Եզեկիել
26 11-րդ տարում՝ ամսվա առաջին օրը, Եհովան ասաց ինձ. 2 «Մարդո՛ւ որդի, Տյուրոսը Երուսաղեմի համար ասաց.+ «Ո՜ւխ, ազգերի դարպասները կոտրվել են:+ Հիմա ամեն ինչ իմ օգտին կլինի, ես կհարստանամ, որովհետև նա ավերվել է»: 3 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես քո դեմ եմ, ո՛վ Տյուրոս, և քո դեմ կհանեմ շատ ազգերի, ինչպես որ ծովն է վեր հանում իր ալիքները: 4 Նրանք կկործանեն քո պարիսպները, ո՛վ Տյուրոս, և կքանդեն քո աշտարակները:+ Ես քո վրայից կքերեմ հողը և քեզ հարթ ու լերկ ժայռ կդարձնեմ: 5 Ծովի մեջտեղում դու ուռկաններ չորացնելու տեղ կդառնաս:+
Ես եմ դա ասել,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Ազգերը կկողոպտեն քեզ: 6 Քո շրջակա ավանների բնակիչներին սրի կքաշեն, և մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ»:
7 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին՝ թագավորների թագավորին,+ հյուսիսից բերելու եմ քո դեմ, ո՛վ Տյուրոս:+ Նա գալու է ձիերով,+ մարտակառքերով,+ հեծելազորով ու մեծ զորքով: 8 Նա կկոտորի քո շրջակա ավանների բնակիչներին: Քո դեմ պաշարման պարիսպ կկառուցի, պատնեշ կկանգնեցնի և մի մեծ վահան կբարձրացնի: 9 Նա պարսպակործան զենքով կփլուզի քո պարիսպները և քո աշտարակները կացիններով* կտապալի: 10 Նրա ձիերն այնքան շատ կլինեն, որ դրանց դոփյունից փոշիով կծածկվես: Նրա հեծելազորի, անիվների և մարտակառքերի դղրդյունից քո պարիսպները կցնցվեն, երբ նա ներս մտնի քո դարպասներով, ինչպես որ քանդված պարիսպներով են քաղաք ներխուժում: 11 Իր ձիերի սմբակներով նա կկոխկրտի քո բոլոր փողոցները,+ սրով կսպանի քո ժողովրդին և քո ամուր սյուները գետնին կհավասարեցնի: 12 Թշնամիները կթալանեն քո հարստությունը, կխլեն քո ապրանքները,+ կփլուզեն քո պարիսպները և քարուքանդ կանեն քո ընտիր տները: Նրանք ծովը կգցեն քո քարերը, փայտերն ու հողը:
13 Ես կլռեցնեմ երգերիդ աղմուկը, ու քնարներիդ ձայնն այլևս չի լսվի:+ 14 Քեզ ապառաժի հարթ ու լերկ մակերես կդարձնեմ, և դու ուռկաններ չորացնելու տեղ կդառնաս:+ Էլ երբեք չես վերակառուցվի, քանի որ ես՝ Եհովաս եմ դա ասել,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
15 Գերիշխան Տեր Եհովան Տյուրոսին սա է ասում. «Մի՞թե կղզիները չեն ցնցվի քո անկման ձայնից, երբ մահացողները հեծեծան, երբ քո մեջ կոտորած լինի:+ 16 Ծովի բոլոր իշխանները կիջնեն իրենց գահից, կհանեն իրենց վերնահագուստներն ու ասեղնագործ հանդերձները, և սարսուռը կպատի նրանց: Նրանք կնստեն գետնին, կդողան ու ապշած քեզ կնայեն:+ 17 Նրանք ողբերգ կերգեն քո մասին+ ու կասեն քեզ.
«Ինչպե՜ս կործանվեցիր,+ ո՛վ փառաբանված քաղաք,
Ծովայիններով էիր դու բնակեցված:
Դու և քո բնակիչները զորավոր էիք ծովում,+
Երկրի բոլոր բնակիչներին սարսափ էիք ներշնչում:
18 Քո անկման օրը կղզիները կդողան:
Երբ կործանվես, ծովի կղզիները կտագնապեն»»:+
19 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Երբ քեզ անբնակ քաղաքների պես ամայի դարձնեմ, երբ քեզ հեղեղեմ ալեկոծ ջրերով, և հզոր ջրերը ծածկեն քեզ,+ 20 այդ ժամանակ քեզ և քեզ հետ եղողներին փոսը* կիջեցնեմ՝ նրանց մոտ, ովքեր վաղուց մահացել են: Քեզ կբնակեցնեմ երկրի ամենախորքում, որտեղ արդեն գտնվում են վաղուց ի վեր ավերված քաղաքները, կբնակեցնեմ նրանց հետ, ովքեր փոսն են իջել,+ և ոչ ոք այլևս չի բնակվի քո մեջ: Այնուհետև ես կփառավորեմ* ողջերի երկիրը:
21 Քեզ վրա անսպասելիորեն սարսափելի կործանում կբերեմ, և դու այլևս գոյություն չես ունենա:+ Քեզ կփնտրեն, բայց երբեք չեն գտնի»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»: