Գործեր
16 Պողոսը գնաց Դերբե, իսկ հետո՝ Լյուստրա:+ Այնտեղ Տիմոթեոս+ անունով մի աշակերտ կար, որի մայրը հրեա հավատացյալ կին էր, իսկ հայրը հույն էր: 2 Լյուստրայի և Իկոնիոնի եղբայրները Տիմոթեոսի մասին լավն էին խոսում: 3 Պողոսը ցանկացավ, որ նա իր հետ գնա, բայց նախ թլփատեց նրան, քանի որ այդ տարածքներում ապրող բոլոր հրեաները+ գիտեին, որ նրա հայրը հույն է: 4 Նրանք անցնում էին քաղաքներով և Երուսաղեմում գտնվող երեցների ու առաքյալների կայացրած որոշումները փոխանցում էին տեղի եղբայրներին, որպեսզի հնազանդվեն դրանց:+ 5 Ուստի ժողովները շարունակում էին հաստատվել հավատի մեջ, և աշակերտների թիվը օրեցօր աճում էր:
6 Նրանք անցան Փռյուգիայի և Գաղատիայի միջով,+ որովհետև սուրբ ոգին նրանց արգելել էր Աստծու խոսքը քարոզել Ասիայում: 7 Այնուհետև երբ հասան Մյուսիա, ջանք արեցին գնալ Բութանիա,+ բայց Հիսուսի ոգին թույլ չտվեց: 8 Ուստի նրանք Մյուսիայի մոտով* անցան և գնացին Տրովադա: 9 Գիշերը Պողոսը տեսիլք տեսավ. մի մակեդոնացի կանգնած աղաչում էր նրան. «Արի՛ Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»: 10 Երբ նա տեսիլքը տեսավ, մենք անմիջապես որոշեցինք գնալ Մակեդոնիա՝ հասկանալով, որ Աստված պատվիրել է մեզ բարի լուրը հայտնել նրանց:
11 Ուստի Տրովադայից ծով դուրս եկանք և ուղիղ գնացինք Սամոթրակե, իսկ հաջորդ օրը՝ Նեապոլիս: 12 Այնտեղից էլ մեկնեցինք Փիլիպպե՝+ մի գաղութ, որը Մակեդոնիայի այդ շրջանի գլխավոր քաղաքն է: Մի քանի օր մնացինք այս քաղաքում: 13 Շաբաթ օրը քաղաքից դուրս եկանք ու գնացինք մի գետափ, որը, ինչպես մտածում էինք, աղոթատեղի էր: Մենք նստեցինք ու սկսեցինք խոսել այնտեղ հավաքված կանանց հետ: 14 Թյուատիր+ քաղաքից Լիդիա անունով աստվածապաշտ մի կին, որը բարձրորակ հագուստ* էր վաճառում,* լսում էր: Եհովան* ամբողջությամբ բացեց նրա սիրտը, որպեսզի նա ուշադրություն դարձնի Պողոսի ասածներին: 15 Եվ երբ Լիդիան ու իր տնեցիները մկրտվեցին,+ նա սկսեց աղաչել՝ ասելով. «Եթե ինձ Եհովային հավատարիմ մարդ եք համարում, եկեք մնացեք իմ տանը»: Եվ համոզելով տարավ մեզ:
16 Մի օր, երբ աղոթատեղի էինք գնում, հանդիպեցինք մի աղախնի, որի մեջ չար* ոգի կար՝ գուշակող դև:+ Այդ աղջիկը, գուշակություններ անելով, մեծ շահ էր բերում իր տերերին: 17 Նա սկսեց Պողոսի ու մեր հետևից գալ և բղավելով ասել. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներ են+ և ձեզ փրկության ճանապարհի մասին են քարոզում»: 18 Նա օրեր շարունակ այդպես էր անում: Ի վերջո Պողոսը հոգնեց և շրջվելով ասաց այդ ոգուն. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայո՛ւմ եմ քեզ, դո՛ւրս արի նրա միջից»: Եվ հենց այդ պահին ոգին դուրս եկավ:+
19 Երբ նրա տերերը տեսան, որ այլևս շահ ստանալու հույս չկա,+ բռնեցին Պողոսին ու Շիղային և քարշ տվեցին հրապարակ՝* իշխանավորների մոտ:+ 20 Նրանց տարան ներկայացրին մագիստրատներին՝* ասելով. «Այս մարդիկ խաթարում են մեր քաղաքի անդորրը:+ Նրանք հրեաներ են 21 և այնպիսի սովորույթներ են քարոզում, որ մեզ՝ հռոմեացիներիս, օրենքով թույլատրելի չէ ընդունել կամ պահել»: 22 Ամբոխը նրանց դեմ դուրս եկավ: Մագիստրատները հրամայեցին, որ Պողոսի ու Շիղայի հագուստները պատռեն և նրանց ճիպոտահարեն:+ 23 Շատ հարվածներ հասցնելուց հետո նրանց բանտ գցեցին և բանտապահին կարգադրեցին, որ ուշադիր հսկի նրանց:+ 24 Նա էլ կարգադրությունը ստանալով՝ նրանց գցեց ամենախորքի բանտախուցը և նրանց ոտքերը դրեց ոտնակոճղի մեջ:
25 Մոտավորապես կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում էին և երգով գովաբանում Աստծուն,+ իսկ բանտարկյալները լսում էին նրանց: 26 Հանկարծ ուժեղ երկրաշարժ եղավ, և բանտի հիմքը ցնցվեց: Հենց այդ պահին բոլոր դռները բացվեցին, և բոլոր բանտարկյալների շղթաներն ընկան:+ 27 Երբ բանտապահը արթնացավ ու տեսավ, որ բանտի դռները բաց են, մտածեց, թե բանտարկյալները փախել են, ուստի սուրը քաշեց, որ սպանի իրեն:+ 28 Սակայն Պողոսը բղավեց. «Քեզ մի՛ վնասիր, բոլորս էլ այստեղ ենք»: 29 Բանտապահը խնդրեց, որ լույս բերեն, ապա ներս վազեց և դողալով ընկավ Պողոսի ու Շիղայի առաջ: 30 Ապա նրանց դուրս տարավ ու ասաց. «Հիմա ի՞նչ պիտի անեմ, որ փրկվեմ»: 31 Նրանք էլ պատասխանեցին. «Հավատա՛ Տեր Հիսուսին և կփրկվես՝ թե՛ դու և թե՛ քո տնեցիները»:+ 32 Նրանք Եհովայի խոսքը քարոզեցին բանտապահին ու նրա բոլոր տնեցիներին: 33 Գիշերվա այդ ժամին նա Պողոսին ու Շիղային տարավ ու լվաց նրանց վերքերը: Հետո նա և իր բոլոր տնեցիները առանց հապաղելու մկրտվեցին:+ 34 Ապա նրանց իր տուն տարավ ու սեղան գցեց նրանց առաջ և իր բոլոր տնեցիների հետ անչափ ուրախացավ, որ հավատացել է Աստծուն:
35 Երբ օրը բացվեց, մագիստրատները ուղարկեցին իրենց ենթականերին, որ բանտապահին ասեն. «Բա՛ց թող այդ մարդկանց»: 36 Բանտապահը նրանց խոսքերը հաղորդեց Պողոսին՝ ասելով. «Մագիստրատները մարդիկ են ուղարկել՝ կարգադրելով երկուսիդ ազատ արձակել: Ուստի հիմա դուրս եկեք ու գնացեք խաղաղությամբ»: 37 Բայց Պողոսը նրանց ասաց. «Նրանք մեզ՝ Հռոմի քաղաքացիներիս,+ առանց դատի հրապարակորեն ծեծեցին ու բանտ գցեցին և հիմա մեզ գաղտնի՞ են ազատ արձակում: Ո՛չ, թող իրենք գան և մեզ դուրս բերեն»: 38 Եվ մագիստրատների ենթականերն այս խոսքերը հաղորդեցին նրանց: Նրանք էլ, երբ լսեցին, որ Պողոսն ու Շիղան հռոմեացիներ են, վախեցան:+ 39 Ուստի եկան, նրանց ներողամտությունը հայցեցին, ապա դուրս ուղեկցելուց հետո խնդրեցին, որ հեռանան քաղաքից: 40 Բայց նրանք բանտից դուրս գալուց հետո գնացին Լիդիայի տուն: Այնտեղ հանդիպեցին եղբայրներին, քաջալերեցին նրանց+ և հետո հեռացան քաղաքից: