Գաղատացիներ
1 Գրում եմ ձեզ ես՝ Պողոսս՝ առաքյալ, որն իր նշանակումը ստացել է ոչ թե մարդկանցից կամ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսից+ ու Հորից՝ Աստծուց,+ ով հարություն է տվել նրան: 2 Ինձ հետ եղող բոլոր եղբայրներն էլ են միանում իմ մաղթանքներին՝ ուղղված ձեզ՝ Գաղատիայի ժողովներիդ:
3 Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ: 4 Քրիստոսն իրեն զոհեց մեր մեղքերի համար,+ որ մեզ ազատի այս չար աշխարհից՝*+ համաձայն մեր Աստծու՝ Հոր կամքի,+ 5 ում թող փառք տրվի հավիտյանս հավիտենից: Ամեն:
6 Զարմանում եմ, որ այդքան արագ երես եք թեքում Նրանից, ով կանչեց ձեզ Քրիստոսի անզուգական բարության շնորհիվ, և ուշադրություն եք դարձնում ուրիշ պատգամի՝ ընդունելով այն որպես բարի լուր:+ 7 Իրականում չկա ուրիշ բարի լուր, պարզապես ոմանք խճճում են ձեզ+ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի մասին բարի լուրը: 8 Ուստի եթե որևէ մեկը, թեկուզ մենք կամ երկնքից իջած մի հրեշտակ, մեր քարոզած բարի լուրից բացի ուրիշ բան քարոզի ձեզ, թող անիծյալ լինի: 9 Նորից եմ ասում. ով ձեր ընդունած բարի լուրից բացի մեկ ուրիշ բան է քարոզում ձեզ, թող անիծյալ լինի:
10 Եվ հիմա ո՞ւմ բարեհաճությունն եմ ուզում շահել՝ մարդկա՞նց, թե՞ Աստծու: Մի՞թե փորձում եմ մարդկանց հաճեցնել: Եթե դեռևս մարդկանց հաճեցնող լինեի, Քրիստոսի ծառան չէի լինի: 11 Ուզում եմ՝ իմանաք, եղբայրնե՛ր, որ իմ քարոզած բարի լուրի աղբյուրը մարդը չէ,+ 12 որովհետև ես այն որևէ մարդուց չեմ ստացել և որևէ մարդուց չեմ սովորել. այն ինձ հայտնությամբ է տրվել Հիսուս Քրիստոսից:
13 Դուք, անկասկած, լսել եք, թե ինչպես եմ վարվել նախկինում, երբ հուդայականությանն էի հարում:+ Ես դաժանորեն հալածում էի Աստծու ժողովն ու մեծ վնաս պատճառում+ 14 և ինձ հասակակից շատ ազգակիցներիցս անհամեմատ ավելի առաջավոր էի հուդայականության մեջ, որովհետև ավելի նախանձախնդիր էի հայրերիս ավանդույթները պահելու հարցում:+ 15 Բայց հետո Աստված, ում շնորհիվ ես լույս աշխարհ եմ եկել, կանչեց ինձ իր անզուգական բարությամբ+ և հարմար գտավ 16 իմ միջոցով իր Որդու մասին բարի լուրը հայտնել ուրիշ ազգերի մարդկանց, որ ճանաչեն նրան:+ Այդ ժամանակ ես չշտապեցի խորհրդակցել որևէ մարդու* հետ, 17 ոչ էլ գնացի Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր ինձնից առաջ էին առաքյալ դարձել, այլ գնացի Արաբիա և հետ եկա Դամասկոս:+
18 Երեք տարի հետո գնացի Երուսաղեմ՝+ Կեփասին*+ այցելելու, և 15 օր մնացի նրա մոտ: 19 Բայց առաքյալներից ուրիշ ոչ մեկին չտեսա՝ բացի Հակոբոսից՝+ Տիրոջ եղբորից: 20 Աստված վկա է, որ այս գրածներիս մեջ ոչ մի սուտ բան չկա:
21 Դրանից հետո գնացի Ասորիք և Կիլիկիա:+ 22 Բայց Հրեաստանի քրիստոնեական ժողովները ինձ անձամբ չէին ճանաչում, 23 միայն լսել էին, որ այն մարդը, ով մի ժամանակ հալածում էր իրենց+ և ուզում էր վերացնել իրենց դավանանքը,+ այժմ ինքն է քարոզում նույն բարի լուրը: 24 Եվ ինձ հետ տեղի ունեցածն իմանալով՝ նրանք սկսեցին փառաբանել Աստծուն: