13 Իմաստուն որդին ընդունում է հոր խրատը,+
Բայց ծաղրողը մերժում է խիստ դիտողությունը:+
2 Մարդն իր լավ խոսքերի պտուղներով կկշտանա,+
Բայց նենգ մարդիկ բռնության ծարավ են:
3 Իր լեզուն հսկողը պահպանում է իր կյանքը,+
Իսկ նա, ով չի զսպում այն, կկործանվի:+
4 Ծույլը շատ բան է ցանկանում, բայց ոչինչ չունի,+
Սակայն աշխատասեր մարդկանց ցանկությունները կիրականանան:+
5 Արդարը ատում է սուտը,+
Իսկ չար մարդկանց գործերը ամոթ և անպատվություն են բերում իրենց վրա:
6 Արդարությունը պահպանում է անարատ վարք ունեցողին,+
Բայց չարությունը խորտակում է մեղսագործին:
7 Կա մարդ, որ ձևացնում է, թե հարուստ է, բայց ոչինչ չունի:+
Կա մարդ էլ, որ ձևացնում է, թե աղքատ է, բայց մեծ հարստություն ունի:
8 Հարուստը փրկագին է վճարում իր կյանքի համար,+
Բայց աղքատին նույնիսկ չեն սպառնում:+
9 Արդարների լույսը վառ շողում է,+
Բայց չարագործների ճրագը կհանգչի:+
10 Հանդգնությունը միայն կռիվ է առաջ բերում,+
Բայց խորհուրդ փնտրողները իմաստուն են:+
11 Արագ ձեռք բերված հարստությունը կպակասի,+
Բայց ով քիչ-քիչ է հավաքում հարստությունը, կշատացնի այն:
12 Ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը,+
Բայց իրականացած ցանկությունը կյանքի ծառ է:+
13 Ով արհամարհում է հրահանգը, կհատուցի դրա համար,+
Իսկ ով հարգում է պատվիրանը, կվարձատրվի:+
14 Իմաստունի սովորեցրածը կյանքի աղբյուր է.+
Այն պաշտպանում է մահվան ծուղակներից:
15 Խորաթափանցը հավանության է արժանանում,
Բայց անհավատարիմների բռնած ուղին ցավ է պատճառում:
16 Խորագետ մարդը խելքով է գործում,+
Բայց հիմարը ի ցույց է դնում իր հիմարությունը:+
17 Անվստահելի պատգամաբերը փորձանքի մեջ է ընկնում,+
Սակայն հավատարիմ պատվիրակը ամոքում է բերում:+
18 Խրատն արհամարհողը կաղքատանա և խայտառակ կլինի,
Բայց խորհուրդն ընդունողը փառքի կարժանանա:+
19 Իրականացած ցանկությունը ուրախացնում է մարդուն:+
Չար բանից հեռու մնալը ատելի է հիմարների համար:+
20 Իմաստունների հետ շփվողը իմաստուն կդառնա,+
Բայց հիմարների հետ ընկերակցողը կտուժի:+
21 Մեղսագործներին փորձանքն է հետապնդում,+
Իսկ արդարները առատորեն վարձատրվում են:+
22 Բարի մարդը ժառանգություն է թողնում իր թոռներին,
Իսկ մեղսագործի հարստությունը արդարի համար կպահվի:+
23 Աղքատի հերկված դաշտը շատ բերք է տալիս,
Բայց անարդարության պատճառով այն կարող է կորչել:
24 Ով չի պատժում իր որդուն, ատում է նրան,+
Բայց ով սիրում է իր որդուն, ջանասիրաբար խրատում է:+
25 Արդարը ուտում և կշտանում է,+
Բայց չարագործների ստամոքսը դատարկ է:+