Աստվածաշնչի գիրք համար 15. Եզրաս
Գրողը՝ Եզրաս
Գրվելու վայրը՝ Երուսաղեմ
Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 460թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 537-ից մինչև մ.թ.ա. մոտ 467թ.
1. Ո՞ր մարգարեություններն էին հույս տալիս հրեաներին, որ Երուսաղեմը վերականգնվելու էր։
ԲԱԲԵԼՈՆԻ կողմից Երուսաղեմի ամայացման մասին մարգարեացված 70 տարիները մոտենում էին իրենց ավարտին։ Ճիշտ է, Բաբելոնը այնպիսի համբավ ուներ, թե իր գերիներին երբեք բաց չի թողնում, բայց Եհովայի խոսքը բաբելոնական պետությունից ավելի զորեղ էր լինելու։ Եհովայի ժողովրդի ազատագրումը մոտեցել էր։ Աստծու քարուքանդ եղած տաճարը շուտով վերակառուցվելու էր, և նրա զոհասեղանին նորից քավության զոհեր էին մատուցվելու։ Երուսաղեմում կրկին լսվելու էին Եհովայի ճշմարիտ երկրպագուների ձայներն ու փառաբանական խոսքերը։ Երեմիան մարգարեացել էր, թե որքան էր տևելու ամայացումը, իսկ Եսայիան՝ թե ինչպես էին ազատագրվելու գերիները։ Եսայիան նույնիսկ նշել էր պարսից Կյուրոս թագավորի անունը և նրան անվանել Եհովայի «հովիվը», որը ամբարտավան Բաբելոնին՝ աստվածաշնչյան պատմության մեջ աշխարհակալ ուժերից երրորդին, վայր էր գցելու իր դիրքից (Ես. 44։28; 45։1, 2; Երեմ. 25։12)։
2. Ե՞րբ և ինչպե՞ս Բաբելոնը անկում ապրեց։
2 Բաբելոնի վրա մարգարեացված աղետը հասավ մ.թ.ա. 539թ. հոկտեմբերի 5-ի գիշերը (գրիգորյան օրացույցով), երբ բաբելոնացիների Բաղդասար թագավորն ու նրա մեծամեծները խնջույք էին անում՝ մեծարելով իրենց աստվածներին։ Բայց բավական չէր, որ այդ կռապաշտները գինարբուքի մեջ էին, դեռ մի բան էլ խմում էին Եհովայի տաճարից բերված սուրբ անոթներով։ Իսկ Բաբելոնի պարիսպների մոտ արդեն կանգնած էր Կյուրոսը, որը և կատարեց մարգարեությունը։
3. Կյուրոսի ո՞ր հրամանի շնորհիվ հրեաները կարողացան վերականգնել Եհովային մատուցվող երկրպագությունը Երուսաղեմի ավերումից ուղիղ 70 տարի անց։
3 Մ.թ.ա. 539 թվականը ուղենիշային տարեթիվ է, որը ընդունված է թե՛ պատմության և թե՛ Աստվածաշնչի կողմից։ Բաբելոնում իր իշխանության առաջին տարում Կյուրոսը «հրամայեց, որ իր ողջ թագավորությունում» հայտարարվի, որ հրեաները պետք է վերադառնան Երուսաղեմ և վերաշինեն Եհովայի տունը։ Ակներևաբար, այս հրամանագիրն արձակվեց մ.թ.ա. 538թ. վերջին կամ 537թ. սկզբինa։ Հրեաների հավատարիմ մնացորդը վերադարձավ Երուսաղեմ, որպեսզի շինի զոհասեղանը և մատուցի առաջին զոհաբերությունները մ.թ.ա. 537թ. «յոթերորդ ամսում» (տիշրի, որը համապատասխանում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին)՝ Նաբուգոդոնոսորի կողմից Հուդան և Երուսաղեմն ամայացնելու ամսից ուղիղ 70 տարի հետո (Եզր. 1։1–3; 3։1–6)։
4. ա) Ո՞րն է «Եզրաս» գրքի թեման, և ի՞նչն է մատնացույց անում, որ գրողը Եզրասն է։ բ) Ե՞րբ է գրվել գիրքը և ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում։
4 Վերականգնո՛ւմ։ Սա է «Եզրաս» գրքի թեման։ 7-րդ գլխի 27-րդ համարից մինչև 9-րդ գլխի վերջը պատմությունը շարադրվում է առաջին դեմքով, ինչը մատնանշում է, որ գիրքը Եզրասն է գրել։ Եզրասը, որը «Մովսեսի օրենքի հմուտ գրագիր էր», իսկական հավատ ուներ։ Նա «պատրաստել էր իր սիրտը, որպեսզի քննի Եհովայի օրենքը, կատարի այն և.... սովորեցնի»։ Ուստի Եզրասը, որը գրել էր «Տարեգրություն» գրքերը, լիովին համապատասխանում էր նաև այս պատմությունը գրի առնելու համար (Եզր. 7։6, 10)։ Քանի որ «Եզրաս» գիրքը «Տարեգրություն» գրքերի շարունակությունն է, կարծիք կա, որ այն գրվել է միևնույն ժամանակահատվածում, այսինքն՝ մ.թ.ա. մոտ 460թ.-ին։ Գիրքն ընդգրկում է 70 տարվա պատմություն։ Այն սկսում է նրանով, որ գերության լծի տակ եղող հրեաների մնացորդը, որը կրում է «մահապարտների» դրոշմը, դուրս է գալիս Բաբելոնից։ Այնուհետև Եզրասը պատմում է երկրորդ տաճարի շինարարության, իսկ վերջում քահանաների մաքրման մասին, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա վերադարձավ Երուսաղեմ (Եզր. 1։1; 7։7; 10։17; Սաղ. 102։20)։
5. Ի՞նչ կապ ունեն «Եզրաս» ու «Նեեմիա» գրքերը, և ի՞նչ լեզուներով է գրվել «Եզրաս» գիրքը։
5 «Եզրաս» եբրայերեն անունը նշանակում է «օգնություն»։ Սկզբնական շրջանում «Եզրաս» և «Նեեմիա» գրքերը մեկ գիրք են եղելb։ Հետագայում հրեաները բաժանել են գիրքը երկու մասի և անվանել «1 Եզրաս» և «2 Եզրաս»։ Ժամանակակից եբրայերեն Աստվածաշնչերում այս երկու գրքերը կոչվում են «Եզրաս» և «Նեեմիա», ինչպես որ ժամանակակից լեզուներով ուրիշ թարգմանություններում է։ «Եզրաս» գիրքը հիմնականում գրվել է եբրայերենով, մասամբ՝ արամերենով (4։8–6։18 և 7։12–26 համարները), ինչը ցույց է տալիս, որ Եզրասը գիտեր այդ երկու լեզուները։
6. Ի՞նչն է փաստում «Եզրաս» գրքի ճշգրտությունը։
6 Այսօր գիտնականների մեծ մասն ընդունում է «Եզրաս» գրքի ճշգրտությունը։ Իսկ նրա կանոնական լինելու մասին Ու. Ֆ. Օլբրայթը իր գիտական աշխատության մեջ գրում է. «Հնագիտական տվյալները անհերքելիորեն ապացուցել են «Երեմիա» և «Եզեկիել», «Եզրաս» և «Նեեմիա» գրքերի վավերականությունը։ Դրանք նաև հաստատել են իրադարձությունների ավանդական պատկերը և նրանց հաջորդականությունը»c։
7. Ի՞նչն է ցույց տալիս, որ «Եզրաս» գիրքը իր ուրույն տեղն ունի Աստվածաշնչի կանոնում։
7 Թեև Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները ուղղակիորեն մեջբերումներ չեն արել «Եզրաս» գրքից և չեն էլ հղել դրան, կասկած անգամ չկա, որ այդ գիրքը իր ուրույն տեղն ունի Աստվածաշնչի կանոնում։ Գրքում պատմվում է Եհովայի և հրեաների փոխհարաբերությունների մասին մինչև այն ժամանակը, երբ սկսվեց կազմվել Եբրայերեն Գրությունների գրքերի ցուցակը, որը հրեական ավանդության համաձայն՝ մեծ մասամբ արել է Եզրասը։ Բացի այդ, Եզրասի գիրքը ցույց է տալիս, թե ինչպես են կատարվել վերականգնման մասին մարգարեությունները։ Դրանով ապացուցվում է, որ «Եզրաս» գիրքը, որը լիովին ներդաշնակ է աստվածաշնչյան մյուս գրքերին, Աստվածաշնչի անբաժանելի մասն է։ Այս գիրքը նաև բարձրացնում է մաքուր երկրպագության դերը և սրբացնում Եհովա Աստծու մեծ անունը։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
8. Նկարագրիր, թե որ իրադարձությունները բերեցին ավերման 70 տարիների ավարտին։
8 Մնացորդը վերադառնում է (1։1–3։6)։ Եհովան արթնացնում է Պարսկաստանի Կյուրոս թագավորի ոգին, և նա հրաման է արձակում, որ հրեաները վերադառնան ու կառուցեն Եհովայի տունը Երուսաղեմում։ Այն հրեաներին, ովքեր մնում են Բաբելոնում, Կյուրոսը հորդորում է առատաձեռն նվիրաբերություններ անել շինարարության համար և վերադարձող հրեաներին տալիս է տաճարի պատկանելիքները։ Գերությունից դուրս եկող հրեաների վրա կառավարիչ է նշանակվում Զորաբաբելը (Սասբասարը), որը Հուդայի թագավորական ցեղից է և Դավիթ թագավորի հետնորդներից մեկը, իսկ Հեսուան (Հեսուն) քահանայապետն է (Եզր. 1։8; 5։2; Զաք. 3։1)։ Մնացորդը, որի թիվը հասնում է 42 360-ի՝ հավատարիմ տղամարդիկ, կանայք ու երեխաներ, երկար ճանապարհ է անցնում։ Հրեական օրացույցի համաձայն՝ յոթերորդ ամսին ժողովուրդն արդեն իր քաղաքներում է։ Հետո նրանք հավաքվում են Երուսաղեմում, որպեսզի ողջակեզներ մատուցեն այնտեղ, որտեղ նախկին զոհասեղանն էր, և նշեն Տաղավարների տոնը։ Դա տեղի է ունենում մ.թ.ա. 537թ. աշնանը։ Ավերումից հետո անցել է ուղիղ 70 տարիd։
9. Ինչպե՞ս են սկսվում տաճարի շինարարական աշխատանքները, բայց ի՞նչ է հետո տեղի ունենում։
9 Տաճարի վերակառուցումը (3։7–6։22)։ Շինանյութը հավաքում են, և գերությունից վերադառնալուց երկու տարի անց շինարարները գցում են Եհովայի տաճարի հիմքը։ Շատերը ուրախությունից բացականչում են, իսկ տարեցները, որոնք տեսել են նախորդ տունը, լաց են լինում։ Թշնամաբար տրամադրված հարևան ժողովուրդները իրենց օգնությունն են առաջարկում շինարարության հարցում՝ ասելով, թե իրենք էլ են նույն Աստծուն փնտրում, բայց հրեա մնացորդը վճռականորեն հրաժարվում է նրանց հետ որևէ գործ ունենալուց։ Այդ ժամանակ հակառակորդները սկսում են թուլացնել հրեաների ձեռքերը, հուսահատեցնել և խափանել նրանց ծրագրերը Կյուրոսի թագավորության օրերից մինչև Դարեհի թագավորությունը։ Ի վերջո, մ.թ.ա. 522-ին «Արտաքսերքսեսի» օրերում (այդ կառավարիչը կարող էր լինել Բարդիան կամ հնարավոր է՝ մոգ Գաումատան), արքայական հրամանով նրանք ստիպում են կանգնեցնել աշխատանքները։ Այդ դադարը տևում է «մինչև Պարսկաստանի թագավոր Դարեհի թագավորության երկրորդ տարին» (մ.թ.ա. 520թ.)՝ 15 տարի անց այն բանից հետո, երբ գցվեց հիմքը (4։4–7, 24)։
10. ա) Ինչպե՞ս է աշխատանքն ավարտին հասցվում Աստծու մարգարեների տված քաջալերանքի և թագավորի հրամանի շնորհիվ։ բ) Ի՞նչ է տեղի ունենում երկրորդ տաճարի նվիրման ժամանակ։
10 Եհովան ուղարկում է իր մարգարեներ Անգեին ու Զաքարիային, որ արթնացնի Զորաբաբելի ու Հեսուայի ոգին, և վերակառուցման աշխատանքները նախանձախնդրությամբ վերսկսվում են։ Հակառակորդները կրկին գանգատվում են թագավորին, սակայն աշխատանքը շարունակվում է չթուլացող եռանդով։ Դարեհ I-ը (Վշտասպ) գտնում է Կյուրոսի հրամանը պարունակող պաշտոնական փաստաթուղթը և հրաման տալիս, որ չխանգարեն հրեաներին կատարելու աշխատանքը։ Թագավորը նույնիսկ կարգադրում է հակառակորդներին, որ աջակցեն շինարարներին և ապահովեն անհրաժեշտ բաներով։ Եհովայի մարգարեների խոսքերից ոգևորված՝ շինարարները ավարտին են հասցնում շինարարությունը հինգ տարուց էլ քիչ ժամանակում՝ ադար ամսին, այսինքն՝ Դարեհ թագավորի թագավորության վեցերորդ տարում, կամ՝ մ.թ.ա. 515թ. գարնան մոտ։ Ընդհանուր հաշվով շինարարական աշխատանքները տևում են մոտ 20 տարի (6։14, 15)։ Ժողովուրդը մեծ ուրախությամբ նշում է Աստծու տան հանդիսավոր բացումը և այդ առիթով զոհեր մատուցում։ Դրանից հետո իսրայելացիները տոնում են Պասեքը և «յոթ օր ուրախանալով նշում Անթթխմոր հացերի տոնը» (6։22)։ Տաճարի նվիրման ժամանակ նրանք ուրախանում են և գովաբանում Եհովային։
11. Թագավորն ինչպե՞ս է կատարում Եզրասի «բոլոր խնդրանքները», և դա ինչի՞ է մղում Եզրասին։
11 Եզրասը վերադառնում է Երուսաղեմ (7։1–8։36)։ Անցնում է մոտ 50 տարի։ Այժմ մ.թ.ա. 468թ-ն է՝ պարսից Արտաքսերքսես թագավորի յոթերորդ տարին (կոչվում էր Երկայնաբազուկ, քանի որ նրա աջ ձեռքը ձախից ավելի երկար էր)։ Թագավորը կատարում է հմուտ գրագիր Եզրասի «բոլոր խնդրանքները»՝ կապված Երուսաղեմ ճամփորդելու հետ, քանի որ այնտեղ նրա կարիքը շատ են զգում (7։6)։ Թագավորը լիազորություններ է տալիս Եզրասին, հորդորում է հրեաներին գնալ նրա հետ, արծաթե ու ոսկե անոթներ է տալիս տաճարում օգտագործելու համար, ինչպես նաև ցորեն, գինի, յուղ ու աղ։ Նա քահանաներին ու տաճարում աշխատողներին ազատում է հարկերից։ Թագավորը Եզրասին հանձնարարում է սովորեցնել ժողովրդին և հայտարարում է, որ ցանկացած մարդ, որը չի կատարի Աստծու օրենքը կամ թագավորի օրենքը, մահվան կդատապարտվի։ Երախտապարտ լինելով Եհովային, որ թագավորի միջոցով սիրառատ բարություն ցույց տվեց՝ Եզրասն անմիջապես գործի է անցնում։
12. Ինչպե՞ս է Եհովան փաստում, որ Եզրասի ու նրա ճամփորդակիցների հետ է։
12 Այս պահից սկսած՝ Եզրասը՝ որպես այդ իրադարձությունների ականատես, առաջին դեմքից է սկսում պատմել։ Բաբելոնից դուրս եկած հրեաներին (մոտ 1500 չափահաս տղամարդ) նա հավաքում է Ահավա գետի մոտ, որ տա վերջին հրահանգները։ Շնորհիվ նրա ջանքերի այդ խմբին միանում են որոշ ղևտացիներ։ Թեև Եզրասը գիտակցում է, որ ճանապարհին շատ վտանգներ կան, սակայն թագավորից պահապաններ չի խնդրում։ Նա չի ցանկանում, որ որևէ մեկը մեղադրի հրեաներին, թե հավատի պակաս ունեն։ Եզրասը ծոմ է հայտարարում, և ամբողջ ճամբարը խնդրում է Աստծուն, որ պահպանի իրեն ճանապարհին։ Եհովան պատասխանում է այդ աղոթքին, ու նրա ձեռքը ժողովրդի վրա է լինում երկար ճանապարհի ընթացքում։ Վերջիվերջո, նրանք բարեհաջող գանձերը հասցնում են (համարժեք էին ավելի քան 43000000 ամերիկյան դոլարի) Երուսաղեմում գտնվող Եհովայի տուն (8։26, 27, նաև ծանոթագրությունները)։
13. Հրեաներին մաքրելու համար ի՞նչ է անում Եզրասը։
13 Քահանաների մաքրումը (9։1–10։44)։ Հրեաների՝ հայրենիք վերադառնալուց անցել է 69 տարի։ Բայց ամեն բան չէ, որ այդ ընթացքում հարթ է եղել։ Եզրասն իմանում է մի լուրջ խնդրի մասին. ժողովուրդը, քահանաներն ու ղևտացիները հեթանոս քանանացիների հետ ամուսնական դաշինքներ են կապել։ Հավատարիմ գրագիրը ապշահար է լինում։ Նա աղոթում է Եհովային։ Ժողովուրդը խոստովանում է մեղքերը և խնդրում Եզրասին. «Պի՛նդ կաց ու գործի՛ անցիր» (10։4)։ Նա պատվիրում է հրեաներին արձակել օտար կանանց, որոնց կնության են առել՝ Աստծու օրենքի հանդեպ անհնազանդ գտնվելով։ Անմաքրությունը երեք ամսվա ընթացքում վերանում է (10։10–12, 16, 17)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
14. «Եզրաս» գիրքը ի՞նչ է ցույց տալիս Եհովայի մարգարեությունների վերաբերյալ։
14 «Եզրաս» գիրքը օգտակար է նրանով, որ ցույց է տալիս, թե ինչպիսի ճշգրտությամբ են կատարվում Եհովայի մարգարեությունները։ Երեմիան, որ այդքան ճշգրտորեն կանխագուշակել էր Երուսաղեմի ամայացումը, մարգարեացել էր նաև 70 տարի հետո տեղի ունենալիք վերականգնման մասին (Երեմ. 29։10)։ Ճիշտ իր ասած ժամանակին Եհովան սիրառատ բարություն ցույց տվեց իր ժողովրդի հանդեպ՝ հավատարիմ մնացորդին հետ բերելով Ավետյաց երկիր, որպեսզի վերջինս շարունակի իրեն ճշմարիտ երկրպագություն մատուցել։
15. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ վերականգնված տաճարը ծառայեց Եհովային նպատակին։ բ) Ի՞նչ իմաստով այն չուներ առաջին տաճարի փառքը։
15 Քանի որ տաճարը վերակառուցվեց, ժողովուրդը նորից սկսեց երկրպագել Եհովային նրան հաճելի ձևով։ Տաճարը վկայություն էր այն բանի, որ Աստված ողորմություն էր դրսևորում բոլոր նրանց հանդեպ, ովքեր ուզում էին ճշմարիտ երկրպագություն մատուցել իրեն, և առատորեն օրհնում էր նրանց։ Թեպետ այս տաճարը չուներ Սողոմոնի տաճարի փառքը, սակայն ծառայում էր Աստծու նպատակին։ Այն չուներ նախկին տաճարի ճոխությունը։ Չկային հոգևոր գանձերից շատերը, այդ թվում ուխտի տապանակըe։ Զորաբաբելի գլխավորությամբ կառուցված այս տաճարի բացման արարողությունը այնքան վեհաշուք չէր, որքան Սողոմոնի կառուցած տաճարի բացման արարողությունը։ Զոհաբերված ցլերի ու ոչխարների թիվը Սողոմոնի տաճարում զոհաբերվածների մեկ տոկոսն անգամ չէր կազմում։ Զորաբաբելի տաճարը չլցվեց Եհովայի փառքով, որը ամպի տեսքով հայտնվեց առաջին տաճարի նվիրման ժամանակ, ոչ էլ երկնքից կրակ իջավ ողջակեզները լափելու համար։ Սակայն երկու տաճարներն էլ ծառայեցին մի շատ կարևոր նպատակի՝ բարձրացնել ճշմարիտ Աստծու՝ Եհովայի երկրպագությունը։
16. Ո՞ր տաճարն է փառքով գերազանցում երկրային տաճարները։
16 Զորաբաբելի կառուցած տաճարը, Մովսեսի կանգնեցրած խորանը, Սողոմոնի և Հերովդեսի կառուցած տաճարները՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով, խորհրդանշական իմաստ ունեին։ Դրանք նախապատկերում էին այն «ճշմարիտ խորանը, որը Եհովան կանգնեցրեց և ոչ թե մարդը» (Եբր. 8։2)։ Այս հոգևոր տաճարի միջոցով բոլոր նրանք, ովքեր ցանկանում են երկրպագել Եհովային, մոտենում են նրան Քրիստոսի հաշտության զոհի հիման վրա (Եբր. 9։2–10, 23)։ Իր փառքով, շքեղությամբ և անթառամ գեղեցկությամբ Եհովայի հոգևոր մեծ տաճարը գերազանցում է մարդու կողմից կառուցված ցանկացած շինություն։
17. Ի՞նչ արժեքավոր մտքեր կարելի է գտնել «Եզրաս» գրքում։
17 «Եզրաս» գիրքը արժեքավոր մտքեր է պարունակում այսօրվա քրիստոնյաների համար։ Նշվում է, որ Եհովայի ժողովուրդը կամավոր ընծաներ է մատուցել Աստծու տան համար (Եզր. 2։68; 2 Կորնթ. 9։7)։ Այս գրքից իմանում ենք, որ Եհովան ուզում է, որ իր ժողովուրդը մեկտեղ հավաքվի ու փառաբանի իրեն, և որ նա օրհնում է նման հավաքույթները (Եզր. 6։16, 22)։ Ուշագրավ է նաև նաթանայիմների և օտարազգիների օրինակը, որոնք գնացին հրեա մնացորդի հետ՝ ամբողջ սրտով երկրպագություն մատուցելով Եհովային (2։43, 55)։ Բացի այդ, մտածելու տեղիք է տալիս հրեաների դրսևորած խոնարհությունն ու զղջումը, երբ հանդիմանվեցին հարևան ազգերի հետ խնամություն անելու համար (10։2–4)։ Գրքում շեշտվում է, որ վատ ընկերակցությունը Աստծու հավանությունը չունի (9։14, 15)։ Իմանում ենք նաև, որ Եհովայի հանձնարարած գործը ուրախությամբ կատարելով՝ արժանանում ենք նրա հաճությանն ու օրհնությանը (6։14, 21, 22)։
18. Ինչո՞ւ էր Եհովայի ժողովրդի վերականգնումը կարևոր օղակ այն իրադարձությունների շղթայում, որն առաջնորդեց դեպի Մեսիական Թագավորը։
18 Չնայած Երուսաղեմում այլևս Եհովայի գահին նստող թագավոր չկար, վերականգնումը ժողովրդին հույս տվեց, որ ճիշտ ժամանակին Դավթի սերնդից կհայտնվի խոստացված Թագավորը։ Գերությունից վերադարձած ժողովուրդն այժմ կարող էր պահպանել Աստծու սուրբ խոսքերը և մաքուր երկրպագությունը մինչև Մեսիայի հայտնվելը։ Եթե հրեա ազգի մնացորդը հավատով չարձագանքեր ու չվերադառնար իր երկիր, ո՞ւմ կհայտնվեր Մեսիան։ Այո՛, «Եզրաս» գրքում նկարագրված դեպքերը կարևոր օղակ են այն իրադարձությունների շղթայում, որն առաջնորդեց դեպի Մեսիական Թագավորը։ Ուստի անչափ հետաքրքիր կլինի ուսումնասիրել «Եզրաս» գիրքը։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 452–454, 458 (անգլ.)։
b Մասորեթական ձեռագրի լուսանցքում Նեեմիա 3։32-ի դիմաց եբրայերենով գրված է՝ «գրքի կեսը»։ Այս արտահայտությունը ցույց է տալիս, որ այն 685 եբրայերեն համարներից բաղկացած «Եզրաս» և «Նեեմիա» միասնական գրքերի մեջտեղի համարն է, և մատնանշում է, որ մասորեթական ձեռագրում այս երկուսը մեկ գիրք են եղել։
c «The Bible After Twenty Years of Archaeology», Ու. Ֆ. Օլբրայթ։
d «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 332 (անգլ.)։
e «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 1079 (անգլ.)։