Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Եսթեր» գրքից
ՓԱՅԼՈՒՆ պլան է։ Ոչ մի կասկած չկա, որ այն կիրականացվի։ Հրեաների ջարդը հիմնովին է լինելու։ Նախապես որոշված մի օր բոլոր այն հրեաները, որ ապրում են Հնդկաստանից մինչև Եթովպիա ձգվող կայսրությունում, ոչնչացվելու են։ Ահա այսպիսի դավեր է նյութում մի անձնավորություն։ Բայց նրա աչքից վրիպել է մի կարևոր հանգամանք։ Երկնքի Աստվածը կարող է ազատել իր ժողովրդին ցանկացած անելանելի կացությունից։ Այսպիսի մի ազատագրման մասին է խոսվում Աստվածաշնչի «Եսթեր» գրքում։
Գիրքը գրել է տարեց հրեա Մուրթքեն։ Այն ընդգրկում է մոտ 18 տարվա պատմություն, որը տեղի է ունենում պարսից թագավոր Ասուերոսի՝ Քսերքսես I–ի օրոք։ Այս անչափ հետաքրքիր պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է Եհովան փրկում իր ժողովրդին չար թշնամիներից, չնայած որ իր ծառաները սփռված են լայնարձակ կայսրությունով մեկ։ Անցյալի այդ դեպքերն այսօր ամրացնում են Եհովայի ծառաների հավատը, որոնք սուրբ ծառայություն են մատուցում իրենց Աստծուն աշխարհի 235 երկրներում։ Նաև, «Եսթեր» գրքում ներկայացված են մարդիկ, որոնց կարող ենք ընդօրինակել, և մարդիկ, որոնց օրինակին լավ կլիներ չհետևել։ Այո՛, «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր» (Եբրայեցիս 4։12)։
ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԹԱԳՈՒՀԻՆ ՄԻՋԱՄՏԻ
Իր իշխանության երրորդ տարում (մ.թ.ա. 493 թ.) Ասուերոս թագավորը խնջույք է կազմակերպում։ Վաշթի թագուհին, որը հայտնի է իր գեղեցկությամբ, հարուցում է թագավորի ցասումը և զրկվում իր դիրքից։ Կայսրության բոլոր գեղեցիկ կույսերի միջից նրա փոխարեն թագուհի է ընտրվում հրեուհի Ադասսան։ Իր զարմիկ Մուրթքեի խորհրդով նա թաքցնում է իր հրեական ծագումը և օգտագործում իր պարսկական անունը՝ Եսթեր։
Ժամանակի ընթացքում Համան անունով մի ամբարտավան անձնավորություն բարձր դիրքի է արժանանում. թագավորը նրան վարչապետ է նշանակում։ Համանը գազազում է՝ տեսնելով, որ Մուրթքեն ‘իր առաջ չի խոնարհվում և չի երկրպագում’, ուստի նա խորհում է բնաջնջել Պարսկական կայսրությունում ապրող բոլոր հրեաներին (Եսթեր 3։2)։ Համանը համոզում է Ասուերոսին, որ հրովարտակ արձակի այդ ջարդը կազմակերպելու համար։ Մուրթքեն ‘քուրձ է հագնում և մոխիր ցանում իր վրա’ (Եսթեր 4։1)։ Ժամանակն է, որ Եսթերը միջամտի։ Նա թագավորին և վարչապետին հրավիրում է մասնավոր խնջույքի։ Նրանք գալիս են, և երբ նրանց տրամադրությունը բարձրանում է, Եսթերը թագավորին և վարչապետին խնդրում է ներկա լինել նաև հաջորդ օրը տեղի ունենալիք խնջույքին։ Համանը ուրախ է։ Սակայն նա լցվում է մեծ ցասումով, երբ Մուրթքեն իրեն պատիվ չի տալիս։ Համանը մտադրվում է սպանել Մուրթքեին, նախքան կգնա հաջորդ օրվա խնջույքին։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։3–5 — Արդյո՞ք խնջույքը տևեց 180 օր։ Այս համարներում չի ասվում, թե խնջույքը տևեց այդքան ժամանակ, այլ ասվում է, որ թագավորը 180 օրվա ընթացքում պաշտոնյաներին ցույց տվեց իր թագավորության մեծ հարստությունն ու փառավոր շքեղությունը։ Թագավորը, ըստ ամենայնի, այդքան երկար տևած հավաքույթն օգտագործեց, որպեսզի, ցուցադրելով իր թագավորության փառքը, իշխաններին տպավորի և նրանց համոզի, որ ինքը կարող է իրագործել իր պլանները։ Այդ դեպքում 3–րդ և 5–րդ համարները թերևս վերաբերում են յոթնօրյա խնջույքին, որը տեղի ունեցավ 180–օրյա հավաքույթից հետո։
1։8 — Ի՞նչ իմաստով էր «խմելը կանոնաւոր»։ Եբրայերեն բնագրում այս արտահայտությունը վերաբերում է խմելու մասին ինչ–որ օրենքի։ Ըստ երևույթին, պարսիկները նման հավաքույթների ժամանակ սովորություն ունեին միմյանց հորդորելու որոշակի քանակությամբ ոգելից խմիչք օգտագործել։ Բայց այս անգամ Ասուերոս թագավորը բացառություն արեց, և խմելու հետ կապված «բռնադատող չ’կար»։ «Նրանք կարող էին խմել շատ կամ քիչ, այնքան, որքան ցանկանային»,— նշվում է մի աշխատության մեջ։
1։10–12 — Ինչո՞ւ Վաշթի թագուհին մերժեց գնալ թագավորի մոտ։ Որոշ աստվածաշնչագետներ ենթադրում են, որ թագուհին չհնազանդվեց, քանի որ չէր ցանկանում ցածրանալ թագավորի հարբած հյուրերի առջև։ Կամ էլ պատճառը գուցե այն էր, որ արտաքնապես գեղեցիկ այս թագուհին իրականում հնազանդ անձնավորություն չէր։ Թեև Աստվածաշունչը չի նշում նրա մղումները, սակայն այն ժամանակվա իմաստուն անձանց կարծիքով՝ ամուսնուն չհնազանդվելը լուրջ հարց էր, և որ Վաշթիի վատ օրինակին կարող էին հետևել Պարսկաստանի գավառներում ապրող բոլոր տիկինները։
2։14–17 — Արդյո՞ք Եսթերը անբարո սեռական հարաբերություն ունեցավ թագավորի հետ։ Ո՛չ։ Աստվածաշունչն ասում է, որ թագավորի մոտ բերված կանանց առավոտյան ետ էին տանում «միւս տունը թագաւորի ներքինի՝ եւ հարճերի պահապան Սաասգազի ձեռքի տակ»։ Թագավորի հետ գիշեր անցկացրած կանայք այդպիսով դառնում էին նրա հարճերը՝ երկրորդական կանայք։ Բայց Եսթերին չտարան հարճերի տունը այն բանից հետո, երբ նա տեսավ թագավորին։ Երբ Եսթերին տարան Ասուերոսի մոտ, «թագաւորը Եսթերին՝ բոլոր կնիկներից աւելի սիրեց, եւ նա բոլոր աղջիկներից աւելի սէր եւ շնորհք գտաւ նորա առաջին» (Եսթեր 2։17)։ Ինչպե՞ս նա «սէր եւ շնորհք գտաւ» Ասուերոսի առաջ։ Նույն կերպ, ինչպես որ նա հաճելի եղավ մյուսներին։ «Աղջիկը հաճելի եղաւ [Հեգեի] աչքին եւ շնորհք գտաւ նորա առաջին» (Եսթեր 2։8, 9)։ Հեգեին նրան հավանեց այն պատճառով, որ տեսել էր նրա արտաքին գեղեցկությունը և լավ հատկությունները։ Իրականում «Եսթերը շնորհք գտաւ բոլոր իրան տեսնողների առաջին» (Եսթեր 2։15)։ Նմանապես, թագավորը տպավորվել էր այն ամենով, ինչ տեսավ Եսթերի մեջ, և այդ իսկ պատճառով սիրահարվեց նրան։
3։2; 5։9 — Ինչո՞ւ Մուրթքեն հրաժարվեց խոնարհվել Համանի առաջ։ Իսրայելացու համար սխալ չէր ընդունել իշխանավորի բարձր դիրքը՝ խոնարհվելով նրա առաջ։ Բայց Համանի դեպքում հարցը միայն դա չէր։ Համանը ագագացի էր, թերևս՝ ամաղեկացի, իսկ Եհովան ամաղեկացիներին դատապարտել էր բնաջնջման (Բ Օրինաց 25։19)։ Մուրթքեի համար Համանի առաջ խոնարհվելը կնշանակեր կորցնել անարատությունը Եհովայի նկատմամբ։ Նա վճռականորեն մերժեց դա անել՝ ասելով, որ ինքը հրեա է (Եսթեր 3։3, 4)։
Դասեր մեզ համար
2։10, 20; 4։12–16. Եսթերն ընդունեց Եհովայի հասուն երկրպագուի տված խորհուրդն ու առաջնորդությունը։ Մենք իմաստուն կլինենք, եթե ‘ականջ դնենք մեր առաջնորդներին և հնազանդվենք նրանց’ (Եբրայեցիս 13։17)։
2։11; 4։5. Մենք չպետք է միայն մեր սեփական շահը փնտրենք, այլ նաև ուրիշների շահը (Փիլիպպեցիս 2։4)։
2։15. Եսթերը համեստություն և ինքնատիրապետում դրսևորեց՝ չխնդրելով ավելի շատ թանկարժեք զարդեր և գեղեցիկ զգեստներ, քան իրեն տվել էր Հեգեին։ «Սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբը». ահա սրանով էր, որ Եսթերը գրավեց թագավորի սիրտը (Ա Պետրոս 3։4)։
2։21–23. Եսթերն ու Մուրթքեն լավ օրինակներ են «բարձր իշխանութիւններին» հնազանդվելու հարցում (Հռովմայեցիս 13։1)։
3։4, ԱԱ. Որոշ դեպքերում խելացի կլինի չհայտնել մեր ինքնությունը, ինչպես որ Եսթերն արեց։ Սակայն երբ անհրաժեշտություն է առաջանում ցույց տալու մեր դիրքորոշումը այնպիսի կարևոր հարցերի առնչությամբ, ինչպիսիք են Եհովայի գերիշխանությունը և մեր անարատությունը, ապա չպետք է վախենանք հայտնի դարձնել, որ Եհովայի վկաներ ենք։
4։3. Փորձությունների ժամանակ մենք պետք է աղոթենք Եհովային, որ մեզ զորություն և իմաստություն տա։
4։6–8. Մուրթքեն ցանկացավ օրինական կերպով լուծել այն խնդիրը, որ ստեղծել էր Համանը (Փիլիպպեցիս 1։7, ՆԱ)։
4։14. Մուրթքեի վստահությունը Եհովայի հանդեպ արժանի է ընդօրինակման։
4։16. Լիովին ապավինելով Եհովային՝ Եսթերը հավատարմորեն և քաջաբար դիմագրավեց մի իրավիճակ, որը կարող էր նրա մահվան պատճառը լինել։ Շատ կարևոր է, որ սովորենք ապավինել Եհովայի՛ն և ոչ թե մեզ։
5։6–8. Ասուերոսի բարեհաճությունը շահելու համար Եսթերը նրան հրավիրեց երկրորդ խնջույքի։ Նա խորագիտությամբ վարվեց։ Մենք էլ պետք է այդպես վարվենք (Առակաց 14։15)։
ՇՐՋԱԴԱՐՁ ՇՐՋԱԴԱՐՁԻ ԵՏԵՎԻՑ
Սակայն իրավիճակն արմատապես փոխվում է։ Համանը կախաղան է բարձրացվում հենց այն փայտի վրա, որը նա պատրաստել էր Մուրթքեի համար։ Իսկ Մուրթքեն, որին կախաղան էր սպասում, ինքն է դառնում վարչապետ։ Իսկ ի՞նչ եղան հրեաներին կոտորելու պլանները։ Այս առումով ևս մի ապշեցուցիչ շրջադարձ է տեղի ունենում։
Հավատարիմ Եսթերը դարձյալ դրսևորում է իրեն։ Վտանգելով կյանքը՝ նա գնում է թագավորի մոտ և նրան խնդրում, որ վերջինս ինչ–որ ձևով խափանի Համանի ծրագիրը։ Ասուերոսը գիտի, թե ինչ պետք է անել։ Այսպիսով, երբ հրեաների ջարդի օրը գալիս է, սպանվում են ոչ թե հրեաները, այլ նրանք, ովքեր ցանկանում են վնասել նրանց։ Մուրթքեն հրովարտակ է արձակում, որ ամեն տարի կատարեն Փուրիմի տոնը՝ ի նշան այդ մեծ ազատագրման։ Լինելով երկրորդ անձնավորությունը Ասուերոս թագավորից հետո՝ Մուրթքեն «իր ազգի համար բարիք [է] որոնում, եւ խաղաղութիւն [է] խօսում իր [«նրանց», ՆԱ] բոլոր սերունդի համար» (Եսթեր 10։3)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
7։4 — Ինչպե՞ս կարող էր հրեաների բնաջնջումը ‘թագավորին վնասել’։ Նրբանկատորեն ակնարկելով, որ հրեաներին կարելի է վաճառել ստրկության՝ Եսթերը շեշտեց, որ նրանց ոչնչացնելու դեպքում թագավորը վնաս կկրի։ Այն 10 000 արծաթը, որ Համանը խոստացել էր, շատ ավելի քիչ ներդրում էր թագավորի գանձարանի մեջ, քան այն գումարը, որ կստացվեր, եթե հրեաներին վաճառեին ստրկության։ Բացի այդ, Համանի ծրագրի իրականացումը թագավորի համար նաև նշանակելու էր՝ կորցնել թագուհուն։
7։8 — Ինչո՞ւ պալատականները ծածկեցին Համանի երեսը։ Դա հավանաբար նշանակում էր խայտառակություն կամ մոտալուտ կործանում։ Համաձայն մի աշխատության՝ «հին աշխարհում երբեմն ծածկում էին այն մարդու գլուխը, ում մահապատիժ էր սպասում»։
8։17 — Ինչպե՞ս էին ‘երկրի ժողովրդից շատերը հրեա դառնում’։ Պարսիկներից շատերը ակներևաբար դարձան հրեա պրոզելիտներ՝ խորհելով, որ հրեաների վերաբերյալ արձակված երկրորդ հրովարտակը, որն այս անգամ նրանց օգտին էր, հրեաների հանդեպ Աստծու բարեհաճության նշան էր։ Նույն սկզբունքն է գործում «Զաքարիա» գրքում գրված մի մարգարեության կատարման մեջ։ Այնտեղ ասվում է. «Ազգերի ամեն լեզուներից տասը մարդ, այսինքն կ’բռնեն մի Հրէայ մարդի քղանցքը, ասելով. Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է» (Զաքարիա 8։23)։
9։10, 15, 16 — Թեև հրովարտակը թույլատրում էր ավար առնել, ինչո՞ւ հրեաները հրաժարվեցին դա անել։ Այդ հրաժարումից պարզ երևում է, որ նրանց նպատակը ոչ թե հարստություն ձեռք բերելն էր, այլ ինքնապաշտպանությունը։
Դասեր մեզ համար
6։6–10. «Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին» (Առակաց 16։18)։
7։3, 4. Արդյոք խիզախորեն հայտնո՞ւմ ենք մեր ինքնությունը՝ որպես Եհովայի վկաների, նույնիսկ եթե դրա հետևանքով հալածվենք։
8։3–6. Մենք կարող ենք և պետք է դիմենք պետական իշխանություններին և դատարաններին՝ թշնամիներից պաշտպանվելու համար։
8։5. Եսթերը նրբանկատություն դրսևորեց՝ չնշելով, որ թագավորը պատասխանատվություն է կրում հրեաների ոչնչացման մասին հրամանը արձակելու համար։ Նման ձևով, մենք պետք է նրբանկատ լինենք, երբ իշխանության ներկայացուցիչներին վկայություն ենք տալիս։
9։22. Մենք չպետք է մոռանանք մեր միջի աղքատներին (Գաղատացիս 2։10)։
Եհովան կտա «ազատութիւն եւ փրկութիւն»
Մուրթքեն հասկանում է, որ Եսթերի արքայական աստիճանի հասնելը կապ ունի Աստծու նպատակի հետ։ Հրեաները ծոմ են պահում և օգնության համար աղոթում, երբ նրանց վրա սպառնալիք է կախվում։ Թագուհին երևում է թագավորին՝ առանց նրանից հրավեր ստանալու, և ամեն անգամ ընդունվում է նրա կողմից։ Վճռական գիշերը թագավորի քունը փախչում է։ Այո՛, «Եսթեր» գիրքը այն մասին է, թե ինչպես է Եհովան ղեկավարում դեպքերի ընթացքը՝ հօգուտ իր ժողովրդի։
Եսթերի մասին այս ուշագրավ պատմությունը առանձնապես քաջալերական է մեզ համար, որ ապրում ենք այս ‘վերջին ժամանակում’ (Դանիէլ 12։4)։ «Վերջի օրերումը», կամ՝ վախճանի ժամանակների եզրափակիչ հատվածում, Մագոգի Գոգը՝ Բանսարկու Սատանան, լայնածավալ գրոհ կձեռնարկի Եհովայի ժողովրդի վրա։ Նրա նպատակն է լինելու գլխովին ոչնչացնել ճշմարիտ երկրպագուներին։ Բայց, ինչպեսև Եսթերի օրերում էր, Եհովան իր երկրպագուներին կտա «ազատութիւն եւ փրկութիւն» (Եզեկիէլ 38։16–23; Եսթեր 4։14)։
[նկար 10-րդ էջի վրա]
Եսթերն ու Մուրթքեն Ասուերոսի առաջ