Ժողովող
11 Հացդ ջրի երեսին բաց թող,+ որովհետև շատ օրեր անց կրկին կգտնես այն:+ 2 Քո ունեցածից բաժին հանիր յոթին, նույնիսկ ութին,+ քանի որ չգիտես, թե ինչ աղետ կլինի երկրի վրա:
3 Երբ ամպերը ջրով են լցվում, անձրև է թափվում երկրի վրա: Եվ եթե ծառը ընկնի դեպի հարավ կամ հյուսիս, կմնա այնտեղ, որտեղ ընկել է:
4 Քամուն նայողը սերմ չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի:+
5 Ինչպես որ չգիտես, թե ոգին ինչպես է գործում հղի կնոջ որովայնում եղող երեխայի ոսկորներում,+ այնպես էլ չգիտես ճշմարիտ Աստծու գործը, ով անում է ամեն ինչ:+
6 Առավոտյան ցանիր սերմերը և մինչ երեկո ձեռքիդ հանգիստ մի՛ տուր,+ որովհետև չգիտես, թե որ մեկը ծիլ կտա՝ ա՞յս մեկը, թե՞ այն մեկը, կամ գուցե երկուսն էլ ծիլ տան:
7 Լույսը հաճելի է, և արևի լույսը տեսնելը՝ լավ: 8 Եթե մարդ երկար տարիներ էլ ապրի, թող վայելի դրանք:+ Բայց թող հիշի, որ խավար օրեր էլ գուցե շատ լինեն. գալիք բոլոր բաները փուչ են:+
9 Ուրախացիր, երիտասա՛րդ, քանի դեռ երիտասարդ ես. թող սիրտդ ուրախ լինի քո երիտասարդության օրերում: Արա այն, ինչ սիրտդ ցանկանում է, և գնա, ուր աչքերդ տանում են: Բայց իմացիր, որ ճշմարիտ Աստված արածներիդ համար հաշիվ է պահանջելու քեզնից:+ 10 Ուստի հեռու մնա այն ամենից, ինչը ցավ է պատճառում սրտիդ, և խուսափիր այն բաներից, որոնք վնաս են հասցնում մարմնիդ, քանի որ երիտասարդությունն ու կյանքի գարունը ունայնություն են:+