Երեմիա
15 Եհովան ասաց ինձ. «Եթե անգամ Մովսեսն ու Սամուելը իմ առաջ կանգնեին,+ ես այս ժողովրդի հանդեպ բարեհաճ չէի լինի: Քշի՛ր նրանց իմ առաջից, թող գնա՛ն: 2 Եվ եթե քեզ հարցնեն՝ «Ո՞ւր գնանք», նրանց ասա. «Եհովան ասում է.
«Ոմանք մահացու հիվանդությունից կմեռնեն,
Ոմանք սրով կսպանվեն,+
Ոմանք սովամահ կլինեն,
Ուրիշներն էլ կգերեվարվեն»»:+
3 Նրանց վրա չորս աղետ* եմ բերելու,+– ասում է Եհովան.– սուր՝ սպանելու համար, շներ՝ պատառոտելու համար, թռչուններ ու գազաններ՝ խժռելու և ոչնչացնելու համար:+ 4 Այն չարիքի պատճառով, որ Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեն գործեց Երուսաղեմում,+ ես կպատժեմ նրանց և այնպես կանեմ, որ երկրի բոլոր թագավորությունների համար նրանք ահազդու տեսարան դառնան:+
6 Դու լքել ես ինձ,– ասում է Եհովան:+–
Դու թիկունք ես դարձնում ինձ:*+
Ուստի ես կմեկնեմ ձեռքս ու կկործանեմ քեզ:+
Հոգնել եմ քեզ խղճալուց:
Բնաջնջելու եմ իմ ժողովրդին,
Որովհետև նա չի ուզում հետ դառնալ իր բռնած ուղուց:+
8 Ես այնպես կանեմ, որ նրանց այրիները ծովի ավազահատիկներից շատ դառնան:
Կեսօրին ես կողոպտիչ կուղարկեմ նրանց դեմ՝ մոր ու երիտասարդի դեմ,
Հանկարծակի ահուսարսափի մեջ կգցեմ:
9 Յոթ զավակ ծնած կինը ուժասպառ է եղել,
Նա ծանր է շնչում:
Նրա արևը մայր է մտել, թեև օրը դեռ չի ավարտվել:
Նա* ամաչում է ու նվաստացած է:
Նրանց միջի ողջ մնացածներին
Թշնամու սրին եմ մատնելու,– ասում է Եհովան»:+
10 Վա՜յ ինձ, մա՛յր իմ, որովհետև դու ծնեցիր ինձ՝+
Մեկին, ում հետ վիճում ու վիճաբանում է ամբողջ երկիրը:
Ես պարտք չեմ տվել և չեմ վերցրել,
Բայց բոլորն անիծում են ինձ:
11 Եհովան ասաց. «Ես անպայման օգնելու եմ* քեզ:
Աղետի օրը՝ նեղության ժամանակ,
Ես կբարեխոսեմ քեզ համար թշնամու առաջ:
12 Կարո՞ղ է ինչ-որ մեկը կոտրել երկաթը՝
Հյուսիսի երկաթը, ինչպես նաև պղինձը:
13 Քո հարստությունն ու գանձերը ես որպես ավար կտամ թշնամիներիդ:+
Դրանք ձրի կտամ բոլոր մեղքերիդ պատճառով, որ գործել ես քո երկրի ամեն մի անկյունում:
14 Ես դրանք քո թշնամիներին կտամ,
Որ տանեն քեզ համար անծանոթ մի երկիր,+
Քանի որ իմ բարկության կրակը բռնկվել է
Եվ բորբոքվում է քո դեմ»:+
15 Դու գիտես, թե ինչպես եմ տառապում, ո՜վ Եհովա:
Հիշիր ինձ և ուշադրություն դարձրու,
Իմ վրեժն առ ինձ հալածողներից:+
Թույլ մի՛ տուր՝ կործանվեմ* այն պատճառով, որ զսպում ես բարկությունդ:
Իմացիր, որ հանուն քեզ եմ նախատինք կրում:+
16 Քո խոսքերը գտա ու կերա դրանք,+
Եվ քո խոսքն ինձ համար ցնծություն և սրտիս ուրախությունը դարձավ,
Քանի որ քո անունն եմ կրում, ո՛վ Եհովա Աստված՝ Զորքերի՛ տեր:
17 Ես չեմ նստում այն մարդկանց հետ, ովքեր սիրում են ուրախ ժամանակ անցկացնել և զվարճանալ:+
Քո ձեռքն առաջնորդում է ինձ, այդ պատճառով ես մենակ եմ նստել.
Չէ՞ որ բարկությամբ* ես ինձ լցրել:+
18 Ինչո՞ւ իմ ցավը չի հանդարտվում, իմ վերքն ինչո՞ւ է անդարմանելի
Ու ոչ մի կերպ բուժվել չի ուզում:
Մի՞թե ինձ համար խաբուսիկ ջրի աղբյուր ես դարձել,
Որի վրա հույս դնել չի կարելի:
19 Դրա համար էլ Եհովան ասում է.
«Եթե վերադառնաս ինձ մոտ, ես դարձյալ բարեհաճ կլինեմ քո հանդեպ,
Եվ դու նորից կծառայես ինձ:*
Եթե արժեքավոր բաները առանձնացնես անարժեքներից,
Իմ անունից կխոսես:*
Նրանք ստիպված կլինեն ուշադրություն դարձնել քո խոսքերին,
Բայց դու նրանց խոսքերին ուշադրություն չես դարձնի:*
20 Ես քեզ պղնձե ամուր պարիսպ կդարձնեմ այս ժողովրդի համար:+
Նրանք կկռվեն քո դեմ, բայց չեն հաղթի,+
Որովհետև ես քեզ հետ եմ, որպեսզի փրկեմ ու ազատեմ քեզ,– ասում է Եհովան:–
21 Ես ազատելու եմ քեզ չարագործների ձեռքից
Ու փրկելու եմ դաժան մարդկանցից»: