«Ամեն խորագէտ իմաստութիւնով կ’գործէ»
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ՝ Աստվածաշնչի տված առաջնորդությունը ‘ավելի ցանկալի է, քան թե ոսկին և քան թե շատ մաքրված ոսկին’ (Սաղմոս 19։7–10)։ Ինչո՞ւ։ Քանի որ «իմաստունին [Եհովայի] օրէնքը կենաց աղբիւր է, մահուան որոգայթներիցը խոյս տալու համար» (Առակաց 13։14)։ Երբ կիրառում ենք Գրությունների վրա հիմնված խորհուրդը, այն ոչ միայն բարելավում է մեր կյանքը, այլև օգնում է խուսափել ծուղակներից, որոնք կարող են վտանգի ենթարկել մեր կյանքը։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ փնտրենք Աստվածաշնչի գիտությունը և կիրառենք այն, ինչ սովորում ենք։
Առակաց 13։15–25 համարներում հին Իսրայելի Սողոմոն թագավորը տալիս է խորհուրդներ, որոնք մեզ կօգնեն իմաստությամբ վարվել, որպեսզի ավելի երկար ու լավ կյանքով ապրենք։a Կարճ առակների միջոցով նա ցույց է տալիս, թե Աստծո Խոսքն ինչպես կարող է մեզ օգնել ուրիշների հավանությանն արժանանալ, ծառայության մեջ մնալ հավատարիմ, ճիշտ վերաբերմունք ունենալ խրատի հանդեպ և իմաստուն ձևով ընկերներ ընտրել։ Նա նաև անդրադառնում է այն հարցին, որ մեր երեխաներին ժառանգություն թողնելը, ինչպես նաև սիրով նրանց խրատելը խոհեմության դրսևորում է։
«Բարի խոհեմութիւնը» հավանության է արժանացնում
«Բարի իմաստութիւնը [«խոհեմութիւնը», ԱԱ] շնորհք կը տայ,— ասում է Սողոմոնը,— բայց խորամանկների ճանապարհը կոշտ է» (Առակաց 13։15)։ Մի աշխատության մեջ նշվում է, որ բնագիր լեզվում «բարի խոհեմութիւն», կամ՝ «լավ հասկացողություն» արտահայտությունը «նկարագրում է ողջամտություն, առողջ դատողություն և ողջամիտ համոզմունքներ ունենալու կարողությունը»։ Այդպիսի հատկություններ ունեցող անհատի համար դժվար չի լինի արժանանալ ուրիշների հավանությանը։
Քննենք, թե ինչպես Պողոս առաքյալը խոհեմությամբ վարվեց իր քրիստոնյա հավատակից Փիլիմոնի հետ, երբ ետ էր ուղարկում նրանից փախած ծառային՝ Ոնեսիմոսին, որն արդեն քրիստոնյա էր դարձել։ Պողոսը հորդորեց Փիլիմոնին բարյացակամորեն ընդունել Ոնեսիմոսին, նույնիսկ այնպես, ինչպես որ կընդուներ իրեն՝ առաքյալին։ Պողոսը նաև ասաց, որ եթե Ոնեսիմոսը ինչ–որ բան է պարտք Փիլիմոնին, ապա ինքը պատրաստ է վճարել այդ պարտքը։ Առաքյալը կարող էր օգտագործել իր իշխանությունը և հրամայել Փիլիմոնին, որ նա բարությամբ վարվեր։ Բայց նա նախընտրեց խնդիրը լուծել նրբանկատորեն և սիրով։ Պողոսը վստահ էր, որ այդպիսի վարվելակերպը Փիլիմոնին կմղեր համագործակցելու իր հետ և անելու նույնիսկ ավելին, քան նրանից խնդրում էր առաքյալը։ Արդյո՞ք մենք ևս չպետք է այդպես վարվենք մեր հավատակիցների հետ (Փիլիմոն 8–21)։
Խորամանկների ճանապարհը «կոշտ է», կամ՝ կարծրացած։ Ի՞նչ իմաստով։ Ըստ մի գիտնականի՝ այստեղ օգտագործված բառը նշանակում է «ամուր կամ պինդ և ակնարկում է չար մարդկանց կոպիտ վարվելակերպը. .... Այն մարդը, որը համառորեն գնում է իր չար ճանապարհներով, անզգա է և անտարբեր մյուսների տված իմաստուն խորհուրդների հանդեպ, գտնվում է կործանման ճանապարհին»։
Սողոմոնը շարունակում է. «Ամեն խորագէտ իմաստութիւնով կ’գործէ, բայց անմիտը յիմարութիւն կ’տարածէ» (Առակաց 13։16)։ Լինել խորագետ չի նշանակում խորամանկ լինել։ Խորագիտությունն այստեղ կապ ունի գիտելիքների հետ և առնչվում է խոհեմ անձնավորության հետ, որը ինչ–որ բան անելուց առաջ լավ մտածում է։ Երբ խորագետ մարդուն անարդարացիորեն քննադատում են կամ նույնիսկ վիրավորում, նա իր լեզուն զսպում է։ Այդպիսի անհատը աղոթքի օգնությամբ ջանում է դրսևորել սուրբ ոգու պտուղը, որպեսզի չափից դուրս չզայրանա (Գաղատացիս 5։22, 23)։ Խոհեմ մարդը թույլ չի տալիս, որ մեկ ուրիշը կամ ստեղծված իրավիճակն իր վրա իշխեն։ Ընդհակառակը՝ նա հանգստություն է պահպանում և խուսափում է վեճերից, որոնց մեջ հաճախ են ընկնում նրանք, ովքեր վիրավորվելիս արագ զայրանում են։
Խորագետ մարդը իմաստություն է դրսևորում նաև որոշումներ կայացնելիս։ Նա գիտի, որ իմաստուն արարքները հիմնականում ենթադրությունների, զգացմունքների հիման վրա գործելու կամ պարզապես մարդկանց մեծամասնությանը հետևելու արդյունք չեն։ Ուստի նա ժամանակ է հատկացնում քննելու այն իրավիճակը, որի մեջ գտնվում է։ Նա ծանրութեթև է անում բոլոր փաստերը և տեսնում, թե ինչ տարբերակներ կան իր առջև։ Հետո նա փնտրտուքներ է կատարում Գրություններում և որոշում, թե Աստվածաշնչի որ օրենքները կամ սկզբունքներն են վերաբերում իր իրավիճակին։ Այդպիսի անձնավորության ճանապարհը ուղիղ է մնում (Առակաց 3։5, 6)։
«Մի հաւատարիմ դեսպան բժշկութիւն է»
Մեզ՝ Եհովայի վկաներիս, վստահվել է Աստծո տված պատգամը հռչակելու գործը։ Հաջորդ առակի խոսքերը օգնում են հավատարիմ լինել մեր առաջադրանքը կատարելու մեջ։ Այնտեղ ասվում է. «Անզգամ պատգամաւորը չարիքի մէջ կ’ընկնի, բայց մի հաւատարիմ դեսպան բժշկութիւն է» (Առակաց 13։17)։
Այստեղ շեշտը դրվում է պատգամը հաղորդողի հատկությունների վրա։ Ի՞նչ տեղի կունենա, եթե նա կանխամտածված կերպով աղավաղի կամ փոխի պատգամը։ Արդյո՞ք խիստ պատժի չի արժանանա։ Մտածեք Աստծո մարգարե Եղիսեի ծառա Գեեզիի մասին, որն ագահությունից դրդված՝ սուտ տեղեկություններ հաղորդեց ասորիների զորագլուխ Նեեմանին։ Բորոտությունը, որից բժշկվել էր Նեեմանը, անցավ Գեեզիին (Դ Թագաւորաց 5։20–27)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն դեպքի մասին, եթե «դեսպանը» դառնում է անհավատարիմ և ընդհանրապես դադարում է հռչակել պատգամը։ Աստվածաշունչն ասում է. «Դու եթէ չ’խօսես ամբարշտին՝ իր ճանապարհիցն զգուշացնելու համար. այն ամբարիշտը կ’մեռնէ իր անօրէնութեան համար, բայց նորա արիւնը քո ձեռքիցն ես [Եհովաս] կ’պահանջեմ» (Եզեկիէլ 33։8)։
Իսկ հավատարիմ «դեսպանը» բժշկություն է թե՛ իր և թե՛ իրեն լսողների համար։ Պողոսը հորդորեց Տիմոթեոսին. «Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ» (Ա Տիմոթէոս 4։16)։ Մտածեք, թե ինչպիսի ամոքում է բերում Թագավորության բարի լուրը մարդկանց, երբ հավատարմորեն այն հռչակում ենք։ Այն «արթնացնում» է սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդկանց և առաջնորդում դեպի ճշմարտությունը, որը նրանց ազատություն է բերում (Յովհաննէս 8։32)։ Եթե անգամ մարդիկ հրաժարվեն լսել պատգամը, հավատարիմ պատգամաբերը ‘ազատած կլինի իր անձը’ (Եզեկիէլ 33։9)։ Եկեք երբեք թեթևամտորեն չվերաբերվենք քարոզելու մեր հանձնարարությանը (Ա Կորնթացիս 9։16)։ Եվ միշտ աչալուրջ լինենք «խօսքը քարոզ[ելու]» մեջ և երբեք փոխզիջումների չգնանք պատգամը մեղմացնելու կամ հրապուրիչ դարձնելու համար (Բ Տիմոթէոս 4։2)։
«Յանդիմանութիւնը պահողը կ’պատուի»
Խոհեմ անհատի կողմից ճիշտ կլինի՞ վիրավորվել, երբ նրան որևէ օգտակար խորհուրդ են տալիս։ Առակաց 13։18–ն ասում է. «Աղքատութիւն եւ նախատինք կայ խրատը մերժողի համար, իսկ յանդիմանութիւնը պահողը կ’պատուի»։ Մենք իմաստուն կլինենք, եթե ընդունենք նույնիսկ այն հանդիմանությունը, որի մասին չենք խնդրել։ Հիմնավոր խորհուրդը կարող է օգտակար լինել նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք գիտակցում, որ դրա կարիքն ունենք։ Այդպիսի խորհրդին հետևելը կարող է մեզ ազատել շատ գլխացավանքներից և օգնել խուսափելու ողբերգություններից։ Հանդիմանությունն արհամարհելը պատվազուրկ կանի մեզ։
Գովասանքը, երբ դրան արժանի ենք, ոգևորում է մեզ և իսկապես քաջալերում։ Բայց մենք նաև պետք է ակնկալենք, որ հանդիմանություն կստանանք, և ընդունենք այն։ Քննարկենք այն երկու նամակները, որ Պողոս առաքյալը գրել է Տիմոթեոսին։ Նամակներում պարունակվում են Տիմոթեոսին ուղղված բազմաթիվ խորհուրդներ, թեև դրանցում կան նաև գովեստի խոսքեր՝ ասված նրա հավատարմության համար։ Պողոսը բազում խորհուրդներ է տալիս այդ երիտասարդ անձնավորությանը հավատ և մաքուր խիղճ պահպանելու մասին, ժողովում մյուսների հետ նրա վարվելակերպի, Աստծո հանդեպ նվիրվածություն զարգացնելու, ունեցածով բավարարվելու, մյուսներին ուսուցանելու, հավատուրացությանը դեմ կանգնելու և իր ծառայությունը կատարելու մասին։ Ժողովի երիտասարդ անդամները խոհեմ կլինեն, եթե ցանկություն ունենան ավելի փորձառու անհատներից խորհուրդներ ստանալ և ընդունել դրանք։
‘Իմաստունների հետ քայլիր’
«Կատարուած փափագը ախորժելի է հոգիին,— ասում է իմաստուն թագավորը,— բայց յիմարների համար զզուելի է չարութիւնից հեռանալը» (Առակաց 13։19)։ Այս առակի իմաստի առնչությամբ մի աշխատության մեջ ասվում է. «Երբ մարդը հասնում է իր նպատակին կամ նրա ցանկությունն իրականանում է, ապա նա ամբողջությամբ համակվում է բավականության զգացումով։ .... Քանի որ նպատակի իրականացումը բավականություն է պատճառում, ուստի պարզ է, որ չարությունից հեռանալը հիմարների համար պետք է որ զզվելի լինի։ Նրանց ձգտումները հնարավոր է իրականացնել միայն վատ միջոցներով, ու եթե նրանք հեռանան չարությունից, ապա երբեք չեն ստանա այն բավականությունը, որն գալիս է ցանկություններն իրականացնելուց»։ Ինչքա՜ն կարևոր է, որ մեր մեջ զարգացնենք լավ ցանկություններ։
Մեր ընկերները զորեղ ազդեցություն են թողնում այն բանի վրա, թե ինչի մասին ենք մտածում, ինչ ենք սիրում և ինչից ենք խորշում։ Սողոմոնն շեշտել է մի անփոփոխ ճշմարտություն, երբ ասել է. «Իմաստունների հետ վարուողը [«քալողը», ԱԱ] իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։ Այո՛, մեր ընկերակցությունները, նույնիսկ զվարճությունները, Ինտերնետը և այն ամենը, ինչ կարդում ենք, ազդեցություն են թողնում այն բանի վրա, թե ինչպիսի անձնավորություն ենք մենք հիմա և ինչպիսին կլինենք ապագայում։ Ուրեմն որքա՜ն կարևոր է իմաստությամբ ընտրել ընկերներին։
‘Ժառանգություն թող’
«Մեղաւորի ետեւից կ’գնայ չարիքը,— ասում է Իսրայելի թագավորը,— բայց արդարներին բարիք կ’հատուցուի» (Առակաց 13։21)։ Արդարության հետամուտ լինելը պարգևատրիչ է, քանի որ Եհովան հոգ է տանում արդար մարդու մասին (Սաղմոս 37։25)։ Սակայն մենք պետք է գիտակցենք, որ «ժամանակ ու դիպուած» կարող է պատահել մեզ բոլորիս (Ժողովող 9։11)։ Կարո՞ղ ենք ինչ–որ բան անել, որպեսզի պատրաստ լինենք անսպասելի դեպքերին։
Սողոմոնն ասում է. «Բարին ժառանգութիւն կ’թողէ որդկանց որդիների համար» (Առակաց 13։22ա)։ Ի՜նչ արժեքավոր ժառանգություն են թողնում ծնողներն իրենց երեխաներին, երբ նրանց օգնում են գիտելիքներ ձեռք բերել Եհովայի մասին և լավ փոխհարաբերություններ զարգացնել նրա հետ։ Բայց արդյոք խելամիտ չի՞ լինի հնարավորության դեպքում նաև միջոցներ ձեռնարկել ընտանիքի նյութական բարեկեցությունը ապահովելու համար, եթե հանկարծ ծնողներից մեկն անժամանակ մահանա։ Շատ վայրերում ընտանիքի գլուխները թերևս կարող են ապահովագրում կատարել, կտակ կազմել և որոշ գումար մի կողմ դնել։
Իսկ ի՞նչ կարելի է ասել չարերի թողած ժառանգության մասին։ Սողոմոնը շարունակում է. «Արդարի համար է պահուած մեղաւորի կայքը» (Առակաց 13։22բ)։ Արդեն այսօր կարելի է տեսնել այս խոսքերի ճշմարտացիությունը, սակայն դրանք ամբողջովին կիրականանան, երբ Եհովան կատարի իր խոստումը, այն է՝ ստեղծել նոր երկինք և նոր երկիր, «որոնցում արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13)։ Այդ ժամանակ «խոնարհները երկիրը կ’ժառանգեն», իսկ չարերը կործանված կլինեն (Սաղմոս 37։11)։
Խոհեմ անհատը իմաստությամբ է վարվում, նույնիսկ երբ շատ քիչ ունեցվածք ունի։ Առակաց 13։23–ում (ԱԱ) ասվում է. «Աղքատներուն մշակած երկրին մէջ շատ ուտելիք կայ, բայց մարդ կայ, որ անիրաւութենէ կը կորսուի»։ Ջանասիրաբար աշխատելու, ինչպես նաև Աստծո օրհնությունը ստանալու շնորհիվ աղքատի քիչ ունեցվածքը շատանում է։ Սակայն արդարություն չլինելու պատճառով անարդար որոշումը մարդուն կարող է զրկել հարստությունից։
‘Խրատիր նրան’
Անկատար մարդիկ խրատի կարիք ունեն։ Նրանք դրա կարիքն ունեն դեռ մանուկ հասակից։ Իսրայելի թագավորն ասում է. «Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. բայց նորան սիրողը կանուխ կ’խրատէ նորան» (Առակաց 13։24)։
Գավազանը իշխանության խորհրդանիշ է։ Առակաց 13։24–ում այն վերաբերում է ծնողի ունեցած իշխանությանը։ Այս համատեքստում «խրատի գավազան» արտահայտությունը անպայմանորեն չի նշանակում երեխային հարվածել։ Ավելի շուտ այն ներկայացնում է երեխային խրատելու միջոցները՝ անկախ այն բանից, թե ինչ ձևով դա կարվի։ Գուցե մի երեխային մեղմ ձևով նկատողություն անելը բավական լինի նրա անպատշաճ վարքն ուղղելու համար, իսկ մեկ ուրիշ երեխայի գուցե հարկ լինի ավելի խիստ հանդիմանել։ Առակաց 17։10–ում ասվում է. «Յանդիմանութիւնը աւելի է ազդում խոհեմին, քան թէ հարիւր հարուածը՝ յիմարին»։
Ծնողը միշտ պետք է խրատի սիրով և իմաստությամբ, որպեսզի դա ծառայի երեխաների օգտին։ Սիրող ծնողը աչք չի փակում իր երեխայի թերությունների վրա։ Ընդհակառակը՝ նա հետևում է, որպեսզի տեսնի ու վերացնի այդ թերությունները, նախքան դրանք կհասցնեն խոր արմատներ գցել։ Եվ, իհարկե, սիրող ծնողները ընդունում են Պողոսի խոսքերը. «Հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6։4)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել, եթե ծնողը հանդուրժող է և անհրաժեշտ խրատ չի տալիս երեխային։ Արդյո՞ք ապագայում այդպիսի ծնողին շնորհակալ կլինեն իր հանդուրժողականության համար։ Հազիվ թե (Առակաց 29։21, ՆԱ)։ Աստվածաշունչն ասում է. «Բաց ընկած տղան անարգանք կ’բերէ իր մօր համար» (Առակաց 29։15)։ Ծնողական իշխանությունը չգործադրելը անտարբերության կամ սիրո պակասի նշան է։ Սակայն այդ իշխանությունը բարությամբ և հաստատակամորեն գործադրելը վկայում է սիրալիր հոգատարության մասին։
Խոհեմ և արդար անձնավորությունը, որն իմաստուն կերպով է վարվում, կօրհնվի։ Սողոմոնը մեզ հավաստիացնում է. «Արդարը կ’ուտէ մինչեւ իր անձը կ’կշտանայ. բայց ամբարիշտների փորը կարօտ կ’մնայ» (Առակաց 13։25)։ Եհովան գիտի, թե ինչն է մեզ համար լավագույնը կյանքի յուրաքանչյուր բնագավառում՝ ընտանեկան հարցերում, ուրիշների հետ փոխհարաբերություններում, ծառայության մեջ կամ խրատներ ստանալիս։ Նրա Խոսքում գտնվող խորհուրդներն իմաստուն կերպով կիրառելով՝ մենք, անկասկած, կյանքի ամենալավ ուղին բռնած կլինենք։
[ծանոթագրություն]
a Առակաց 13։1–14 համարները քննարկվում են «Դիտարանի» 2003 թ. սեպտեմբերի 15–ի համարում, էջ 21–25։
[նկար 28–րդ էջի վրա]
Անարդարացիորեն քննադատվելիս խորագետն իր լեզուն զսպում է
[նկար 29–րդ էջի վրա]
Թագավորության հավատարիմ քարոզիչը մեծ գործ է կատարում
[նկար 30–րդ էջի վրա]
Թեև գովասանք ստանալը քաջալերական է, սակայն մենք պետք է նաև խրատ ընդունենք
[նկար 31–րդ էջի վրա]
Սիրող ծնողը աչք չի փակում իր երեխայի թերությունների վրա