Եզեկիել
34 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր Իսրայելի հովիվների մասին: Մարգարեացիր և ասա նրանց. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Վա՜յ Իսրայելի հովիվներին,+ որոնք իրենք իրենց են հոգ տանում: Մի՞թե հովիվները հոտի՛ն չպետք է հոգ տանեն:+ 3 Դուք ճարպ եք ուտում, բուրդ եք հագնում, մորթում եք ամենապարարտ կենդանիները,+ իսկ հոտը չեք արածեցնում:+ 4 Դուք թույլերին չեք զորացրել, հիվանդներին չեք բուժել, վիրավորին չեք վիրակապել, մոլորվածին հետ չեք բերել, կորածին չեք որոնել,+ այլ կոպտությամբ ու բռնությամբ եք առաջնորդել նրանց:+ 5 Նրանք ցիրուցան եղան, քանի որ հովիվ չունեին,+ ցիրուցան եղան և կերակուր դարձան գազանների համար: 6 Իմ ոչխարները թափառում էին բոլոր լեռների և բարձր բլուրների վրա: Իմ ոչխարները ցրվել էին ողջ երկրով մեկ, բայց ոչ ոք չէր փնտրում, ոչ ոք չէր փորձում գտնել նրանց:
7 Դրա համար դո՛ւք, հովիվնե՛ր, լսեք Եհովայի խոսքը. 8 «Հովիվ չունենալու պատճառով իմ ոչխարները գազանների զոհը դարձան, կերակուր դարձան նրանց համար: Հովիվներս չփնտրեցին իմ ոչխարներին, նրանց մասին հոգ տանելու փոխարեն իրենք իրենց մասին հոգ տարան: Ուստի երդվում եմ իմ գոյությամբ. ես գործելու եմ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 9 Ո՛վ հովիվներ, լսեք Եհովայի խոսքը: 10 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես դեմ եմ այդ հովիվներին: Նրանցից հաշիվ կպահանջեմ իմ ոչխարների համար* ու թույլ չեմ տա, որ նրանց արածեցնեն:+ Այդ հովիվներն այլևս իրենք իրենց մասին հոգ չեն տանի: Ես հովիվների բերանից կազատեմ իմ ոչխարներին, և նրանք այլևս կերակուր չեն դառնա նրանց համար»»:
11 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես, ես ինքս կփնտրեմ իմ ոչխարներին ու հոգ կտանեմ նրանց:+ 12 Ես հոգ կտանեմ իմ հոտին, ինչպես մի հովիվ, որը, գտնելով իր ցիրուցան եղած ոչխարներին, արածեցնում է նրանց:+ Ես նրանց կհավաքեմ բոլոր այն վայրերից, որտեղ ցիրուցան են եղել ամպերի ու թանձր խավարի օրը, ու կփրկեմ:+ 13 Ես նրանց կհավաքեմ ժողովուրդների միջից, կհանեմ ուրիշ երկրներից ու կբերեմ իրենց երկիր, կարածեցնեմ Իսրայելի լեռների վրա,+ վտակների ու այդ երկրի բոլոր բնակելի տեղերի մոտ: 14 Լավ արոտավայր կբերեմ նրանց, և նրանք Իսրայելի բարձր սարերում կարածեն:+ Այնտեղ նրանք լավ մարգագետնում կպառկեն+ և Իսրայելի սարերի փարթամ արոտավայրերում կարածեն:
15 Ես ինքս կարածեցնեմ իմ ոչխարներին+ և ինքս հանգստի տեղ կտանեմ նրանց,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 16 Կորածին կորոնեմ,+ մոլորվածին հետ կբերեմ, վիրավորին կվիրակապեմ, թույլին կզորացնեմ, իսկ պարարտին և ուժեղին կոչնչացնեմ՝ նրա բաժինը դատաստանը կլինի»:*
17 Իսկ ձեզ, իմ ոչխարնե՛ր, սա է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես դատավոր կլինեմ մի ոչխարի ու մյուս ոչխարի միջև, խոյերի* ու նոխազների* միջև:+ 18 Մի՞թե ձեզ համար քիչ է, որ ամենալավ արոտավայրում եք արածում: Ինչո՞ւ եք ձեր մնացած արոտավայրերը կոխկրտում: Մի՞թե ձեզ համար քիչ է, որ ամենամաքուր ջուրն եք խմում: Ինչո՞ւ եք հետո պղտորում այն ձեր ոտքերով: 19 Մի՞թե իմ ոչխարները պետք է արածեն ձեր կոխկրտած արոտավայրում և խմեն ձեր ոտքերով պղտորած ջուրը»:
20 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես, ես ինքս դատավոր կլինեմ պարարտ ոչխարի ու նիհար ոչխարի միջև, 21 քանի որ դուք բոլոր տկարներին ձեր կողով և ուսով հրում էիք ու պոզահարում, մինչև որ քշեցիք նրանց ու ցիրուցան արեցիք: 22 Ես կփրկեմ իմ ոչխարներին, և նրանք այլևս ոչ մեկի զոհը չեն դառնա:+ Ես դատավոր կլինեմ մի ոչխարի ու մյուս ոչխարի միջև: 23 Նրանց վրա մեկ հովիվ կնշանակեմ՝+ իմ ծառա Դավթին,+ որը կարածեցնի նրանց: Նա հոգ կտանի նրանց ու կդառնա նրանց հովիվը:+ 24 Ես՝ Եհովաս, կդառնամ նրանց Աստվածը,+ և իմ ծառա Դավիթը նրանց իշխանը կլինի:+ Ես՝ Եհովաս եմ ասել դա:
25 Նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ+ և այդ երկրից կվերացնեմ գիշատիչ գազաններին:+ Նրանք ապահով կբնակվեն անապատում ու հանգիստ կքնեն անտառներում:+ 26 Նրանց և իմ բլրի շրջակայքը ես կօրհնեմ*+ ու հորդառատ անձրև կբերեմ ճիշտ ժամանակին: Օրհնությունները անձրևի պես կթափվեն:+ 27 Ծառերը պտուղ կտան, հողը՝ բերք, և նրանք ապահով կբնակվեն իրենց երկրում:+ Նրանք կիմանան, որ ես Եհովան եմ, երբ կոտրեմ իրենց վրա դրված լուծը+ և նրանց ազատեմ ստրկությունից: 28 Նրանք այլևս ազգերի զոհը չեն դառնա, գազանները չեն խժռի նրանց, նրանք ապահով կբնակվեն, ու ոչ ոք չի վախեցնի նրանց:+
29 Ես նրանց հողատարածք կտամ, որը հայտնի կդառնա իր բերքով, ու նրանք այլևս սովից չեն մեռնի այդ երկրում,+ և ուրիշ ազգերն այլևս չեն նվաստացնի նրանց:+ 30 Եվ նրանք կիմանան, որ ես՝ նրանց Աստված Եհովաս, իրենց հետ եմ, և որ իրենք՝ իսրայելացիները, իմ ժողովուրդն են»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
31 Դո՛ւք, իմ ոչխարնե՛ր,+ որոնց ես հոգ եմ տանում, ընդամենը մարդ եք, իսկ ես ձեր Աստվածն եմ»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»: