Դատավորներ
12 Եփրեմի մարդիկ մեկտեղ հավաքվեցին: Գետն անցնելով՝ նրանք գնացին դեպի Սաֆոն* ու ասացին Հեփթայեին. «Երբ գնացիր ամմոնացիների դեմ պատերազմելու, մեզ ինչո՞ւ չկանչեցիր, որ քեզ հետ գայինք:+ Հիմա մենք կայրենք քեզ ու քո տունը»: 2 Սակայն Հեփթայեն ասաց նրանց. «Ես և իմ ժողովուրդը թեժ պայքարի մեջ մտանք ամմոնացիների հետ: Ես ձեզ օգնության կանչեցի, բայց դուք չփրկեցիք ինձ նրանց ձեռքից: 3 Երբ տեսա, որ դուք ինձ չեք փրկելու, որոշեցի կյանքս վտանգի ենթարկել ու դուրս գալ ամմոնացիների դեմ,+ և Եհովան նրանց իմ ձեռքը տվեց: Ուրեմն ինչո՞ւ եք այսօր իմ դեմ կռվի դուրս եկել»:
4 Հեփթայեն հավաքեց Գաղաադի+ բոլոր տղամարդկանց ու նրանց հետ կռվի դուրս եկավ Եփրեմի դեմ: Գաղաադցիները պարտության մատնեցին Եփրեմյաններին, որոնք ասել էին. «Դուք՝ գաղաադցիներդ, որ ապրում եք Եփրեմի ու Մանասեի տարածքներում, ընդամենը Եփրեմից փախածներ եք»: 5 Գաղաադցիները, Եփրեմյաններից առաջ անցնելով, գրավեցին Հորդանանի ծանծաղուտները:+ Երբ Եփրեմյաններից մեկը փորձում էր փախչել, ասում էր. «Թողեք անցնեմ»: Այդ ժամանակ գաղաադցիները հարցնում էին. «Դու Եփրեմյա՞ն ես»: Եվ երբ նա պատասխանում էր՝ ո՛չ, 6 նրան ասում էին՝ «Ասա՛ շիբբոլեթ», իսկ նա ասում էր՝ «Սիբբոլեթ», որովհետև չէր կարողանում այդ բառը ճիշտ արտասանել: Նրանք էլ բռնում ու սպանում էին նրան Հորդանանի ծանծաղուտների մոտ: Այսպիսով՝ Եփրեմից 42 000 մարդ զոհվեց:
7 Հեփթայեն վեց տարի դատավորություն արեց Իսրայելում: Գաղաադցի Հեփթայեն մահացավ ու թաղվեց իր քաղաքում՝ Գաղաադում:
8 Նրանից հետո Իսրայելում դատավոր դարձավ բեթլեհեմցի Աբեսսանը:+ 9 Նա 30 տղա և 30 աղջիկ ուներ: Իր աղջիկներին նա ամուսնացրեց իր ազգատոհմին չպատկանող տղամարդկանց հետ և իր տղաների համար էլ ուրիշ ազգատոհմերից որպես կին 30 աղջիկ բերեց: Աբեսսանը Իսրայելում դատավորություն արեց յոթ տարի: 10 Նա մահացավ ու թաղվեց Բեթլեհեմում:
11 Նրանից հետո Իսրայելում դատավոր դարձավ Զաբուղոնի ցեղից Ելոնը: Նա Իսրայելում դատավորություն արեց տասը տարի: 12 Զաբուղոնցի Ելոնը մահացավ ու թաղվեց Այելոն քաղաքում՝ Զաբուղոնի տարածքում:
13 Նրանից հետո Իսրայելում դատավոր դարձավ փարաթոնցի Հելլելի որդին՝ Աբդոնը: 14 Նա 40 որդի ու 30 տղա թոռ ուներ, որոնք 70 ավանակներ էին հեծնում: Նա Իսրայելում դատավորություն արեց ութ տարի: 15 Փարաթոնցի Հելլելի որդին՝ Աբդոնը, մահացավ ու թաղվեց Փարաթոնում՝ Եփրեմի տարածքում՝ ամաղեկացիների+ լեռան վրա: