Ընթերցողների հարցերը
Բացի մանանայից ու լորի մսից՝ իսրայելացիները անապատում ուրիշ ուտելու բան ունեի՞ն
Անապատում 40 տարվա դեգերումների ընթացքում իսրայելացիների հիմնական ուտելիքը մանանան է եղել (Ելք 16։35)։ Եհովան նրանց երկու անգամ նաև լոր է տվել որպես ուտելիք (Ելք 16։12, 13; Թվեր 11։31)։ Բայց իսրայելացիները սահմանափակ քանակությամբ այլ տեսակի ուտելիք էլ են ունեցել։
Օրինակ՝ Եհովան երբեմն առաջնորդում էր իր ժողովրդին այնպիսի «հանգստի վայր», որտեղ նրանք կարող էին օգտվել բնության բարիքներից (Թվեր 10։33)։ Այդպիսի վայրերից մեկը Ելիմում գտնվող օազիսն էր, «որտեղ ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի կային» (Ելք 15։27)։ «Աստվածաշնչի բույսերը» գրքում ասվում է, որ փյունիկյան արմավենին, որը «շատ տեղերում է աճում.... անապատներում հանդիպող ամենատարածված պտղատու բույսերից է։ Դրանից օգտվում են միլիոնավոր մարդիկ. դրա պտուղները օգտագործվում են սննդի մեջ, դրանից ստանում են բուսայուղ, իսկ տերևներից տանիք են պատրաստում» (Plants of the Bible)։
Իսրայելացիները թերևս կանգ են առել նաև մի ընդարձակ օազիսում, որը այսօր հայտնի է Ֆեյրան անունով։ Այն Վադի Ֆեյրան գետահովտի մի մասն է։ Մի գրքում ասվում է, որ Վադի Ֆեյրանը «130 կիլոմետր [81 մղոն] երկարություն ունի և համարվում է Սինա [թերակղզու] ամենաերկար, ամենագեղեցիկ և ամենահայտնի գետահովիտներից մեկը»։ Այնտեղ նաև նշվում է, որ «այդ գետահովտում՝ գետաբերանից մոտ 45 կիլոմետր [28 մղոն] հեռավորության վրա 4,8 կիլոմետր [3 մղոն] երկարությամբ ձգվում է արմավենիներով լի գեղեցիկ Ֆեյրան օազիսը, որը ծովի մակարդակից մոտ 610 մետր [2000 ֆուտ] բարձրության վրա է գտնվում։ Այն համարվում է Սինա թերակղզու «Եդեմի պարտեզը»։ Դեռևս հնագույն ժամանակներից փյունիկյան արմավենիները գրավել են հազարավոր այցելուների ուշադրությունը» (Discovering the World of the Bible)։
Եգիպտոսից դուրս գալիս իսրայելացիները իրենց հետ խմորատաշտեր էին վերցրել, որոնցում հունցած խմոր կար։ Նրանք թերևս վերցրել էին նաև որոշակի քանակության հացահատիկ և յուղ։ Բայց, ինչ խոսք, այս ամենը երկար չէր բավականացնի նրանց։ Իսրայելացիները իրենց հետ վերցրել էին նաև «հոտեր ու նախիրներ՝ մեծ թվով տարբեր կենդանիներ» (Ելք 12։34-39)։ Սակայն անապատի խիստ կլիմայական պայմանների պատճառով այդ կենդանիների մի մասը, ամենայն հավանականությամբ, ճանապարհին սատկել էր, մյուս մասը իսրայելացիները օգտագործել էին սննդի մեջ, որոշներին էլ զոհ էին մատուցել Եհովային և նույնիսկ կեղծ աստվածներին (Գործ. 7։39-43)։a Այնուամենայնիվ, իսրայելացիները որոշակի քանակությամբ հոտեր ու նախիրներ են ունեցել։ Դա իմանում ենք Եհովայի հետևյալ խոսքերից, որ նա ասաց նրանց, երբ վերջիններս անհնազանդ էին գտնվել իրեն. «Ձեր որդիները քառասուն տարի հովիվներ կլինեն անապատում» (Թվեր 14։33)։ Ուստի թերևս նրանք որոշակի քանակությամբ կաթ ու միս են ունեցել, բայց դա, ինչ խոսք, չէր բավականացնի 40 տարվա ընթացքում մոտ երեք միլիոն ժողովրդին կերակրելու համար։b
Իսկ իսրայելացիները որտեղի՞ց էին սնունդ և ջուր հայթայթում իրենց հոտերի համար։c Անցյալում այդ անապատում տեղումները թերևս ավելի շատ էին և ավելի շատ բուսականություն կար։ «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանի 1-ին հատորում ասվում է, որ 3500 տարի առաջ «Արաբիայում ջրի պաշարները ավելի շատ էին, քան մեր օրերում։ Բազմաթիվ ցամաքած խոր հովիտների առկայությունը, որոնք նախկինում գետի հուներ են եղել, փաստում է, որ մի ժամանակ այդ տարածքում բավականաչափ անձրևներ են տեղացել, որոնց շնորհիվ այդ գետահուները ջրով են լցվել»։ Այդուհանդերձ, այդ անապատը անբերրի և ահազդու վայր էր (2 Օրենք 8։14-16)։ Եթե Եհովան հրաշքով ջուր չտար, իսրայելացիներն ու նրանց կենդանիները չէին կարողանա գոյատևել (Ելք 15։22-25; 17։1-6; Թվեր 20։2, 11)։
Մովսեսը իսրայելացիներին ասաց, որ Եհովան նրանց մանանայով է կերակրել, «որպեսզի [նրանք] իմանան, որ մարդ ոչ միայն հացով է ապրում, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» (2 Օրենք 8։3)։
a Աստվածաշնչում երկու դեպք է արձանագրված, երբ անապատում Եհովային կենդանական զոհեր են մատուցվել։ Առաջինը՝ քահանայության հաստատման ժամանակ, երկրորդը՝ Պասեքը նշելիս։ Երկու դեպքն էլ տեղի է ունեցել մ.թ.ա. 1512 թ.-ին՝ Եգիպտոսից դուրս գալուց հետո երկրորդ տարվա ընթացքում (Ղևտ. 8։14-9։24; Թվեր 9։1-5)։
b Անապատում անցկացրած 40 տարվա վերջում իսրայելացիները պատերազմների արդյունքում հարյուր հազարավոր անասուններ էին վերցրել որպես ավար (Թվեր 31։32-34)։ Այնուամենայնիվ, նախքան Ավետյաց երկիր մտնելը, իսրայելացիները շարունակել են մանանայով սնվել (Հեսու 5։10-12)։
c Կարելի է եզրակացնել, որ կենդանիները մանանա չեն կերել, քանի որ Եհովան իսրայելացիներին պատվիրել էր, որ յուրաքանչյուրը հավաքի այնքան, որքան կարող է ուտել. նա ոչինչ չէր ասել կենդանիների մասին (Ելք 16։15, 16)։