Եզեկիել
20 Յոթերորդ տարվա հինգերորդ ամսում՝ տասներորդ օրը, Իսրայելի երեցներից ոմանք եկան նստեցին իմ առաջ, որպեսզի իմանան, թե արդյոք Եհովան որևէ խոսք ունի իրենց հայտնելու: 2 Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ. 3 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի երեցներին ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Դուք եկել եք ինձ որևէ բան հարցնելո՞ւ: Երդվում եմ իմ գոյությամբ. չեմ պատասխանելու ձեզ»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
4 Պատրա՞ստ ես նրանց դատելու:* Պատրա՞ստ ես նրանց դատելու, մարդո՛ւ որդի: Պատմիր նրանց իրենց նախահայրերի գարշելի գործերի մասին:+ 5 Նրանց ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այն օրը, երբ ընտրեցի Իսրայելին,+ երդում տվեցի Հակոբի սերունդներին և Եգիպտոսում ինձ հայտնի դարձրի նրանց:+ Այո՛, երդում տվեցի նրանց ու ասացի. «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»: 6 Այդ օրը երդվեցի նրանց, որ կհանեմ Եգիպտոսից ու կտանեմ մի երկիր, որն ընտրել էի նրանց համար, երկիր, որտեղ կաթ ու մեղր էր հոսում:+ Բոլոր երկրների մեջ այն ամենագեղեցիկն էր: 7 Ես ասացի նրանց. «Դե՛ն նետեք այն նողկալի բաները, որոնց հառում եք ձեր աչքերը, և Եգիպտոսի գարշելի կուռքերով մի՛ պղծվեք:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»:+
8 Բայց նրանք ապստամբեցին իմ դեմ և չուզեցին ինձ լսել: Նրանք դեն չնետեցին այն նողկալի բաները, որոնց հառում էին իրենց աչքերը, ու չհրաժարվեցին Եգիպտոսի գարշելի կուռքերից:+ Ուստի ես խոստացա, որ Եգիպտոսում իմ բարկությունն ու ցասումը իսպառ կթափեմ նրանց վրա: 9 Բայց ես գործեցի հանուն իմ անվան, որպեսզի այն չպղծվի ազգերի առաջ, որոնց մեջ նրանք ապրում էին:+ Չէ՞ որ երբ նրանց հանում էի Եգիպտոսից, այդ ազգերի առաջ ինձ հայտնի դարձրի նրանց:+ 10 Այսպիսով՝ նրանց հանեցի Եգիպտոսից ու տարա անապատ:+
11 Ես նրանց տվեցի իմ կանոնները և հայտնեցի իմ օրենքները,*+ որպեսզի դրանք կատարելու շնորհիվ նրանք կարողանան ապրել:+ 12 Նաև տվեցի իմ Շաբաթները+ որպես նշան+ և հիշեցում, որ ես՝ Եհովաս եմ սուրբ դարձնում նրանց:
13 Սակայն իսրայելացիները ապստամբեցին իմ դեմ անապատում:+ Նրանք չպահեցին իմ կանոնները ու մերժեցին իմ օրենքները, որոնք կատարելով՝ մարդ կապրի: Նրանք իմ Շաբաթներն ամբողջովին պղծեցին, ուստի ես խոստացա, որ անապատում իմ ցասումը կթափեմ նրանց վրա, որպեսզի վերացնեմ նրանց:+ 14 Ես գործեցի հանուն իմ անվան, որ այն չպղծվի ազգերի առաջ, որոնց աչքի առաջ հանեցի նրանց:+ 15 Ես անապատում նաև երդվեցի, որ նրանց չեմ բերի այն երկիր, որը նախատեսել էի նրանց համար,+ երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում՝+ ամենագեղեցիկ երկիրը, 16 քանի որ նրանք մերժեցին իմ օրենքները, չպահեցին իմ կանոնները և պղծեցին իմ Շաբաթները. նրանք որոշել էին պաշտել իրենց գարշելի կուռքերին:+
17 Բայց ես խղճացի նրանց և չկործանեցի: Նրանց չվերացրի անապատում: 18 Այնտեղ նրանց որդիներին ասացի.+ «Ձեր նախահայրերի կանոնները չպահեք,+ նրանց օրենքներին չհնազանդվեք ու նրանց գարշելի կուռքերով չպղծվեք: 19 Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը: Իմ կանոններին հնազանդվեք, իմ օրենքները պահեք ու կատարեք:+ 20 Սուրբ համարեք իմ Շաբաթները,+ և դրանք նշան կլինեն ու կհիշեցնեն, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»:+
21 Սակայն նրանց որդիներն ապստամբեցին իմ դեմ,+ չհնազանդվեցին իմ կանոններին, չպահեցին ու չկատարեցին իմ օրենքները, որոնք կատարելով՝ մարդ կապրի: Նրանք պղծեցին իմ Շաբաթները: Ուստի ես խոստացա, որ անապատում իմ բարկությունն ու ցասումը իսպառ կթափեմ նրանց վրա:+ 22 Բայց ես զսպեցի ինձ+ ու գործեցի հանուն իմ անվան,+ որ այն չպղծվի ազգերի առաջ, որոնց աչքի առաջ հանեցի նրանց: 23 Ես անապատում նաև երդվեցի, որ նրանց ցիրուցան կանեմ ազգերի մեջ ու կցրեմ տարբեր երկրներ,+ 24 քանի որ նրանք չկատարեցին իմ օրենքները, մերժեցին իմ կանոնները,+ պղծեցին իմ Շաբաթները և պաշտեցին իրենց նախահայրերի գարշելի կուռքերին:+ 25 Նաև թույլ տվեցի, որ հետևեն կանոնների, որոնք լավը չէին, և պահեն այնպիսի օրենքներ, որոնք կյանքի չէին առաջնորդում:+ 26 Ես թույլ տվեցի, որ իրենց բոլոր առաջնեկներին որպես զոհ այրելով՝ պղծվեն,+ որպեսզի կործանեմ նրանց, ու նրանք իմանան, որ ես Եհովան եմ»»:
27 Հետևաբար, մարդո՛ւ որդի, իսրայելացիներին ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ձեր նախահայրերը սրանով էլ անարգեցին ինձ՝ անհավատարմությամբ վարվելով ինձ հետ: 28 Ես նրանց բերեցի այն երկիր, որը երդվել էի նրանց տալ:+ Սակայն նրանք, տեսնելով բարձր բլուրներն ու տերևաշատ ծառերը,+ սկսեցին զոհեր մատուցել այնտեղ և վիրավորական ընծաներ բերել: Նրանք անուշահոտ* ընծաներ և ըմպելիքի ընծաներ էին մատուցում: 29 Եվ ես հարցրի նրանց. «Ինչո՞ւ եք գնում այդ սրբավայր»: (Այն մինչ օրս Սրբավայր է կոչվում)»»:+
30 Ուստի ասա իսրայելացիներին. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Մի՞թե ձեր նախահայրերի պես դուք էլ չեք պղծվում՝ պաշտելով նրանց նողկալի կուռքերին ու դրանց հետ դավաճանելով ինձ:*+ 31 Մի՞թե չեք պղծվում մինչև այսօր, երբ ձեր որդիներին այրելով՝ ձեր գարշելի կուռքերին զոհեր եք մատուցում:+ Այդ ամենից հետո մի՞թե ես կպատասխանեմ ձեզ, ո՛վ իսրայելացիներ:+
Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես չեմ պատասխանի ձեզ:+ 32 Դուք ասում եք՝ «Եկեք ուրիշ ազգերի՝ ուրիշ երկրների ժողովուրդների պես լինենք, որոնք պաշտում են փայտին ու քարին»,+ բայց ձեր ուզածը ոչ մի դեպքում չի կատարվի:
33 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես կիշխեմ ձեզ վրա որպես թագավոր: Կմեկնեմ իմ զորավոր ձեռքն ու հզոր բազուկը և ցասումս կթափեմ ձեզ վրա:+ 34 Թափելով իմ ցասումը՝ ես կմեկնեմ զորավոր ձեռքս ու հզոր բազուկս և կհանեմ ձեզ ժողովուրդների միջից ու կհավաքեմ այն երկրներից, որտեղ ցիրուցան եք եղել:+ 35 Ես ձեզ կբերեմ ժողովուրդների անապատ ու ձեզ հետ դեմ առ դեմ դատի մեջ կմտնեմ:+
36 Ինչպես որ Եգիպտոսի անապատում դատական վեճ սկսեցի ձեր նախահայրերի դեմ, այնպես էլ ձեր դեմ դատական վեճ կսկսեմ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 37 Ես կանցկացնեմ ձեզ հովվի գավազանի տակով+ ու կպարտավորեցնեմ պահել ուխտը:* 38 Ձեր միջից կհեռացնեմ ըմբոստներին և իմ դեմ մեղք գործողներին:+ Ես կհանեմ նրանց օտար երկրից, բայց Իսրայելի երկիր նրանք չեն մտնի:+ Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:
39 Ո՛վ իսրայելացիներ, Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Գնացեք ու ծառայեք ձեր գարշելի կուռքերին:+ Բայց իմացեք, որ եթե ի վերջո չլսեք ինձ, կգա ժամանակ, երբ ձեր զոհերով ու գարշելի կուռքերով այլևս չեք կարողանա պղծել իմ սուրբ անունը:+
40 Բոլոր իսրայելացիները՝ բոլորն անխտիր, կծառայեն ինձ+ իմ սուրբ լեռան՝ Իսրայելի բարձր լեռան վրա,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Ես ուրախությամբ կընդունեմ ձեզ, կցանկանամ, որ անեք ձեր նվիրաբերությունները և բերեք լավագույն զոհերը՝ ձեր բոլոր սուրբ ընծաները:+ 41 Երբ ձեզ հանեմ ազգերի միջից ու հավաքեմ այն երկրներից, որտեղ ցիրուցան եք եղել,+ հաճելի բուրմունքը զգալով՝ ուրախությամբ կընդունեմ ձեզ: Ձեր միջոցով ես կսրբացվեմ ազգերի աչքի առաջ:+
42 Երբ ձեզ բերեմ Իսրայելի երկիր՝+ այն երկիր, որը երդվել եմ տալ ձեր նախահայրերին, դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:+ 43 Այնտեղ դուք կհիշեք ձեր վարքը, ձեր բոլոր արարքները, որոնցով պղծում էիք ձեզ,+ և ձեր բոլոր չար գործերի պատճառով դուք զզվելի կդառնաք ինքներդ ձեզ համար:+ 44 Դուք կիմանաք, որ ես Եհովան եմ, երբ հանուն իմ անվան՝+ ձեզ հետ չվարվեմ ձեր չար արարքների ու ձեր նողկալի գործերի համեմատ, ո՛վ Իսրայելի ժողովուրդ»»»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
45 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 46 «Մարդո՛ւ որդի, դեմքով դեպի հարավ շրջվիր, ազդարարիր հարավին ու մարգարեական խոսք ասա հարավում գտնվող երկրի անտառին: 47 Ասա հարավային անտառին. «Լսի՛ր Եհովայի խոսքը: Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կրակ եմ վառելու քո մեջ,+ և այն լափելու է քո բոլոր ծառերը՝ թե՛ կանաչ, թե՛ չոր: Բորբոքված բոցը չի հանգչի,+ այն կխանձի բոլորին՝* հարավից մինչև հյուսիս: 48 Բոլոր մարդիկ կտեսնեն, որ ես՝ Եհովաս եմ վառել այդ կրակը, ուստի այն չի հանգչի»»»:+
49 Եվ ես ասացի. «Ա՜խ, Գերիշխան Տեր Եհովա, նրանք իմ մասին ասում են. «Նա ընդամենը հանելուկներով է խոսում»»: