Եսթեր
7 Այսպիսով՝ թագավորն ու Համանը+ եկան Եսթեր թագուհու մոտ՝ ճաշկերույթի: 2 Գինին մատուցելու ժամանակ թագավորը կրկին հարցրեց Եսթերին. «Ի՞նչ է քո խնդրանքը, Եսթե՛ր թագուհի: Ինչ էլ խնդրես, կտրվի քեզ: Ասա՛ ինձ, ի՞նչ ես ցանկանում: Եթե իմ թագավորության կեսն էլ ուզես, կտամ»:+ 3 Եսթեր թագուհին պատասխանեց. «Եթե արժանացել եմ քո բարեհաճությանը, ո՛վ թագավոր, և եթե թագավորին հաճելի է, խնդրում եմ, խնայի՛ր կյանքս ու ժողովրդիս:+ 4 Ինձ ու իմ ժողովրդին վաճառել են,+ որ սպանվենք, կոտորվենք և բնաջնջվենք:+ Եթե ստրկության վաճառված լինեինք, կլռեի: Բայց այս աղետը թագավորին էլ վնաս կհասցնի, ուստի չի կարելի նման բան թույլ տալ»:
5 Ասուերոս թագավորը հարցրեց Եսթեր թագուհուն. «Ո՞վ է հանդգնել այդպիսի բան անել, որտե՞ղ է այդ մարդը»: 6 Եսթերը պատասխանեց. «Այդ հակառակորդը, այդ թշնամին այս նենգ Համա՛նն է»:
Թագավորի ու թագուհու խոսքերը լսելով՝ Համանը սարսափահար եղավ: 7 Թագավորը կատաղած դուրս եկավ ու գնաց պալատի պարտեզ: Իսկ Համանը, հասկանալով, որ թագավորը վճռել է պատժել իրեն, սկսեց Եսթեր թագուհուն աղաչել, որ խնայի իր կյանքը: 8 Երբ թագավորը պարտեզից վերադարձավ գինեխումի սրահ, տեսավ, որ Համանն ընկել է Եսթերի թախտին: Թագավորը բղավեց. «Սա հիմա էլ ուզում է թագուհուն բռնաբարե՞լ իմ իսկ տան մեջ»: Հենց որ թագավորի բերանից հնչեցին այս խոսքերը, Համանի երեսը ծածկեցին:* 9 Այդ ժամանակ Արբոնան՝+ թագավորի պալատականներից մեկը, ասաց. «Համանը նաև իր տան մոտ 50 կանգուն* բարձրության մի սյուն է կանգնեցրել Մուրթքեին կախելու համար,+ այն մարդուն, որի հայտնած տեղեկությունը փրկել է թագավորի կյանքը»:+ Թագավորն ասաց. «Հենց իրեն էլ կախե՛ք այդ սյունից»: 10 Համանին կախեցին այն սյունից, որը նա Մուրթքեի համար էր պատրաստել: Եվ այդպես թագավորի ցասումը հանդարտվեց: