Եզեկիել
38 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի Մեսեքի ու Թոբելի+ գլխավոր առաջնորդ* Գոգը, որը Մագոգ երկրից է,+ ու մարգարեացիր նրա մասին.+ 3 «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ՝ Մեսեքի ու Թոբելի գլխավոր առաջնորդ: 4 Ես այնպես կանեմ, որ դու ուրիշ ճանապարհ բռնես, կարթ կանցկացնեմ քո ծնոտից+ և դուրս կբերեմ քեզ քո ողջ զորքով,+ այդ թվում՝ ձիերին ու ձիավորներին, որոնք շքեղ հագուստներով են: Նրանք հսկայական զորք են, ասպարներ* ու մեծ վահաններ ունեն և հմտորեն են գործածում սուրը: 5 Նրանց հետ են Պարսկաստանը, Եթովպիան և Փութը,+ որոնք ասպար ու սաղավարտ են կրում, 6 Գոմերն ու նրա բոլոր զորախմբերը, հյուսիսի ամենահեռավոր վայրերից Թորգոմայի+ սերունդներն ու նրա բոլոր զորախմբերը՝ շատ ժողովուրդներ:+
7 Պատրա՛ստ եղիր, պատրաստվե՛ք դու և քո ողջ զորքը, որը հավաքվել է քեզ հետ: Դու նրանց հրամանատարը կլինես:
8 Շատ օրեր անց ես ուշադրություն կդարձնեմ քեզ:* Վերջին տարիներին դու կներխուժես մի երկիր, որը սրով ամայացած է եղել: Դրա ժողովուրդը վերադարձել է: Այդ ժողովուրդը հավաքվել է շատ ազգերի միջից և բերվել է Իսրայելի լեռների վրա, որոնք երկար ժամանակ ամայի են եղել: Այդ երկրի ժողովուրդը վերադարձել է՝ դուրս գալով ուրիշ ժողովուրդների միջից, և ապահով է բնակվում:+ 9 Դու նրա դեմ դուրս կգաս փոթորկի պես և երկիրը կծածկես ամպերի պես՝ դու, քո բոլոր զորքերը ու քեզ հետ շատ ժողովուրդներ»»:
10 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այդ օրը քո գլխում* մտքեր կծագեն, և դու չար ծրագրեր կկազմես: 11 Դու կասես. «Ես կներխուժեմ անպաշտպան բնակավայրեր ունեցող այդ երկիր+ և կհարձակվեմ հանգիստ ու ապահով ապրող բնակիչների վրա: Նրանք բոլորն ապրում են անպաշտպան բնակավայրերում՝ առանց պարիսպների, նիգերի ու դարպասների»: 12 Դու նպատակ կունենաս թալանելու և շատ ավար վերցնելու, հարձակվելու վերաբնակեցված վայրերի վրա,+ որոնք մի ժամանակ ավերված են եղել, ինչպես նաև ուրիշ ազգերի միջից հավաքված ժողովրդի վրա,+ որը հարստություն և ունեցվածք է դիզում+ ու ապրում է երկրի կենտրոնում:
13 Սաբան,+ Դեդանը,+ Թարսիսի+ վաճառականները և նրա բոլոր ռազմիկները* կասեն քեզ. «Հարձակվում ես այդ երկրի վրա, որ թալանես այն ու շատ ավա՞ր վերցնես: Քո զորքերը հավաքել ես, որ ոսկի ու արծաթ տանես, հարստություն և ունեցվածք հափշտակես ու մեծ ավա՞ր վերցնես»»:
14 Ուստի մարգարեացիր, մարդո՛ւ որդի, և ասա Գոգին. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այն օրը, երբ իմ ժողովուրդը՝ Իսրայելը, ապահով բնակվի, դու անպայման կիմանաս այդ մասին:+ 15 Դու կգաս քո տեղից՝ հյուսիսի ամենահեռավոր վայրերից,+ կգաս շատ ժողովուրդների հետ: Նրանք բոլորը ձիեր հեծած մի մեծ բազմություն կլինեն՝ հսկայական զորք:+ 16 Դու իմ ժողովրդի՝ Իսրայելի դեմ դուրս կգաս ինչպես մի ամպ, որը ծածկում է երկիրը: Վերջին օրերում ես այնպես կանեմ, որ հարձակվես իմ երկրի վրա,+ որպեսզի ազգերը ճանաչեն ինձ, երբ նրանց աչքի առաջ քո միջոցով սրբացվեմ, ո՛վ Գոգ»»:+
17 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի՞թե նախկինում քո մասին չէի խոսում իմ ծառաների՝ Իսրայելի մարգարեների միջոցով, ովքեր տարիներ շարունակ մարգարեանում էին, որ քեզ բերելու եմ Իսրայելի դեմ»:
18 Այն օրը, երբ Գոգը ներխուժի Իսրայելի երկիր,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ցասումս կմոլեգնի:+ 19 Ես կխոսեմ իմ սաստիկ բարկությամբ ու բորբոքված զայրույթով, և այդ օրը մեծ երկրաշարժ կլինի Իսրայելում: 20 Ծովի ձկները, երկնքի թռչունները, դաշտի գազանները, երկրի վրայի բոլոր սողուններն ու երկրի երեսին ապրող բոլոր մարդիկ կսարսռան իմ առաջ: Լեռներն ու ժայռերը կտապալվեն,+ և բոլոր պարիսպները գետնին կհավասարվեն:
21 Ես սուր կուղարկեմ Գոգի դեմ իմ բոլոր լեռների վրա,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Յուրաքանչյուր ռազմիկի սուրն իր եղբոր դեմ կլինի:+ 22 Ես համաճարակով+ և արյունահեղությամբ դատաստան կտեսնեմ նրա նկատմամբ: Հեղեղ, կարկուտ,+ կրակ+ ու ծծումբ+ կտեղամ նրա, նրա զորքերի ու նրա հետ եղող շատ ժողովուրդների վրա:+ 23 Ես կմեծարվեմ և կսրբացվեմ շատ ազգերի աչքի առաջ ու նրանց ցույց կտամ, թե ով եմ ես: Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»: