Ելք
12 Եգիպտոսում Եհովան խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբը կլինի: Ձեզ համար այն առաջինը կլինի տարվա ամիսների մեջ:+ 3 Խոսեք Իսրայելի ողջ հանրության առաջ և ասեք. «Այս ամսվա տասներորդ օրը ձեզանից յուրաքանչյուրը թող մի գառ+ վերցնի իր ընտանիքի* համար, մի տան համար՝ մի գառ: 4 Բայց եթե ընտանիքն այնքան փոքր է, որ չի կարող մի ամբողջ գառ ուտել, թող իր տուն հրավիրի հարևան ընտանիքին և գառը բաժանի ըստ մարդկանց թվի: Բաշխելիս հաշվի առեք, թե ով ինչքան կուտի: 5 Գառը պետք է լինի առանց արատի:+ Այն պետք է մեկ տարեկան արու լինի: Գառան փոխարեն կարող եք ուլ վերցնել: 6 Պահեք այն մինչև այս ամսվա 14-րդ օրը,+ և Իսրայելի ժողովրդի ամեն ընտանիք* թող մթնշաղին* մորթի այն:+ 7 Վերցրեք դրա արյունից և այն տներում, որտեղ ուտելու եք գառը, արյունը ցողեք դռան երկու կողափայտերին ու շեմքի վերին հատվածին:+
8 Միսը պետք է այդ գիշեր ուտեք:+ Այն պետք է խորովեք կրակի վրա և ուտեք անթթխմոր հացով+ ու դառը խոտաբույսերով:+ 9 Միսը հում* կամ խաշած չուտեք, այլ կխորովեք կրակի վրա գլխի, սրունքների և փորոտիքի հետ միասին: 10 Դրանից ոչինչ չպահեք մինչև առավոտ. ինչ որ մնա մինչև առավոտ, պետք է այրեք:+ 11 Երբ գառն ուտելիս լինեք, ձեր գոտին պետք է ամուր կապված լինի, սանդալները ձեր ոտքերին լինեն, և ցուպը՝ ձեր ձեռքին: Շտապելո՛վ կերեք այն: Դա Եհովայի Պասեքն* է: 12 Այդ գիշեր ես կանցնեմ Եգիպտոսի միջով և կհարվածեմ Եգիպտոսի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև կենդանի:+ Եգիպտոսի բոլոր աստվածների նկատմամբ դատաստան կտեսնեմ:+ Ես Եհովան եմ: 13 Արյունը, որ ցողված կլինի այն տների վրա, որտեղ կգտնվեք, որպես նշան կծառայի: Ես կտեսնեմ այն և կանցնեմ ձեր կողքով, ու երբ հարվածեմ Եգիպտոսին, կործանիչ պատուհասը ձեզ վրա չի գա:+
14 Այդ օրը ձեզ համար հիշարժան օր կլինի: Սերնդեսերունդ պետք է այն նշեք որպես տոն Եհովայի պատվին: Տոնեք այն. դա մնայուն կանոն է: 15 Յոթ օր անթթխմոր հաց կերեք:+ Առաջին իսկ օրը ձեր տներից հանեք թթխմորը, որովհետև նա, ով առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով պատրաստված որևէ բան ուտի, պետք է վերացվի Իսրայելի միջից: 16 Առաջին օրը սուրբ հավաքույթ կազմակերպեք: Մեկ այլ սուրբ հավաքույթ էլ կազմակերպեք յոթերորդ օրը: Այդ երկու օրերին ոչ մի գործ չպետք է անեք,+ այլ միայն կերակուր պատրաստեք, որ ամեն մարդ ուտելու բան ունենա:
17 Դուք պետք է նշեք Անթթխմոր հացերի տոնը,+ որովհետև հենց այդ օրը ես Եգիպտոսից հանելու եմ ձեզ՝ այս մեծաթիվ ժողովրդին:* Նշեք այդ օրը սերնդեսերունդ. սա մնայուն կանոն է: 18 Առաջին ամսվա 14-րդ օրվա երեկոյից մինչև այդ ամսվա 21-րդ օրվա երեկոն անթթխմոր հաց պետք է ուտեք.+ 19 յոթ օր ձեր տներում թթխմոր չպետք է լինի, որովհետև եթե որևէ մեկը թթխմորով պատրաստված բան ուտի՝ լինի պանդուխտ, թե բնիկ,+ պետք է վերացվի Իսրայելի հանրության միջից:+ 20 Թթխմորով պատրաստված ոչ մի բան չուտեք: Ձեր բոլոր տներում անթթխմոր հաց պետք է ուտեք»»:
21 Մովսեսն անմիջապես կանչեց Իսրայելի բոլոր երեցներին+ ու ասաց. «Գնացեք, ձեր յուրաքանչյուր ընտանիքի համար մատղաշ անասուն* ընտրեք և մորթեք որպես Պասեքի զոհ: 22 Վերցրեք մի փունջ զոպա,* թաթախեք տաշտում լցված արյան մեջ և ցողեք տան շեմքի վերին հատվածին ու դռան երկու կողափայտերին: Մինչև առավոտ ձեզնից ոչ ոք իր տան շեմքից չպետք է դուրս գա: 23 Երբ Եհովան անցնելիս լինի եգիպտացիներին պատուհասելու համար ու տեսնի շեմքի վերին հատվածին և դռան երկու կողափայտերին ցողված արյունը, Եհովան կանցնի մուտքի կողքով ու թույլ չի տա, որ մահաբեր պատուհասը մտնի ձեր տները:+
24 Նշեք այս տոնը. այն մնայուն կանոն է ձեզ համար և ձեր որդիների համար:+ 25 Երբ գնաք այն երկիր, որը Եհովան խոստացել է տալ ձեզ, շարունակեք կատարել այս արարողությունը:+ 26 Եթե ձեր որդիները հարցնեն՝ «Ի՞նչ նշանակություն ունի այս արարողությունը»,+ 27 նրանց ասեք. «Սա Պասեքի զոհն է, որ մատուցվում է Եհովային. նա եգիպտացիներին պատուհասելիս անցավ Եգիպտոսում գտնվող մեր տների կողքով և խնայեց մեր ընտանիքները»»:
Այդ ժամանակ ժողովուրդը ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց: 28 Իսրայելացիները գնացին և արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին:+ Նրանք հենց այդպես արեցին:
29 Կեսգիշերին Եհովան հարվածեց Եգիպտոսի ամեն առաջնեկի՝+ գահին նստող փարավոնի առաջնեկից մինչև բանտում գտնվող կալանավորի առաջնեկը, ինչպես նաև անասունների բոլոր առաջնեկները:+ 30 Գիշերը փարավոնը վեր կացավ, նրա հետ՝ նաև իր բոլոր ծառաներն ու մյուս բոլոր եգիպտացիները: Եվ մեծ ողբ բարձրացավ եգիպտացիների մեջ, քանի որ տուն չկար, որտեղ մեկը մեռած չլիներ:+ 31 Հենց այդ գիշեր փարավոնը իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին+ և ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք իմ ժողովրդի միջից դուք և մյուս բոլոր իսրայելացիները: Գնացե՛ք, ծառայե՛ք Եհովային, ինչպես որ ասում էիք:+ 32 Ձեր ասածի պես վերցրե՛ք ձեր հոտերն ու նախիրները և գնացե՛ք:+ Բայց նաև խնդրե՛ք Աստծուն, որ օրհնի ինձ»:
33 Եգիպտացիները սկսեցին շտապեցնել ժողովրդին,+ որ արագ հեռանան երկրից, քանի որ ասում էին. «Մենք բոլորս կմեռնենք»:+ 34 Ուստի իսրայելացիները վերցրին իրենց պատրաստած խմորը, որի մեջ թթխմոր չէին ավելացրել, և խմորատաշտերը շորի մեջ փաթաթելով, իրենց ուսերին դրած՝ տարան: 35 Իսրայելացիները արեցին այն, ինչ Մովսեսն ասել էր իրենց. եգիպտացիներից արծաթյա ու ոսկյա իրեր և հագուստներ խնդրեցին:+ 36 Եհովան այնպես արեց, որ եգիպտացիները բարեհաճ եղան ժողովրդի հանդեպ, ուստի տվեցին նրանց խնդրածը: Այդպես իսրայելացիները ավար վերցրին եգիպտացիներից:+
37 Իսրայելացիները՝ մոտ 600 000 տղամարդ՝* չհաշված երեխաներին,+ Ռամսեսից+ ճանապարհ ընկան դեպի Սոկքոթ:+ 38 Նրանց հետ դուրս եկավ նաև մի խառը բազմություն,*+ ինչպես նաև հոտեր ու նախիրներ՝ մեծ թվով անասուններ: 39 Նրանք Եգիպտոսից բերած խմորից կլոր հացեր թխեցին՝ անթթխմոր հացեր: Խմորը դեռ չէր հասունացել, քանի որ նրանց շտապ դուրս էին արել Եգիպտոսից, և նրանք չէին հասցրել պաշար պատրաստել:+
40 Երբ իսրայելացիները դուրս էին գալիս Եգիպտոսից,+ այդ ժամանակ նրանք արդեն 430 տարի էր՝+ օտարության մեջ էին: 41 Երբ ավարտվեցին 430 տարիները, հենց նույն օրը Եհովայի մեծաթիվ ժողովուրդը* դուրս եկավ Եգիպտոսից: 42 Եվ քանի որ այդ գիշեր Եհովան նրանց հանեց Եգիպտոսից, նրանք պետք է տոն նշեն ի հիշատակ այդ իրադարձության: Բոլոր իսրայելացիները սերնդեսերունդ պետք է այդ գիշերը նշեն որպես տոն Եհովայի պատվին:+
43 Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Պասեքի վերաբերյալ կանոնը սա է. ոչ մի օտարական չպետք է ուտի Պասեքի զոհից:+ 44 Փողով գնված ծառա ունեցողը նախ պետք է թլփատի նրան.+ միայն այդ դեպքում ծառան կարող է ուտել դրանից: 45 Եկվորն ու վարձու աշխատողը չեն կարող ուտել այդ զոհից: 46 Այն պետք է մի տան մեջ ուտվի: Զոհի մսից ոչ մի կտոր դուրս չհանեք տնից և դրա ոսկորներից ոչ մեկը չկոտրեք:+ 47 Իսրայելի ողջ հանրությունը պետք է նշի Պասեքը: 48 Եթե որևէ օտարական, որ բնակվում է ձեզ հետ, ցանկանա տոնել Պասեքը Եհովայի պատվին, նա և իր տան արական սեռի բոլոր անդամները պետք է թլփատվեն: Միայն այդ ժամանակ նա կարող է տոնել այն, և նա բնիկի պես կդառնա: Բայց ոչ մի անթլփատ մարդ չի կարող ուտել Պասեքի զոհից:+ 49 Մեկ օրենք պետք է լինի թե՛ բնիկի, թե՛ ձեր մեջ բնակվող պանդուխտի համար»:+
50 Բոլոր իսրայելացիներն արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին: Նրանք հենց այդպես արեցին: 51 Հենց այդ օրը Եհովան բոլոր իսրայելացիներին* հանեց Եգիպտոսից: