Դատավորներ
7 Հերոբահաղը, այսինքն՝ Գեդեոնը,+ և նրա հետ եղող ողջ ժողովուրդը վաղ առավոտյան վեր կացան ու բանակ դրեցին Հարոդի աղբյուրի մոտ, իսկ Մադիանի բանակը դրանից հյուսիս էր՝ Մորե բլրի մոտ՝ դաշտահովտում: 2 Եհովան ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղող մարդիկ չափից շատ են: Դրա համար չեմ ուզում Մադիանին նրանց ձեռքը մատնել,+ որ չլինի թե Իսրայելը պարծենա և ասի. «Իմ ձեռքով փրկվեցի»:+ 3 Ուստի խնդրում եմ, ռազմիկների առաջ այս հայտարարությունն արա. «Ով վախենում ու սարսռում է, թող հետ դառնա տուն»»:+ Այսպես Գեդեոնը փորձեց նրանց: Ռազմիկներից 22 000-ը հետ դարձավ տուն. մնաց 10 000-ը:
4 Սակայն Եհովան ասաց Գեդեոնին. «Ռազմիկները դեռ չափազանց շատ են: Ասա նրանց՝ ջրի մոտ իջնեն, որ այնտեղ ստուգեմ նրանց: Ում համար ասեմ, թե այս մեկը կգա քեզ հետ, նա էլ կգա, իսկ ում համար ասեմ, թե նա չի գա քեզ հետ, նա չի գա»: 5 Եվ Գեդեոնը ռազմիկներին ջրի մոտ տարավ:
Հետո Եհովան ասաց նրան. «Այն ռազմիկներին, ովքեր շան նման լեզվով կլակեն ջուրը, առանձին կանգնեցրու նրանցից, ովքեր ծնկաչոք կխմեն»: 6 Նրանք, ովքեր ջուրը լակեցին՝ ձեռքը բերանը տանելով, թվով 300 հոգի էին: Իսկ մյուսները ջուր խմելու համար իրենց ծնկների վրա իջան:
7 Եհովան ասաց Գեդեոնին. «Ես ձեզ կփրկեմ այն 300 մարդկանց միջոցով, ովքեր լակելով խմեցին ջուրը, ու մադիանացիներին քո ձեռքը կտամ:+ Իսկ մյուսները թող տուն վերադառնան»: 8 Այսպիսով՝ 300 ռազմիկները մյուսներից վերցրին ուտելիքի պաշարն ու եղջերափողերը: Գեդեոնը պահեց միայն այդ 300 հոգուն, իսկ մյուսներին տուն ուղարկեց: Մադիանի բանակատեղին ներքևում էր՝ դաշտահովտում:+
9 Այդ գիշեր Եհովան ասաց նրան. «Վե՛ր կաց ու հարձակվի՛ր բանակի վրա, որովհետև քո ձեռքն եմ տվել այն:+ 10 Բայց եթե վախենում ես հարձակվել, քո ծառա Փուրայի հե՛տ իջիր բանակատեղի: 11 Լսի՛ր, թե նրանք ինչ են խոսում, և այդ ժամանակ քաջություն կունենաս* հարձակվելու բանակի վրա»: Եվ Գեդեոնը իր ծառայի՝ Փուրայի հետ մոտեցավ թշնամու բանակին:
12 Մադիանացիները, ամաղեկացիներն ու արևելցիները+ մորեխների երամի պես ծածկել էին դաշտահովիտը: Նրանց ուղտերին թիվ չկար.+ դրանք ծովափի ավազահատիկների չափ շատ էին: 13 Երբ Գեդեոնը եկավ բանակատեղի, լսեց, որ մի մարդ երազ է պատմում իր ընկերոջը: Նա ասում էր. «Երազում տեսա, որ գարուց պատրաստված մի կլոր հաց գլորվում էր դեպի մադիանացիների բանակը: Այն հասավ մի վրանի ու դրան այնքան ուժգին հարվածեց, որ այն փլվեց.+ վրանը գլխիվայր շրջվեց ու գետնին հավասարվեց»: 14 Նրա ընկերն ասաց. «Դա կարող է լինել միայն իսրայելացի Հովասի որդու՝ Գեդեոնի սուրը:+ Աստված մադիանացիներին ու ողջ բանակը նրա ձեռքն է տվել»:+
15 Երբ Գեդեոնը լսեց երազը և դրա մեկնությունը,+ խոնարհվեց ու երկրպագեց Աստծուն: Դրանից հետո նա վերադարձավ Իսրայելի բանակատեղի և ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Եհովան մադիանացիների բանակը ձեր ձեռքն է տվել»: 16 Այնուհետև նա 300 ռազմիկներին երեք գնդի բաժանեց և նրանց բոլորին եղջերափողեր+ ու դատարկ մեծ սափորներ տվեց, մեջը՝ ջահեր, 17 և ասաց. «Նայե՛ք ինձ ու արե՛ք այն, ինչ ես կանեմ: Երբ մոտենամ բանակի ծայրին, ինչպես որ ես անեմ, այնպես էլ դո՛ւք արեք: 18 Հենց որ ես ու ինձ հետ եղողները եղջերափողերը փչենք, դո՛ւք էլ ամբողջ բանակի շուրջը փչեք եղջերափողերը և բղավեք. «Եհովայի և Գեդեոնի սո՛ւրը»»:
19 Երբ գիշերվա երկրորդ պահը* նոր էր սկսվել, և ժամապահները նոր էին փոխվել, Գեդեոնն ու իր հետ եղող 100 մարդիկ մոտեցան բանակի ծայրին: Նրանք փչեցին եղջերափողերը+ և կոտրեցին իրենց ձեռքերում բռնած ջրի մեծ սափորները:+ 20 Այսպիսով՝ երեք գնդերը փչեցին եղջերափողերը և կոտրեցին սափորները: Ապա ձախ ձեռքով վերցրին ջահերը, փչեցին աջ ձեռքով բռնած եղջերափողերը ու բղավեցին. «Եհովայի և Գեդեոնի սո՛ւրը»: 21 Այդ ամբողջ ընթացքում նրանցից յուրաքանչյուրը կանգնած էր իր տեղում՝ բանակի շուրջբոլորը: Ողջ բանակը սկսեց գոռգոռալ ու փախչել:+ 22 300 մարդիկ շարունակեցին փչել եղջերափողերը, ու Եհովան ողջ բանակում ամեն մեկի սուրը մյուսի դեմ դարձրեց:+ Զորքը փախավ մինչև Բեթ-Ասետա՝ հասնելով Սարերա, և մինչև Աբել-Մաուլայի+ սահմանը՝ Տաբեթի մոտ:
23 Իսրայելի տղամարդիկ կանչվեցին Նեփթաղիմի, Ասերի ցեղերից, ինչպես նաև ամբողջ Մանասեի ցեղից,+ և նրանք հետապնդեցին մադիանացիներին: 24 Գեդեոնը պատգամաբերներ ուղարկեց Եփրեմի ողջ լեռնային շրջան, որ ասեն. «Իջե՛ք, հարձակվե՛ք մադիանացիների վրա և զավթե՛ք ինչպես Հորդանանի, այնպես էլ մյուս գետերի ծանծաղուտները մինչև Բեթ-Բարա»: Ուստի Եփրեմի բոլոր տղամարդիկ հավաքվեցին ու զավթեցին Հորդանանի և մյուս գետերի ծանծաղուտները մինչև Բեթ-Բարա: 25 Նրանք նաև բռնեցին մադիանացիների երկու իշխաններին՝ Օրեբին ու Զեբին. Օրեբին սպանեցին Օրեբի ժայռի+ վրա, իսկ Զեբին՝ Զեբի հնձանի մոտ: Նրանք շարունակեցին հետապնդել մադիանացիներին+ և Օրեբի ու Զեբի գլուխները բերեցին Գեդեոնի մոտ՝ Հորդանանի տարածք: