1 Կորնթացիներ
16 Ինչ վերաբերում է սրբերի* համար փող հավաքելուն,+ ապա դուք էլ կարող եք հետևել այն հրահանգներին, որ տվել եմ Գաղատիայի ժողովներին: 2 Ձեզնից ամեն մեկը թող շաբաթվա առաջին օրը իր հնարավորությունների սահմաններում ինչ-որ բան մի կողմ դնի, որ հավաքելը չսկսվի այն ժամանակ, երբ ես գամ: 3 Իսկ երբ գամ, նամակներում ձեր երաշխավորած մարդկանց կուղարկեմ+ Երուսաղեմ, որ տանեն ձեր սրտագին նվերը: 4 Բայց եթե նպատակահարմար լինի, որ ես էլ գնամ այնտեղ, նրանք ինձ հետ կգան:
5 Որոշել եմ անցնել Մակեդոնիայի տարածքով, այնտեղից էլ կգամ ձեզ մոտ:+ 6 Հնարավոր է՝ մի որոշ ժամանակ մնամ ձեզ մոտ և նույնիսկ ձմեռը այդտեղ անցկացնեմ: Իսկ հետո ուր որ գնալու լինեմ, ճանապարհի մի մասը գուցե ուղեկցեք ինձ: 7 Չեմ ուզում հիմա գալ, որովհետև այցս կարճատև կլինի: Հույս ունեմ որոշ ժամանակ ձեզ մոտ մնալ,+ եթե Եհովան* թույլ տա: 8 Իսկ առայժմ մինչև Պենտեկոստեի տոնը կմնամ Եփեսոսում,+ 9 որովհետև գործունեության լայն դուռ է բացվել իմ առաջ,+ թեև հակառակորդները շատ են:
10 Եթե Տիմոթեոսը+ գա այդտեղ, այնպես արեք, որ մտավախություններ չունենա: Նա էլ ինձ պես Եհովայի գործն է անում:+ 11 Ուստի ոչ ոք թող վերևից չնայի նրան: Երբ ինձ մոտ գալու լինի, ճանապարհեք նրան, որ ապահով տեղ հասնի: Ես սպասում եմ նրան եղբայրների հետ:
12 Իսկ ինչ վերաբերում է Ապողոսին՝+ մեր եղբորը, նրան հորդորեցի, որ եղբայրների հետ ձեզ մոտ գա, բայց նա որոշեց հիմա չգալ. կգա, երբ հանգամանքները թույլ տան:
13 Արթուն մնացեք,+ հավատի մեջ հաստատուն եղեք,+ քաջ եղեք,*+ զորացեք:+ 14 Թող ձեր բոլոր գործերի մեջ սեր լինի:+
15 Եղբայրնե՛ր, ինչպես գիտեք, Ստեփանասի տնեցիները Աքայայում առաջին հավատացյալներն են* և իրենց անձերը նվիրել են սրբերին օգնելուն:* Ուստի հորդորում եմ ձեզ, 16 որ նաև շարունակեք հպատակվել այդպիսի մարդկանց և բոլոր նրանց, ովքեր համագործակցում են մեզ հետ ու շատ ջանք են թափում:+ 17 Ես ուրախ եմ, որ Ստեփանասը,+ Ֆորտունատոսը և Աքայիկոսը եկել են ինձ մոտ, որովհետև նրանք լրացնում են ձեր այստեղ չլինելու բացը: 18 Նրանք թե՛ ինձ, թե՛ ձեզ համար քաջալերանքի աղբյուր եղան: Գնահատեք այդպիսի մարդկանց:
19 Ասիայի ժողովները բարևներ են ուղարկում ձեզ: Իրենց ջերմ քրիստոնեական ողջույններն են հղում նաև Ակյուղասը, Պրիսկան և իրենց տանը հավաքվող ժողովը:+ 20 Բոլոր եղբայրները բարևում են ձեզ: Ողջունեք միմյանց ջերմ* համբույրով:
21 Սա էլ իմ՝ Պողոսիս ողջույնը, որ գրում եմ իմ ձեռքով:
22 Ով չի սիրում Տիրոջը, թող անիծյալ լինի: Ո՛վ մեր Տեր, ե՛կ: 23 Թող Տեր Հիսուսը շարունակի անզուգական բարություն դրսևորել ձեր հանդեպ: 24 Միշտ հիշեք, որ սիրում եմ բոլորիդ՝ Քրիստոս Հիսուսի աշակերտներիդ: