Հեփթայեն պահում է Եհովային տված իր երդումը
ՀԱՂԹԱՆԱԿԱԾ զինվորը վերադառնում է տուն իր ժողովրդին հալածանքներից ազատելուց հետո։ Նրա դուստրը վազում է նրան ընդառաջ՝ ուրախ պարելով և թմբուկ նվագելով։ Նրան տեսնելիս, ուրախանալու փոխարեն, զինվորը պատռում է իր հագուստը։ Ինչո՞ւ։ Արդյոք նա ուրախ չէ՞, որ անվնաս վերադարձել է տուն։ Իսկ այդ ի՞նչ պատերազմ էր, որում նա հաղթանակ էր տարել։ Ո՞վ է այս զինվորը։
Այդ մարդը Հեփթայեն է՝ հին Իսրայելի դատավորներից մեկը։ Սակայն որպեսզի պատասխանենք նաև մյուս հարցերին ու տեսնենք, թե ինչ նշանակություն ունի այս պատմությունը մեզ համար, պետք է քննենք այս արտասովոր հանդիպումից առաջ տեղի ունեցած դեպքերը։
Դժվար իրավիճակ Իսրայելում
Հեփթայեն ապրում է դժվար ժամանակներում։ Նրա հայրենակիցները՝ իսրայելացիները, թողել են մաքուր երկրպագությունը և ծառայում են Սիդոնի, Մովաբի, Ամմոնի և փղշտացիների աստվածներին։ Հետևաբար Եհովան մատնում է իր ժողովրդին ամմոնացիների ու փղշտացիների ձեռքը, որոնք էլ հալածում են նրանց 18 տարի։ Հատկապես ծանր վիճակում են Հորդանան գետի արևելյան կողմում գտնվող Գաղաադի բնակիչները։a Ի վերջո, իսրայելացիները գիտակցում են իրենց սխալները, զղջում են և Եհովայից օգնություն խնդրում, սկսում են ծառայել նրան և իրենց միջից վերացնում են օտար աստվածներին (Դատաւորաց 10։6–16)։
Ամմոնացիները բանակ են դնում Գաղաադում, և իսրայելացիները հավաքվում են, որ դուրս գան նրանց դեմ։ Սակայն Իսրայելը զորագլխի կարիք ունի (Դատաւորաց 10։17, 18)։ Այդ ժամանակ Հեփթայեն իր անձնական խնդիրներն ուներ։ Նրա ագահ խորթ եղբայրները ստիպել էին նրան հեռանալ այդտեղից, որպեսզի տիրանային նրա ժառանգությանը։ Ուստի Հեփթայեն տեղափոխվում է Տովբ՝ Գաղաադի արևելյան կողմում գտնվող մի շրջան՝ Իսրայելի թշնամիներից ոչ հեռու։ Հեփթայեի մոտ հավաքվում են գործազուրկ մարդիկ՝ հավանաբար նրանք, ովքեր կորցրել էին իրենց աշխատանքը իրենց հալածողների պատճառով, կամ նրանք, ովքեր ըմբոստացել էին իրենց ստրկացած վիճակի պատճառով։ Նրանք «ման [են] գալիս նորա հետ», ինչը հավանաբար նշանակում է, որ ուղեկցում են Հեփթայեին, երբ նա պատերազմներ է մղում թշնամաբար տրամադրված հարևանների դեմ։ Հավանաբար խիզախ մարտիկ լինելու պատճառով Հեփթայեն Աստվածաշնչում կոչվում է «հզօր զօրաւոր մարդ» (Դատաւորաց 11։1–3)։ Իսկ ո՞վ կառաջնորդի Իսրայելին ամմոնացիների դեմ պայքարում։
«Եկ մեզ զօրագլուխ եղիր»
Գաղաադի ծերերը ասում են Հեփթայեին. «Եկ մեզ զօրագլուխ եղիր»։ Եթե նրանք կարծում էին, թե Հեփթայեն անմիջապես կվերադառնար իր հայրենի երկիրը, սխալվում էին։ «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք եւ ինձ հալածեցիք իմ հօր տանիցը,— պատասխանեց նա,— եւ հիմա ի՞նչու համար էք եկել ինձ մօտ, որ նեղութեան մէջ էք»։ Ինչպիսի անարդարություն էր այն, որ Գաղաադի ծերերը սկզբում մերժեցին Հեփթայեին, իսկ հետո եկան և նրանից օգնություն խնդրեցին (Դատաւորաց 11։4–7)։
Միայն մեկ պայմանով Հեփթայեն առաջնորդություն կվերցներ Գաղաադում։ «Եթե.... Տերը [Ամմոնի որդիներին] իմ ձեռքը մատնէ,— ասաց նա,— ես ձեզ գլուխ [կ]լինեմ»։ Հեփթայեի հաղթանակի մեջ պետք է երևար Աստծու աջակցությունը, սակայն նա նաև ուզում էր հավաստիանալ, որ մարդիկ չէին մերժի Աստծու իշխանությունը այդ ճգնաժամային իրավիճակից հետո (Դատաւորաց 11։8–11)։
Ամմոնի հետ ընդհարումներ
Հեփթայեն փորձում է բանակցություններ վարել ամմոնացիների հետ։ Նա պատգամավորներ է ուղարկում ամմոնացիների թագավորի մոտ, որպեսզի պարզի նրանց թշնամական վերաբերմունքի պատճառը։ Նրանց տված պատասխանը վիճելի էր. երբ իսրայելացիները դուրս էին եկել Եգիպտոսից, գրավել էին ամմոնացիների տարածքը, որը պետք է վերադարձնեին նրանց (Դատաւորաց 11։12, 13)։
Քանի որ Հեփթայեն շատ լավ գիտեր Իսրայելի պատմությունը, ուստի հմտորեն հերքում է ամմոնացիների պահանջները։ Նա նրանց ասում է, որ Եգիպտոսից դուրս գալիս իսրայելացիները չեն գրավել Ամմոնը, Մովաբը կամ Եդովմը, և որ այդ հողերը Եգիպտոսից Իսրայելի դուրս գալու ժամանակ Ամմոնի տիրապետության տակ չեն եղել։ Այն ժամանակ այդ երկիրը ամորհացիների ձեռքում է եղել, բայց Աստված նրանց թագավորին՝ Սեհոնին, մատնել է Իսրայելի ձեռքը։ Դեռ ավելին, արդեն 300 տարի էր, ինչ իսրայելացիները ապրում էին այդ երկրում։ Ինչո՞ւ են ամմոնացիները միայն հիմա պահանջում այն (Դատաւորաց 11։14–22, 26)։
Հեփթայեն նաև նրանց ուշադրությունը կենտրոնացնում է մի հարցի վրա, որը Իսրայելի տառապանքների գլխավոր պատճառն է. ո՞վ է ճշմարիտ Աստվածը։ Եհովա՞ն, թե՞ Իսրայելի տիրապետության տակ գտնվող երկրի աստվածները։ Եթե Քամովսն ունի զորություն, կկարողանա՞ արդյոք իր ժողովրդին վերադարձնել իրենց երկիրը։ Սա մի վեճ էր ճշմարիտ երկրպագության ու կեղծ կրոնի միջև, որին թիկունք էին կանգնում ամմոնացիները։ Ուստի Հեփթայեն տրամաբանորեն եզրակացնում է. «Այսօր Իսրայէլի որդկանց եւ Ամմոնի որդկանց մէջ դատաւոր եղող Եհովան դատաստան անէ» (Դատաւորաց 11։23–27)։
Ամմոնի թագավորը չի ցանկանում լսել Հեփթայեի փոխզիջումներ չունեցող լուրը։ «Տիրոջ Հոգին Յեփթայէի վերայ [է գալիս]. եւ նա Գաղաադիցն ու Մանասեիցն [անցնում է]»՝ հավանաբար իր հետ տանելով ամրակազմ տղամարդկանց՝ պատերազմելու նպատակով (Դատաւորաց 11։28, 29)։
Հեփթայեի երդումը
Աստծուց առաջնորդություն ստանալու մեծ ցանկություն ունենալով՝ Հեփթայեն երդում է տալիս. «Եթե Ամմոնի որդիքը բոլորովին իմ ձեռքը մատնես, այն ժամանակ իմ տան դռնիցն ինձ դիմաւորելու դուրս եկողը, երբոր ես խաղաղութեամբ ետ դառնամ Ամմոնի որդիներից, Տիրոջը թող լինի, եւ նորան ողջակէզ մատուցանեմ»։ Որպես պատասխան՝ Աստված օրհնում է Հեփթայեին և կարողություն է տալիս նրան «սաստիկ կոտորածով» հարվածելու ամմոնացիների 20 քաղաքներ, ու այդպիսով Հեփթայեն հաղթում է Իսրայելի թշնամիներին (Դատաւորաց 11։30–33)։
Ո՞վ է դիմավորում Հեփթայեին, երբ նա վերադառնում է պատերազմից. նրա սիրելի դուստրը, նրա միակ զավակը։ «Երբոր նորան տեսաւ,— կարդում ենք Աստվածաշնչում,— իր հանդերձը պատառեց եւ ասեց. Ոհ, աղջիկս, դու ինձ փորձանքի մէջ գցեցիր, որովհետեւ ես բերանս բացի Տիրոջը եւ չեմ կարող ետ դարձնել» (Դատաւորաց 11։34, 35)։
Արդյո՞ք Հեփթայեն իրականում պատրաստվում է զոհաբերել իր դստերը։ Ոչ։ Այդպիսի բան նրա մտքով չի կարող անցնել։ Եհովան գարշում է մարդկային զոհերից, ինչը քանանացիների պիղծ սովորություններից է (Ղեւտացոց 18։21; Բ Օրինաց 12։31)։ Երբ Հեփթայեն երդում տվեց, Եհովայի ոգին նրա վրա էր, և Աստված օրհնեց նրա ջանքերը։ Բացի այդ, Աստվածաշունչը գովեստի խոսքեր է ասում Հեփթայեի մասին՝ նշելով նրա հավատի և Աստծու նպատակների մեջ նրա ունեցած դերի մասին (Ա Թագաւորաց 12։11; Եբրայեցիներ 11։32–34)։ Հետևաբար մարդուն զոհաբերելը, ինչը իրականում մարդասպանություն է, այնպիսի բան է, որը նրա մտքով նույնիսկ չէր անցնի։ Ուրեմն ի՞նչ ի նկատի ուներ Հեփթայեն, երբ երդում տվեց՝ ասելով, որ ինչ–որ մեկին կզոհաբերի Եհովային։
Հեփթայեն ակներևաբար նկատի ուներ այն, որ նա հատուկ ծառայություն կատարելու նպատակով Աստծուն կնվիրեր այն անհատին, որին կհանդիպեր։ Մովսիսական օրենքով հնարավոր էր որևէ անձնավորության երդումով տալ Եհովային։ Օրինակ՝ սրբարանում ծառայում էին կանայք, որոնք թերևս ջուր էին հանում (Ելից 38։8; Ա Թագաւորաց 2։22)։ Շատ քիչ բան է հայտնի ծառայության այս ձևի մասին, նաև այն մասին, թե որքան էր սովորաբար տևում այդպիսի ծառայությունը։ Հեփթայեն, ըստ երևույթին, հենց այդպիսի նվիրում նկատի ուներ, երբ երդում տվեց, և նրա տված խոստումը, ակներևաբար, վերաբերում էր մշտատև ծառայության։
Հեփթայեի դուստրը, ինչպես նաև հետագայում փոքրիկ Սամուելը պատրաստ եղան ի կատար ածելու իրենց աստվածավախ ծնողների տված երդումները (Ա Թագաւորաց 1։11)։ Լինելով Եհովայի հավատարիմ երկրպագու՝ Հեփթայեի դուստրը, իր հոր նման, համոզված էր, որ այդ երդումը պետք էր կատարել։ Դա շատ մեծ զոհողություն էր, քանի որ նրա համար այդ երդումը կատարելը նշանակում էր երբեք չամուսնանալ։ Նա լաց եղավ իր «կուսութեան վերայ», քանի որ յուրաքանչյուր իսրայելացու ցանկությունն էր երեխաներ ունենալ՝ իր ընտանիքի անունը և ժառանգությունը պահպանելու համար։ Իսկ Հեփթայեի համար այդ երդումը կատարելը նշանակում էր զրկվել իր միակ սիրելի դստեր հետ շփվելուց (Դատաւորաց 11։36–39)։
Այս հավատարիմ ամուրի աղջկա կյանքը անիմաստ չէր։ Եհովայի տանը լիաժամ ծառայելը հրաշալի, բավարարվածություն պատճառող և գովելի ծառայության ձև էր, որով նա կարող էր պատիվ բերել Աստծուն։ Ուստի ամեն տարի «Իսրայէլի աղջիկները [գնում էին] եւ Գաղաադացի Յեփթայէի աղջկան համար.... լաց լին[ում]», այսինքն՝ գովում էին նրան (Դատաւորաց 11։40)։ Անշուշտ, Հեփթայեն նույնպես ուրախանում էր, որ իր դուստրը ծառայում է Եհովային։
Այսօր Աստծու ժողովրդից շատերն են ընտրում լիաժամ ծառայությունը, ռահվիրայությունը, միսիոներությունը, շրջագայական կամ Բեթելի ծառայությունը։ Նման ծառայություն կատարելիս նրանք գուցե չկարողանան տեսնել իրենց ընտանիքի անդամներին այնքան հաճախ, որքան կցանկանային։ Սակայն բոլորը՝ և՛ ծառայողները, և՛ նրանց ընտանիքները, կարող են ուրախ լինել, որ այդպիսի ծառայություն է մատուցվում Եհովային (Սաղմոս 110։3; Եբրայեցիներ 13։15, 16)։
Ըմբոստություն՝ Աստծու առաջնորդության դեմ
Հետ նայելով Հեփթայեի օրերին՝ տեսնում ենք, որ շատ իսրայելացիներ մերժում էին Եհովայի առաջնորդությունը։ Թեև եփրեմյանները տեսնում են, որ Աստված օրհնում է Հեփթայեին, սակայն վիճում են նրա հետ։ Նրանք ուզում են իմանալ, թե ինչու Հեփթայեն իրենց չի կանչել պատերազմին մասնակցելու։ Նրանք նույնիսկ ցանկանում են այրել Հեփթայեի տունը նրա վրա (Դատաւորաց 12։1)։
Հեփթայեն ասում է, որ կանչել է եփրեմյաններին, սակայն նրանք չեն արձագանքել։ Ամեն դեպքում, Աստված հաղթեց պատերազմը։ Այժմ նրանք դժգոհո՞ւմ են, որ Գաղաադի բնակիչները չէին խորհրդակցել իրենց հետ Հեփթայեին որպես զորավար ընտրելիս։ Իրականում, Եփրեմի դժգոհությունը ըմբոստություն է Եհովայի դեմ, ուստի այլընտրանք չկա. պետք է պատերազմել նրանց դեմ։ Գալիք պայքարում եփրեմյանները պարտվում են։ Փախուստի դիմած եփրեմյանները հեշտությամբ ճանաչվում են, քանի որ չեն կարողանում ճիշտ արտասանել «շիբբօլէթ» բառը։ Ընդհանուր հաշվով՝ 42 000 եփրեմյաններ բնաջինջ եղան այդ պատերազմում (Դատաւորաց 12։2–6)։
Ինչպիսի՜ տխուր ժամանակ էր դա Իսրայելի պատմության մեջ։ Գոթոնիել, Ավովդ, Բարակ և Գեդեոն դատավորների մղած պատերազմները խաղաղություն էին բերել։ Իսկ այս դեպքում ոչինչ չի նշվում խաղաղության մասին։ Այդ արձանագրության վերջում պարզապես ասվում է. «Յեփթայէն Իսրայէլի մէջ վեց տարի դատաւորութիւն արաւ. եւ Գաղաադացի Յեփթայեն մեռաւ, եւ թաղուեցաւ Գաղաադի քաղաքների մէկումը» (Դատաւորաց 3։11, 30; 5։31; 8։28; 12։7)։
Ի՞նչ կարող ենք սովորել այս ամենից։ Կարող ենք սովորել այն, որ թեև Հեփթայեի կյանքը լի էր դժվարություններով, սակայն նա հավատարիմ էր Աստծուն։ Այս խիզախ տղամարդը հիշատակեց Եհովայի մասին, երբ խոսեց Գաղաադի ծերերի հետ, ամմոնացիների, իր դստեր, ինչպես նաև եփրեմյանների հետ և իհարկե իր երդումը տալիս (Դատաւորաց 11։9, 23, 27, 30, 31, 35; 12։3)։ Աստված օրհնեց Հեփթայեին նրա նվիրվածության համար և օգտագործեց նրան ու նրա դստերը՝ ճշմարիտ երկրպագությունն առաջ տանելու համար։ Այն ժամանակ, երբ մյուսներն արհամարհում էին Աստծու չափանիշները, Հեփթայեն ամուր կառչել էր դրանցից։ Իսկ դու, Հեփթայեի նման, միշտ կհնազանդվե՞ս Եհովային։
[ծանոթագրություն]
a Ամմոնացիները ընդունակ էին շատ դաժան արարքների։ Հեփթայեի դատավոր դառնալուց նույնիսկ վաթսուն տարի չանցած՝ ամմոնացիները սպառնում էին, որ կհանեն Գաղաադի քաղաքներից մեկի բոլոր բնակիչների աջ աչքը։ Իսկ Ամովս մարգարեն խոսեց մի ժամանակի մասին, երբ ամմոնացիները պատռում էին Գաղաադի հղի կանանց (Ա Թագաւորաց 11։2; Ամովս 1։13)։