Եբրայեցիներ
5 Մարդկանց միջից ընտրված յուրաքանչյուր քահանայապետ նշանակվում է, որ ի բարօրություն մարդկանց՝ ծառայի Աստծուն՝+ ընծաներ ու զոհեր մատուցելով նրանց մեղքերի համար:+ 2 Նա ունակ է կարեկցանքով* վերաբերվել նրանց, ովքեր չիմացության պատճառով մեղք են գործում.* չէ՞ որ ինքն էլ թուլություններ ունի: 3 Ուստի պետք է իր մեղքերի համար էլ զոհեր մատուցի, ինչպես որ ժողովրդի համար է մատուցում:+
4 Մարդն իր նախաձեռնությամբ չի ստանձնում այս պատվավոր ծառայությունը: Նա միմիայն Աստծու կողմից է նշանակվում, ինչպես Ահարոնը:+ 5 Այդպես էլ Քրիստոսը իր նախաձեռնությամբ չդարձավ քահանայապետ. նա ինքն իրեն չփառավորեց,+ այլ Աստված էր, որ փառավորեց նրան և ասաց. «Դու իմ որդին ես, ես այսօր քո հայրը դարձա»:+ 6 Մեկ ուրիշ տեղ էլ ասում է. «Դու Մելքիսեդեկի նման քահանա ես և քահանա կլինես հավիտյան»:+
7 Իր երկրային կյանքի ընթացքում* Քրիստոսը ուժգին աղաղակներով ու արցունքներով աղաչանքներ և խնդրանքներ ուղղեց Աստծուն,+ ով կարող էր փրկել իրեն մահից, ու քանի որ նա աստվածավախ* էր, Աստված բարեհաճությամբ լսեց նրան: 8 Թեև Աստծու որդի էր, բայց սովորեց հնազանդ լինել չարչարանքների ներքո,+ 9 և երբ կատարելագործվեց,+ բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության միջոց դարձավ,+ 10 որովհետև Աստված նրան նշանակեց քահանայապետ, ինչպիսին Մելքիսեդեկն էր:+
11 Նրա մասին ասելու շատ բան կա, բայց այդ ամենը դժվար է բացատրել, քանի որ դուք ջանք չեք գործադրում, որ հասկանաք ձեր լսածը: 12 Հիմա դուք արդեն պետք է ուսուցիչներ լինեիք, այնինչ կարիք ունեք, որ կրկին ինչ-որ մեկը ձեզ սկզբից սովորեցնի Աստծու սուրբ խոսքի տարրական բաները.+ դուք նորից կաթի կարիք ունեք, ոչ թե պինդ կերակուրի: 13 Ամեն ոք, ով շարունակում է սնվել կաթով, չգիտի Աստծու խոսքը, որն արդարություն է սովորեցնում. նա դեռ մանուկ է:+ 14 Իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնք, իրենց մտածելու ունակությունը* գործի դնելով, մարզել են այն, որ կարողանան զանազանել ճիշտն ու սխալը: