1 Թեսաղոնիկեցիներ
3 Ձեր մասին տեղեկություն չունենալով՝ այլևս չկարողացանք* համբերել ու որոշեցինք այսպես վարվել. մենք մնանք Աթենքում,+ 2 իսկ Տիմոթեոսին՝+ մեր եղբորը և Աստծու ծառային,* որը Քրիստոսի մասին բարի լուրն է հռչակում, ուղարկենք ձեզ մոտ: Ուղարկեցինք, որ զորացնի ու մխիթարի ձեզ՝ այդպիսով ամրացնելով ձեր հավատը, 3 որպեսզի չսասանվեք այդ նեղություններից: Դուք ինքներդ էլ գիտեք, որ չենք կարող խուսափել նման բաներից:+ 4 Չէ՞ որ երբ ձեզ հետ էինք, նախազգուշացնում էինք, որ պետք է նեղություններ կրենք, և հիմա, ինչպես տեսնում եք, հենց այդպես էլ լինում է:+ 5 Դրա համար, ձեզնից լուր չունենալով, այլևս չկարողացա համբերել և Տիմոթեոսին ուղարկեցի հավաստիանալու, որ հավատարիմ եք:+ Ես մտավախություն ունեի, որ միգուցե Փորձիչը ձեզ ինչ-որ ձևով+ մեղքի մեջ գցած լինի, և մեր կատարած աշխատանքն ապարդյուն լինի:
6 Բայց Տիմոթեոսը, ով հենց նոր է վերադարձել ձեր մոտից,+ լավ լուր է բերել՝ պատմելով ձեր հավատարմության ու սիրո մասին: Նա ասում է, որ դուք միշտ ջերմությամբ եք հիշում մեզ և շատ եք ուզում մեզ տեսնել, ինչպես որ մենք էլ՝ ձեզ: 7 Ուստի, եղբայրնե՛ր, չնայած մեր նեղությանը և դժվարություններին՝ ձեր հավատարմության մասին լուրը մխիթարեց մեզ:+ 8 Հիմա երբ գիտենք, որ դուք՝ որպես Տիրոջ հետևորդներ, հաստատ կանգնած եք, կյանքով ենք լցվել: 9 Այնքա՜ն մեծ ուրախություն եք պատճառել մեզ, որ չգիտենք՝ ինչպես շնորհակալություն հայտնենք Աստծուն դրա համար: 10 Մենք գիշեր-ցերեկ Աստծուն թախանձագին աղերսում ենք, որ կարողանանք տեսնել ձեզ և փոխանցել այն, ինչ պակասում է ձեր հավատն ամրացնելու համար:+
11 Թող որ Աստված՝ մեր Հայրը, և մեր Տեր Հիսուսը ճանապարհ հարթեն մեզ համար, որ կարողանանք գալ ձեզ մոտ: 12 Եվ թող Տերը օգնի, որ ձեր սերը ավելանա, այո՛, որ շատ սիրեք իրար+ և մյուս բոլոր մարդկանց, ինչպես մենք ենք ձեզ շատ սիրում: 13 Այդպիսով դուք* անկոտրում կդառնաք և սուրբ ու անմեղադրելի կլինեք մեր Աստծու՝ Հոր առաջ+ մեր Տեր Հիսուսի ներկայության ժամանակ,+ երբ նրա բոլոր սրբերը* իր հետ լինեն: