Եզրաս
4 Երբ Հուդայի և Բենիամինի+ թշնամիները լսեցին, որ գերությունից վերադարձածները+ տաճար են կառուցում Իսրայելի Աստված Եհովայի համար, 2 անմիջապես եկան Զորաբաբելի ու նահապետական տների գլուխների մոտ և ասացին. «Մենք էլ ենք ուզում ձեզ հետ կառուցել, քանի որ ձեզ նման մենք էլ ենք ձեր Աստծուն պաշտում*+ ու նրան զոհեր ենք մատուցում՝ սկսած այն ժամանակվանից, երբ Ասորեստանի թագավոր Ասարհադոնը+ մեզ այստեղ բերեց»:+ 3 Սակայն Զորաբաբելը, Հեսուան և Իսրայելի նահապետական տների մյուս գլուխները պատասխանեցին. «Դուք իրավունք չունեք մեզ հետ տուն կառուցել մեր Աստծու համար:+ Մենք այն ինքներս կկառուցենք Իսրայելի Աստված Եհովայի համար, ինչպես որ հրամայել է Պարսկաստանի թագավոր Կյուրոսը»:+
4 Դրանից հետո այդտեղ ապրող մարդիկ շարունակ ընկճում էին* Հուդայի ժողովրդին, որ էլ սիրտ չունենան կառուցելու:+ 5 Նրանք վճարում էին պետական խորհրդականներին, որ քայլեր ձեռնարկեն կառուցողների դեմ և խափանեն նրանց ծրագրերը.+ այդպես էին անում Պարսկաստանի Կյուրոս թագավորի իշխանության օրերից մինչև Պարսկաստանի Դարեհ+ թագավորի իշխանության գալը: 6 Ասուերոսի* իշխանության սկզբում նրանք գրավոր մեղադրանք ներկայացրին Հուդայի ու Երուսաղեմի բնակիչների դեմ: 7 Իսկ Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսեսի* իշխանության օրոք Բեսելամը, Միթրիդատը, Տաբեելը և իր մյուս համախոհները նամակ գրեցին Արտաքսերքսես թագավորին: Նամակը թարգմանվեց արամերեն+ ու գրվեց արամերեն տառերով:*
8 * Բարձրաստիճան պետական պաշտոնյա Ռեումը և դպիր Սամսան նամակ գրեցին Արտաքսերքսես թագավորին ընդդեմ Երուսաղեմի ժողովրդի: 9 (Նամակը գրվեց բարձրաստիճան պետական պաշտոնյա Ռեումի, դպիր Սամսայի և նրանց մյուս համախոհների՝ դատավորների, ենթակառավարիչների, քարտուղարների, Արեքի+ բնակիչների, բաբելոնացիների, Սուզայի*+ բնակիչների, այսինքն՝ էլամցիների+ անունից, 10 և մյուս ազգերի անունից, որոնց մեծ ու պատվարժան Ասենափարը* վերաբնակեցրել էր Սամարիայի քաղաքներում,+ ինչպես նաև Անդրգետքի* մյուս բնակիչների անունից): 11 Սա է նրանց ուղարկած նամակի բովանդակությունը.
«Արտաքսերքսես թագավորին՝ Անդրգետքի բնակիչների՝ քո ծառաների կողմից: 12 Թող հայտնի լինի թագավորին, որ ձեր մոտից այստեղ եկած հրեաները Երուսաղեմում են: Նրանք վերակառուցում են ապստամբություններով ու չարագործություններով հայտնի այդ քաղաքը. կանգնեցնում են պարիսպներն+ ու նորոգում հիմքերը: 13 Թող թագավորն իմացած լինի, որ եթե այս քաղաքը վերակառուցվի, և դրա պարիսպները վերականգնվեն, ապա այդ մարդիկ ո՛չ գլխահարկ կտան, ո՛չ մաքսահարկ,+ ո՛չ էլ անցահարկ, ինչի պատճառով թագավորական գանձարանը կորուստներ կունենա: 14 Մենք մեր վարձը պալատից ենք ստանում* ու չենք կարող անտարբեր նայել, թե ինչպես է թագավորի շահերին վնաս հասցվում, դրա համար էլ նամակ ենք ուղարկում, որ տեղյակ պահենք թագավորին, 15 որպեսզի քննվեն քո նախորդների* թողած արձանագրությունները:+ Այդ արձանագրություններից կտեսնես, որ այդ քաղաքի բնակիչները հայտնի են իրենց ըմբոստությամբ, միշտ էլ անախորժություններ են պատճառել թագավորներին ու մարզերին, և հնուց ի վեր այնտեղ խռովարարներ են եղել: Ահա թե ինչու այդ քաղաքը կործանվեց:+ 16 Թագավորին տեղեկացնում ենք, որ եթե այն վերակառուցվի, և դրա պարիսպները վերականգնվեն, ապա Անդրգետքը+ դուրս կգա քո վերահսկողությունից»:*
17 Թագավորն էլ պատասխան ուղարկեց բարձրաստիճան պետական պաշտոնյա Ռեումին, դպիր Սամսային, Սամարիայում ապրող նրանց մյուս համախոհներին ու Անդրգետքի բնակիչներին: Այնտեղ ասվում էր.
«Ողջո՛ւյն: 18 Ձեր ուղարկած պաշտոնական նամակը հստակ կարդացվեց* իմ առաջ: 19 Ուստի իմ կարգադրությամբ քննություն արվեց ու պարզվեց, որ այդ քաղաքի բնակիչները դեռ վաղեմի ժամանակներից ըմբոստացել են թագավորների դեմ, և այնտեղ ապստամբություններ ու խռովություններ են եղել:+ 20 Երուսաղեմը հզոր թագավորներ է ունեցել, որոնք կառավարել են ողջ Անդրգետքը, և նրանց գլխահարկ, մաքսահարկ ու անցահարկ է վճարվել: 21 Եվ հիմա կարգադրեք, որ այդ մարդիկ դադարեցնեն աշխատանքները ու չվերակառուցեն քաղաքը, մինչև որ իմ կողմից այլ հրաման չտրվի: 22 Հետևողական եղեք և աչքաթող մի՛ արեք այս հարցը, որ թագավորի շահերին ավելի շատ վնաս չհասցվի»:+
23 Երբ Արտաքսերքսես թագավորի պաշտոնական նամակի կրկնօրինակը կարդացվեց Ռեումի, դպիր Սամսայի ու նրանց համախոհների առաջ, նրանք շտապ գնացին Երուսաղեմ՝ հրեաների մոտ, և բռնի ուժով կանգնեցրին աշխատանքները: 24 Այսպիսով՝ Երուսաղեմում Աստծու տան վերակառուցման գործը կանգ առավ, և չվերսկսվեց մինչև Պարսկաստանի թագավոր Դարեհի+ իշխանության երկրորդ տարին: