«Արթուն կացէք»
«Ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում. Արթուն կացէք» (ՄԱՐԿՈՍ 13։37)։
1, 2. ա) Ի՞նչ դաս քաղեց մի մարդ ունեցվածքը պահպանելու վերաբերյալ։ բ) Արթուն մնալու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում գողի մասին Հիսուսի պատմած օրինակից։
ԽՈՒԱՆՆ իր թանկարժեք իրերը տանն էր պահում։ Նա դրանք տեղավորել էր իր անկողնու տակ. այդ տեղը, նրա կարծիքով, ամենաապահովն էր տան մեջ։ Բայց մի գիշեր, երբ նա ու իր կինը քնած էին, գող մտավ նրանց ննջասենյակ։ Ինչպես երևում է, գողը գիտեր թանկարժեք իրերի տեղը։ Նա անկողնու տակից անձայն հանեց բոլոր թանկարժեք իրերը, վերցրեց նաև Խուանի փողերը, որ նա դրել էր անկողնու մոտ գտնվող սեղանի դարակում։ Առավոտյան Խուանի համար պարզ դարձավ, որ գողություն է կատարվել։ Նա դեռ երկար էր հիշելու այս ցավալի դեպքը, որից հետևյալ դասը քաղեց. քնած մարդը չի կարող հսկել իր ունեցվածքը։
2 Այս միտքը ճիշտ է նաև հոգևոր իմաստով։ Մենք չենք կարող պահպանել մեր հույսն ու հավատը, եթե հոգևոր առումով քնենք։ Պատահական չէ, որ Պողոս առաքյալը գրեց. «Չը քնենք ուրիշների պէս, բայց արթուն եւ զարթուն լինենք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։6)։ Ցույց տալու համար, թե որքան կարևոր է արթուն մնալը, Հիսուսն օգտագործեց գողի օրինակը։ Նա նկարագրեց, թե ինչ իրադարձություններ պետք է տեղի ունենային իր՝ որպես Դատավորի, գալուստից առաջ և զգուշացրեց. «Արթուն կացէք. որ չգիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ։ Բայց այս իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար թէ որ պահում կ’գայ գողը, արթուն կ’կենար եւ թող չէր տայ որ իր տունը ծակեն։ Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ» (Մատթէոս 24։42–44)։ Գողը երբ որ գնում է գողության, այդ մասին նախօրոք չի հայտնում։ Նա հույս է փայփայում, որ ոչ ոք չի սպասում, թե ինքը մտադիր է գողություն կատարել։ Նույն ձևով, ինչպես Հիսուսն ասաց, այս համակարգի վերջը կգա ‘այն ժամին, որ մենք չենք կարծում’։
«Արթուն եղէք, հաստատ կացէք հաւատքումը»
3. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց արթուն մնալու կարևորությունը՝ բերելով ծառաների օրինակը, որոնք սպասում էին, թե երբ իրենց տերը կվերադառնար հարսանիքից։
3 Հիսուսը քրիստոնյաներին նմանեցրեց ծառաների, որոնք սպասում էին իրենց տիրոջը, որը պիտի վերադառնար հարսանիքից։ Այս մասին գրված է Ղուկասի Ավետարանում։ Նրանք պետք է արթուն մնային, որպեսզի երբ տերը գար, իրենք պատրաստ լինեին դիմավորելու նրան։ Նման ձևով, Հիսուսն ասաց. «Այն ժամին, որ չէք կարծում, մարդի Որդին կ’գայ» (Ղուկաս 12։40)։ Ոմանք, ովքեր արդեն երկար տարիներ է, ինչ ծառայում են Եհովային, գուցե կորցնեն հրատապության զգացումը՝ կապված այն բանի հետ, թե ինչ ժամանակներում ենք ապրում։ Նրանք նույնիսկ գուցե մտածեն, թե վերջը դեռևս շատ հեռու է։ Բայց նման մտածողությունը կարող է մեր ուշադրությունը հոգևորից շեղել դեպի նյութական նպատակները. շեղումներ, որ կարող են մեզ հոգևորապես քնեցնել (Ղուկաս 8։14; 21։34, 35)։
4. Ինչո՞ւմ համոզված լինելը կմղի մեզ արթուն մնալու, և ինչպե՞ս Հիսուսը դա ցույց տվեց։
4 Մենք կարող ենք մեկ ուրիշ դաս քաղել Հիսուսի բերած օրինակից։ Թեև ծառաները չգիտեին, թե կոնկրետ որ ժամին էր գալու իրենց տերը, սակայն ակներևաբար գիտեին, թե ո՛ր գիշերն էր նա գալու։ Նրանց համար դժվար կլիներ ամբողջ այդ գիշեր արթուն մնալ, եթե մտածեին, թե իրենց տերը գուցե մեկ ուրիշ գիշեր է գալու։ Բայց ոչ, նրանք գիտեին, թե տերը որ գիշերն էր գալու, և դա նրանց մեծապես մղում էր արթուն մնալու։ Նույնպիսի նմանությամբ՝ աստվածաշնչյան մարգարեությունները հստակորեն ցույց են տալիս, որ մենք ապրում ենք վախճանի ժամանակներում, բայց դրանք չեն մատնանշում կոնկրետ օրը կամ ժամը (Մատթէոս 24։36)։ Այն, որ հավատում ենք, որ վերջը գալիս է, օգնում է մեզ արթուն մնալ, բայց եթե համոզված լինենք, որ Եհովայի օրն իսկապես մոտ է, շատ ավելի ուժգին մղում կունենանք զգաստ լինելու (Սոփոնիա 1։14)։
5. Ինչպե՞ս կարող ենք արձագանքել Պողոսի՝ «արթուն եղէք» հորդորին։
5 Պողոսը, գրելով կորնթացիներին, հորդորեց. «Արթուն եղէք, հաստատ կացէք հաւատքումը» (Ա Կորնթացիս 16։13)։ Այո՛, արթուն մնալը կապված է քրիստոնեական հավատի մեջ հաստատ լինելու հետ։ Ինչպե՞ս կարող ենք արթուն մնալ։ Ավելի խորացնելով մեր գիտելիքները Աստծո Խոսքի վերաբերյալ (Բ Տիմոթէոս 3։14, 15)։ Անձնական ուսումնասիրության հետ կապված լավ սովորություններ մշակելով ու կանոնավորաբար ժողովների հաճախելով՝ կարող ենք ամրացնել մեր հավատը։ Եհովայի օրը մտքում միշտ վառ պահելը մեր հավատի կարևոր կողմերից է։ Հետևաբար ժամանակ առ ժամանակ քննելով, թե սուրբգրային ինչ հիմքեր կան այն մասին, որ ապրում ենք այս համակարգի վախճանին մոտ ժամանակներում՝ մենք չենք մոռանա այն կարևոր ճշմարտությունները, որոնք վերաբերում են այդ մոտալուտ վախճանին։a Օգտակար է նաև ուշադրություն դարձնել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են իրականանում Աստվածաշնչի մարգարեությունները։ Մի գերմանացի եղբայր գրեց. «Ամեն անգամ, երբ դիտում եմ նորությունները՝ պատերազմներ, երկրաշարժեր, բռնություն, մոլորակի աղտոտում, ավելի ու ավելի եմ զգում, որ վերջը մոտ է»։
6. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ ժամանակի ընթացքում անհատի հոգևոր զգոնությունը կարող է թուլանալ։
6 Մարկոս 13–րդ գլխում մենք հանդիպում ենք մեկ ուրիշ դեպքի, որտեղ Հիսուսն իր հետևորդներին արթուն մնալու հորդոր է տալիս։ Համաձայն այս գլխի՝ Հիսուսը համեմատում է նրանց դռնապանի հետ, որը սպասում է իր տիրոջ՝ արտասահմանյան ճանապարհորդությունից վերադառնալուն։ Դռնապանը չգիտեր, թե իր տերը որ ժամին է վերադառնալու։ Ուստի նա պետք է արթուն մնար։ Այս պատմության մեջ Հիսուսը հիշատակում է գիշերվա չորս պահ՝ չորս ժամանակահատված, որոնց ընթացքում գուցե տերը գար։ Չորրորդ պահը տևում էր գիշերվա մոտավորապես ժամը երեքից մինչև արևածագը։ Այս վերջին ժամանակահատվածում հավանականությունը շատ մեծ էր, որ դռնապանը քնով անցներ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորականները ասում են, որ լուսաբացին նախորդող ժամը լավագույնն է թշնամուն հանկարծակիի բերելու համար։ Նմանապես, այս ուշ ժամին՝ վերջին օրերում, երբ աշխարհը հոգևոր իմաստով խորը քնի մեջ է, մենք արթուն մնալու համար գուցե ստիպված լինենք այնպիսի պայքար մղել, որ նախկինում երևի թե չենք մղել (Հռովմայեցիս 13։11, 12)։ Դա է պատճառը, որ Հիսուսն իր բերած օրինակում մի քանի անգամ նույն միտքը կրկնեց. «Զգուշացէք, արթուն կացէք.... Արդ արթուն կացէք.... ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում. Արթուն կացէք» (Մարկոս 13։32–37)։
7. Ի՞նչ իրական վտանգ գոյություն ունի, և այս առումով հաճախ ի՞նչ քաջալերական մտքերի ենք հանդիպում Աստվածաշնչում։
7 Իր ծառայության ընթացքում և հարությունից հետո Հիսուսը բազմիցս կոչ է արել իր հետևորդներին զգոն լինելու։ Ամեն անգամ, երբ Գրություններում խոսվում է այս համակարգի վախճանի մասին, մենք կարդում ենք նաև հորդոր արթուն մնալու վերաբերյալb (Ղուկաս 12։38, 40; Յայտնութիւն 3։2; 16։14–16)։ Հստակ է, որ հոգևորապես ննջելը խիստ վտանգավոր է։ Մենք բոլորս էլ կարիք ունենք ստանալու այդ նախազգուշացումները (Ա Կորնթացիս 10։12; Ա Թեսաղոնիկեցիս 5։2, 6)։
Երեք առաքյալներ, որոնք չկարողացան արթուն մնալ
8. Գեթսեմանիի պարտեզում ինչպե՞ս Հիսուսի երեք առաքյալները արձագանքեցին նրա՝ արթուն մնալու խնդրանքին։
8 Արթուն մնալու համար մարդուց ավելին է պահանջվում, քան պարզապես այդպիսի ցանկություն ունենալը։ Դա երևում է Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ պատահածից։ Այս մարդիկ հոգևոր անձնավորություններ էին, որոնք հավատարմորեն միշտ Հիսուսի հետ էին լինում և ամուր կապվածություն էին զգում նրա հանդեպ։ Բայց մ.թ. 33–ին՝ նիսանի 14–ին, նրանք չկարողացան արթուն մնալ։ Հեռանալով վերնատնից, որտեղ նրանք տոնեցին Պասեքը՝ երեք առաքյալներն ուղեկցեցին Հիսուսին դեպի Գեթսեմանիի պարտեզ։ Հիսուսն այնտեղ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու չափ տրտմած է. այստեղ մնացէք, եւ ինձ հետ արթուն կացէք» (Մատթէոս 26։38)։ Նա երեք անգամ ջերմեռանդորեն աղոթեց իր երկնային Հորը և ամեն անգամ, երբ աղոթելուց հետո վերադառնում էր ընկերների մոտ, նրանց քնած էր գտնում (Մատթէոս 26։40, 43, 45)։
9. Հավանաբար, ինչո՞ւ էին առաքյալները քնել։
9 Ինչո՞ւ այս հավատարիմ մարդիկ այդ գիշեր չկարողացան կատարել Հիսուսի խնդրանքը։ Նրանք ֆիզիկապես հոգնած էին։ Ժամն արդեն ուշ էր, հավանաբար՝ կեսգիշերից հետո, և «նորանց «աչքերը ծանրացել էին» քնով (Մատթէոս 26։43)։ Բայց չնայած դրան՝ Հիսուսն ասաց. «Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. հոգին յոժար է, բայց մարմինը տկար» (Մատթէոս 26։41)։
10, 11. ա) Չնայած հոգնածությանը՝ ինչպե՞ս Հիսուսը կարողացավ արթուն մնալ Գեթսեմանիի պարտեզում։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, ինչ որ պատահեց երեք առաքյալների հետ, որոնց Հիսուսը խնդրել էր արթուն մնալ։
10 Անկասկած, այդ պատմական գիշերը Հիսուսը նույնպես հոգնած էր։ Բայց նա չքնեց, այլ իր վերջին ազատ ժամանակն օգտագործեց ջերմեռանդորեն աղոթելու համար։ Իսկ մի քանի օր առաջ նա իր հետևորդներին հորդորել էր աղոթքի մեջ լինել՝ ասելով. «Արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղօթք արէք, որ արժանի լինիք ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել մարդի Որդու առաջին» (Ղուկաս 21։36; Եփեսացիս 6։18)։ Եթե ականջ դնենք Հիսուսի խորհրդին ու աղոթքի հարցում հետևենք նրա հրաշալի օրինակին, Եհովային ուղղված մեր սրտանց խնդրանքները կօգնեն մեզ հոգևորապես արթուն մնալու։
11 Իհարկե, Հիսուսը, ի տարբերություն աշակերտների, հասկանում էր, որ շուտով ձերբակալվելու և մահվան է դատապարտվելու։ Նրա փորձությունները իրենց գագաթնակետին էին հասնելու, երբ իրեն տանջանքի ցցի վրա բարձրացնեին։ Հիսուսը զգուշացրել էր առաքյալներին այս մասին, բայց նրանք չէին հասկացել նրա ասածները։ Սա էր պատճառը, որ նրանք քնով ընկան, իսկ նա աղոթելով արթուն մնաց (Մարկոս 14։27–31; Ղուկաս 22։15–18)։ Ինչպես առաքյալների դեպքում էր, մեր մարմինն էլ է «տկար», և բացի դրանից, կան բաներ, որոնք մենք դեռևս չգիտենք։ Այդուհանդերձ, եթե մոռանանք, թե ինչ ժամանակներում ենք ապրում, գուցեև հոգևոր առումով քնով ընկնենք։ Մեր զգոնությունը պահելով միայն կարող ենք արթուն մնալ։
Երեք կարևոր հատկություններ
12. Ո՞ր երեք հատկություններն է Պողոսը կապում արթուն լինելու հետ։
12 Ինչպե՞ս կարող ենք պահպանել հրատապության զգացումը։ Մենք արդեն տեսանք, թե որքան կարևոր է աղոթելը և Եհովայի օրը միշտ մտքում պահելը։ Ի լրումն սրա՝ Պողոսը հիշատակում է երեք կարևոր հատկություններ, որոնք պետք է մշակենք մեր մեջ։ Նա ասում է. «Մենք ցերեկինը լինելով արթուն լինենք՝ հագած հաւատքի եւ սէրի զրահը, եւ փրկութեան յոյսի սաղաւարտը» (Ա Թեսաղոնիկեցիս 5։8)։ Եկեք համառոտ քննենք հավատի, հույսի և սիրո դերը հոգևորապես արթուն մնալու հարցում։
13. Ի՞նչ դեր է խաղում հավատը արթուն մնալու հարցում։
13 Մենք պետք է անսասան հավատ ունենանք, որ Եհովան գոյություն ունի և որ «իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։6)։ Այն, որ Հիսուսի ասած մարգարեությունն առաջին դարում իր կատարումն ունեցավ, զորացնում է մեր հավատը այն հարցում, որ այդ մարգարեությունն ավելի մեծ կատարում կունենա մեր օրերում։ Մեր հավատն օգնում է մեզ փափագով սպասելու Եհովայի օրվան՝ վստահ լինելով, որ «[մարգարեական տեսիլքը] անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ» (Ամբակում 2։3)։
14. Որքանո՞վ է կարևոր հույս ունենալը արթուն մնալու հարցում։
14 Մեր հաստատ հույսը «մեր անձի համար» նման է «խարիսխի», որը ուժ է տալիս տոկալու դժվարություններին նույնիսկ այն դեպքում, երբ պետք է սպասենք Աստծո խոստումների կատարմանը (Եբրայեցիս 6։18, 19)։ Մարգարետը, որը ոգով օծված, 90–ն անց քույր է և մկրտվել է ավելի քան 70 տարի առաջ, ասում է. «Երբ 1963 թ.–ին ամուսինս քաղցկեղից մահացավ, ինձ թվաց, թե շատ լավ կլիներ, եթե վերջը շուտ գար։ Բայց հիմա հասկանում եմ, որ գլխավորապես մտածում էի իմ անձնական շահերի մասին։ Այն ժամանակ մենք գաղափար անգամ չունեինք, թե աշխարհում ինչ ծավալով էր ընդլայնվելու քարոզչական գործը։ Նույնիսկ հիմա՝ մեր օրերում, դեռ շատ վայրեր կան, որտեղ գործը դեռ նոր–նոր է սկսվում։ Այնպես որ ուրախ եմ, որ Եհովան համբերություն է դրսևորում»։ Պողոս առաքյալը վստահեցնում է մեզ. «Տոկունությունը [առաջ է բերում] հավանություն, հավանությունը՝ հույս, իսկ հույսը չի հիասթափեցնում» (ՆԱ) (Հռովմայեցիս 5։3–5)։
15. Ինչպե՞ս է սերը մեզ գործերի մղում նույնիսկ այն դեպքում, երբ թվում է, թե արդեն բավական երկար ժամանակ է, որ սպասում ենք։
15 Քրիստոնեական սերը շատ ուշագրավ հատկություն է, քանի որ այս հատկությունն է ընկած մեր ամեն մի արարքի հիմքում։ Մենք ծառայում ենք Եհովային, քանի որ սիրում ենք նրան՝ անկախ այն բանից, թե երբ նա կիրագործի իր նպատակները։ Մերձավորի հանդեպ սերը մղում է մեզ քարոզել Թագավորության բարի լուրը՝ որքան էլ մեզ թվա, թե բավական երկար ժամանակ է, ինչ կատարում ենք Աստծո կամքը և քանի անգամ էլ որ քարոզչության նպատակով վերադառնալու լինենք միևնույն տները։ Ինչպես Պողոսը գրեց, «ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. այս երեքը, եւ սորանցից մեծը սէրն է» (Ա Կորնթացիս 13։13)։ Սերն օգնում է մեզ տոկալ և արթուն մնալ։ «[Սերը] ամեն բանի համբերում է։ Սերը երբէք չի վերջանալ» (Ա Կորնթացիս 13։7, 8)։
«Ամո՛ւր պահիր, ինչ որ ունես»
16. Ձեռքերը թուլացնելու փոխարեն՝ ի՞նչ պետք է անենք։
16 Մենք ապրում ենք յուրահատուկ ժամանակներում. աշխարհում ընթացող իրադարձությունները մշտապես հիշեցնում են մեզ, որ գտնվում ենք վերջին օրերի եզրափակիչ մասում (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Այժմ ժամանակը չէ ձեռքերը թուլացնելու, այլ ‘ամո՛ւր պահելու [այն], ինչ որ ունենք’ (Յայտնութիւն 3։11, ԱՆԹ)։ ‘Արթուն լինելով աղոթքներում’ և մշակելով մեր մեջ հավատ, հույս և սեր՝ մենք պատրաստ կլինենք փորձության ժամին (Ա Պետրոս 4։7)։ Մենք շատ բան ունենք անելու Տիրոջ գործում։ Գործերով աստվածապաշտություն դրսևորելը կօգնի մեզ լիովին արթուն մնալ (Բ Պետրոս 3։11)։
17. ա) Ինչո՞ւ չպետք է վհատվենք երբեմնակի հիասթափություններից (տե՛ս 21–րդ էջի շրջանակը)։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային, և ի՞նչ օրհնություն է սպասում այդպես վարվողներին։
17 «Իմ բաժինը Տէրն է,— գրեց Երեմիան,— սորա համար նորան եմ յուսալու։ Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է։ Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը» (Երեմիայի Ողբերը 3։24–26)։ Մեզանից ոմանք համեմատաբար վերջերս են սկսել սպասել Եհովայի փրկությանը, մյուսները՝ արդեն երկար տարիներ։ Բայց որքա՜ն կարճ է սպասման ժամանակահատվածը, երբ այն համեմատում ենք մեր առջև ընկած հավիտենականության հետ (Բ Կորնթացիս 4։16–18)։ Իսկ մինչ սպասում ենք Եհովայի սահմանած ժամանակին, կարող ենք մշակել անհրաժեշտ քրիստոնեական հատկություններ, ինչպես նաև օգնել մարդկանց, որ օգուտներ քաղեն Եհովայի համբերությունից և ընդունեն ճշմարտությունը։ Ուրեմն, թող որ մեզանից յուրաքանչյուրը արթուն մնա։ Եկեք ընդօրինակենք Եհովային և համբերատար լինենք, երախտագետ՝ մեզ տված հույսի համար։ Հավատարմորեն զգոնություն պահպանելով՝ թող որ մեր սրտերում վառ պահենք հավիտենական կյանքի հույսը։ Եթե այսպես վարվենք, ապա անշուշտ կտեսնենք հետևյալ մարգարեական խոսքերի կատարումը. «[Եհովան] կ’բարձրանցնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. եւ կը տեսնես ամբարիշտները սատակելիս» (Սաղմոս 37։34)։
[Ծանոթագրություններ]
a Օգտակար կլինի մեկ անգամ ևս քննել մեր ժամանակների այն վեց առանձնահատկությունները, որոնք ապացուցում են, որ ապրում ենք վերջին օրերում (տե՛ս 2000 թ. հունվարի 1–ի «Դիտարանը», էջ 7, 8) (Բ Տիմոթէոս 3։1)։
b «Արթուն կացէք» թարգմանված հունարեն բայի վերաբերյալ բառարանագիր Ու. Վայնը բացատրում է, որ դա բառացի նշանակում է «պայքարել քնի դեմ» և «արտահայտում է ոչ միայն պարզապես անքուն լինելու, այլ նաև ինչ–որ բանի առնչությամբ աչալուրջ լինելու իմաստ»։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս կարող ենք ավելացնել մեր համոզվածությունն այն բանում, որ իրերի այս համակարգի վերջը մոտ է։
• Ի՞նչ կարող ենք սովորել Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի օրինակից։
• Ո՞ր երեք հատկությունները կօգնեն մեզ հոգևորապես արթուն մնալու։
• Ինչո՞ւ հիմա ժամանակն է ‘ամուր պահելու [այն], ինչ որ ունենք’։
[շրջանակ/նկար 21–րդ էջի վրա]
«Երանի նորան որ կ’սպասէ» (Դանիէլ 12։12)
Պատկերացրու, որ պահակը ենթադրում է, թե գողը մտադիր է կողոպուտ կատարել իր հսկողության տակ եղող շենքից։ Երբ մթնում է, պահակը աչալուրջ ունկնդրում է ամեն մի ձայն՝ իմանալու, թե արդյոք դա կողոպտիչը չէ։ Ժամ առ ժամ ավելի ու ավելի է նա լարում իր ուշադրությունը։ Միանգամայն պարզ է, որ նա կարող է թյուրիմացության մեջ ընկնել, օրինակ, ծառերի խշշոցից կամ էլ կատվի ցատկի ձայնից (Ղուկաս 12։39, 40)։
Նման մի բան կարող է պատահել նրանց հետ, ովքեր անհամբեր ‘մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանն են սպասում’ (Ա Կորնթացիս 1։7)։ Առաքյալները կարծում էին, թե Հիսուսն իր հարությունից կարճ ժամանակ անց ‘վերականգնելու էր Իսրայելի թագավորությունը’ (Գործք 1։6, ԱՆԹ)։ Տարիներ անց Թեսաղոնիկեի քրիստոնյաներին հիշեցում տրվեց, որ Հիսուսի ներկայությունը ապագա մի ինչ–որ ժամանակում էր լինելու (Բ Թեսաղոնիկեցիս 2։3, 8)։ Ինչևէ, թեև Հիսուսի հետևորդների՝ Եհովայի օրվա վերաբերյալ ակնկալիքները չիրականացան, նրանք չթողեցին դեպի կյանք տանող ճանապարհը (Մատթէոս 7։13)։
Գուցե վհատվենք այն բանից, որ ներկայիս համակարգի վախճանը կարծես թե ուշանում է, բայց այս հանգամանքը չպետք է մեզ ստիպի թուլացնել մեր զգոնությունը։ Պահակը, չնայած իր աչալրջությանը, գուցեև խաբվի կեղծ նշաններից, բայց նա պետք է շարունակի արթուն մնալ։ Դա նրա գործն է։ Նույնը քրիստոնյաներին է վերաբերում։
[նկար 18–րդ էջի վրա]
Համոզվա՞ծ ես, որ Եհովայի օրը մոտ է
[նկարներ 19–րդ էջի վրա]
Հանդիպումները, աղոթքը և ուսումնասիրության հետ կապված լավ սովորություններ ունենալը օգնում են արթուն մնալ
[նկար 22–րդ էջի վրա]
Եկեք մենք էլ Մարգարետի պես համբերատարությամբ սպասենք և ամեն ինչ անենք արթուն մնալու համար