Խոնարհաբար հնազանդվենք սիրառատ հովիվներին
«Հնազանդվե՛ք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, և հպատակվե՛ք» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 13:17)։
1, 2. Ո՞ր սուրբգրային համարներն են ցույց տալիս, որ Եհովան և Հիսուսը սիրառատ Հովիվներ են։
ԵՀՈՎԱ Աստված և իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը, սիրառատ Հովիվներ են։ Եսայիան մարգարեացել է. «Ահա Եհովայ Տէրը զօրութեամբ կ’գայ, եւ նորա բազուկը կ’իշխէ նորա համար.... Հովիւի նման հովուելու է նա իր հօտին, իր բազուկի վերայ է ժողովելու գառնուկներին, եւ իր գրկումը կրելու է նորանց, եւ կամաց քշելու է ծիծ տուող ոչխարներին» (Եսայիա 40:10, 11)։
2 Վերականգնման մասին այս մարգարեությունը առաջին անգամ կատարվեց մ.թ.ա. 537 թ.–ին, երբ հրեաների մնացորդը վերադարձավ Հուդա (Բ Մնացորդաց 36:22, 23)։ Նույն մարգարեությունը երկրորդ անգամ իր կատարումն ունեցավ այն ժամանակ, երբ 1919 թ.–ին օծյալների մնացորդը Մեծ Կյուրոսի՝ Հիսուս Քրիստոսի կողմից ազատագրվեց «Մեծ Բաբելոնի» գերությունից (Հայտնություն 18:2; Եսայիա 44:28)։ Նա Եհովայի «բազուկն» է, որպեսզի ղեկավարի, մեկտեղ հավաքի ոչխարներին և քնքշությամբ հովվի նրանց։ Հիսուսն ինքն ասաց. «Ե՛ս եմ բարի հովիվը. ես ճանաչում եմ իմ ոչխարներին, և իմ ոչխարներն էլ ինձ են ճանաչում» (Հովհաննես 10:14)։
3. Ինչպե՞ս է Եհովան սիրառատ հոգատարություն դրսևորում իր ոչխարների հանդեպ։
3 Եսայիա 40։10, 11–ում արձանագրված մարգարեության մեջ շեշտվում է այն միտքը, որ Եհովան քնքշությամբ է հովվում իր ժողովրդին (Սաղմոս 23:1–6)։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը նույնպես իր աշակերտների և առհասարակ մարդկանց հանդեպ քնքուշ հոգատարություն ցուցաբերեց (Մատթեոս 11:28–30; Մարկոս 6:34)։ Թե՛ Եհովան և թե՛ Հիսուսը ատում էին Իսրայելի անողորմ հովիվներին, կամ՝ առաջնորդներին, որոնք անամոթաբար արհամարհում էին և շահագործում իրենց հոտին (Եզեկիէլ 34:2–10; Մատթեոս 23:3, 4, 15)։ Եհովան խոստացավ. «Ես պիտի փրկեմ իմ ոչխարներին, եւ նորանք այլ եւս պիտի չ’յափշտակուին, եւ պիտի դատեմ ոչխարի եւ ոչխարի մէջ։ Եւ նորանց վերայ մէկ հովիւ պիտի դնեմ, եւ նա պիտի արածեցնէ նորանց, այսինքն իմ Դաւիթ ծառային, նա պիտի արածացնէ նորանց, եւ նա է լինելու նորանց հովիւը» (Եզեկիէլ 34:22, 23)։ Այս վերջին օրերում Հիսուս Քրիստոսը՝ Մեծ Դավիթը, այն «մեկ հովիվն» է, որին Եհովան նշանակել է երկրի վրա ապրող իր բոլոր ծառաների՝ թե՛ օծյալ քրիստոնյաների և թե՛ «ուրիշ ոչխարների» վրա (Հովհաննես 10:16)։
Երկնային պարգևներ ժողովի համար
4, 5. ա) Ի՞նչ թանկարժեք պարգև է Եհովան տվել իր ժողովրդին։ բ) Ի՞նչ պարգև տվեց Հիսուսը իր ժողովին։
4 Իր ծառաների վրա «մէկ հովիւ», այսինքն՝ Հիսուս Քրիստոսին դնելով, Եհովան մի թանկարժեք պարգև տվեց քրիստոնեական ժողովին։ Այս պարգևի՝ երկնային Առաջնորդի մասին մարգարեացվել էր Եսայիա 55։4–ում. «Ահա ես նորան ժողովուրդների վկայ եմ դրել, ազգերի առաջնորդ եւ հրամանատար»։ Թե՛ օծյալ քրիստոնյաները և թե՛ «մեծ բազմության» անդամները հավաքվում են բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից (Հայտնություն 5:9, 10; 7:9)։ Նրանք կազմում են միջազգային մեկ ժողով՝ «մեկ հոտ», որը գտնվում է «մեկ հովվի»՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդության ներքո։
5 Հիսուսը նույնպես թանկարժեք պարգև է տվել երկրի վրա գտնվող իր ժողովին։ Նա հավատարիմ ենթահովիվներ է տվել, որոնք, ընդօրինակելով Եհովային և Հիսուսին, քնքշությամբ հովվում են հոտը։ Պողոս առաքյալը այս պարգևի մասին խոսեց Եփեսոսի քրիստոնյաներին ուղղված իր նամակում։ Նա գրեց. «Երբ նա վեր ելավ բարձունքը, գերիներ վերցրեց. նա մարդկանց տեսքով պարգևներ տվեց.... նա ոմանց որպես առաքյալներ տվեց, ոմանց որպես մարգարեներ, ոմանց որպես ավետարանիչներ, ոմանց էլ որպես հովիվներ և ուսուցիչներ՝ սրբերին ուղղելու համար, ծառայության գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար» (Եփեսացիներ 4:8, 11, 12)։
6. Հայտնություն 1։16, 20 խոսքերը ինչպե՞ս են նկարագրում օծյալ վերակացուներին, որոնք ծառայում էին երեցների խորհրդում, և ի՞նչ կարող ենք ասել այն երեցների մասին, ովքեր նշանակվել են ուրիշ ոչխարների միջից։
6 Այս «մարդկանց տեսքով պարգևները» վերակացուներն են, կամ՝ երեցները, որոնց Եհովան և իր Որդին սուրբ ոգու միջոցով նշանակել են հոտը քնքշությամբ հովվելու համար (Գործեր 20:28, 29)։ Սկզբում այս բոլոր վերակացուները օծյալ քրիստոնյաներ էին։ Նրանք, ովքեր ծառայում էին օծյալների ժողովի երեցների խորհրդում, Հայտնություն 1։16, 20–ում պատկերված են որպես «աստղեր» կամ «հրեշտակներ», որոնք գտնվում են Քրիստոսի աջ ձեռքում, այսինքն՝ նրա հսկողության տակ։ Բայց քանի որ այս վերջին ժամանակներում երկրի վրա օծյալ վերակացուների թիվը գնալով նվազում է, ժողովներում քրիստոնյա երեցների մեծամասնությունը նշանակվում է ուրիշ ոչխարներից։ Նրանք նշանակվում են Կառավարիչ մարմնի ներկայացուցիչների կողմից սուրբ ոգու առաջնորդությամբ, ուստի կարելի է ասել, որ նրանք նույնպես գտնվում են Բարի Հովվի՝ Հիսուս Քրիստոսի աջ ձեռքի տակ (կամ ունեն նրա առաջնորդությունը) (Եսայիա 61:5, 6)։ Եվ քանի որ մեր ժողովների երեցները հնազանդվում են Քրիստոսին՝ ժողովի Գլխին, նրանք արժանի են, որ մենք լիարժեքորեն համագործակցենք իրենց հետ (Կողոսացիներ 1:18)։
Հնազանդություն և հպատակություն
7. Համաձայն Պողոս առաքյալի տված խորհրդի՝ ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը քրիստոնյա վերակացուների հանդեպ։
7 Մեր երկնային Հովիվները՝ Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը, ակնկալում են, որ մենք հնազանդվենք և հպատակվենք ենթահովիվներին, որոնց նրանք պատասխանատվություններ են տվել ժողովում (1 Պետրոս 5:5, ծնթ.)։ Պողոս առաքյալը լինելով ներշնչված՝ գրեց. «Հիշեցե՛ք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, ովքեր Աստծու խոսքը խոսեցին ձեզ հետ, և խորհրդածելով այն մասին, թե ինչ արդյունքներ է բերում նրանց վարքը՝ ընդօրինակե՛ք նրանց հավատը։ Հնազանդվե՛ք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, և հպատակվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար՝ իբրև այնպիսիներ, որոնք հաշիվ պետք է տան. որպեսզի նրանք ուրախությամբ անեն դա և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա վնասակար կլինի ձեզ համար» (Եբրայեցիներ 13:7, 17)։
8. Ինչի՞ մասին է Պողոսը հորդորում մեզ «խորհրդածել», և ինչպե՞ս մենք պետք է «հնազանդվենք»։
8 Ուշադրություն դարձրեք, որ Պողոսը հրավիրում է մեզ «խորհրդածել», կամ՝ ուշադրությամբ մտածել այն մասին, թե ինչ արդյունքներ է բերում երեցների հավատարմությունը և ընդօրինակել նրանց հավատը։ Բացի այդ, նա խորհուրդ է տալիս մեզ հնազանդվել ու հպատակվել այս նշանակված տղամարդկանց առաջնորդությանը։ Աստվածաշնչագետ Ռիչարդ Ֆրանսը բացատրում է, որ «հնազանդվել» թարգմանված բնագիր հունարեն բառը «սովորաբար չի օգտագործվում «հնազանդություն» նշանակությամբ, այլ բառացի նշանակում է «համոզվել», այսինքն՝ հոժար կամքով ընդունել նրանց առաջնորդությունը»։ Մենք հնազանդվում ենք երեցներին ոչ միայն այն պատճառով, որ Աստծու խոսքն է պատվիրում մեզ այդպես վարվել, այլ նաև այն պատճառով, որ համոզված ենք, որ նրանք հետաքրքրված են թե՛ Թագավորության և թե՛ մեր շահերով։ Մենք, ինչ խոսք, երջանիկ կլինենք, եթե հոժարակամորեն ընդունենք նրանց առաջնորդությունը։
9. Ինչո՞ւ է անհրաժեշտ «հպատակվել»։
9 Սակայն ինչպիսի՞ն պետք է լինի մեր արձագանքը, եթե համոզված չենք, որ տվյալ դեպքում երեցների առաջնորդությունը լավագույնն է։ Սա հենց այն դեպքն է, երբ հպատակություն է պահանջվում։ Հեշտ է հնազանդվել, երբ ամեն ինչ հստակ է, և մենք համաձայն ենք կայացրած որոշումների հետ։ Սակայն մենք ցույց կտանք, որ իսկապես հպատակվում ենք, եթե ենթարկվենք նույնիսկ այն դեպքում, երբ անձամբ չենք հասկանում, թե ինչու է այդպիսի առաջնորդություն տրվում։ Պետրոսը, որ հետագայում առաքյալ դարձավ, այսպիսի հպատակություն ցույց տվեց (Ղուկաս 5:4, 5)։
Հոժարակամորեն համագործակցելու չորս պատճառ
10, 11. Ինչպե՞ս են վերակացուները առաջին դարում «Աստծու խոսքը խոսել» իրենց հավատակիցների հետ և ինչպե՞ս են խոսում այսօր։
10 Վերը մեջբերված Եբրայեցիներ 13։7, 17–ում Պողոս առաքյալը նշում է չորս պատճառ, թե ինչու պետք է հնազանդվենք ու հպատակվենք վերակացուներին։ Առաջին պատճառն այն է, որ նրանք «Աստծու խոսքն են խոսում» մեզ հետ։ Հիշիր, որ «մարդկանց տեսքով պարգևները», որ Հիսուսը տվեց ժողովին, «սրբերին ուղղելու» համար են (Եփեսացիներ 4:11, 12)։ Նա ուղղեց առաջին դարի քրիստոնյաների մտածելակերպն ու վարքը հավատարիմ ենթահովիվների միջոցով, որոնցից մի քանիսը ներշնչված էին՝ նամակներ գրելու ժողովներին։ Ոգով նշանակված այդ վերակացուների միջոցով Հիսուսը առաջնորդեց և զորացրեց առաջին դարի քրիստոնյաներին (1 Կորնթացիներ 16:15–18; 2 Տիմոթեոս 2:2; Տիտոս 1:5)։
11 Այսօր Հիսուսը առաջնորդում է մեզ «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով, որին ներկայացնում են Կառավարիչ մարմինը և նշանակված երեցները (Մատթեոս 24:45)։ Քանի որ հարգում ենք «Հովվապետին»՝ Հիսուս Քրիստոսին, մենք հետևում ենք Պողոսի խորհրդին. «Հարգե՛ք նրանց, ովքեր ծանր են աշխատում ձեր մեջ, ղեկավարում են ձեզ Տիրոջով ու հորդորում են ձեզ» (1 Պետրոս 5:4; 1 Թեսաղոնիկեցիներ 5:12; 1 Տիմոթեոս 5:17)։
12. Ինչպե՞ս են վերակացուները «հսկում [մեր] հոգիների համար»։
12 Վերակացուների հետ համագործակցելու երկրորդ պատճառն այն է, որ «նրանք հսկում են [մեր] հոգիների համար»։ Եթե վերակացուները ինչ–որ բան են նկատում մեր վարքի կամ մտածելակերպի մեջ, որը կարող է հոգևորապես վնասել մեզ, իսկույն անհրաժեշտ խորհուրդ են տալիս մեզ ուղղելու նպատակով (Գաղատացիներ 6:1)։ Հունարենից թարգմանված «հսկել» բառը բառացի նշանակում է «չքնել», կամ՝ «անքուն մնալ»։ Ինչպես նշում է մի աստվածաշնչագետ, այդ բառը նշանակում է «հովիվների անդադար հսկողություն»։ Բացի նրանից, որ երեցները հսկում են մեր հոգևոր վիճակը, նրանք կարող են նույնիսկ կորցնել իրենց քունը, երբ մտահոգված են մեր հոգևոր բարօրությամբ։ Արդյոք չպե՞տք է պատրաստ լինենք համագործակցելու այսպիսի սիրառատ ենթահովիվների հետ, որոնք իրենց լավագույնն են անում, որպեսզի «ոչխարների մեծ հովվի»՝ Հիսուս Քրիստոսի նման քնքշորեն հոգ տանեն հոտին (Եբրայեցիներ 13:20)։
13. Ո՞ւմ և ինչպե՞ս են վերակացուներն ու բոլոր քրիստոնյաները հաշվետու։
13 Վերակացուների հետ հոժարակամորեն համագործակցելու երրորդ պատճառն այն է, որ նրանք հսկում են մեզ «իբրև այնպիսիներ, որոնք հաշիվ պետք է տան»։ Նրանք հիշում են, որ իրենք ենթահովիվներ են և ծառայում են երկնային Հովիվների՝ Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջնորդության ներքո (Եզեկիէլ 34:22–24)։ Եհովան հոտի Տերն է, որին «նա գնեց իր Որդու արյունով»։ Ուստի նշանակված վերակացուներից նա հաշիվ է պահանջում այն բանի համար, թե նրանք ինչպես են իր հոտի հետ վարվում, ինչը պետք է անեն «քնքշությամբ» (Գործեր 20:28, 29)։ Հետևաբար մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխան տա Եհովային այն բանի համար, թե ինչպես է արձագանքում նրա առաջնորդությանը (Հռոմեացիներ 14:10–12)։ Նշանակված երեցներին հնազանդվելը նաև ցույց է տալիս, որ մենք հպատակվում ենք Քրիստոսին՝ ժողովի Գլխին (Կողոսացիներ 2:19)։
14. Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ վերակացուները «հոգոց հանելով» ծառայեն, և ի՞նչ կլինի դրա հետևանքը։
14 Պողոսը չորրորդ պատճառն է նշում, թե ինչու պետք է խոնարհաբար հպատակվենք վերակացուներին։ Նա գրում է. «Որպեսզի նրանք ուրախությամբ անեն դա և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա վնասակար կլինի ձեզ համար» (Եբրայեցիներ 13:17)։ Երեցները ծանր բեռ են կրում՝ սովորեցնելով, հովվելով, քարոզչական գործում առաջնորդություն վերցնելով, իրենց ընտանիքի կարիքները հոգալով և ժողովի խնդիրները լուծելով (2 Կորնթացիներ 11:28, 29)։ Եթե թերանում ենք համագործակցել նրանց հետ, մենք ավելի ենք ծանրացնում նրանց բեռը։ Դա պատճառ կլինի, որ նրանք վշտանան ու «հոգոց հանեն»։ Նրանց հետ չհամագործակցելը տհաճեցնում է Եհովային և կարող է վնասակար լինել մեզ համար։ Իսկ եթե պատշաճ հարգանք ենք ցուցաբերում և համագործակցում ենք երեցների հետ, նրանք կարողանում են ուրախությամբ կատարել իրենց պարտականությունները, և դա նպաստում է միասնությանը, ինչպես նաև Թագավորության գործի մեջ ուրախություն ունենալուն (Հռոմեացիներ 15:5, 6)։
Ցույց տանք, որ պատրաստ ենք հպատակվելու
15. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ պատրաստ ենք հնազանդվել և հպատակվել։
15 Գործնական շատ կերպեր կան, որոնցով կարող ենք համագործակցել նշանակված վերակացուների հետ։ Տարածքի նոր հանգամանքներին հարմարվելու նպատակով արդյո՞ք երեցները քարոզչական ծառայության հանդիպումները այնպիսի օրերի և ժամերի են նշանակել, որ մեզանից պահանջվում է փոփոխություններ մտցնել մեր գրաֆիկում։ Եկեք ջանքեր գործադրենք՝ աջակցելու այդ նոր փոփոխություններին։ Այդպես վարվելով՝ մենք անսպասելիորեն կարող ենք վարձատրվել։ Ծառայողական վերակացուի այցելությո՞ւնն է մեր ժողովի Գրքի ուսումնասիրությանը։ Թող որ այդ շաբաթ հնարավորինս լիարժեք մասնակցենք քարոզչական ծառայությանը։ Առաջադրա՞նք ենք ստացել Աստվածապետական ծառայության դպրոցում։ Ուրեմն պետք է ձգտենք ներկա լինել և կատարել մեր առաջադրանքը։ Ժողովի Գրքի ուսումնասիրության վերակացուն հայտարարե՞լ է, որ մեր հերթն է մաքրելու Թագավորության սրահը։ Եկեք մեր հնարավորությունների սահմաններում լիովին աջակցենք նրան։ Այս և այլ կերպերով մենք կարող ենք ցույց տալ, որ պատրաստ ենք հպատակվելու այն տղամարդկանց, որոնց Եհովան և նրա Որդին նշանակել են հոտին հոգ տանելու համար։
16. Եթե երեցը ինչ–որ բան այնպես չի անում, ինչո՞ւ դա չի արդարացնում մեր կողմից դրսևորվող ըմբոստությունը։
16 Ժամանակ առ ժամանակ երեցը գուցե ինչ–որ բան այնպես չանի, ինչպես հավատարիմ ծառա դասակարգը և Կառավարիչ մարմինն են ասում։ Եթե նա շարունակի այդպես վարվել, ապա պետք է հաշիվ տա Եհովային՝ մեր «հոգիների հովվին ու վերակացուին» (1 Պետրոս 2:25)։ Սակայն որոշ երեցների թույլ տված սխալները չեն կարող արդարացում լինել մեր կողմից դրսևորվող անհնազանդության համար։ Եհովան չի օրհնում անհնազանդներին և ըմբոստներին (Թուոց 12:1, 2, 9–11)։
Եհովան օրհնում է համագործակցելու մեր պատրաստակամությունը
17. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը վերակացուների նկատմամբ։
17 Եհովա Աստված գիտի, որ իր կողմից որպես վերակացու նշանակված տղամարդիկ անկատար են։ Սակայն նա օգտագործում է նրանց և իր ոգու միջոցով հովվում է իր ժողովրդին։ Ինչպես երեցների, այնպես էլ մեր պարագայում ճշմարտությունն այն է, որ «սովորականին գերազանցող զորությունը Աստծուց [է] և ոչ թե մեզանից» (2 Կորնթացիներ 4:7)։ Ուստի մենք պետք է շնորհակալ լինենք Եհովային այն ամենի համար, ինչ նա իրագործում է մեր հավատարիմ վերակացուների միջոցով, և պետք է պատրաստ լինենք համագործակցելու նրանց հետ։
18. Մեր վերակացուներին հնազանդվելով՝ ի՞նչ ենք իրականում անում։
18 Վերակացուները իրենց լավագույնն են անում, որպեսզի այս վերջին օրերում համապատասխանեն հովիվների մասին Եհովայի տված նկարագրությանը՝ արձանագրված Երեմիա 3։15–ում. «Ձեզ հովիւներ տամ իմ սրտի համեմատ, եւ նորանք հովուեն ձեզ գիտութիւնով եւ իմաստութիւնով»։ Անկասկած, երեցները գովասանքի արժանի աշխատանք են կատարում՝ սովորեցնելով և պաշտպանելով Եհովայի գառնուկներին։ Եկեք շարունակենք մեր գնահատանքը ցույց տալ նրանց ծանր աշխատանքի համար՝ պատրաստ լինելով համագործակցել, հնազանդվել և հպատակվել։ Այդպես վարվելով՝ մենք կարտահայտենք մեր երախտագիտությունը մեր երկնային Հովիվների՝ Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի հանդեպ։
Կրկնության հարցեր
• Ինչպե՞ս են Եհովան և Հիսուս Քրիստոսը փաստել, որ սիրառատ Հովիվներ են։
• Ինչո՞ւ է անհրաժեշտ հպատակվել։
• Ի՞նչ գործնական կերպերով կարող ենք ցույց տալ մեր հնազանդությունը։
[նկար 27–րդ էջի վրա]
Քրիստոնյա երեցները հնազանդվում են Քրիստոսի առաջնորդությանը
[նկարներ 29–րդ էջի վրա]
Մենք շատ կերպերով կարող ենք դրսևորել մեր հնազանդությունը Եհովայի կողմից նշանակված հովիվների հանդեպ