Գործեր
4 Մինչ Պետրոսն ու Հովհաննեսը խոսում էին ժողովրդի հետ, ավագ քահանաները, տաճարի վերահսկիչն ու սադուկեցիները+ մոտեցան նրանց: 2 Նրանք զայրացած էին, որովհետև առաքյալները ուսուցանում էին ժողովրդին և բացահայտ հռչակում էին Հիսուսի հարության մասին:*+ 3 Ուստի նրանց ձերբակալեցին ու բանտում պահեցին+ մինչև հաջորդ օրը, որովհետև արդեն երեկո էր: 4 Սակայն խոսքը լսողներից շատերը հավատացին, և այդ մարդկանց թիվը շուրջ 5 000-ի հասավ:+
5 Հաջորդ օրը Երուսաղեմում հավաքվեցին ժողովրդի ղեկավարները, երեցներն ու Օրենքի ուսուցիչները,* 6 նաև ավագ քահանա Հաննան,+ Կայիափան,+ Հովհաննեսը, Ալեքսանդրոսը և ավագ քահանայի բոլոր ազգականները: 7 Նրանք Պետրոսին ու Հովհաննեսին կանգնեցրին իրենց մեջտեղը և հարցրին. «Ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով արեցիք դա»: 8 Այդ ժամանակ Պետրոսը, սուրբ ոգով լցված,+ ասաց.
«Ո՛վ ժողովրդի ղեկավարներ ու երեցներ, 9 եթե մեզ այսօր հարցաքննում եք այն պատճառով, որ մի հաշմանդամ մարդու համար բարի գործ ենք կատարել,+ և ուզում եք իմանալ, թե ով առողջացրեց այս մարդուն, 10 ապա թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ողջ ժողովրդին, որ այս մարդը առողջացավ նազարեթցի Հիսուս Քրիստոսի անունով,+ որին դուք սյանը գամեցիք,+ բայց որին Աստված հարություն տվեց:+ Այո՛, հենց Հիսուսի շնորհիվ է նա կանգնած ձեր առաջ: 11 Հիսուսն է «այն քարը, որին դուք՝ շինարարներդ, արհամարհեցիք, բայց որը դարձավ գլխավոր անկյունաքարը»:*+ 12 Եվ նրանից բացի ուրիշ ոչ ոք չի կարող փրկել մեզ,+ որովհետև երկնքի տակ՝ մարդկանց մեջ, չկա մեկ ուրիշ անուն, որի շնորհիվ կարող ենք փրկվել»:+
13 Տեսնելով Պետրոսի ու Հովհաննեսի համարձակությունը ու հասկանալով, որ անուսում* և հասարակ մարդիկ են՝+ նրանք զարմանում էին: Բայց հետո գլխի ընկան, որ այս մարդիկ Հիսուսի հետ են եղել:+ 14 Նրանք նայում էին բուժված մարդուն, որը կանգնած էր նրանց հետ,+ ու ոչինչ չէին կարողանում ասել ի պատասխան:+ 15 Ուստի նրանց հրամայեցին Սինեդրիոնի* դահլիճից դուրս գալ ու սկսեցին խորհրդակցել իրար հետ. 16 «Ի՞նչ անենք այս մարդկանց.+ չէ՞ որ իրականում նրանք հրաշք են գործել, որը հայտնի է դարձել Երուսաղեմի բոլոր բնակիչներին,+ իսկ մենք չենք կարող ժխտել դա: 17 Որպեսզի ժողովրդի մեջ այս լուրը ավելի շատ չտարածվի, եկեք սպառնանք նրանց և հրամայենք, որ այլևս ոչ ոքի հետ այդ մարդու անունով չխոսեն»:+
18 Ապա առաքյալներին կանչեցին և հրամայեցին, որ մի բառ անգամ չխոսեն ու չսովորեցնեն Հիսուսի անունով: 19 Բայց Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին նրանց. «Ինքներդ դատեք. Աստծու տեսանկյունից ո՞րն է ճիշտ՝ ձե՞զ հնազանդվել, թե՞ իրեն: 20 Ուստի մենք չենք կարող չխոսել մեր տեսածի ու լսածի մասին»:+ 21 Նրանք մեկ անգամ էլ սպառնացին առաքյալներին, ինչից հետո ազատ արձակեցին, քանի որ նրանց պատժելու հիմք չգտան: Բացի այդ՝ ժողովրդից էլ էին վախենում,+ որովհետև բոլորը տեղի ունեցածի համար փառաբանում էին Աստծուն: 22 Այդ մարդը, որը հրաշքով բուժվել էր, 40-ն անց էր:
23 Ազատ արձակվելուց հետո առաքյալները գնացին հավատակիցների մոտ և պատմեցին այն ամենը, ինչ ավագ քահանաներն ու երեցները ասել էին իրենց: 24 Նրանց պատմածը լսելով՝ բոլորը միասնաբար աղոթեցին Աստծուն.
«Գերիշխա՛ն Տեր, դու ես ստեղծել երկինքը, երկիրը, ծովը և դրանցում եղող ամեն բան:+ 25 Սուրբ ոգու միջոցով դու մեր նախահայր Դավթի՝ քո ծառայի շուրթերով ասել ես.+ «Ազգերն ինչո՞ւ իրարանցման մեջ ընկան, և ժողովուրդները փուչ բաների մասին խորհեցին: 26 Երկրի թագավորները վեր կացան, ղեկավարները համախմբվեցին և Եհովայի* ու նրա օծյալի* դեմ դուրս եկան»:+ 27 Հերովդեսն ու Պոնտացի Պիղատոսը+ այլազգի մարդկանց և Իսրայելի ժողովրդի հետ այս քաղաքում համախմբվել են քո սուրբ ծառա Հիսուսի դեմ, որին դու օծել ես,+ 28 որպեսզի անեն այն, ինչ քո զորությամբ* ու կամքով կանխորոշել էիր:+ 29 Եվ հիմա, ո՛վ Եհովա, լսիր նրանց սպառնալիքները և օգնիր ծառաներիդ, որ համարձակությամբ քարոզեն քո խոսքը: 30 Թող քո ձեռքը շարունակի բուժել, և թող քո սուրբ ծառա Հիսուսի անունով+ զորավոր գործեր ու հրաշքներ կատարվեն»:+
31 Նրանց աղերսագին աղոթքից հետո այն տունը, որտեղ հավաքվել էին, ցնցվեց, ու բոլորը սուրբ ոգով լցվեցին,+ ինչից հետո սկսեցին համարձակությամբ Աստծու խոսքը քարոզել:+
32 Հավատացյալների բազմությունը միաբանված էր,* և մեկն անգամ չէր ասում, թե իր ունեցածը իր սեփականն է. նրանց ողջ ունեցածը ընդհանուր էր:+ 33 Առաքյալները շարունակում էին արդյունավետորեն քարոզել Տեր Հիսուսի հարության մասին,+ և Աստված իր անզուգական բարությամբ առատորեն օրհնում էր նրանց: 34 Նրանց մեջ կարիքավոր մարդ չկար,+ որովհետև բոլորը, ովքեր ագարակներ ու տներ ունեին, վաճառում էին դրանք և փողը բերում 35 ու տալիս էին առաքյալներին,+ իսկ նրանք այն բաշխում էին բոլորին՝ ըստ յուրաքանչյուրի կարիքի:+ 36 Հովսեփը, որը ղևտացի էր ու ծագումով՝ Կիպրոսից, և որին առաքյալները նաև կոչում էին Բառնաբաս+ (թարգմանաբար նշանակում է «մխիթարության որդի»), 37 մի հողակտոր ուներ, որը վաճառեց և փողը տվեց առաքյալներին:+