Եփեսացիներ
1 Ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ, գրում եմ ձեզ՝ Եփեսոսի սրբերիդ՝*+ Քրիստոս Հիսուսի հետ միավորված հավատարիմներիդ:
2 Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն և խաղաղություն տան ձեզ:
3 Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, ով երկնային ոլորտում մեզ ամեն տեսակ հոգևոր օրհնություններ է տվել, քանի որ միավորված ենք Քրիստոսի հետ:+ 4 Չէ՞ որ նա մարդկության սկզբնավորումից* ի վեր ընտրեց մեզ, որ Քրիստոսի հետ միավորված լինենք և որ իր հանդեպ սիրուց մղված՝ իր առաջ սուրբ ու անբիծ լինենք:+ 5 Աստված նախապես որոշեց+ Հիսուս Քրիստոսի միջոցով որդեգրել մեզ,+ ինչպես որ հաճելի էր իրեն և իր կամքն էր:+ 6 Այդպիսով նա իր սիրելի Որդու միջոցով հիասքանչ անզուգական բարություն*+ դրսևորեց մեր հանդեպ, ինչի համար պետք է գովաբանվի:+ 7 Որդու միջոցով՝ նրա արյամբ վճարված փրկագնով, մենք ազատագրվեցինք,+ այո՛, մեղքերի ներում ստացանք:+ Եվ այս ամենը Աստծու անզուգական բարության շնորհիվ է, ինչով հարուստ է նա:
8 Այս բարությունը նա առատորեն դրսևորեց մեր հանդեպ՝ տալով նաև իմաստություն ու հասկացողություն* ամեն հարցում 9 և հայտնելով մեզ իր կամքի վերաբերյալ սրբազան գաղտնիքը:+ Այդ գաղտնիքն այն մասին է, որ նա, ինչպես իրեն է հաճելի, նպատակադրել է 10 նշանակված ժամանակահատվածը լրանալուն պես հաստատել տնօրինման մի գործընթաց, որի նպատակն է Քրիստոսի միջոցով նորից համախմբել բոլորին՝ նրանց, ովքեր երկնքում են, և նրանց, ովքեր երկրի վրա են:*+ Այո՛, ամեն ինչ պետք է համախմբվի Քրիստոսի միջոցով: 11 Մենք միավորված ենք նրա հետ և նշանակվել ենք նրա ժառանգակիցները+ լինելու: Մեզ համար դա նախապես որոշված էր՝ համաձայն նրա նպատակի, ով ամեն ինչ իրագործում է իր որոշած ձևով: 12 Մենք առաջինն էինք, որ հուսացինք Քրիստոսին, և Աստված ընտրեց մեզ, որ մեր միջոցով փառավորվի ու գովաբանվի: 13 Դուք՝ այլազգիներդ, նույնպես հուսացիք նրան, երբ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության մասին բարի լուրը: Եվ երբ հավատացիք, ձեզ վրա նաև խոստացված սուրբ ոգու կնիքը+ դրվեց Քրիստոսի միջոցով: 14 Այդ ոգին մեր ստանալիք ժառանգության գրավականն* է,+ որը նախապես տրվեց մեզ, գրավականն այն բանի, որ Աստված փրկագնով+ կազատի իր ժողովրդին,*+ որպեսզի իրեն փառք ու գովաբանություն տրվի:
15 Դրա համար էլ, ինչ լսել եմ Տեր Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի և սրբերի հանդեպ ձեր դրսևորած սիրո մասին, 16 անդադար շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար: Միշտ հիշատակում եմ ձեզ իմ աղոթքներում և խնդրում եմ, 17 որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառավոր Հայրը, ձեր ստացած ճշգրիտ գիտելիքների հետ մեկտեղ ձեզ տա իմաստություն և իր բացահայտած բաները հասկանալու կարողություն:*+ 18 Աստված բացել է ձեր մտքի* աչքերը, որ ըմբռնեք, թե ձեզ կանչելով՝ ինչ հույս է տվել, թե ինչ փառահեղ հարստություն է պահել սրբերի համար որպես ժառանգություն,+ 19 և թե ինչքան մեծ ու արտասովոր է նրա զորությունը, որ գործում է մեր՝ հավատացյալներիս մեջ:+ Նրա այդ ուժի հզորությունը դրսևորվեց, 20 երբ նա հարություն տվեց Քրիստոսին և նստեցրեց իր աջ կողմը՝+ երկնային ոլորտում՝ 21 տալով այնպիսի դիրք, որով նա անհամեմատ բարձր է թե՛ ներկայիս,* թե՛ գալիք բոլոր կառավարություններից, իշխանություններից, զորություն ունեցողներից, տերություններից և մեծ անուն ունեցող ամեն մեկից:+ 22 Աստված նաև ամեն բան հպատակեցրեց Քրիստոսին՝ դնելով նրա ոտքերի տակ,+ և նրան նշանակեց ժողովի գլուխ՝ իշխանություն տալով դրա հետ կապված ամեն ինչի վրա,+ 23 ժողովի, որը նրա մարմինն է,+ որի մեջ ամփոփված են իր բոլոր հատկությունները, և որին նա համալրում է ամեն ինչով: