71 Ո՛վ Եհովա, քեզ մոտ եմ ես գտել ապաստան,
Թող որ երբեք ամոթով չմնամ:+
2 Չէ՞ որ դու արդար ես, ազատիր ինձ ու փրկիր,
Կռացիր ու ինձ լսիր, ինձ փրկություն շնորհիր:+
3 Ինձ համար ժայռակերտ ամրոց դարձիր,
Որտեղ միշտ կարող եմ պատսպարվել:
Հրաման տուր, որ ինձ փրկեն,
Չէ՞ որ դու ինձ համար ամրոց ես ու վեմ:+
4 Ո՛վ իմ Աստված, փրկիր ինձ անօրենի ձեռքից,+
Անարդարացիորեն ինձ ճնշողի ճիրաններից:
5 Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, իմ հույսը դու ես,
Ես քեզ եմ ապավինում իմ մանկությունից ի վեր:+
6 Ծնվածս օրից դու իմ հենարանն ես,
Իմ մոր արգանդից ինձ լույս աշխարհ բերողն ես:+
Ես միշտ գովաբանում եմ քեզ:
7 Շատերի հիացմունքի առարկան եմ դարձել,
Բայց ես գիտեմ, որ իմ ամուր ապաստանը դու ես:
8 Բերանիցս քո մասին գովասանքի խոսքեր են բխում,+
Ամբողջ օրը քո փառահեղության մասին եմ պատմում:
9 Իմ ծերության ժամանակ ինձ դեն մի՛ նետիր,+
Երբ ուժս պակասի, ինձ մի՛ լքիր:+
10 Թշնամիներս իմ դեմ են խոսում,
Ինձ սպանել ցանկացողները իրար հետ խորհուրդ են անում:+
11 Նրանք ասում են. «Աստված թողել է նրան:
Նա փրկող չունի, հետապնդեք ու բռնեք նրան»:+
12 Ո՛վ Աստված, հեռու մի՛ մնա ինձնից:
Ո՛վ իմ Աստված, շտապիր օգնության հասնել ինձ:+
13 Թող ամոթով մնան ու վերանան ինձ հակառակվողները,+
Թող անարգվեն ու նվաստանան ինձ չարիք կամեցողները:+
14 Իսկ ես կշարունակեմ քեզ սպասել
Եվ քեզ ավելի շատ կգովաբանեմ:
15 Ես քո արդարության մասին կպատմեմ,+
Ողջ օրը քո փրկարար գործերի մասին կխոսեմ,
Թեև դրանք այնքա՜ն շատ են, որ բոլորը թվել անկարող եմ:+
16 Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա,
Կգնամ ու քո հզոր գործերի մասին կպատմեմ,
Քո՛, միմիայն քո՛ արդարության մասին կխոսեմ:
17 Ո՛վ Աստված, մանկությունիցս ի վեր դու սովորեցնում ես ինձ,+
Եվ մինչ օրս ես հռչակում եմ քո զարմանահրաշ գործերի մասին:+
18 Ո՛վ Աստված, թե ծերանամ էլ և ալեհեր դառնամ, մի՛ լքիր ինձ:+
Թող հաջորդ սերնդին պատմեմ քո զորության մասին,
Թող քո հզորության մասին պատմեմ գալիք հետնորդներին:+
19 Ո՛վ Աստված, մեծ է քո արդարությունը,
Հասնում է մինչև բարձունքները:+
Մեծամեծ գործեր ես արել,
Ո՞վ կարող է քեզ հետ համեմատվել:+
20 Թեև թողել ես, որ բազում չարիք ու նեղություն կրեմ,+
Նորից ինձ ուժ պարգևիր,
Երկրի խորքերից ինձ հանիր:+
21 Արժանապատվությունս բարձրացրու,
Ինձ պաշտպանիր և մխիթարություն տուր:
22 Տավիղով ես կգովերգեմ քեզ,
Քանի որ դու հավատարիմ Աստված ես:+
Ո՛վ Իսրայելի Սուրբ, քնարով քո գովքը կերգեմ:
23 Ուրախ բացականչությամբ քեզ կգովերգեն շուրթերս,+
Քանի որ դու փրկել ես կյանքս:+
24 Ինձ չարիք կամեցողներն ամոթով կմնան ու կպատվազրկվեն,+
Ուստի օրնիբուն քո արդարության մասին կխոսեմ:+