Դատավորներ
9 Հերոբահաղի որդին՝ Աբիմելեքը,+ գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, և նրանց ու իր մորական պապի ողջ գերդաստանին ասաց. 2 «Խնդրում եմ, Սյուքեմի բոլոր առաջնորդներին* ասեք. «Ո՞րն է ձեզ համար լավ, որ Հերոբահաղի+ բոլոր 70 որդինե՞րն իշխեն ձեզ վրա, թե՞ որ մեկ մարդ իշխի: Հիշեք, որ ես ձեր միսն ու արյունն եմ»»:*
3 Նրա մոր եղբայրները այս բոլոր խոսքերը հաղորդեցին Սյուքեմի բոլոր առաջնորդներին, ու նրանց սիրտը հակվեց Աբիմելեքի կողմը: Նրանք որոշեցին հետևել նրան, որովհետև ասացին. «Նա մեր եղբայրն է»: 4 Նրանք Բահաղ-Բերիթի+ տնից* Աբիմելեքին 70 կտոր արծաթ տվեցին: Դրանցով նա անբան և անպատկառ մարդիկ վարձեց, որ իրեն միանան: 5 Հետո գնաց Եփրա՝+ իր հոր տուն, ու սպանեց իր եղբայրներին՝+ Հերոբահաղի որդիներին՝ 70 մարդու մի քարի վրա: Միայն Հերոբահաղի կրտսեր որդին՝ Հովաթամը կենդանի մնաց, որովհետև թաքնվել էր:
6 Այնուհետև Սյուքեմի բոլոր առաջնորդները և ամբողջ Բեթ-Մելոնը մեկտեղ հավաքվեցին և Սյուքեմում գտնվող սյան մոտ, որը մեծ ծառի մոտ էր, Աբիմելեքին թագավոր դարձրին:+
7 Երբ այդ մասին հայտնեցին Հովաթամին, նա անմիջապես գնաց ու կանգնեց Գարիզին լեռան+ գագաթին և բարձր ձայնով ասաց նրանց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Սյուքեմի առաջնորդներ, և Աստված էլ ձեզ կլսի:
8 Մի անգամ ծառերը գնացին իրենց համար թագավոր օծելու: Նրանք ասացին ձիթենուն. «Մեր թագավո՛րը դարձիր»:+ 9 Բայց ձիթենին ասաց նրանց. «Թողնեմ իմ յուղը,* որով փառաբանում են Աստծուն ու մարդկանց, և գնամ մյուս ծառերի վրա՞ իշխեմ»:* 10 Հետո ծառերը թզենո՛ւն ասացին. «Ե՛կ ու մեր թագավո՛րը դարձիր»: 11 Բայց թզենին ասաց նրանց. «Իմ քաղցրությունն ու իմ լավ պտուղները թողնեմ և գնամ մյուս ծառերի վրա՞ իշխեմ»: 12 Ապա ծառերը խաղողի վազի՛ն ասացին. «Ե՛կ ու մեր թագավո՛րը դարձիր»: 13 Խաղողի վազը պատասխանեց նրանց. «Թողնեմ իմ նոր գինին, որ ուրախացնում է Աստծուն ու մարդկանց, և գնամ մյուս ծառերի վրա՞ իշխեմ»: 14 Ի վերջո բոլոր ծառերը դժնիկի՛ն* ասացին. «Ե՛կ ու մեր թագավո՛րը դարձիր»:+ 15 Դժնիկն ասաց ծառերին. «Եթե դուք իսկապես ուզում եք ինձ թագավոր օծել, եկեք ու ապաստան փնտրեք իմ ստվերի տակ: Իսկ եթե ոչ, ապա ինձնից կրակ դուրս կգա ու կլափի Լիբանանի մայրիները»:
16 Եվ հիմա մտածեք. մի՞թե դուք անկեղծությամբ ու ազնվությամբ գործեցիք՝ Աբիմելեքին թագավոր դարձնելով,+ և մի՞թե բարությամբ վարվեցիք Հերոբահաղի ու նրա տնեցիների հանդեպ: Մի՞թե նրա հետ ըստ արժանվույն վարվեցիք: 17 Երբ իմ հայրը կռվեց ձեզ համար,+ իր կյանքը* վտանգի ենթարկեց, որպեսզի Մադիանի ձեռքից ազատի ձեզ:+ 18 Բայց դուք այսօր դուրս եք եկել իմ հոր ընտանիքի դեմ ու սպանել եք նրա որդիներին՝ 70 հոգու մի քարի վրա,+ իսկ նրա աղախնի որդուն՝+ Աբիմելեքին, Սյուքեմի թագավորն եք դարձրել զուտ այն պատճառով, որ նա ձեր եղբայրն է: 19 Եթե դուք այսօր անկեղծությամբ ու ազնվությամբ վարվեցիք Հերոբահաղի ու նրա տնեցիների հետ, ապա ուրախացեք Աբիմելեքով, և նա էլ թող ձեզանով ուրախանա: 20 Իսկ եթե ոչ, այդ դեպքում թող կրակ դուրս գա Աբիմելեքից և լափի Սյուքեմի առաջնորդներին ու Բեթ-Մելոնը,+ և թող կրակ դուրս գա Սյուքեմի առաջնորդներից ու Բեթ-Մելոնից և լափի Աբիմելեքին»:+
21 Դրանից հետո Հովաթամը+ փախուստի դիմեց: Նա փախավ Բեեր և այնտեղ բնակվեց, որովհետև վախենում էր իր եղբայր Աբիմելեքից:
22 Աբիմելեքը երեք տարի իշխեց* Իսրայելում: 23 Այնուհետև Աստված թույլ տվեց, որ թշնամություն առաջանա* Աբիմելեքի և Սյուքեմի առաջնորդների միջև, ու նրանք նենգաբար վարվեցին Աբիմելեքի հետ: 24 Դա տեղի ունեցավ, որպեսզի Հերոբահաղի 70 որդիների դաժան սպանության համար վրեժ առնվի, և որպեսզի նրանց եղբայրը՝ Աբիմելեքը, որը սպանեց նրանց,+ և Սյուքեմի առաջնորդները, որոնք օգնեցին նրան սպանելու իր եղբայրներին, պատասխան տան թափված արյան համար: 25 Ուստի Սյուքեմի առաջնորդները նրան վնասելու համար լեռների գլուխներին դարանակալներ դրեցին, որոնք կողոպտում էին իրենց մոտի ճանապարհով անցնողներին: Այս մասին տեղեկացրին Աբիմելեքին:
26 Աբեդի որդին՝ Գաալը, ու նրա եղբայրները գնացին Սյուքեմ, և Գաալը շահեց Սյուքեմի+ առաջնորդների վստահությունը: 27 Սյուքեմի բնակիչները գնացին իրենց խաղողի այգիները, հավաքեցին խաղողը, տրորեցին հնձանում և տոնախմբություն արեցին, իսկ հետո գնացին իրենց աստծու տուն,+ կերան, խմեցին ու անիծեցին Աբիմելեքին: 28 Աբեդի որդին՝ Գաալը, ասաց. «Ո՞վ է Աբիմելեքը՝ Հերոբահաղի+ որդին, և ո՞վ է Զեբուղը՝ Սյուքեմի ներկայացուցիչը, որ նրանց ծառայենք: Սյուքեմի հոր՝ Եմորի մարդկանց ծառայեք: Ինչո՞ւ պետք է Աբիմելեքին ծառայենք: 29 Երանի՜ թե այս ժողովուրդն իմ իշխանության տակ լիներ, այդ ժամանակ ես կհեռացնեի Աբիմելեքին»: Հետո նա Աբիմելեքին մարտահրավեր նետեց՝ ասելով. «Ավելացրու զորքիդ թիվը և արի կռվենք»:
30 Երբ քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդի որդու՝ Գաալի խոսքերը, նրա զայրույթը բորբոքվեց: 31 Նա գաղտնաբար* պատգամաբերներ ուղարկեց Աբիմելեքի մոտ՝ ասելով. «Ահա Աբեդի որդին՝ Գաալը, և նրա եղբայրները Սյուքեմում են ու քաղաքը քո դեմ են հանում: 32 Ուստի դու և քո մարդիկ գիշերով գնացեք ու դարանամուտ եղեք դաշտում: 33 Վաղ առավոտյան, երբ արևը ծագի, հարձակվեք քաղաքի վրա: Եվ երբ նա իր մարդկանց հետ դուրս գա քո դեմ, ձեռքիցդ եկածն արա, որ հաղթես նրան»:
34 Աբիմելեքը և նրա հետ եղող բոլոր մարդիկ գիշերով վեր կացան ու չորս գնդի բաժանվելով՝ Սյուքեմի դեմ դարան մտան: 35 Հաջորդ օրը, երբ Գաալը՝ Աբեդի որդին, գնաց ու կանգնեց քաղաքի դարպասի մուտքի մոտ, Աբիմելեքը և իր հետ եղող մարդիկ դուրս եկան դարանից: 36 Տեսնելով մարդկանց՝ Գաալն ասաց Զեբուղին. «Տե՛ս, սարերի գլխից մարդիկ են իջնում»: Սակայն Զեբուղը պատասխանեց նրան. «Սարերի ստվերները աչքիդ մարդիկ են երևում»:
37 Որոշ ժամանակ անց Գաալը նորից ասաց. «Տե՛ս, մարդիկ են իջնում երկրի կենտրոնից, և մի գունդ էլ գալիս է Մեոնենիմի մեծ ծառի կողմից»: 38 Զեբուղն էլ ասաց նրան. «Ո՞ւր մնաց քո մեծ-մեծ խոսելը, որ ասում էիր. «Աբիմելեքն ո՞վ է, որ նրան ծառայենք»:+ Սրանք այն մարդիկ չե՞ն, որոնց դեմ դու խոսում էիր: Դե հիմա վե՛ր կաց ու կռվի՛ր նրանց դեմ»:
39 Ուստի Գաալը, գլխավորելով Սյուքեմի առաջնորդներին, կռվեց Աբիմելեքի դեմ: 40 Աբիմելեքը հետապնդեց Գաալին, և նա փախավ: Շատերը սպանված ընկան դեպի քաղաքի դարպասը տանող ճանապարհին:
41 Աբիմելեքը շարունակեց ապրել Արումայում, իսկ Զեբուղը+ Գաալին ու նրա եղբայրներին վռնդեց Սյուքեմից: 42 Հաջորդ օրը մարդիկ դաշտ դուրս եկան, և այդ մասին Աբիմելեքին իմաց տվին: 43 Նա էլ իր մարդկանց երեք գնդի բաժանեց ու դաշտում դարան մտավ: Երբ տեսավ, որ քաղաքից մարդիկ են դուրս գալիս, հարձակվեց նրանց վրա ու կոտորեց: 44 Աբիմելեքը և նրա հետի մարդիկ առաջ շարժվեցին ու կանգնեցին քաղաքի դարպասի առաջ, իսկ այդ ընթացքում երկու գնդերը հարձակվեցին դաշտում գտնվողների վրա և կոտորեցին նրանց: 45 Այդ ամբողջ օրը Աբիմելեքը կռվեց քաղաքի դեմ ու գրավեց այն: Նա սպանեց այնտեղի ժողովրդին, ապա քաղաքը ավերեց+ և այնտեղ աղ ցանեց:
46 Երբ Սյուքեմի աշտարակի առաջնորդներն իմացան այս մասին, անմիջապես գնացին Էլ-Բերիթի*+ տան* ապաստարանը: 47 Աբիմելեքին տեղեկացրին, որ Սյուքեմի աշտարակի բոլոր առաջնորդները մեկտեղ են հավաքվել: 48 Աբիմելեքը և նրա հետ եղող բոլոր մարդիկ բարձրացան Սելմոն լեռը: Նա կացինը ձեռքն առավ, ծառից մի ճյուղ կտրեց, դրեց ուսին և ասաց իր հետ եղողներին. «Ինչ որ ես արեցի, դուք էլ շտապ նույն բանն արեք»: 49 Ուստի բոլորը ճյուղեր կտրեցին ու գնացին Աբիմելեքի հետևից: Ապա ճյուղերը դրեցին ապաստարանի շուրջը և այն հրի մատնեցին: Սյուքեմի աշտարակում եղած բոլոր մարդիկ մեռան՝ մոտ 1 000 հոգի՝ տղամարդ թե կին:
50 Այնուհետև Աբիմելեքը գնաց Թեբես, բանակ դրեց դրա դիմաց և զավթեց այն: 51 Քաղաքի մեջտեղում մի ամուր աշտարակ կար: Բոլոր տղամարդիկ ու կանայք, ինչպես նաև քաղաքի բոլոր առաջնորդները փախան այդ աշտարակ, փակվեցին այնտեղ ու դրա կտուրը բարձրացան: 52 Աբիմելեքը շարժվեց դեպի աշտարակը և այն պաշարեց: Նա մոտեցավ աշտարակի մուտքին, որպեսզի այրի այն: 53 Այդ ժամանակ մի կին աղացքար գցեց Աբիմելեքի գլխին ու ջարդեց նրա գանգը:+ 54 Նա իսկույն ձայն տվեց իր զինակրին՝ ասելով. «Հանի՛ր սուրդ ու սպանի՛ր ինձ, որ իմ մասին չասեն. «Մի կին սպանեց նրան»»: Զինակիրը խոցեց նրան, և նա մեռավ:
55 Երբ իսրայելացիները տեսան, որ Աբիմելեքը մեռավ, տուն վերադարձան: 56 Այդպես Աստված Աբիմելեքին հատուցեց այն չարության դիմաց, որ նա գործել էր իր հոր դեմ՝ սպանելով իր 70 եղբայրներին:+ 57 Աստված նաև Սյուքեմի բնակիչների բոլոր չարագործությունները նրանց գլխին բերեց, և այդպիսով Հերոբահաղի+ որդու՝ Հովաթամի+ անեծքը նրանց վրա կատարվեց: