Մատթեոս
9 Այսպիսով՝ Հիսուսը նավ նստեց և ծովն անցնելով՝ գնաց այն քաղաք, որտեղ ապրում էր:+ 2 Մարդիկ պատգարակի վրա պառկած մի անդամալույծի բերեցին նրա մոտ: Նրանց հավատը տեսնելով՝ Հիսուսն ասաց անդամալույծին. «Մի՛ անհանգստացիր, զավա՛կս, քո մեղքերը ներված են»:+ 3 Օրենքի ուսուցիչներից* ոմանք իրենց մտքում ասացին. «Այս մարդն անարգում է Աստծուն»: 4 Իմանալով, թե նրանք ինչ մտքեր ունեն՝ Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք այդպիսի չար բաներ մտածում:*+ 5 Հեշտ է ասել՝ քո մեղքերը ներված են, բայց որևէ մեկը կարո՞ղ է այս մարդուն ասել՝ վեր կաց ու քայլիր, և նա վեր կենա:+ 6 Մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու: Որպեսզի համոզվեք դրանում...»:– Դիմելով անդամալույծին՝ Հիսուսն ասաց. «Վեր կաց, վերցրու պատգարակդ և տուն գնա»:+ 7 Նա էլ վեր կացավ ու տուն գնաց: 8 Սա տեսնելով՝ բազմությունը վախով համակվեց: Նրանք սկսեցին փառաբանել Աստծուն, ով այսպիսի իշխանություն էր տվել մարդուն:
9 Այդտեղից գնալիս Հիսուսը տեսավ մաքսատանը նստած մի մարդու, որի անունը Մատթեոս էր, և ասաց նրան. «Իմ հետևորդը դարձիր»: Մատթեոսն էլ վեր կացավ ու նրան հետևեց:+ 10 Ավելի ուշ, երբ Հիսուսն իր աշակերտների հետ ճաշում էր նրա տանը, շատ հարկահավաքներ ու մեղսագործներ եկան նրանց հետ ճաշելու:+ 11 Դա տեսնելով՝ փարիսեցիները նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է ձեր ուսուցիչը հաց ուտում հարկահավաքների ու մեղսագործների հետ»:+ 12 Երբ Հիսուսը լսեց նրանց խոսքերը, ասաց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները:+ 13 Գնացեք և մտածեք, թե ինչ են նշանակում այս խոսքերը. «Իմ ուզածը գթասրտություն է, ոչ թե զոհ»:+ Ես եկել եմ ոչ թե արդարներին* կանչելու, այլ մեղսագործներին»:
14 Հետո Հովհաննեսի աշակերտները եկան Հիսուսի մոտ ու հարցրին. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ու փարիսեցիները ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:+ 15 Հիսուսն էլ նրանց ասաց. «Փեսայի ընկերները սգալու պատճառ չունեն, քանի դեռ փեսան+ իրենց հետ է: Սակայն օրեր կգան, երբ փեսային կխլեն նրանցից,+ և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն: 16 Ոչ ոք նոր կտորից* կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, որովհետև նոր կտորը մտնելով կպոկվի, և պատռվածքն ավելի մեծ կլինի:+ 17 Ոչ էլ նոր գինին են լցնում հին տիկերի մեջ, այլապես տիկերը կպատռվեն. արդյունքում գինին կթափվի, տիկերն էլ կփչանան: Դրա համար նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և թե՛ գինին, թե՛ տիկերը անվնաս են մնում»:
18 Մինչ Հիսուսը նրանց հետ խոսում էր այս մասին, մի ղեկավար մարդ մոտեցավ ու խոնարհվելով նրա առաջ՝ ասաց. «Աղջիկս հիվանդ է և հիմա գուցե արդեն մահացած լինի, բայց եթե գաս ու ձեռքդ նրա վրա դնես, կկենդանանա»:+
19 Հիսուսն էլ վերցրեց իր աշակերտներին ու գնաց նրա հետ: 20 Մի կին, որը 12 տարի արյունահոսությամբ էր տառապում,+ հետևից մոտեցավ Հիսուսին ու դիպավ նրա վերնահագուստի եզրին:+ 21 Կինն իր մտքում ասում էր. «Եթե միայն դիպչեմ նրա վերնահագուստին, կլավանամ»: 22 Հիսուսը շրջվեց և նրան տեսնելով՝ ասաց. «Մի՛ վախեցիր, դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ»:+ Այդ ժամանակվանից կնոջ առողջությունը վերականգնվեց:+
23 Երբ Հիսուսը հասավ այդ ղեկավար մարդու տուն, տեսնելով սրնգահարներին ու լացուկոծ անող բազմությանը՝+ 24 ասաց. «Դուրս եկեք այստեղից. աղջիկը չի մահացել, նա քնած է»:+ Դա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա: 25 Հավաքվածներին դուրս հանելուց հետո՝ Հիսուսը գնաց այնտեղ, որտեղ աղջիկն էր: Ապա բռնեց աղջկա ձեռքը,+ և նա վեր կացավ:+ 26 Տեղի ունեցածի մասին լուրը տարածվեց այդ ողջ շրջանում:
27 Երբ Հիսուսը դուրս եկավ այդտեղից, երկու կույր մարդ,+ նրա հետևից գնալով, սկսեցին բղավել. «Խղճա՛ մեզ, Դավթի՛ Որդի»: 28 Հիսուսը մի տուն մտավ, կույրերն էլ եկան նրա մոտ, և նա հարցրեց նրանց. «Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ բուժել ձեզ»:+ Նրանք պատասխանեցին. «Այո՛, Տե՛ր»: 29 Այդ ժամանակ Հիսուսը դիպավ նրանց աչքերին+ ու ասաց. «Ձեր դրսևորած հավատի համար թող ձեր ուզածը կատարվի»: 30 Եվ նրանց աչքերը սկսեցին տեսնել: Հիսուսը խստիվ պատվիրեց. «Նայեք՝ հանկարծ ոչ ոք չիմանա այս մասին»:+ 31 Բայց նրանք դուրս եկան ու այդ շրջանում ամենուրեք պատմեցին նրա մասին:
32 Նրանց դուրս գալու ժամանակ Հիսուսի մոտ բերեցին մի համր մարդու, որը դիվահար էր:+ 33 Երբ Հիսուսը հանեց դևին, համրը սկսեց խոսել:+ Մարդիկ ապշահար ասում էին. «Իսրայելում երբեք այսպիսի բան չենք տեսել»:+ 34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Նա դևերի իշխանի միջոցով է դևեր հանում»:+
35 Հիսուսը սկսեց շրջել բոլոր քաղաքներում և գյուղերում՝ ուսուցանելով ժողովարաններում, քարոզելով Թագավորության մասին բարի լուրը և բուժելով ամեն հիվանդություն ու տկարություն:+ 36 Երբ նա տեսնում էր մարդկանց բազմությունները, խղճահարությունից նրա սիրտը ճմլվում էր,+ որովհետև հովիվ չունեցող ոչխարների պես կեղեքված ու անտեսված էին:+ 37 Ուստի իր աշակերտներին ասաց. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ:+ 38 Այնպես որ աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի հնձի համար»:+