1 Թագավորներ
7 Սողոմոնը իր համար էլ տուն* կառուցեց:+ Ողջ շինարարությունը* նա ավարտին հասցրեց 13 տարում:+
2 Սողոմոնը կառուցեց նաև Լիբանանի անտառի տուն կոչվող շինությունը՝+ 100 կանգուն երկարությամբ, 50 կանգուն լայնությամբ և 30 կանգուն բարձրությամբ:* Տունը կառուցված էր չորս շարքով կանգնեցված սյուների վրա, որոնք մայրու փայտից էին պատրաստված, և դրանց վրա մայրու փայտից+ չորսուներ* կային: 3 Սյուների վրա դրված երկայնական հեծանների* վերևի հատվածում տունը երեսպատված էր մայրու տախտակներով. դրանց* թիվը ընդհանուր հաշվով 45 էր, ամեն շարքում՝ 15 տախտակ: 4 Շենքն ուներ շրջանակներով պատուհաններ՝ երեք շարքով: Յուրաքանչյուր պատուհանի հանդիպակաց կողմում մեկ ուրիշ պատուհան կար: 5 Հանդիպակաց եռաշար պատուհանների շրջանակների պես բոլոր մուտքերի դռներն ու կողափայտերը քառանկյուն* էին:
6 Սողոմոնը կառուցեց Սյուների սրահը, որի երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 30 կանգուն:* Այդ սրահի առաջ նախասրահ կար՝ սյուներով և ծածկով:
7 Նա կառուցեց նաև Գահի+ սրահը, այսինքն՝ Ատյանի սրահը, որտեղ դատեր էր վարելու:+ Հատակից մինչև առաստաղի չորսուները սրահը երեսպատեցին մայրու փայտով:
8 Տունը, որտեղ Սողոմոնը պետք է ապրեր, ուրիշ գավիթում էր՝+ Սրահի* հետևում: Այն նույն ձևով էր կառուցված: Այս Սրահի նման նա մի տուն էլ կառուցեց փարավոնի դստեր համար, որին կնության էր առել:+
9 Այս բոլոր շինությունները հիմքից մինչև պատի վերնամասը, ինչպես նաև դրսի մասը ընդհուպ մինչև մեծ գավիթ արժեքավոր քարերից+ էին կառուցված, որոնք կտրված էին ըստ չափի և քարի սղոցով բոլոր կողմերից տաշված էին:+ 10 Հիմքը դրված էր շատ մեծ և արժեքավոր քարերով. որոշ քարեր տասը կանգուն* էին, որոշ քարեր էլ՝ ութ:* 11 Իսկ դրանց վրա ուրիշ արժեքավոր քարեր էին դրված՝ կտրված ըստ չափի: Նաև մայրու փայտ էր օգտագործված: 12 Մեծ գավիթի շուրջբոլորը երեք շարք տաշված քարերով և մեկ շարք մայրու չորսուներով պատ էր շարված, ինչպես որ Եհովայի տան ներսի գավիթի+ ու դրա նախասրահի+ շուրջբոլորն էր:
13 Սողոմոն թագավորը Տյուրոսից կանչել տվեց Քիրամին:+ 14 Նա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր, իսկ նրա հայրը տյուրոսցի պղնձագործ էր:+ Քիրամը հմուտ ու փորձառու վարպետ էր և պղնձի* հետ կապված ամեն տեսակ գործից լավ հասկանում էր:+ Այսպիսով՝ նա եկավ Սողոմոն թագավորի մոտ և կատարեց նրա հանձնարարած բոլոր գործերը:
15 Քիրամը պղնձից երկու սյուն ձուլեց:+ Յուրաքանչյուրի բարձրությունը 18 կանգուն էր, իսկ շրջագիծը, լարով չափած, 12 կանգուն:*+ 16 Նա պղնձե երկու խոյակ* ձուլեց սյուների գլխին դնելու համար: Խոյակներից յուրաքանչյուրը հինգ կանգուն* էր: 17 Սյուների խոյակները զարդարված էին ցանցաձև և շղթայաձև հյուսվածքներով.+ յոթը մի խոյակի վրա էին, և յոթը՝ մյուս: 18 Սյունախոյակները զարդարելու համար նա նռներ պատրաստեց ու երկու շարքով շարեց յուրաքանչյուր հյուսվածքի շուրջը: Երկու սյունախոյակներն էլ նա այդպես զարդարեց: 19 Նախասրահի սյուների խոյակների՝ չորս կանգուն* չափով հատվածը շուշանաձև էր: 20 Երկու սյունախոյակների շուշանաձև հատվածը ուռուցիկ մասի վերևում էր՝ այն մասի, որը զարդարված էր ցանցաձև հյուսվածքով, և որի շուրջը շարքերով 200 նուռ կար:+
21 Քիրամը սյուները կանգնեցրեց տաճարի* նախասրահի մոտ:+ Մի սյունը կանգնեցրեց աջ* կողմում և կոչեց Հաքին,* իսկ մյուսը կանգնեցրեց ձախ* կողմում և կոչեց Բոոս:*+ 22 Սյուների վերնամասը շուշանաձև էր: Այսպիսով՝ սյուների հետ կապված աշխատանքներն ավարտվեցին:
23 Հետո նա ձուլածո կլոր ավազան պատրաստեց, որը կոչվում է ծով:+ Դրա մի եզրից մյուսը 10 կանգուն էր, բարձրությունը՝ 5 կանգուն, իսկ շրջագիծը, լարով չափած, 30 կանգուն էր:*+ 24 Եզրից ներքև՝ ծովի շուրջբոլորը, վայրի ձմերուկի նախշեր կային,+ յուրաքանչյուր մեկ կանգուն հատվածում՝ տասը նախշ: Ծովն ու դրա վրա արված երկու շարք նախշերը միաձույլ էին: 25 Այն դրված էր պղնձե 12 ցլերի վրա,+ որոնցից 3-ը նայում էին հյուսիս, 3-ը՝ արևմուտք, 3-ը՝ հարավ, և 3-ը՝ արևելք: Ծովը ցլերի վրա էր, և ցլերի հետնամասերը դեպի կենտրոնն էին ուղղված: 26 Ծովի պատի հաստությունը ձեռքի ափի լայնության* չափ էր, իսկ եզրը գավաթի եզրի պես էր արված՝ շուշան ծաղկի նման: Ծովի տարողությունը 2 000 մար* էր:
27 Հետո նա պղնձե տասը սայլ* պատրաստեց.+ ամեն մի սայլի երկարությունն ու լայնությունը չորս կանգուն էին, իսկ բարձրությունը՝ երեք կանգուն:* 28 Սայլերն այսպես էին պատրաստված. դրանց կողմնապատերը սալիկներից էին կազմված, և սալիկները շրջանակների մեջ էին առնված: 29 Կողմնապատերի սալիկների վրա առյուծներ,+ ցլեր և քերովբեներ+ էին պատկերված: Նույն բաները պատկերված էին նաև շրջանակների վրա: Իսկ առյուծներից ու ցլերից վերև ու ներքև գեղազարդային ուռուցիկ քանդակներ էին արված: 30 Սայլերից ամեն մեկը պղնձե չորս անիվ ու պղնձե սռնիներ* ուներ, որոնք ամրացված էին անկյունային չորս հենաձողերին: Ավազանի տակի հենաձողերը և դրանք զարդարող գեղազարդային քանդակները միաձույլ էին: 31 Ավազանի բերանը կլոր շրջանակի մեջ էր առնված: Ավազանի հատակից մինչև կլոր շրջանակը մեկ կանգուն* էր: Կլոր շրջանակը հենաձողերի հետ մեկուկես կանգուն* բարձրություն ուներ և ծառայում էր որպես հենակալ: Այդ շրջանակի վրա քանդակներ կային: Սալիկները քառանկյուն էին, ոչ թե կլոր: 32 Չորս անիվները կողմնապատերի տակ էին, իսկ անիվների սռնիները ամրացված էին սայլին: Յուրաքանչյուր անվի տրամագիծը մեկուկես կանգուն էր: 33 Այդ անիվները սովորական կառքի անիվների նման էին սարքված: Դրանց բոլոր կցորդիչները, անվագոտիները, ճաղերն ու անվակունդերը* ձուլածո էին: 34 Ամեն մի սայլի չորս անկյուններում չորս հենաձողեր կային: Այդ հենաձողերը սայլի հետ միաձույլ էին: 35 Սայլի վերնամասում կես կանգուն* լայնությամբ կլոր շրջանակ՝ օղակապ կար, և սայլի վերևի մասում եղող շրջանակներն ու սալիկները սայլի հետ միաձույլ էին: 36 Հետո, հաշվի առնելով առկա տարածությունը, Քիրամը շրջանակների ու սալիկների վրա քերովբեներ, առյուծներ ու արմավենիներ փորագրեց և շուրջբոլորը գեղազարդային քանդակներ արեց:+ 37 Տասը սայլերը նա այդպես պատրաստեց:+ Բոլորն էլ միևնույն ձուլվածքն ունեին՝+ նույն չափն ու ձևը:
38 Քիրամը նաև տասը պղնձե ավազան պատրաստեց:+ Ամեն մի ավազանի տարողությունը 40 մար* էր, իսկ տրամագիծը չորս կանգուն էր: Տասը սայլերից յուրաքանչյուրի վրա մեկ ավազան կար: 39 Ապա նա հինգ սայլը դրեց տան աջ կողմում, մյուս հինգ սայլը՝ ձախ կողմում, իսկ ծովը տեղադրեց տան աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք:+
40 Քիրամը+ պատրաստեց նաև տաշտեր, բահեր+ ու թասեր:+
Այսպիսով՝ Քիրամն ավարտեց Եհովայի տան հետ կապված բոլոր աշխատանքները, որոնք նա անում էր Սողոմոն թագավորի համար:+ 41 Նա պատրաստեց երկու սյուները+ և երկու գավաթաձև խոյակները, որ երկու սյուների վրա էին, երկու գավաթաձև սյունախոյակները զարդարող ցանցաձև հյուսվածքները,+ 42 երկու սյունախոյակների հյուսվածքների վրայի 400 նռները+ (երկու շարք՝ ամեն մի հյուսվածքի վրա. դրանք զարդարում էին երկու գավաթաձև սյունախոյակները), 43 տասը սայլերն+ ու սայլերի վրայի տասը ավազանները,+ 44 ծովը+ և այն պահող 12 ցլերը, 45 նաև դույլերը, բահերը, թասերն ու մյուս բոլոր պիտույքները: Այս ամենը, որ Քիրամը Սողոմոն թագավորի ասածով պատրաստեց Եհովայի տան համար, փայլեցված պղնձից էր: 46 Թագավորը դրանք կավե կաղապարների մեջ ձուլեց Հորդանանի շրջանում,* որը Սոկքոթի և Սարթանի միջև է:
47 Պիտույքներն այնքան շատ էին, որ Սողոմոնը չկշռեց դրանք, ուստի պղնձի կշիռը հայտնի չեղավ:+ 48 Սողոմոնը պատրաստեց Եհովայի տան բոլոր պատկանելիքները՝ խնկարկության ոսկե սեղանը,*+ Նրա առաջ դրվող հացերի ոսկե սեղանը,+ 49 մաքուր ոսկուց ճրագակալները+ (հինգը՝ աջ կողմում, և հինգը՝ ձախ կողմում՝ խորքի սենյակի առաջ), ոսկե ծաղիկներն+ ու ճրագները, այրված պատրույգը հանելու ունելիները,+ 50 մաքուր ոսկուց տարաները, պատրույգի մկրատները,+ թասերը, անոթները,+ այրուքի ամանները*+ և ոսկե փոսիկները, որոնց մեջ հագնում էին ներքին սենյակի,+ այսինքն՝ Սրբությունների Սրբության, ինչպես նաև Սրբության* դռների ծխնիները:+
51 Այսպիսով՝ Սողոմոն թագավորը ավարտեց Եհովայի տան հետ կապված բոլոր աշխատանքները: Այնուհետև նա իր հայր Դավթի նվիրաբերած* իրերը՝+ արծաթը, ոսկին ու բոլոր առարկաները, բերեց ու Եհովայի տան գանձարաններում դրեց:+