37 «Երբ մտածում եմ այդ մասին, սիրտս բաբախում է ուժգին,
Քիչ է մնում՝ տեղից դուրս թռչի:
2 Ուշադիր լսեք, թե ինչպես է Աստծու ձայնը դղրդում,
Նրա բերանից որոտ հնչում:
3 Նա թնդացնում է այն ողջ երկնքով մեկ,
Իր կայծակներն+ արձակում է մինչև երկրի ծայրերը:
4 Կայծակից հետո մի դղրդոց է լսվում.
Նրա փառահեղ ձայնն է որոտում,+
Եվ մինչ նրա ձայնը հնչում է, նրա կայծակները չեն դադարում:
5 Աստված իր որոտալի ձայնով+ ակնածանք է ներշնչում,
Մեր հասկացողությունից վեր մեծամեծ բաներ է անում:+
6 Ձյանն ասում է՝ «Թափվի՛ր երկրի վրա»,+
Հորդառատ անձրևին ասում է՝ «Ուժգին տեղա՛»:+
7 Դադարեցնում է մարդկանց բոլոր գործերը,
Որ ամեն մահկանացու մարդ իմանա նրա արածները:
8 Վայրի կենդանիները իրենց բույնն են մտնում,
Իրենց որջերում են մնում:
9 Հողմամրրիկը փչում է իր օթևանից,+
Հյուսիսային քամիների հետ սառնամանիք է գալիս:+
10 Աստծու շնչից սառույց է գոյանում,+
Լայնարձակ ջրերը սառցակալում են:+
11 Ամպերը նա ջրի կաթիլներով է լցնում,
Ամպերի մեջ իր կայծակի+ շիթերն է ցիրուցան անում:
12 Դրանք պտտվելով գնում են այնտեղ, ուր նա ուղղորդում է,
Երկրի երեսին կատարում են նրա հրահանգները:+
13 Աստված սա անում է, որ կա՛մ պատուհասի,+ կա՛մ օգուտ բերի երկրին,
Կա՛մ էլ հավատարիմ սեր դրսևորի:+
14 Ո՛վ Հոբ, ականջ դիր այս ամենին,
Կանգ առ և խորությամբ մտածիր Աստծու զարմանահրաշ գործերի մասին:+
15 Գիտե՞ս, թե Աստված ինչպես է ամպերը կառավարում,
Ինչպես է իր ամպերից կայծակի շիթեր արձակում:
16 Գիտե՞ս, թե ինչպես են ամպերը սահում:+
Սրանք հիասքանչ գործերն են Նրա, ով կատարելապես ամեն ինչ գիտի:+
17 Գիտե՞ս՝ ինչու են հագուստներդ հարավային քամուց տաքանում,+
Երբ այն երկրի վրա հանդարտություն է բերում:
18 Կարո՞ղ ես նրա պես տարածել երկինքը,+
Որն ասես մետաղյա կարծր հայելի լինի:
19 Հայտնիր մեզ, թե նրան ինչ ասենք,
Մենք խավարամիտ ենք, պատասխան չունենք:
20 Մի՞թե կարող եմ նրան ասել, թե ուզում եմ նրա հետ խոսել,
Մի՞թե որևէ մեկը այնքան կարևոր բան է ասել, որ անհրաժեշտ է նրան հաղորդել:+
21 Մարդիկ չեն կարողանում անգամ տեսնել երկնքում շողացող պայծառ լույսը,
Մինչև որ չի փչում քամին ու չի ցրում ամպերը:
22 Հյուսիսից ճառագում է ոսկեփայլ պայծառություն,
Աստծու մեծափառությունը+ ակնածանք է ներշնչում:
23 Ամենակարողի մասին ամեն ինչ ըմբռնելը մեր կարողությունից վեր է.+
Նա մեծ զորության տեր է,+
Նա երբեք իր արդարադատությանը դեմ չի գնում,
Իր բացառիկ արդարությունը չի ոտնահարում:+
24 Ուստի մարդիկ պետք է վախ ունենան նրա հանդեպ,+
Քանի որ իրենց իմաստուն կարծողները նրա հավանությունը չունեն»:+