս չափումների իմաստը։ Երկու դեպքերում էլ այն ակնհայտորեն ներկայացնում է Եհովայի երաշխավորությունը, թե ոչ մի բան չի կարող ետ պահել մաքուր պաշտամունքի վերաբերյալ իր նպատակն ի կատար ածելուց։ Այսօր էլ կարող ենք վստահ լինել, որ ոչինչ, նույնիսկ հզոր կառավարությունների կողմից կատաղի հալածանքները, չեն կարող կանգնեցնել մաքուր պաշտամունքի վերականգնումը։
8. Ովքե՞ր են դռներով մտնում ներսի գավիթ, և ինչի՞ մասին են հիշեցնում այդ դռները։
8 Դրսի գավիթից մեր առջև երեք դռներ են բացվում դեպի ներսի գավիթը, իսկ նրանց դեմ դիմաց վեր են խոյանում միևնույն չափսերն ունեցող ներսի դռները (Եզեկիէլ 40։6, 20, 23, 24, 27)։ Ներսի գավիթ մտնելու իրավունքն ունեն միայն քահանաները։ Ներսի դռները հիշեցնում են այն մասին, որ Աստծո չափանիշների և օրենքների համաձայն ապրելը վերաբերվում է ոչ միայն օծյալներին, այլև բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին։ Սակայն ի՞նչ է նշանակում քահանաների կատարած աշխատանքն այսօր։
Քահանայություն անել հավատարմորեն
9, 10. Եզեկիելի տեսիլքում ներկայացված քահանայական դասակարգի կատարած ծառայությանը զուգահեռ՝ ինչպե՞ս է «թագաւորական քահանայութիւնը» հոգևոր հրահանգներով մատակարարում այսօր։
9 Նախաքրիստոնեական ժամանակներում քահանաները քրտնաջան աշխատանք էին կատարում տաճարում։ Մեծ ջանքեր էր պահանջվում անասնական զոհերը մորթելու, զոհասեղանի վրա մատուցելու և մնացած քահանաներին ու ժողովրդին ծառայելու համար։ Սակայն նրանք մեկ այլ կարևոր աշխատանք ևս ունեին։ Եհովան քահանաների համար հետևյալ հրահանգն էր տվել. «Իմ ժողովրդին սովորեցնեն սուրբի եւ անսուրբի տարբերութիւնը, եւ պիղծի ու մաքուրի տարբերութիւնը պիտի հասկացնեն նորանց» (Եզեկիէլ 44։23; Մաղաքիա 2։7)։
10 Գնահատո՞ւմ եք այն մեծ աշխատանքը և համեստ ծառայությունը, որն օծյալների մարմինը՝ «թագաւորական քահանայութիւնը», կատարում է հանուն անարատ երկրպագության (Ա Պետրոս 2։9, ԱԹ)։ Ինչպես հնում ղևտացի քահանաները, այնպես էլ օծյալներն են առաջնորդություն վերցրել մարդկանց հոգևոր հրահանգներ տալու հարցում՝ օգնելով նրանց հասկանալ, թե ո՛րն է ճիշտ Աստծո աչքին, ո՛րը՝ սխալ, ի՛նչն է ընդունելի, ի՛նչը՝ ոչ (Մատթէոս 24։45)։ Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունների, քրիստոնեական հանդիպումների և համաժողովների միջոցով մատակարարվող այդ հրահանգները միլիոնավոր մարդկանց օգնել են հաշտվել Աստծո հետ (Բ Կորնթացիս 5։20)։
11. ա) Ինչպե՞ս է Եզեկիելի տեսիլքում շեշտվում քահանաների մաքրության կարևորությունը։ բ) Ինչպե՞ս են օծյալները հոգևոր առումով մաքրվել վերջին օրերում։
11 Սակայն, ուրիշներին հոգևոր մաքրության մասին սովորեցնելուց բացի, տեսիլքում քահանաներն իրենք էլ պիտի մաքուր լինեն։ Այսպիսով Եզեկիելը կանխատեսել էր Իսրայելի քահանայության զտումը (Եզեկիէլ 44։10—16)։ Դրան զուգահեռ, պատմությունը ցույց է տալիս, որ 1918 թ.–ին Եհովան որպես «հալեցնող» նստեց իր հոգևոր տաճարում՝ քննելով օծյալ քահանաների դասակարգը (Մաղաքիա 3։1—5)։ Նրանք, ովքեր հոգևոր մաքրված համարվեցին և ովքեր զղջացին նախկինում կռապաշտությունով զբաղվելու համար, թույլտվություն ստացան շարունակել իրենց ծառայությունը հոգևոր տաճարում։ Այնուհանդերձ, օծյալներին, ինչպես և բոլոր մարդկանց, սպառնում է հոգևորապես և բարոյապես արատավորվելու վտանգը (Եզեկիէլ 44։22, 25—27)։ Նրանք պետք է ջանք թափեն, որպեսզի ‘անարատ պահեն իրենց անձն աշխարհից’ (Յակոբոս 1։27; համեմատեք Մարկոս 7։20—23)։
12. Ինչո՞ւ պետք է գնահատանքով վերաբերվենք օծյալների կատարած աշխատանքին։
12 Լավ կլիներ, որ մեզանից յուրաքանչյուրն իրեն հարց տար. «Գնահատո՞ւմ եմ արդյոք օծյալների թողած օրինակը, տարիներ շարունակ նրանց կատարած հավատարիմ ծառայությունը, ընդօրինակո՞ւմ եմ նրանց հավատը»։ Լավ կլիներ, որ մեծ բազմության անդամները հիշեին, որ օծյալները միշտ իրենց հետ երկրի վրա չեն լինելու։ Եզեկիելի տեսիլքում ներկայացված քահանաների մասին Եհովան ասել է. «Նորանց կալուածք չ’տաք Իսրայէլումը. ես եմ նորանց կալուածքը» (Եզեկիէլ 44։28)։ Նույնը վերաբերվում է և օծյալներին. նրանք մշտական տեղ չունեն երկրի վրա։ Նրանց ժառանգությունը երկնային է, իսկ մեծ բազմության անդամների համար իրոք մեծ առանձնաշնորհում է աջակցել օծյալներին և քաջալերել, քանի դեռ նրանք երկրի վրա են (Մատթէոս 25։34—40; Ա Պետրոս 1։3, 4)։
Ո՞վ է իշխանը
13, 14. ա) Ինչո՞ւ պետք է իշխանը լինի «այլ ոչխարների» միջից։ բ) Ո՞ւմ է ներկայացնում իշխանը։
13 Այժմ հետաքրքիր հարց է ծագում. ո՞ւմ է ներկայացնում իշխանը։ Քանի որ իշխանը մեկ հոգի չէ, կան նաև իշխաններ, ապա կարելի է ենթադրել, որ նա ներկայացնում է մարդկանց մի դասակարգի (Եզեկիէլ 44։3; 45։8, 9)։ Բայց ո՞ւմ։ Համենայն դեպս, ոչ օծյալների դասակարգին։ Տեսիլքում իշխանը սերտորեն համագործակցում է քահանաների հետ, բայց նրանցից մեկը չէ։ Ի տարբերություն քահանայական դասակարգի՝ նա ժառանգություն է ստանում երկրի վրա, ուստի նրա ապագան կապված է ոչ թե երկնքի, այլ երկրի հետ (Եզեկիէլ 48։21)։ Բացի այդ, Եզեկիելի 46։10–ում կարդում ենք. «Իշխանը նորանց մէջ նորանք [ոչ քահանայական ցեղերը] մտնելիս մտնէ [տաճարի դրսի գավիթը], եւ դուրս գալիս դուրս գայ»։ Նա ներսի գավիթ չի մտնում, այլ երկրպագություն է մատուցում դրսի գավիթում՝ ժողովրդի հետ միասին տաճար մտնելով և դուրս գալով։ Այս բոլոր տեղեկությունները, անտարակույս, իշխանին դասում են «այլ ոչխարների» մեծ բազմության շարքին։
14 Պարզ է, որ իշխանը որոշակի պատասխանատվություն է կրում Աստծո ժողովրդի մեջ։ Դրսի գավիթում նա նստում է արևելյան դռան սրահում (Եզեկիէլ 44։2, 3)։ Սա խոսում է վերակացություն անելու նրա լիազորության մասին, ինչպես անում էին Իսրայելի ծերերը, որոնք նստում էին քաղաքի դարպասների մոտ և ժողովրդի հետ դատաստան անում (Հռութ 4։1—12; Առակաց 22։22)։ Ովքե՞ր են «այլ ոչխարների» դասակարգից վերակացության պաշտոն կատարում մեր օրերում. երկրային հույս ունեցող երեցները, որոնք նշանակված են սուրբ հոգով (Գործք 20։28)։ Հետևաբար, իշխանի դասակարգի կազմի մեջ մտնող անհատներն այժմ պատրաստություն են անցնում՝ հեռանկարում ունենալով նոր աշխարհում իրենց վրա վարչական պատասխանատվություն վերցնելը։
15. ա) Ինչպե՞ս է Եզեկիելի տեսիլքը լուսաբանում մեծ բազմության միջից ընտրված երեցների և օծյալ քահանաների դասակարգի կատարած ֆունկցիաները։ բ) Ինչպիսի՞ առաջնորդություն են վերցրել օծյալները Աստծո երկրային կազմակերպության մեջ։
15 Ի՞նչ տեղ է զբաղեցնում խմբերից յուրաքանչյուրը՝ օծյալ քահանայական դասակարգը և մեծ բազմության միջից վերակացության պաշտոն կատարող այդ «ծերերը»։ Եզեկիելի տեսիլքը ցույց է տալիս, որ մեծ բազմությունից ընտրված երեցները օժանդակող և երկրորդական դեր են կատարում, մինչդեռ առաջնորդությունը վերցնում են օծյալները։ Ինչի՞ց ենք նման եզրակացության գալիս։ Հիշենք, որ տեսիլքում քահանաների վրա ժողովրդին հոգևոր առումով կրթելու պատասխանատվություն էր դրվել։ Նրանց նաև իրավական հարցեր լուծելու հրահանգ էր տրվել։ Ղևտացիները նաև տաճարի դռների մոտ «սպասաւորներ» («վերակացուներ», ՆԱ) լինելու պաշտոնն էին ստացել (Եզեկիէլ 44։11, 23, 24)։ Պարզ է, որ իշխանը պետք է հնազանդորեն ենթարկվեր քահանաների հոգևոր ծառայությանն ու առաջնորդությանը։ Սրան համապատասխան՝ ներկայումս օծյալները առաջնորդություն են կրում մաքուր երկրպագության մեջ։ Օրինակ՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներն ընտրվել են այս դասակարգից։ Այս հավատարիմ օծյալ երեցները տասնամյակներ շարունակ կրթում են իշխանի մեծացող դասակարգը՝ հեռանկարային անհատներ պատրաստելով այն օրվա համար, երբ Աստծո գալիք նոր աշխարհում վերջիններս ամբողջովին կլիազորվեն լիակատար իշխանությամբ։
16. Եսայիա 32։1, 2 խոսքերի համաձայն՝ ինչպե՞ս պետք է գործեն երեցները։
16 Ինչպիսի՞ վերակացուներ են այս հեռանկարային անհատները, որոնք, որպես իշխանի դասակարգ, գնալով ավելի մեծ պատասխանատվություններ են կրում։ Եսայիա 32։1, 2 խոսքերում արձանագրված մարգարեությունն ասում է. «Ահա մի թագաւոր արդարութեամբ է թագաւորելու, եւ իշխանները իրաւունքով են իշխելու։ Եւ ամեն մէկը քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս պիտի լինի ծարաւուտ երկրում»։ Այս մարգարեությունն իր կատարումն է ունենում այսօր, երբ քրիստոնյա երեցները՝ թե՛ օծյալ, թե՛ «այլ ոչխարներից», աշխատում են պաշտպանել հոտը նման «փոթորիկներից», այսինքն՝ հալածանքներից և հուսահատություններից։
17. Ի՞նչ կարծիքի են քրիստոնյա երեցներն իրենց մասին, և ինչպե՞ս է նրանց նկատում «հոտը»։
17 «Իշխան» տիտղոսը գործածված չէ մարդկանց փառաբանելու համար։ Ավելի շուտ բառն իր մեջ պարփակում է Աստծո ոչխարների մասին հոգ տանելիս նրանց կրած պատասխանատվությունը։ Եհովան խստորեն զգուշացնում է. «Բաւական է ձեզ, ով Իսրայէլի իշխաններ, զրկանքն ու յափշտակութիւնը հեռացրէք. եւ իրաւունք ու արդարութիւն արէք» (Եզեկիէլ 45։9)։ Այսօր այս խորհուրդը սրտանց ընդունելը օգտակար է բոլոր երեցների համար (Ա Պետրոս 5։2, 3)։ Իսկ հոտն իր հերթին գիտակցում է, որ Հիսուսը հովիվներ է տվել՝ «մարդկանց տեսքով պարգևներ» (Եփեսացիս 4։8, ՆԱ)։ Աստվածաշնչում տրված են այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն նրանք (Ա Տիմոթէոս 3։1—7; Տիտոս 1։5—9)։ Ուստի, առաջնորդության համար քրիստոնյաները հետևում են երեցներին (Եբրայեցիս 13։7)։
18. Որո՞նք են ապագա իշխանի դասակարգի պատասխանատվություններից մի քանիսն այսօր, և ի՞նչ պատասխանատվություններ նա կունենա ապագայում։
18 Աստվածաշնչային ժամանակներում որոշ իշխաններ մյուսներից ավելի մեծ իշխանություն ունեին։ Այսօր մեծ բազմության երեցները տարբեր պատասխանատվություններ են կրում։ Ոմանք մեկ ժողովում են ծառայում, մյուսները շրջագայող վերակացուներ են մի քանի ժողովներում, երրորդները մի ամբողջ երկիր են սպասարկում՝ որպես մասնաճյուղի կոմիտեի անդամներ, ուրիշներն էլ անմիջականորեն մասնակցում են Կառավարիչ մարմնին կից տարբեր կոմիտեների աշխատանքներին։ Նոր աշխարհում Հիսուսը ‘իշխաններ կդնի ամեն երկրի վրա’, որպեսզի Եհովայի ժողովրդի մեջ առաջնորդություն վերցնեն (Սաղմոս 45։16)։ Կասկած չկա, որ նրանցից շատերին կընտրի ներկայիս հավատարիմ երեցների միջից։ Քանի որ այժմ այդ տղամարդիկ ցույց են տալիս իրենց ընդունակություններն ու արժանիքները, Հիսուսը ապագայում նրանցից շատերին էլ ավելի մեծ առանձնաշնորհումներով կօժտի, երբ հայտնի դարձնի նոր աշխարհում իշխանի դասակարգի ունեցած դերը։
Աստծո ժողովրդի այժմյան երկիրը
19. Ի՞նչ է ներկայացնում Եզեկիելի տեսիլքում պատկերված երկիրը։
19 Եզեկիելի տեսիլքն ընդգրկում է նաև վերականգնված Իսրայել երկրի պատկերը։ Ի՞նչ է ներկայացվում տեսիլքի այս մասով։ Վերականգնման մասին այլ մարգարեություններում ասվում էր, որ Իսրայել երկիրը պետք է Եդեմի դրախտի պես դառնար (Եզեկիէլ 36։34, 35)։ Այսօր մենք գտնվում ենք մի վերականգնված «երկրում», որը որոշ առումով իրոք եդեմական է։ Միևնույն իմաստով, մենք հաճախ խոսում ենք մեզ մոտ տիրող հոգևոր դրախտի մասին։ «Դիտարանի» համարներից մեկում մեր «երկիրը» սահմանվել էր որպես Աստծո ընտրյալ ժողովրդի «գործունեության ոլորտ»։b Ուր էլ որ Եհովայի ծառան գտնվի, նա այդ վերականգնված երկրում է այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է ճշմարիտ երկրպագության կողմը բռնել՝ քայլելով Քրիստոս Հիսուսի հետքերով (Ա Պետրոս 2։21)։
20. Ի՞նչ սկզբունքի մասին ենք իմանում Եզեկիելի տեսիլքում նշված «սրբարանի ընծայից», և ինչպե՞ս կարելի է կիրառել այդ սկզբունքը։
20 Ի՞նչ կարելի է ասել «սրբարանի ընծա» կոչվող հողակտորի մասին։ Վերջինս ժողովրդի նվիրատվությունն էր՝ արված քահանաներին և քաղաքին թիկունք կանգնելու նպատակով։ «Երկրի բոլոր ժողովուրդը» պետք է նաև հողակտոր նվիրաբերեր երկրի իշխանին։ Ո՞րն է այս արարքի ներկայիս իմաստը։ Դա, իհարկե, չի նշանակում, որ Աստծո ժողովուրդը իր վրա պիտի կրի ինչ–որ հոգևորական դասի ծառայությունները վարձատրելու բեռը (Բ Թեսաղոնիկեցիս 3։8)։ Ընդհակառակը, երեցներին տրված աջակցությունը գլխավորապես կայանում է հոգևորի մեջ։ Դրա մեջ է մտնում ներկայումս կատարվող աշխատանքում օգնության ձեռք մեկնելը և համագործակցող ու հնազանդ ոգի ցուցաբերելը։ Սակայն, ինչպես Եզեկիելի օրերում, այնպես էլ այսօր, նվիրատվությունը «Տիրոջ համար» է, ոչ թե մարդկանց (Եզեկիէլ 45։1, 7, 16)։
21. Ի՞նչ ենք իմանում տեսիլքում պատկերված երկրի բաժանումից։
21 Միայն իշխանը և քահանաները չեն, որ վերականգնված երկրում իրենց համար սահմանված տեղն են ստացել։ Երկրի բաժանումից երևում է, որ տասներկու ցեղերից յուրաքանչյուրը ևս իր ժառանգությունն է ստանում (Եզեկիէլ 47։13, 22, 23)։ Այսպիսով՝ մեծ բազմության անդամներն իրենց տեղն ունեն ոչ միայն հոգևոր դրախտում, այլև իրենց անկյունը կունենան Աստծո Թագավորության երկրային ոլորտում։
22. ա) Ի՞նչ է ներկայացնում տեսիլքում պատկերված քաղաքը։ բ) Ինչի՞ մասին են վկայում քաղաքի բոլոր կողմերում գտնվող դռները։
22 Եվ վերջապես, ի՞նչ է ներկայացնում տեսիլքում պատկերված քաղաքը։ Այն երկնային չէ, քանի որ գտնվում է երկրի «անսուրբ» (ոչ սուրբ) մասում (Եզեկիէլ 48։15—17)։ Դա պետք է որ երկրային լինի, սակայն ի՞նչ քաղաք է դա։ Տեսիլքի այդ նկարագրությունը չի՞ տալիս արդյոք այն միտքը, որ դա մեկտեղ հավաքված մարդկանց մի խումբ է՝ որպես կազմակերպված հասարակություն։ Այո՛, տալիս է։ Հետևաբար, քաղաքը ներկայացնում է երկրային ղեկավարությանը, որն օգուտ է բերում երկրային արդար հասարակությունը կազմողներին։ Այն ամբողջությամբ գործի կլծվի գալիք «նոր երկրում» (Բ Պետրոս 3։13)։ Քաղաքի բոլոր կողմերում յուրաքանչյուր ցեղի համար նախատեսված դռները վկայում են այն մասին, որ դա փակ քաղաք չէ։ Աստծո ներկայիս ժողովուրդը գաղտնի ղեկավարության տակ չի գտնվում։ Պատասխանատու եղբայրները մատչելի են, և նրանց առաջնորդող սկզբունքները քաջ հայտնի են ամենքին։ Այն, որ բոլոր ցեղերը մշակում են հողը և աջակցություն են ցույց տալիս քաղաքին, հիշեցնում է մեզ, թե ինչպես են «այլ ոչխարները» աջակցում, անգամ նյութապես, այն ամենին, ինչը նախատեսված է Աստծո ժողովրդի համաշխարհային առաջնորդության համար (Եզեկիէլ 48։19, 30—34)։
23. Ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։
23 Իսկ ի՞նչ կարելի է ասել տաճարի սրբարանից դուրս եկող գետի մասին։ Այն, թե ինչ է գետը ներկայացնում այսօր և ինչ է լինելու ապագայում, կլինի այս շարքի մեր եզրափակիչ հոդվածի թեման։
[ծանոթագրություններ]
a Տեսեք «Հայտնության փառահեղ գագաթնակետը մոտ է» գիրքը (էջ 64, պարբ. 22, անգլ.)։ Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։
b Տեսեք «Դիտարան» 1995, հոկտեմբերի 1, էջ 17։
Կրկնողության հարցեր
◻ Ի՞նչ է ներկայացնում Եզեկիելի տեսիլքում պատկերված տաճարը։
◻ Ո՞ւմ են խորհրդանշում տաճարում ծառայող քահանաները։
◻ Ի՞նչ է իրենից ներկայացնում իշխանի դասակարգը, և որո՞նք են նրա պատասխանատվություններից մի քանիսը։
◻ Ի՞նչ է ներկայացնում Եզեկիելի տեսիլքում պատկերված երկիրը, և ի՞նչ իմաստով է այն հատկացված տասներկու ցեղերին։
◻ Ի՞նչ է խորհրդանշում քաղաքը։
[Գծագիր/քարտեզ 25–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը
Եզեկիելի տեսիլքում պատկերված երկրի բաժանումը։
ՏԱՍՆԵՐԿՈՒ ՑԵՂԵՐԸ
Մեծ ծովը
Գալիլեայի ծովը
Հորդանան գետը
Աղի ծովը
ԴԱՆ
ԱՍԵՐ
ՆԵՓԹԱՂԻՄ
ՄԱՆԱՍԵ
ԵՓՐԵՄ
ՌՈՒԲԵՆ
ՀՈՒԴԱ
ԻՇԽԱՆԸ
ԲԵՆԻԱՄԻՆ
ՇՄԱՎՈՆ
ԻՍԱՔԱՐ
ԶԱԲՈՒՂՈՆ
ԳԱԴ
Գծագիր
ՍՐԲԱՐԱՆԻ ԸՆԾԱՅԻ ՄԵԾԱՑՎԱԾ ՏԵՍՔԸ
Ա) Եհովան այնտեղ է (Եհովա—շամմա), Բ) Քաղաքի բերրի հողերը։
Ղևտացիների բաժինը
Եհովայի սրբարանը
Քահանաների բաժինը
Բ Ա Բ