1 Թագավորներ
2 Երբ մոտեցավ Դավթի մահվան ժամը, նա այս հրահանգները տվեց իր որդուն՝ Սողոմոնին. 2 «Շուտով ես մահանալու եմ,* ուստի ուժե՛ղ ու քա՛ջ+ եղիր:+ 3 Կատարի՛ր քո Աստված Եհովայի հանդեպ ունեցած պարտավորություններդ. գնա՛ նրա ճանապարհներով, մի՛ անտեսիր նրա հիշեցումները և պահի՛ր նրա կանոնները, պատվիրաններն ու օրենքները այնպես, ինչպես որ դրանք գրված են Մովսեսի օրենքում:+ Այդ ժամանակ ինչ էլ որ անես և ուր էլ որ գնաս, հաջողության կհասնես:* 4 Եվ Եհովան կկատարի ինձ տված այս խոստումը. «Եթե քո որդիները ուշադրություն դարձնեն իրենց քայլերին և ողջ սրտով ու ողջ հոգով* հավատարմորեն ընթանան իմ ուղիներով,+ քո սերնդից միշտ կլինի մեկը,* ով կնստի Իսրայելի գահին»:+
5 Դու լավ գիտես, թե Շարուհեայի որդի Հովաբը ինչ արեց ինձ՝ ինչպես վարվեց Իսրայելի երկու զորագլուխների՝ Աբեների՝+ Ների որդու և Ամեսայի՝+ Հեթերի որդու հետ: Նա սպանեց նրանց ու խաղաղ ժամանակ արյուն թափեց,+ ինչպես պատերազմում, և նրա մեջքի գոտին ու ոտքերի սանդալները արյունով ներկվեցին: 6 Իմաստությա՛մբ վարվիր և թույլ մի՛ տուր, որ նա իր մահով մեռնի:*+
7 Բայց գաղաադցի Բերզելիի+ որդիների հանդեպ հավատարիմ սեր դրսևորիր, և թող նրանք տեղ ունենան քեզ հետ սեղան նստողների մեջ, քանի որ աջակցեցին ինձ,+ երբ ես փախչում էի քո եղբորից՝ Աբիսողոմից:+
8 Ասեմ նաև Բենիամինյաններից Գերայի որդու՝ բահուրիմցի Սեմեիի մասին, որն ապրում է քեզնից ոչ հեռու: Նա ինձ սարսափելի անեծքներով անիծեց+ այն օրը, երբ Մանայիմ+ էի գնում: Բայց երբ նա եկավ Հորդանանի մոտ՝ ինձ դիմավորելու, ես Եհովայով երդվեցի, որ սրի չեմ քաշի նրան:+ 9 Մի՛ թող, որ նա անպատիժ մնա:+ Դու իմաստուն մարդ ես և լավ գիտես, թե նրան ինչ անես. թույլ մի՛ տուր, որ նա իր մահով մեռնի»:*+
10 Դրանից հետո Դավիթը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում:+ 11 Դավիթը Իսրայելի վրա թագավորեց 40 տարի. նա Քեբրոնում+ թագավորեց 7 տարի, իսկ Երուսաղեմում՝ 33 տարի:+
12 Այսպիսով՝ Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի գահին, և նրա թագավորական իշխանությունը աստիճանաբար հաստատուն դարձավ:+
13 Որոշ ժամանակ անց Ադոնիան՝ Ագգիթի որդին, գնաց Բերսաբեի՝ Սողոմոնի մոր մոտ: Բերսաբեն հարցրեց նրան. «Խաղաղությա՞մբ ես եկել»: «Խաղաղությամբ,– պատասխանեց նա 14 և ավելացրեց,– մի բան ունեմ քեզ ասելու»: Բերսաբեն էլ ասաց. «Խոսի՛ր»: 15 Ադոնիան ասաց. «Դու լավ գիտես, որ թագավորությունը իմն էր լինելու, և ողջ Իսրայելը ակնկալում էր,* որ ես էի թագավոր դառնալու:+ Սակայն ես գահ չբարձրացա, ու թագավորական իշխանությունն անցավ իմ եղբորը, որովհետև Եհովան այդպես էր կամենում:+ 16 Եվ հիմա միայն մի բան եմ խնդրում քեզանից: Մի՛ մերժիր ինձ»: Նա էլ պատասխանեց. «Խոսի՛ր»: 17 Ադոնիան ասաց. «Խնդրում եմ, Սողոմոն թագավորին ասա, որ սունամացի Աբիսակին+ ինձ կնության տա. նա քեզ չի մերժի»: 18 Բերսաբեն պատասխանեց. «Շատ լավ, ես կխոսեմ այդ մասին թագավորի հետ»:
19 Բերսաբեն գնաց Սողոմոն թագավորի մոտ, որպեսզի խոսի նրա հետ Ադոնիայի մասին: Թագավորը անմիջապես ոտքի ելավ, որ դիմավորի նրան, ու խոնարհվեց նրա առաջ: Հետո նստեց գահին և կարգադրեց, որ իր մոր համար էլ գահ բերեն, որպեսզի իր աջ կողմը նստի: 20 Բերսաբեն ասաց նրան. «Ես փոքր խնդրանք ունեմ: Ինձ մի՛ մերժիր»: Թագավորն ասաց. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, քեզ չեմ մերժի»: 21 Նա էլ ասաց. «Թույլ տուր, որ սունամացի Աբիսակը կնության տրվի եղբորդ՝ Ադոնիային»: 22 Սողոմոն թագավորը պատասխանեց իր մորը. «Ինչո՞ւ ես Ադոնիայի համար սունամացի Աբիսակին խնդրում: Միանգամից թագավորությունը խնդրիր նրա համար.+ չէ՞ որ նա իմ ավագ եղբայրն է:+ Աբիաթար քահանան ու Հովաբն+ էլ՝ Շարուհեայի որդին, նրա աջակիցներն են»:+
23 Եվ Սողոմոն թագավորը երդվեց Եհովայով. «Թող Աստված խստորեն պատժի ինձ,* եթե Ադոնիան իր կյանքով չվճարի այս խնդրանքի համար: 24 Երդվում եմ Եհովայի գոյությամբ, նրա, ով հաստատեց իմ իշխանությունը,+ ով նստեցրեց ինձ իմ հայր Դավթի գահին և տուն* հիմնեց ինձ համար,+ ինչպես որ խոստացել էր. այսօր ևեթ Ադոնիան կմեռնի»:+ 25 Սողոմոն թագավորը անմիջապես հրաման տվեց Բանեային՝+ Հովիադայի որդուն, որ գնա ու սպանի Ադոնիային: Այսպիսով՝ Ադոնիան մեռավ:
26 Իսկ Աբիաթար+ քահանային թագավորն ասաց. «Գնա՛ Անաթոթ՝+ քո կալվածք:* Դու մահվան ես արժանի, բայց այսօր ես չեմ սպանի քեզ, քանի որ իմ հոր՝ Դավթի առջևից Գերիշխան Տեր Եհովայի տապանակն ես տարել,+ և դու էլ իմ հոր հետ նույն նեղություններն ես կրել»:+ 27 Եվ Սողոմոնը Աբիաթար քահանային արգելեց ծառայել Եհովային որպես քահանա: Այսպես կատարվեց Հեղիի տան վերաբերյալ Սելովում+ Եհովայի ասած խոսքը:+
28 Երբ լուրը հասավ Հովաբին (Հովաբը թեև Աբիսողոմին չէր աջակցել,+ սակայն աջակցել էր Ադոնիային),+ նա փախավ մտավ Եհովայի վրանը+ ու բռնեց զոհասեղանի եղջյուրներից: 29 Սողոմոն թագավորին տեղեկացրին. «Հովաբը փախել մտել է Եհովայի վրանը և հիմա զոհասեղանի մոտ է»: Ուստի Սողոմոնը հրամայեց Բանեային՝ Հովիադայի որդուն. «Գնա՛ ու սպանի՛ր նրան»: 30 Բանեան Եհովայի վրանը մտավ ու ասաց Հովաբին. «Թագավորն ասում է. «Դո՛ւրս արի»»: Բայց նա պատասխանեց. «Ո՛չ, ես այստե՛ղ կմեռնեմ»: Բանեան վերադարձավ և նրա պատասխանը հաղորդեց թագավորին: 31 Այդ ժամանակ թագավորն ասաց նրան. «Նրա ասածի պես արա՝ այնտե՛ղ սպանիր նրան, ապա թաղիր: Այդպիսով ինձ ու իմ հոր տունը կմաքրես Հովաբի՝ անարդարացիորեն թափած արյունից:+ 32 Եհովան նրանից հաշիվ կպահանջի իր թափած արյան համար,* որովհետև նա, առանց իմ հոր՝ Դավթի իմացության, իրենից արդար ու իրենից լավ երկու մարդ է սպանել՝ Իսրայելի զորքի հրամանատար+ Աբեներին՝+ Ների որդուն, և Հուդայի զորքի հրամանատար+ Ամեսային՝+ Հեթերի որդուն: 33 Հովաբն ու նրա սերունդը հավիտյան պատասխանատու կլինեն նրանց արյան համար,*+ իսկ Դավթին, նրա սերնդին, նրա տանն ու նրա գահին թող Եհովան հավիտյան խաղաղություն տա»: 34 Դրանից հետո Բանեան՝ Հովիադայի որդին, գնաց ու սպանեց Հովաբին և թաղեց անապատում գտնվող նրա տան մոտ: 35 Թագավորը Հովաբի փոխարեն զորքի հրամանատար նշանակեց Բանեային՝+ Հովիադայի որդուն, իսկ Սադոկ+ քահանան փոխարինեց Աբիաթարին:
36 Հետո թագավորը կանչել տվեց Սեմեիին+ ու ասաց. «Քեզ համար տուն կառուցիր և ապրիր այստեղ՝ Երուսաղեմում: Չհեռանաս քաղաքից: 37 Եթե հեռանաս ու անցնես Կեդրոնի հովիտը,+ հաստատ իմացիր, որ կմեռնես, և քո մահվան համար դո՛ւ պատասխանատու կլինես»:* 38 Սեմեին պատասխանեց թագավորին. «Ինչ որ ասացիր, արդարացի է: Ծառադ կանի այնպես, ինչպես ասաց իմ տեր թագավորը»: Եվ Սեմեին երկար ժամանակ ապրեց Երուսաղեմում:
39 Սակայն երեք տարի անց Սեմեիի ծառաներից երկուսը փախան Գեթի թագավոր Անքուսի+ մոտ, որը Մաաքայի որդին էր: Սեմեիին ասացին. «Ծառաներդ Գեթում են»: 40 Նա իսկույն թամբեց իր էշը և գնաց Գեթ՝ Անքուսի մոտ՝ նրանց փնտրելու: Երբ նա իր ծառաների հետ Գեթից վերադարձավ, 41 Սողոմոնին տեղեկացրին. «Սեմեին Երուսաղեմից գնացել է Գեթ ու վերադարձել»: 42 Թագավորը կանչել տվեց Սեմեիին և ասաց. «Մի՞թե քեզ Եհովայով երդվել չտվեցի ու չզգուշացրի՝ ասելով. «Այն օրը, երբ հեռանաս այստեղից և ուրիշ տեղ գնաս, հաստատ իմացիր, որ կմեռնես»: Դու էլ ինձ ասացիր, որ խոսքերս արդարացի են, և որ կհնազանդվես:+ 43 Ուրեմն ինչո՞ւ չպահեցիր Եհովայի առաջ տվածդ երդումն ու չենթարկվեցիր իմ հրամանին»: 44 Ապա թագավորն ասաց Սեմեիին. «Դու քո սրտում գիտես, թե ինչ չարիք ես գործել իմ հոր՝ Դավթի դեմ:+ Բայց Եհովան կհատուցի քեզ արածդ չարիքի դիմաց:+ 45 Իսկ Սողոմոն թագավորին Եհովան կօրհնի+ և Դավթի գահը հավիտենապես հաստատուն կդարձնի»: 46 Հետո թագավորը հրամայեց Բանեային՝ Հովիադայի որդուն, սպանել Սեմեիին, և նա դուրս եկավ ու սպանեց նրան:+
Այսպիսով՝ թագավորությունը հաստատուն դարձավ Սողոմոնի ձեռքում:+