Աստվածաշնչի գիրք համար 26. Եզեկիել
Գրողը՝ Եզեկիել
Գրվելու վայրը՝ Բաբելոն
Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 591թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 613թ.-ից մինչև մ.թ.ա. մոտ 591թ.
1. Ինչպիսի՞ հանգամանքներում էին գտնվում գերիները Բաբելոնում, և ի՞նչ նոր փորձություններ էին նրանց սպասում։
ՀՈՒԴԱՅԻ թագավոր Հովաքինը մ.թ.ա. 617թ.-ին Երուսաղեմը հանձնեց Նաբուգոդոնոսորին, որը գերեվարեց երկրի ամենալավ մարդկանց և Բաբելոն տարավ Եհովայի տան ու թագավորի պալատի բոլոր գանձերը։ Գերիների մեջ էին թագավորի ընտանիքն ու իշխանները, ուժեղ ու խիզախ տղամարդիկ, արհեստավորներ ու շինարարներ։ Նրանց մեջ էր նաև Եզեկիելը՝ քահանա Բուզիի որդին (2 Թագ. 24։11–17; Եզեկ. 1։1–3)։ Գերեվարված իսրայելացիները ծանր սրտով թողեցին բլուրներով, աղբյուրներով և հովիտներով հարուստ իրենց բնօրրանը և դժվար ճանապարհ անցնելով՝ հասան ընդարձակ հարթավայրերի մի երկիր։ Այժմ նրանք ապրում էին Քոբար գետի մոտ՝ հզոր կայսրության սրտում՝ շրջապատված մի ժողովրդով, որի սովորույթներն անծանոթ էին իրենց, և որը պաշտում էր հեթանոս աստվածների։ Նաբուգոդոնոսորը թույլ տվեց իսրայելացիներին տներ կառուցել, ծառաներ պահել ու սեփական գործով զբաղվել (Եզեկ. 8։1; Երեմ. 29։5–7; Եզր. 2։65)։ Եթե իսրայելացիները աշխատասեր լինեին, ապա բարգավաճ կյանքով կապրեին։ Կընկնեի՞ն արդյոք նրանք բաբելոնյան կրոնի ու նյութապաշտության ծուղակները։ Կշարունակեի՞ն ըմբոստանալ Եհովայի դեմ։ Կգիտակցեի՞ն, որ իրենց գերությունը խրատ էր Եհովայից։ Գերության մեջ նրանց նոր փորձություններ էին սպասում։
2. ա) Ո՞ր երեք մարգարեներն են ապրել Երուսաղեմի կործանմանը նախորդող ճգնաժամային տարիներին։ բ) Գրքում Եզեկիելը ինչպե՞ս է անվանվում, և ի՞նչ է նշանակում նրա անունը։ գ) Ո՞ր տարիներին է Եզեկիելը մարգարեացել, և ի՞նչ է հայտնի նրա կյանքի ու մահվան մասին։
2 Այդ ողջ ճգնաժամային տարիների ընթացքում մինչև Երուսաղեմի կործանումը Եհովան շարունակ իր ժողովրդի հետ խոսում էր մարգարեների միջոցով։ Երեմիան Երուսաղեմում էր, Դանիելը՝ Բաբելոնի արքունիքում, իսկ Եզեկիելը մարգարեանում էր Բաբելոնում գտնվող հրեա գերիների համար։ Եզեկիելը և՛ քահանա էր, և՛ մարգարե, ինչպես Երեմիան, իսկ ավելի ուշ՝ Զաքարիան (Եզեկ. 1։3)։ Իր գրքում Եզեկիելը ավելի քան 90 անգամ անվանվում է «մարդի որդի», իսկ Քրիստոնեական Հունարեն Գրություններում գրեթե 80 անգամ Հիսուսն է կոչվում «մարդու Որդի» (Եզեկ. 2։1; Մատթ. 8։20)։ «Եզեկիել» անունը (եբրայերեն՝ Եխեզքել) նշանակում է «Աստված զորացնում է»։ Եզեկիելը Եհովայի կողմից մարգարե նշանակվեց Հովաքինի գերության հինգերորդ տարում՝ մ.թ.ա. 613թ.-ին։ Գիրքը ցույց է տալիս, որ 22 տարի անց՝ գերության 27-րդ տարում, նա դեռ մարգարեանում էր (Եզեկ. 1։1, 2; 29։17)։ Մարգարեն ամուսնացած էր, սակայն կինը մահացավ այն օրը, երբ Նաբուգոդոնոսորը սկսեց Երուսաղեմի վերջնական պաշարումը (24։2, 18)։ Իսկ թե երբ և ինչպես մահացավ Եզեկիելը, հայտնի չէ։
3. Ի՞նչ կարելի է ասել «Եզեկիել» գրքի գրողի, կանոնականության ու վավերականության մասին։
3 Ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ Եզեկիելն է գրել իր անունը կրող գիրքը, և որ այդ գիրքը կանոնական է։ Կանոնի մեջ այն ընդգրկվել է Եզրասի օրերում և հանդիպում է վաղ քրիստոնեական ժամանակներում կազմված ցուցակներում, օրինակ՝ Օրիգենեսի կանոնում։ Գրքի վավերականությունը հաստատվում է նաև այն այլաբանությունների տպավորիչ նմանությամբ, որ գոյություն ունեն իր և «Երեմիա» ու «Հայտնություն» գրքերի մեջ (Եզեկ. 24։2–12 — Երեմ. 1։13–15; Եզեկ. 23։1–49 — Երեմ. 3։6–11; Եզեկ. 18։2–4 — Երեմ. 31։29, 30; Եզեկ. 1։5, 10 — Հայտն. 4։6, 7; Եզեկ. 5։17 — Հայտն. 6։8; Եզեկ. 9։4 — Հայտն. 7։3; Եզեկ. 2։9; 3։1 — Հայտն. 10։2, 8–10; Եզեկ. 23։22, 25, 26 — Հայտն. 17։16; 18։8; Եզեկ. 27։30, 36 — Հայտն. 18։9, 17–19; Եզեկ. 37։27 — Հայտն. 21։3; Եզեկ. 48։30–34 — Հայտն. 21։12, 13; Եզեկ. 47։1, 7, 12 — Հայտն. 22։1, 2)։
4. Եզեկիելի ո՞ր մարգարեություններն են տպավորիչ կերպով կատարվել։
4 Գրքի վավերականության մյուս ապացույցները Եզեկիելի այն մարգարեությունների տպավորիչ կատարումներն են, որոնք ասվել էին Իսրայելի հարևան երկրների՝ Տյուրոսի, Եգիպտոսի ու Եդոմի դեմ։ Օրինակ՝ Եզեկիելը մարգարեացել էր, որ Տյուրոսն ավերակ է դառնալու, և նրա մարգարեությունը մասամբ կատարվեց, երբ 13-ամյա պաշարումից հետո Նաբուգոդոնոսորը գրավեց այդ քաղաքը (Եզեկ. 26։2–21)։ Սակայն այդպիսով Տյուրոսը ամբողջովին չկործանվեց։ Իսկ Եհովան վճռել էր, որ այն պետք է ամբողջովին կործանվի։ Եզեկիելի միջոցով Եհովան կանխագուշակել էր. «Ես նրա վրայից կքերեմ հողը ու նրան կդարձնեմ ապառաժի հարթ ու մերկ մակերես.... Ջուրը կգցեն քարերդ, փայտերդ ու հողդ» (26։4, 12)։ Այս մարգարեությունը լիովին իրականացավ ավելի քան 250 տարի հետո, երբ Ալեքսանդր Մակեդոնացին արշավեց Տյուրոս քաղաք-կղզու վրա։ Ալեքսանդրի զինվորները քաղաքի մայրցամաքային մասի ավերակներից 800 մետրանոց ամբարտակ կառուցեցին դեպի քաղաք-կղզի։ Բարդ պաշարողական գործողություններից հետո նրանք բարձրացան 46 մետրանոց պարիսպը և մ.թ.ա. 332 թ.-ին քաղաքը գրավեցին։ Հազարավոր բնակիչներ կոտորվեցին, իսկ մեծամասնությունը ստրկության վաճառվեց։ Ինչպեսև Եզեկիելը կանխագուշակել էր, Տյուրոսը դարձավ «ապառաժի հարթ ու մերկ մակերես.... ուռկաններ չորացնելու տեղ» (26։14)a։ Եզեկիելի մարգարեության համաձայն՝ Ավետյաց երկրի մյուս կողմում բնաջինջ եղան նաև դավաճան եդոմացիները (25։12, 13; 35։2–9)b։ Ի լրումն այս ամենի՝ կատարվեցին նաև Երուսաղեմի կործանման և Իսրայելի հետագա վերականգնման վերաբերյալ մարգարեությունները (17։12–21; 36։7–14)։
5. Հրեաներն ինչպե՞ս արձագանքեցին Եզեկիելի առաջին մարգարեություններին։
5 Մարգարեանալու առաջին տարիներին Եզեկիելը ուխտադրուժ Երուսաղեմին հայտնում էր Աստծու դատաստանները, որոնք անպայման իրագործվելու էին, և գերիներին զգուշացնում կռապաշտության դեմ (14։1–8; 17։12–21)։ Սակայն գերեվարված հրեաները զղջման նշույլ անգամ ցույց չտվեցին։ Թեև Իսրայելի պատասխանատու մարդկանցից ոմանք խորհրդի համար դիմում էին Եզեկիելին, սակայն ուշադրություն չէին դարձնում նրա միջոցով Եհովայի հաղորդած պատգամին։ Նրանք շարունակում էին կռապաշտությամբ զբաղվել և նյութական նպատակներ հետապնդել։ Տաճարի, իրենց սուրբ քաղաքի ու թագավորական դինաստիայի կորուստը սոսկալի հարված էր նրանց համար, բայց դա քչերին մղեց զղջալու և խոնարհվելու Եհովայի առջև (Սաղ. 137։1–9)։
6. Ի՞նչ են ընդգծում ավելի ուշ շրջանում արված Եզեկիելի մարգարեությունները, և ինչպե՞ս է շեշտվում Եհովայի անվան սրբացումը։
6 Ավելի ուշ արված մարգարեություններում հիմնականում շեշտվում էր վերականգնման մասին հույսը։ Այդ մարգարեությունները նաև պատասխանատվության էին կանչում Հուդայի հարևան ժողովուրդներին, որոնք ցնծում էին նրա անկման համար։ Այդ ժողովուրդների նվաստացմամբ ու Իսրայելի վերականգնմամբ բոլորի աչքի առաջ Եհովան սրբացվելու էր։ Իսրայելացիների գերության ու վերականգնման նպատակը հետևյալն էր. բոլորը՝ թե՛ հրեաները և թե՛ այլ ազգերի մարդիկ, պետք է իմանային, թե ով է Եհովան (Եզեկ. 39։7, 22)։ Ողջ գրքում կրկին ու կրկին շեշտվում է Եհովայի անվան սրբացումը և ավելի քան 60 անգամ ասվում է. «Դուք [կամ՝ նրանք] պիտի իմանաք, որ ես Եհովան եմ» (6։7, ծնթ.)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
7. «Եզեկիել» գիրքը ի՞նչ երեք մասի կարելի է բաժանել։
7 «Եզեկիել» գիրքը կարելի է բաժանել երեք մասի։ Առաջին մասը՝ 1–24-րդ գլուխներ, ընդգրկում է նախազգուշացումներ Երուսաղեմի անխուսափելի կործանման մասին։ Երկրորդ մասը՝ 25–32-րդ գլուխներ, մարգարեություններ են մի քանի հեթանոս ազգերի բնաջնջման մասին։ Իսկ վերջին մասը՝ 33–48-րդ գլուխներ, վերականգնման մասին մարգարեություններ են, որոնք ավարտվում են նոր տաճարի ու սուրբ քաղաքի մասին տեսիլքով։ Մարգարեությունները հիմնականում ժամանակագրական ու թեմատիկ կարգով են շարադրված։
8. Իր առաջին տեսիլքում ի՞նչ է տեսնում Եզեկիելը։
8 Եհովան դետ է նշանակում Եզեկիելին (1։1–3։27)։ Իր առաջին տեսիլքում՝ մ.թ.ա. 613թ.-ին, Եզեկիելը տեսնում է կատաղի քամի, որ փչում է հյուսիսից, մի մեծ ամպ և բոցկլտացող կրակ։ Դրա միջից դուրս են գալիս չորս թևավոր կենդանի էակներ՝ մարդու, առյուծի, ցլի և արծվի երեսով։ Նրանց կերպարանքը նման է այրվող ածուխների, և յուրաքանչյուր էակի կողքին մեկական անիվ կա, որոնք այնքան բարձր են, որ վախ են ներշնչում, և ասես անիվը անիվի մեջ լինի, իսկ շրջանակները լի են աչքերով։ Անիվները լիակատար ներդաշնակությամբ շարժվում են ցանկացած ուղղությամբ։ Կենդանի էակների գլխավերևում հարթակի նմանությամբ մի բան կա, իսկ հարթակի վրա գահ կա, որի վրա «Եհովայի փառքի նմանությունն ունեցող մի բան է» (1։28)։
9. Ի՞նչ հանձնարարություն պետք է կատարի Եզեկիելը։
9 Եզեկիելը երեսնիվայր ընկնում է, բայց Եհովան ասում է նրան. «Մարդո՛ւ որդի, կանգնիր ոտքերիդ վրա»։ Այնուհետև նրան մարգարե է նշանակում Իսրայելի ու շրջակա ապստամբ ազգերի համար։ Կարևոր չէ՝ նրանք կլսեն, թե կմերժեն։ Համենայն դեպս կիմանան, որ իրենց մեջ Տեր Եհովայի մարգարեն է եղել։ Եհովան Եզեկիելին գրքի փաթույթ է տալիս, որ ուտի, և այն մեղրի պես քաղցր է նրա բերանում։ Աստված ասում է նրան. «Մարդո՛ւ որդի, քեզ դետ եմ դարձրել Իսրայելի տան համար» (2։1; 3։17)։ Եզեկիելը պետք է հավատարմորեն նախազգուշացումներ տա, այլապես կմեռնի։
10. Իսրայելի համար ի՞նչ նշան է Եզեկիելը ներկայացնում։
10 Երուսաղեմի պաշարման ներկայացումը (4։1– 7։27)։ Եհովան Եզեկիելին ասում է, որ աղյուսի վրա փորագրի Երուսաղեմ քաղաքը։ Նա պետք է ներկայացնի դրա պաշարումը որպես նշան Իսրայելի համար։ Որպեսզի այդ նշանը համոզիչ լինի, Եզեկիելը պետք է աղյուսի առաջ պառկի 390 օր իր ձախ կողքի վրա և 40 օր՝ աջ կողքի վրա։ Միևնույն ժամանակ նա պետք է շատ քիչ սնվի։ Եզեկիելի աղիողորմ խնդրանքը Եհովային, որ փոխի վառելիքը, որի վրա թխելու էր հացը, ցույց է տալիս, որ նա իսկապես ներկայացրել է այդ տեսարանը (4։9–15)։
11. ա) Եզեկիելն ինչպե՞ս է ցույց տալիս պաշարման աղետալի ավարտը։ բ) Ինչո՞ւ թեթևացում չի լինի։
11 Եհովան պատվիրում է Եզեկիելին, որ ցույց տա պաշարման աղետալի ավարտը՝ սափրելով իր գլուխն ու մորուքը։ Մազերի երրորդ մասը նա պետք է քաղաքի մեջտեղում կրակով այրի, մյուս երրորդ մասը պետք է թրով զարկի, իսկ մնացած երրորդ մասը քամուն պետք է տա։ Այդպես պաշարման վերջում Երուսաղեմի բնակիչներից ոմանք կմեռնեն սովից, համաճարակից, մի մասը՝ սրից, իսկ մնացածը կցրվեն բոլոր ուղղություններով։ Եհովան ամայի վայր կդարձնի քաղաքը։ Ինչո՞ւ։ Այն բանի համար, որ Երուսաղեմը վիրավորում է Եհովային իր պիղծ ու գարշելի կռապաշտությամբ։ Հարստությունը թեթևացում չի բերի։ Եհովայի ցասման օրը Երուսաղեմի բնակիչները իրենց արծաթը փողոց կշպրտեն։ «Նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»,— ասում է Աստված (7։27)։
12. Հավատուրաց Երուսաղեմի մասին տեսիլքում ի՞նչ գարշելի բաներ է տեսնում Եզեկիելը։
12 Եզեկիելի տեսիլքը հավատուրաց Երուսաղեմի մասին (8։1–11։25)։ Մ.թ.ա. 612թ.-ն է։ Տեսիլքում Եզեկիելը տարվում է շատ հեռու՝ Երուսաղեմ, որտեղ տեսնում է, թե ինչ գարշելի բաներ են տեղի ունենում Եհովայի տաճարում։ Գավիթում գարշելի կուռքն է, որը Եհովայի խանդն է գրգռում։ Պատի մեջ մի խոռոչ բացելով՝ Եզեկիելը տեսնում է 70 երեցների, որոնք երկրպագում են պատերի վրա քանդակված զզվելի գազանների ու գարշելի կուռքերի։ Նրանք արդարանում են՝ ասելով. «Եհովան չի տեսնում մեզ։ Եհովան լքել է երկիրը» (8։12)։ Հյուսիսային դարպասի մոտ կանայք լաց են լինում Թամուզ աստծու վրա։ Սակայն դա վերջը չէ։ Հենց տաճարի մուտքի մոտ 25 տղամարդ, որոնք մեջքով դեպի տաճարն են կանգնած, խոնարհվում են արևի առաջ։ Նրանք բացահայտ կերպով վիրավորում են Եհովային, և նա անպայման կգործի իր ցասումով։
13. Կտավ հագած մարդը և զենք ունեցող վեց մարդիկ ի՞նչ հրամաններ են ստանում։
13 Բայց ահա գալիս են վեց մարդ՝ յուրաքանչյուրի զենքն իր ձեռքին, որով ջախջախելու են։ Նրանց հետ յոթերորդ մարդն է, որը կտավ է հագած, և նրա գոտկատեղին քարտուղարի թանաքաման կա։ Եհովան կտավ հագած այս մարդուն ասում է, որ անցնի քաղաքի միջով ու նշան դնի այն մարդկանց ճակատներին, ովքեր հառաչում ու հեծեծում են այն բոլոր գարշելի բաների համար, որ կատարվում են նրա մեջ։ Հետո մյուս մարդկանց ասում է, որ անցնեն քաղաքի միջով ու սպանեն բոլորին՝ «ծերին, երիտասարդին, կույսին, երեխային ու կանանց», որոնց վրա նշան չկա։ Նրանք սկսում են ծերերից, որոնք տան առաջ են։ Կտավ հագած մարդը վերադառնում է ու հայտնում. «Ես արեցի ճիշտ այնպես, ինչպես հրամայեցիր» (9։6, 11)։
14. Տեսիլքի վերջում ի՞նչ է ցույց տրվում Եհովայի փառքի ու դատավճիռների մասին։
14 Եզեկիելը կրկին տեսնում է, որ Եհովայի փառքը բարձրանում է քերովբեների վրայից։ Քերովբեներից մեկը իր ձեռքը մեկնում է դեպի կրակը, որ վառվում է պտտվող անիվների մեջտեղը, վերցնում է շիկացած ածուխները ու տալիս կտավ հագած մարդուն, որը ցրիվ է տալիս դրանք քաղաքի վրա։ Եհովան խոստանում է հավաքել իսրայելացիներին, որոնք ցիրուցան են եղել երկրների մեջ, ու նոր ոգի տալ նրանց։ Բայց ի՞նչ կլինի Երուսաղեմում գտնվող այդ ամբարիշտ կռապաշտների հետ։ «Ես նրանց ճանապարհն իրենց գլխովը կտամ»,— ասում է Եհովան (11։21)։ Եզեկիելը տեսնում է, որ Եհովայի փառքը բարձրանում է քաղաքի վրայից, և աքսորված ժողովրդին պատմում է իր տեսիլքը։
15. Ինչպե՞ս է Եզեկիելը ցույց տալիս, որ Երուսաղեմի բնակիչները անպայման գերության են տարվելու։
15 Երուսաղեմի մասին այլ մարգարեություններ, որ տրվել են Բաբելոնում (12։1–19։14)։ Եզեկիելը կրկին դերասան է դառնում մեկ այլ խորհրդանշական տեսարանում։ Ցերեկով նա տնից հանում է իրերը, որոնցով աքսոր են ուղարկվում, իսկ երեկոյան ծածկված երեսով պատի մեջ արված խոռոչով (հավանաբար իր տան պատի) դուրս է գալիս։ Նա բացատրում է, որ դա նախանշան է Երուսաղեմի բնակիչների համար՝ ասելով. «Նրանք կաքսորվեն, գերության կտարվեն» (12։11)։ Որքա՜ն հիմար են այն մարգարեները, որոնք գնում են իրենց ոգու հետևից։ Նրանք բացականչում են. «Խաղաղությո՜ւն է»։ Բայց խաղաղություն չկա (13։10)։ Եթե նույնիսկ Երուսաղեմում լինեին Նոյը, Դանիելն ու Հոբը, նրանք ոչ մեկի չէին փրկի, բացի իրենցից։
16. Ինչպե՞ս է նկարագրված անպիտան Երուսաղեմը, բայց ինչո՞ւ է այն վերականգնվելու։
16 Քաղաքը նման է անպետք խաղողի վազի։ Դրա փայտանյութից ձող, նույնիսկ սեպ չեն պատրաստում։ Կրակը լափում է դրա երկու ծայրերը, իսկ մեջտեղի մասն այրվում է. անպիտան մի բան։ Որքա՜ն անհավատարիմ ու անարժեք է դարձել Երուսաղեմը։ Նա ծնվել է քանանացիների երկրում։ Եհովան տեսավ, որ նա լքված նորածնի պես էր, ու վերցրեց նրան։ Մեծացրեց նրան ու ամուսնական ուխտի մեջ մտավ նրա հետ։ Եհովայի հոգատարության շնորհիվ նա շատ գեղեցիկ դարձավ, «արքայական դիրքի արժանացավ» (16։13)։ Բայց նա մարմնավաճառ դարձավ՝ տրվելով կողքով անցնող ազգերին։ Նա սկսել է երկրպագել նրանց կուռքերին ու կրակի մեջ վառել իր որդիներին։ Հենց այդ ազգերն էլ՝ նրա սիրեկանները, կոչնչացնեն նրան։ Նա իր քույրերից՝ Սոդոմից ու Սամարիայից, ավելի վատն է։ Բայց չնայած այս ամենին՝ Եհովան, որը ողորմած Աստված է, քավություն կանի նրա համար ու կվերականգնի նրան՝ ըստ իր ուխտի։
17. Արծվի ու որթատունկի հանելուկի միջոցով Եհովան ի՞նչ է ցույց տալիս։
17 Եհովան մարգարեին ասում է, որ մի հանելուկ ասի ժողովրդին, ու հետո բացատրում է նշանակությունը։ Այն ցույց է տալիս, թե որքան զուր է Երուսաղեմի հույսը օգնություն ստանալ Եգիպտոսից։ Մեծ արծիվը (Նաբուգոդոնոսորը) գալիս է ու պոկում բարձր մայրու գագաթը (Հովաքինին), բերում է նրան Բաբելոն և նրա փոխարեն տնկում է որթատունկ (Սեդեկիային)։ Որթատունկը իր սաղարթները մեկնում է դեպի մեկ ուրիշ արծիվ (Եգիպտոս), բայց մի՞թե այն հաջողություն կունենա։ Նրան արմատախիլ են անում։ Եհովան նույնպես կպոկի մայրու բարձր գագաթից մի մատղաշ ոստ ու կտնկի բարձր լեռան վրա։ Այնտեղ նա փառահեղ մայրի կդառնա, որի տակ «ամեն տեսակ թռչուններ կբնակվեն»։ Բոլորը կիմանան, որ Եհովան է արել դա (17։23, 24)։
18. ա) Հրեա գերիներին հանդիմանելիս Եհովան ի՞նչ սկզբունքներ է տալիս։ բ) Ի՞նչ դատաստան է սպասում Հուդայի թագավորներին։
18 Եհովան հանդիմանում է հրեա գերիներին նրանց այս ասացվածքի համար. «Հայրերը խակ խաղող են ուտում, սակայն որդիների ատամներն են առնվում»։ Բայց դա այդպես չէ։ «Այն հոգին, որը մեղք է գործում, ինքն էլ կմահանա» (18։2, 4)։ Արդարը կապրի։ Եհովային որևէ հաճույք չի պատճառում ամբարշտի մահը։ Իրեն հաճելի է այն, որ նա հետ դառնա իր չար ճանապարհներից ու ապրի։ Հուդայի թագավորները, առյուծի կորյունների պես, բռնվել են Եգիպտոսի ու Բաբելոնի կողմից։ Նրանց ձայնն «այլևս չի լսվի Իսրայելի լեռներում» (19։9)։
19. ա) Թեև Եզեկիելը նշում է կործանման մասին, ի՞նչ հույսի մասին է ասում։ բ) Ի՞նչ օրինակով է նա ցույց տալիս Իսրայելի ու Հուդայի անհավատարմությունը ու դրա հետևանքը։
19 Երուսաղեմին ուղղված դատապարտություն (20։1–23։49)։ Մ.թ.ա. 611 թվականն է։ Կրկին գերիների միջից երեցներ են գալիս Եզեկիելի մոտ՝ Եհովայից հարցնելու։ Ի՞նչ են նրանք լսում։ Իսրայելի ապստամբության ու պիղծ կռապաշտության մասին երկար պատմություն, ինչպես նաև նախազգուշացում, որ Եհովան սուր է պատրաստել, որ իրագործի Իսրայելի դեմ դատավճիռը։ Երուսաղեմին «կործանո՛ւմ, կործանո՛ւմ, կործանո՛ւմ» է սպասում։ Բայց փառահեղ հույս կա։ Եհովան կպահի թագավորությունը («պսակը»), մինչև որ գա նա, «ով օրինական իրավունք ունի», և այն կտա նրան (21։26, 27)։ Եզեկիելը խոսում է Երուսաղեմում՝ «արյունապարտ քաղաքում» կատարվող գարշելի բաների մասին։ Իսրայելի տունը դարձել է «խարամ» և պետք է հավաքվի Երուսաղեմում ու հալվի այնտեղ ասես հնոցի մեջ (22։2, 18)։ Սամարիայի (Իսրայելի) ու Հուդայի անհավատարմությունը ներկայացված է երկու քույրերի օրինակով։ Սամարիան՝ Օոլան, մարմնավաճառությամբ է զբաղվում ասորեստանցիների հետ, և նրա սիրեկանները կործանում են նրան։ Հուդան՝ Օոլիբան, դաս չի քաղում ու ավելի վատ է վարվում՝ նախ մարմնավաճառությամբ զբաղվելով Ասորեստանի ու հետո՝ Բաբելոնի հետ։ Նա ամբողջությամբ կկործանվի։ «Դուք.... պիտի իմանաք, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ» (23։49)։
20. Ինչի՞ է նմանեցվում պաշարված Երուսաղեմը, և ի՞նչ զորեղ նախանշան է Եհովան տալիս քաղաքի դեմ կայացված դատավճռի վերաբերյալ։
20 Երուսաղեմի վերջին պաշարումը սկսվում է (24։1–27)։ Մ.թ.ա. 609 թվականի տասներորդ ամսվա տասներորդ օրն է։ Եհովան հայտնում է Եզեկիելին, որ հենց այդ օրը Բաբելոնի թագավորը պաշարել է Երուսաղեմը։ Նա համեմատում է պարսպապատ քաղաքը լայնաբերան կաթսայի, իսկ նրա ամենալավ բնակիչներին՝ դրա միջի մսի հետ։ Տաքացրո՛ւ կաթսան։ Եփի՛ր Երուսաղեմի զզվելի կռապաշտության ողջ անմաքրությունը։ Այդ նույն օրը Եզեկիելի կինը մահանում է, բայց հնազանդվելով Եհովային՝ մարգարեն սուգ չի անում։ Սա նախանշան է, որ ժողովուրդը չպետք է սգա Երուսաղեմի կործանման համար, քանի որ այն դատավճիռ է Եհովայի կողմից, որպեսզի նրանք իմանան, թե ով է նա։ Որպեսզի տեղեկացնի «ամրոցի՝ գեղեցկության [կործանման մասին], որով նրանք ցնծում են», Եհովան կուղարկի մի փրկվածի, բայց մինչև նրա գալը Եզեկիելն այլևս չպետք է խոսի գերիների հետ (24։25)։
21. Ազգերն ինչպե՞ս կիմանան, թե ով է Եհովան, և ինչպիսի՞ն կլինի նրա վրեժը։
21 Մարգարեություններ ազգերի դեմ (25։1–32։32)։ Եհովան կանխագուշակում է, որ շրջակա ազգերը կուրախանան, երբ Երուսաղեմը անկում ապրի, և այդ առիթը կօգտագործեն, որ նախատեն Հուդայի Աստծուն։ Սակայն նրանք անպատիժ չեն մնա։ Ամմոնն ու Մովաբը արևելցիների ձեռքը կմատնվեն։ Եդոմը ավերակ կդառնա, իսկ փղշտացիների դեմ վրեժխնդրության մեծ գործեր կարվեն։ Եհովան ասում է. «Նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ» (25։17)։
22. Ի՞նչ հատուկ կերպով է նշվում Տյուրոսի մասին, և ինչպե՞ս Եհովան կսրբացվի նրանով, թե ինչ տեղի կունենա Սիդոնում։
22 Տյուրոսի մասին հատուկ կերպով է նշվում։ Հպարտ իր բարգավաճող առևտրով՝ նա նման է ծովի մեջ եղող գեղեցիկ նավի, բայց շուտով կոտրվելու է և իջնելու է ջրերի խորքը։ «Ես աստված եմ»,— պարծենում է նրա առաջնորդը (28։9)։ Եհովան պատվիրում է իր մարգարեին Տյուրոսի թագավորի մասին ողբերգ ասել. նա Եդեմում՝ Աստծու պարտեզում, գեղեցիկ օծված քերովբե էր, բայց Եհովան նրան՝ որպես պղծվածի, ցած կնետի իր լեռից, և նրա միջից դուրս եկած կրակը կլափի նրան։ Եհովան ասում է, որ ինքը կսրբացվի նաև նրանով, որ կկործանի ուրիշներին արհամարհող Սիդոնին։
23. Ի՞նչ պետք է իմանա Եգիպտոսը, և ինչպե՞ս դա տեղի կունենա։
23 Այժմ Եհովան Եզեկիելին ասում է, որ երեսը ուղղի դեպի Եգիպտոսն ու փարավոնը և մարգարեանա նրանց դեմ։ «Նեղոս գետն իմն է, ե՛ս, ե՛ս եմ ստեղծել այն ինձ համար»,— պարծենում է փարավոնը (29։3)։ Փարավոնն ու եգիպտացիները, որոնք հավատում են նրան, նույնպես պիտի իմանան, որ Եհովան Աստված է։ Նրանց համար դաս կլինի 40-ամյա ամայացումը։ Այստեղ Եզեկիելը որոշ տեղեկություններ է նշում, որոնք իրականում ավելի ուշ են նրան հայտնի դարձել՝ մ.թ.ա. 591-ին։ Եհովան Նաբուգոդոնոսորին կտա Եգիպտոսը Տյուրոսի դեմ կատարած աշխատանքի դիմաց։ (Նաբուգոդոնոսորը Տյուրոսում շատ քիչ ավար ստացավ, քանի որ տյուրոսցիները փախան քաղաքի այն մասը, որը կղզի էր՝ իրենց հետ տանելով հարստության մեծ մասը)։ Մի ողբերգում Եզեկիելը հայտնում է, որ Նաբուգոդոնոսորը կկողոպտի Եգիպտոսի հպարտությունը։ Եվ «նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ» (32։15)։
24. ա) Որպես դետ՝ Եզեկիելն ի՞նչ պատասխանատվություն ունի։ բ) Իմանալով Երուսաղեմի անկման մասին՝ ի՞նչ լուր է Եզեկիելը հայտնում գերիներին։ գ) Օրհնության վերաբերյալ ո՞ր խոստումն է շեշտվում 34-րդ գլխում։
24 Դետ գերիների համար, կանխագուշակվում է վերականգնման մասին (33։1–37։28)։ Եհովան ասում է Եզեկիելին, թե որպես դետ՝ ինչ պատասխանատվություն ունի։ Ժողովուրդն ասում է. «Եհովայի ճանապարհն անարդար է»։ Ուստի մարգարեն պետք է հստակ ցույց տա նրանց, թե որքան սխալ են (33։17)։ Մ.թ.ա. 607 թվականն է։ Տասներորդ ամսվա հինգերորդ օրը Երուսաղեմից մի փրկված գալիս է ու Եզեկիելին ասում. «Քաղաքը կործանվեց» (33։21)c։ Եզեկիելը, որն այժմ կրկին կարող է խոսել գերիների հետ, ասում է, որ նրանց բոլոր հույսերը, թե Հուդան կփրկվի, զուր են։ Թեև նրանք գալիս են Եզեկիելի մոտ, որ լսեն Եհովայի կողմից ասված խոսքը, սակայն նա նրանց համար ասես սիրո մի երգ երգող լինի, գեղեցիկ ձայն ունեցող մի մարդ, որը վարպետորեն տավիղ է նվագում։ Նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձնում նրա խոսքին։ Սակայն երբ այն կատարվի, նրանք կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել։ Եզեկիելը հանդիմանում է կեղծ հովիվներին, որոնք մոռացել են հոտի մասին և իրենք իրենց են արածեցնում։ Եհովան՝ Կատարյալ Հովիվը, կհավաքի ցիրուցան եղած ոչխարներին ու կբերի Իսրայելի լեռների լավ արոտավայրերը։ Այնտեղ նրանց վրա մեկ հովիվ կդնի՝ «իր ծառա Դավթին» (34։23)։ Եհովան կդառնա նրանց Աստվածը։ Նա խաղաղության ուխտ կկապի նրանց հետ և օրհնության հորդառատ անձրևներ կբերի։
25. ա) Ինչո՞ւ և ինչպե՞ս Եհովան երկիրը Եդեմի պես կդարձնի։ բ) Ի՞նչ է ցույց տրվում չորացած ոսկորների տեսիլքով և երկու փայտով։
25 Եզեկիելը կրկին մարգարեանում է Սեիրի լեռնային շրջանի (Եդոմի) ամայացման մասին։ Սակայն Իսրայելի ավերակ դարձած վայրերը կվերաշինվեն, քանի որ Եհովան ցավ կզգա իր սուրբ անվան համար և կսրբացնի այն ազգերի մեջ։ Նա իր ժողովրդին նոր սիրտ ու նոր ոգի կտա, և նրանց երկիրը կրկին կդառնա «Եդեմի պարտեզի պես» (36։35)։ Եզեկիելը հետո տեսիլքում տեսնում է Իսրայելը՝ ներկայացված չորացած ոսկորներով լի դաշտահովտով։ Նա մարգարեանում է այդ ոսկորների վրա։ Հրաշքով դրանք սկսում են մսով պատվել, դրանց մեջ շունչ է մտնում, ու կենդանանում են։ Նույն կերպով էլ Եհովան կբացի բաբելոնյան գերության թաղման վայրերը, կհանի Իսրայելին այդ տեղերից ու կբերի իրենց երկիր։ Եզեկիելը վերցնում է երկու փայտ, որոնք ներկայացնում են Իսրայելի երկու տները՝ Հուդան ու Եփրեմը։ Նրա ձեռքում դրանք մեկ փայտ են դառնում։ Այդպես էլ, երբ Եհովան վերականգնի Իսրայելը, նրանք միավորված կլինեն խաղաղության ուխտով Աստծու ծառա «Դավթի» իշխանության ներքո (37։24)։
26. Մագոգ երկրից Գոգը ինչո՞ւ է հարձակում գործում, և ի՞նչ է լինում արդյունքը։
26 Մագոգ երկրից Գոգի հարձակումը վերականգնված Իսրայելի վրա (38։1–39։29)։ Հետո ուրիշ կողմից հարձակում կլինի։ Եհովայի վերականգնված ժողովրդի խաղաղությունն ու բարգավաճումը կգրավի Մագոգ երկրից Գոգի ուշադրությունը, և նա կատաղի հարձակում կգործի՝ նպատակ ունենալով կուլ տալ նրանց։ Այդ ժամանակ Եհովան դուրս կգա իր կատաղության կրակով։ Նա յուրաքանչյուրի սուրն իր եղբոր դեմ կուղղի, նրանց վրա համաճարակ կբերի, արյունահեղություն կանի և հորդառատ անձրև, կարկուտ, կրակ ու ծծումբ կտեղա։ Նրանք կպարտվեն ու կիմանան, որ Եհովան «Իսրայելի մեջ եղող Սուրբն» է (39։7)։ Այնուհետև Եհովայի ժողովուրդը կրակի մեջ կայրի թշնամիներից հետո մնացած զենքերը և ոսկորները կթաղի «Գոգի ամբոխի հովտում» (39։11)։ Գիշակեր թռչուններն ու գազանները կուտեն սպանվածների միսը և կխմեն նրանց արյունը։ Այդուհետ Իսրայելը ապահով կբնակվի, ոչ ոք նրան չի վախեցնի, ու Եհովան իր ոգին կթափի նրա վրա։
27. Եզեկիելն ի՞նչ է տեսնում, երբ տեսիլքում հայտնվում է Իսրայելի երկրում, և ինչպե՞ս է հայտնվում Աստծու փառքը։
27 Տաճարի մասին Եզեկիելի տեսիլքը (40։1–48։35)։ Մ.թ.ա. 593 թվականն է։ Սողոմոնի տաճարի կործանումից հետո 14-րդ տարին է, և գերիների մեջ զղջացող անհատները քաջալերանքի ու հույսի կարիք ունեն։ Եհովան տեսիլքում Եզեկիելին բերում է Իսրայելի երկիր ու մի շատ բարձր լեռան վրա է կանգնեցնում։ Այնտեղ տեսիլքում նա տեսնում է տաճար ու «դեպի հարավ քաղաքի նման մի բան»։ Հրեշտակը նրան պատվիրում է. «Այն ամենն, ինչ տեսնես, պատմիր Իսրայելի տանը» (40։2, 4)։ Այնուհետև մանրամասնությամբ Եզեկիելին ցույց է տալիս տաճարն ու գավիթները՝ չափելով պատերը, դարպասները, պահապանների սենյակները, ճաշասենյակները, ինչպես նաև տաճարը իր Սրբությամբ ու Սրբությունների Սրբությամբ։ Նա Եզեկիելին տանում է դեպի արևելք նայող դարպասը։ «Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքից, նրա ձայնը շատ ջրերի ձայնի պես էր, ու երկիրը սկսեց փայլել նրա փառքից» (43։2)։ Հրեշտակը մանրամասնորեն պատմում է Եզեկիելին Տան (կամ տաճարի), զոհասեղանի ու դրա վրա մատուցվող զոհերի, քահանաների, ղևտացիների ու իշխանի իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև երկրի բաժանման մասին։
28. Եզեկիելի տեսիլքից ի՞նչ է հայտնի դառնում Տնից հոսող վտակի, ինչպես նաև քաղաքի ու նրա անվան մասին
28 Հրեշտակը Եզեկիելին հետ է բերում Տան մուտքի մոտ, որտեղ նա տեսնում է, որ Տան շեմքի տակից ջուր է հոսում դեպի արևելք զոհասեղանի հարավային կողմով։ Բարակ հոսելով՝ այն աստիճանաբար դառնում է հեղեղատ։ Ջուրը թափվում է Մեռյալ ծով, որտեղ ձկները կենդանանում են, և զարգանում է ձկնորսությունը։ Հեղեղատի երկու կողմերում ծառեր են աճում, որոնք մարդկանց սնունդ են տալիս և բուժում են։ Հետո տեսիլքում խոսվում է այն տարածքի մասին, որ 12 ցեղերը, այդ թվում պանդուխտն ու իշխանը ստանալու են որպես ժառանգություն, և նկարագրվում է տաճարից դեպի հարավ գտնվող սուրբ քաղաքը, որի 12 դարպասների անունները համապատասխանում են Իսրայելի ցեղերի անուններին։ Քաղաքը կունենա ամենափառավոր անունը՝ «Եհովան այնտեղ է» (48։35)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
29. Հրեա գերիները ի՞նչ օգուտներ ստացան Եզեկիելի մարգարեությունից։
29 Բոլոր այն ազդարարությունները, տեսիլքները և խոստումները, որ Եհովան հաղորդեց Եզեկիելին, վերջինս հավատարմորեն փոխանցեց հրեա գերիներին։ Թեև շատերը ծաղրուծանակի ենթարկեցին մարգարեին ու լրջորեն չվերաբերվեցին նրան, որոշ անհատներ հավատացին նրա խոսքերին, ինչը մեծ օգուտներ տվեց նրանց։ Վերականգնման մասին խոստումները զորացրին այդ մարդկանց։ Ի տարբերություն գերի տարված այլ ազգերի՝ նրանք պահպանեցին իրենց ազգային պատկանելիությունը, և Եհովան, ինչպես խոստացել էր, մ.թ.ա. 537-ին իր ժողովրդից մի մնացորդ վերադարձրեց հայրենիք (Եզեկ. 28։25, 26; 39։21–28; Եզր. 2։1; 3։1)։ Այդ մնացորդը վերակառուցեց Եհովայի տունը և վերականգնեց ճշմարիտ երկրպագությունը։
30. «Եզեկիել» գրքում ամփոփված ո՞ր սկզբունքները մեծ արժեք ունեն նաև այսօր։
30 «Եզեկիել» գրքում ամփոփված սկզբունքները մեծ արժեք ունեն նաև այսօր։ Հավատուրացությունը, կռապաշտությունը և ըմբոստությունը միմիայն տհաճություն են պատճառում Եհովային (Եզեկ. 6։1–7; 12։2–4, 11–16)։ Յուրաքանչյուրը պատասխան է տալու իր գործած մեղքերի համար, սակայն Եհովան կների նրան, ով հետ կկանգնի սխալ ընթացքից։ Այդպիսի անհատը նրա ողորմությանը կարժանանա և անպատճառ կապրի (18։20–22)։ Աստծու ծառաները, Եզեկիելի պես, պետք է հավատարիմ դետեր լինեն, անգամ եթե ծանր առաջադրանքներ են ստանում և ծաղրուծանակի ու նախատինքների են ենթարկվում։ Մենք անպայման պետք է նախազգուշացնենք ամբարիշտներին, հակառակ դեպքում նրանց արյունը մեր գլխին կլինի (3։17; 33։1–9)։ Աստծու ժողովրդի հովիվների վրա դրված է նրա հոտին հոգ տանելու լուրջ պարտականությունը (34։2–10)։
31. Եզեկիելի ո՞ր մարգարեություններն են կանխագուշակում Մեսիայի գալուստը։
31 «Եզեկիել» գրքում առանձնահատուկ են Մեսիայի մասին մարգարեությունները։ Մեսիան այստեղ հիշատակվում է որպես մեկը, որին պիտի տրվի Դավթի աթոռը, և որը այդ աթոռին նստելու «օրինական իրավունք ունի»։ Երկու անգամ նրա մասին ասվում է՝ «իմ ծառա Դավիթը»։ Նա նաև կոչվում է «հովիվ», «թագավոր» և «իշխան» (21։27; 34։23, 24; 37։24, 25)։ Եզեկիելը Դավթի մասին չէր խոսում, քանի որ վերջինս վաղուց մահացել էր։ Նա խոսում էր նրա մասին, ով միաժամանակ լինելու էր Դավթի և՛ Որդին, և՛ Տերը (Սաղ. 110։1; Մատթ. 22։42–45)։ Ինչպես Եսայիան, Եզեկիելը նույնպես գրում է, որ մի մատղաշ ընձյուղ է տնկվելու, որը բարձրացնելու է Եհովան (Եզեկ. 17։22–24; Ես. 11։1–3)։
32. Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան տաճարի մասին Եզեկիելի տեսիլքի ու «Հայտնություն» գրքում նկարագրված «սուրբ քաղաքի» մասին տեսիլքի միջև։
32 Հետաքրքրական է համեմատել տաճարի մասին Եզեկիելի տեսիլքը «Հայտնություն» գրքում նկարագրված «սուրբ քաղաք Երուսաղեմի» տեսիլքի հետ (Հայտն. 21։10)։ Հարկ է նշել որոշ տարբերությունների մասին։ Օրինակ՝ Եզեկիելի տեսած տաճարը գտնվում է մի առանձին վայրում՝ քաղաքից դեպի հյուսիս, մինչդեռ «Հայտնություն»-ում քաղաքի տաճարը ինքը Եհովան է։ Սակայն երկու տեսիլքներում էլ հոսում է կյանքի գետը, իսկ նրա ափերին գտնվող ծառերը ամեն ամիս պտուղ են տալիս և տերև՝ բուժելու համար։ Երկու տեսիլքներում էլ առկա է Եհովայի փառքը։ Երկուսն էլ երախտագիտության զգացում են ներշնչում Եհովայի թագավորական իշխանության ու այն ամենի հանդեպ, ինչ նա նախաձեռնել է իրեն սուրբ ծառայություն մատուցողներին փրկելու համար (Եզեկ. 43։4, 5 — Հայտն. 21։11; Եզեկ. 47։1, 8, 9, 12 — Հայտն. 22։1–3)։
33. Ի՞նչն է ընդգծվում «Եզեկիել» գրքում, և ի՞նչ ապագա է սպասում նրանց, ովքեր այսօր արդեն սրբացնում են Եհովայի անունը իրենց կյանքով։
33 «Եզեկիել» գիրքն ընդգծում է Եհովայի սրբությունը։ Այն հայտնում է, որ չկա մեկ այլ կարևոր բան, քան Եհովայի անվան սրբացումը։ ««Ես կսրբացնեմ իմ մեծ անունը.... Եվ ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան եմ»,— ասում է Գերիշխան Տեր Եհովան»։ Այս մարգարեությունը ցույց է տալիս, որ նա սրբացնելու է իր անունը՝ ոչնչացնելով այդ անունը պղծողներին, այդ թվում Մագոգի Գոգին։ Իմաստուն են նրանք, ովքեր այսօր արդեն սրբացնում են Եհովայի անունը՝ ընդունելի երկրպագություն մատուցելով նրան։ Այդպիսի անհատները կապաքինվեն ու հավիտենական կյանք կստանան Աստծու տաճարից բխող գետի ջրերի շնորհիվ։ Որքա՜ն փառավոր է, շքեղ ու գեղեցկությամբ անգերազանցելի այն քաղաքը, որը կոչվում է «Եհովան այնտեղ է» (Եզեկ. 36։23; 38։16; 48։35)։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 531, 1136 (անգլ.)։
b «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 681, 682 (անգլ.)։
c Ասորական «Պեշիթո»-ում, հունարեն «Յոթանասնից»-ի որոշ ձեռագրերում և եբրայերեն ութ ձեռագրերում նշվում է ոչ թե «տասներկուերորդ տարին», այլ «տասնմեկերորդ»։ Այդ դեպքում Երուսաղեմից փրկվածը կգար մ.թ.ա. 607թ. դեկտեմբերի երկրորդ կեսին (թեբեթի 5-ին), այսինքն՝ բաբելոնացիների կողմից Երուսաղեմի գրավումից վեց ամիս հետո (2 Թագ. 25։2–4)։ Եթե ամիսները հաշվենք գարունից գարուն, իսկ տարին՝ աշունից աշուն, այդ դեպքում «տասներկուերորդ տարվա» թեբեթի 5-ը նույնպես կընկնի մ.թ.ա. 607թ. դեկտեմբերի երկրորդ կեսին։