Ղուկաս
24 Շաբաթվա առաջին օրը՝ վաղ առավոտյան, կանայք եկան գերեզման և բերեցին իրենց նախապատրաստած հոտավետ բուսանյութերը:+ 2 Բայց տեսան, որ քարը գերեզմանի մուտքից մի կողմ է գլորված,+ 3 ու երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան:+ 4 Մինչ նրանք տարակուսանքի մեջ էին, լուսափայլ հագուստներով երկու մարդ կանգնեցին նրանց կողքին: 5 Կանայք վախեցան ու չէին համարձակվում նայել նրանց: Իսկ այդ մարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մահացածների մեջ փնտրում:+ 6 Նա այստեղ չէ. հարություն է առել: Չե՞ք հիշում՝ ինչ ասաց ձեզ, երբ դեռ Գալիլեայում էր: 7 Չէր ասո՞ւմ, որ մարդու Որդին պետք է մեղսագործների ձեռքը մատնվի, սյան վրա մահապատժի ենթարկվի և երրորդ օրը հարություն առնի»:+ 8 Այդ ժամանակ կանայք հիշեցին Հիսուսի ասածները:+ 9 Գերեզմանից վերադառնալով՝ նրանք այդ ամենի մասին պատմեցին 11 առաքյալներին և մյուս բոլորին:+ 10 Եղելությունը առաքյալներին հայտնողներն էին Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայր Մարիամը և նրանց հետ եղող մյուս կանայք: 11 Սակայն առաքյալներն ու մյուսները չէին հավատում կանանց, քանի որ նրանց ասածները անհեթեթություն էին թվում:
12 Պետրոսն էլ վեր կացավ ու վազեց դեպի գերեզման: Տեղ հասնելով՝ կռացավ ու ներս նայեց, բայց միայն կտավե կտորները տեսավ: Եվ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել՝ մտամոլոր հեռացավ:
13 Հենց այդ օրը աշակերտներից երկուսը Երուսաղեմից մոտ 11 կիլոմետր* հեռու գտնվող Էմմաուս գյուղ գնալու ճանապարհին 14 իրար հետ զրուցում էին տեղի ունեցած դեպքերի մասին:
15 Մինչ նրանք զրուցում էին ու քննարկում այդ ամենը, Հիսուսը մոտեցավ և սկսեց քայլել նրանց հետ, 16 բայց նրանք չճանաչեցին Հիսուսին:+ 17 Նա ասաց. «Այդ ի՞նչ եք այդպես բուռն քննարկում»: Աշակերտները կանգ առան: Նրանց դեմքը տխուր էր: 18 Նրանցից մեկը, որի անունը Կլեոպաս էր, ասաց. «Ի՞նչ է, դու տեղացի չե՞ս, Երուսաղեմում մեկուսացա՞ծ ես ապրում, որ չգիտես,* թե ինչ է կատարվել այնտեղ այս օրերին»: 19 Նա էլ հարցրեց. «Ի՞նչ»: Նրանք ասացին. «Նազարեթցի Հիսուսի+ հետ պատահածը: Նա զորավոր մարգարե էր, ինչը ակնհայտ էր Աստծու և մարդկանց առաջ նրա արած գործերից ու ասած խոսքերից:+ 20 Մինչդեռ մեր ավագ քահանաների և մյուս ազդեցիկ մարդկանց սադրանքով նրան մահվան դատապարտեցին+ ու սյանը գամեցին: 21 Իսկ մենք հույս ունեինք, թե հենց նա էր այն մարդը, ով պետք է ազատեր Իսրայելին:+ Եվ այդ դեպքերից հետո սա արդեն երրորդ օրն է: 22 Ու դեռ մի բան էլ մեր միջից մի քանի կանայք իրենց հայտնած տեղեկություններով զարմացրին մեզ: Նրանք վաղ առավոտյան գերեզման էին գնացել,+ 23 բայց նրա մարմինը չէին գտել: Եվ եկել մեզ պատմում էին, թե այնտեղ արտասովոր բան էին տեսել՝ հրեշտակների, որոնք ասել էին, թե նա ողջ է: 24 Ուստի մեզնից ոմանք գնացին գերեզման+ ու տեսան, որ այն դատարկ է, ինչպես որ պատմել էին կանայք, բայց Հիսուսին էլ չտեսան»:
25 Նա ասաց նրանց. «Ո՜վ անմիտներ, որ դժվարանում եք* հավատալ մարգարեների բոլոր ասածներին: 26 Չէ՞ որ Քրիստոսը պետք է կրեր այդ չարչարանքները+ և հետո փառավորվեր»:+ 27 Եվ սկսելով Մովսեսի ու մարգարեների գրածներից՝+ նա բացատրեց նրանց այն ամենը, ինչ իր մասին գրված էր բոլոր Գրքերում:
28 Վերջապես նրանք մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, և Հիսուսը ձևացրեց, թե շարունակում է իր ճանապարհը: 29 Բայց աշակերտները սկսեցին համոզել, որ չգնա՝ ասելով. «Մնա մեզ հետ. արդեն ուշ է, և շուտով կմթնի»: Նա էլ գնաց նրանց հետ: 30 Երբ սեղան էին նստել, Հիսուսը վերցրեց հացը, աղոթեց,* մասերի բաժանեց այն ու տվեց նրանց:+ 31 Հենց այդ պահին նրանք ամեն ինչ հասկացան և ճանաչեցին նրան, բայց նա անհետացավ:+ 32 Աշակերտներն իրար ասում էին. «Իզուր չէր, որ մեր սրտերը վառվում էին ոգևորությունից, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ ու հստակ բացատրում* սուրբ գրքերը»: 33 Եվ նրանք անմիջապես վեր կացան, հետ գնացին Երուսաղեմ և այնտեղ տեսան 11 առաքյալներին ու մյուս աշակերտներին՝ միասին հավաքված: 34 Վերջիններս ասացին. «Տերն իրոք հարություն է առել, նա երևացել է Սիմոնին»:+ 35 Երկու աշակերտներն էլ պատմեցին ճանապարհին պատահածը և թե ինչպես էին ճանաչել նրան, երբ նա հացը մասերի էր բաժանել:+
36 Մինչ խոսում էին այդ ամենի մասին, հենց ինքը՝ Հիսուսը, հայտնվեց նրանց մեջ ու ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»:+ 37 Նրանք կարծեցին, թե տեսիլք* են տեսնում, և վախի ու սարսափի մեջ ընկան: 38 Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք այդպես տագնապած, և ինչո՞ւ է ձեր սիրտը կասկած ընկել: 39 Նայեք իմ ձեռքերին ու ոտքերին, այդ ես եմ: Շոշափեք և տեսեք. եթե տեսիլք* լինեի, միս ու ոսկոր չէի ունենա, իսկ ես, ինչպես տեսնում եք, ունեմ»: 40 Սա ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու ոտքերը: 41 Բայց նրանք, ուրախությունից ու զարմանքից շփոթված, դեռ չէին կարողանում հավատալ, ուստի Հիսուսն ասաց. «Ուտելու բան ունե՞ք այստեղ»: 42 Նրան մի կտոր խորոված ձուկ տվեցին, 43 նա էլ վերցրեց ու նրանց աչքի առաջ կերավ:
44 Ապա ասաց. «Հիշո՞ւմ եք, երբ դեռ ձեզ հետ էի, ասում էի,+ որ Մովսեսի օրենքում, մարգարեների գրվածքներում ու Սաղմոսներում իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն»:+ 45 Եվ օգնեց նրանց լիովին հասկանալ Գրքերում գրվածների իմաստը:+ 46 Նա ասաց. «Սուրբ գրվածքներում ասվում էր, որ Քրիստոսը պետք է չարչարվի ու երրորդ օրը հարություն առնի,+ 47 և որ Երուսաղեմից սկսած՝ բոլոր ազգերին+ պետք է նրա անունով քարոզվի,+ որ մեղքերի ներում ստանալու համար անհրաժեշտ է զղջալ:+ 48 Դուք այս բաների մասին պատմող վկաներ կլինեք:+ 49 Ես ձեզ կուղարկեմ իմ Հոր կողմից խոստացվածը, ուստի մնացեք քաղաքում, մինչև որ վերևից զորություն ստանաք»:*+
50 Այնուհետև Հիսուսի առաջնորդությամբ աշակերտները դուրս եկան քաղաքից ու հասան մինչև Բեթանիա: Այնտեղ Հիսուսը, բարձրացնելով ձեռքերը, օրհնեց նրանց: 51 Օրհնելիս սկսեց հեռանալ նրանցից և բարձրանալ* երկինք:+ 52 Իսկ աշակերտները խոնարհվեցին նրա առաջ և ուրախությամբ լի սրտով վերադարձան Երուսաղեմ:+ 53 Նրանք ամեն օր տաճարում էին լինում ու գովաբանում էին Աստծուն:+