Կարեկցանք. բարության և գթության բանալի
ՔԱՆԻ դեռ կարողանում ես թեթևացնել ուրիշի ցավը, կյանքդ զուր չէ»,— գրել է Հելեն Կելլերը։ Նա հասկանում էր անշուշտ, թե ինչ է ցավը. երբ ընդամենը 19 ամսական էր, հիվանդության պատճառով ամբողջովին զրկվել էր լսողությունից ու տեսողությունից։ Սակայն մի կարեկից ուսուցչուհի սովորեցրել էր Հելենին Բրայլի գրատիպով կարդալ ու գրել, իսկ հետագայում նաև՝ խոսել։
Կելլերի ուսուցչուհին՝ Աննա Սալիվանը, շատ լավ գիտեր, թե ինչ է նշանակում պայքարել ֆիզիկական անզորության դեմ. նա ինքը գրեթե կույր էր։ Սակայն Աննան, համբերատարություն ցուցաբերելով, Հելենի հետ շփվելու ձև էր մշակել. նա աղջկա ձեռքի վրա տառ առ տառ խոսքեր էր գրում։ Ուսուցչուհու ցուցաբերած կարեկցանքից մղվելով՝ Հելենը որոշում է իր կյանքը նվիրել կույր և խուլ մարդկանց օգնելու գործին։ Իր սեփական անզորությունը մեծ ջանքերի շնորհիվ հաղթահարելով՝ նա, կարեկցանքից դրդված, ցանկանում էր օգնել այն մարդկանց, ովքեր գտնվում էին նույն վիճակում։
Հավանաբար նկատել եք, որ եսասիրությամբ ողողված այս աշխարհում հեշտ է ‘գութը փակել’՝ անտեսելով ուրիշների կարիքները (Ա Յովհաննէս 3։17, ԱԹ)։ Սակայն քրիստոնյաներին պատվեր է տրվել՝ մերձավորին և հատկապես՝ միմյանց սիրելու (Մատթէոս 22։39; Ա Պետրոս 4։8)։ Ըստ երևույթին ծանոթ եք այս իրողությանը. թեև անչափ ցանկանում ենք սեր ցուցաբերել միմյանց հանդեպ, սակայն հաճախ բաց ենք թողնում ուրիշների ցավը թեթևացնելու հնարավորությունները՝ այն պարզ պատճառով, որ տեղյակ չենք նրանց կարիքներից։ Կարեկցանքը այն բանալին է, որը կօգնի բացել բարության և գթության դուռը։
Ի՞նչ է կարեկցանքը
Մի բառարանում ասվում է, որ կարեկցանքը «ուրիշի վիճակը, զգացումները և մղումները որոշելն ու հասկանալն» է։ Այն նաև բացատրվում է որպես ուրիշի դրության մեջ մտնելու ունակություն։ Այսպիսով՝ կարեկցանք ցուցաբերելու համար. առաջին՝ պետք է հասկանալ ուրիշի վիճակը և երկրորդ՝ կիսել այն զգացումները, որ ստեղծված իրավիճակում առաջացել են տվյալ անհատի մեջ։ Այո՛, կարեկցանքը ուրիշի ցավը մեր սրտում զգալն է։
Գրություններում բազմիցս խոսվում է այս հատկության մասին։ Օրինակ՝ Պետրոս առաքյալը խորհուրդ տվեց ‘կարեկցանք, եղբայրասիրություն, ազնվագթություն’ ցուցաբերել (Ա Պետրոս 3։8)։ «Կարեկցանք» թարգմանված հունարեն բառի բառացի նշանակությունն է՝ տանջվել ուրիշի հետ կամ գութ ունենալ։ Պողոս առաքյալը քրիստոնյա հավատակիցներին հորդորում էր այդ զգացումները հանդես բերել՝ ասելով. «Ուրախացողների հետ ուրախացէք, եւ լացողների հետ լացէք։ Իրար վերայ միեւնոյն խորհուրդը ունեցէք» (Հռովմայեցիս 12։15, 16, ԱԹ)։ Համաձայն չէ՞ք, որ գրեթե անհնար է սեր զարգացնել մերձավորի հանդեպ, եթե չփորձենք մտնել նրա դրության մեջ։
Գրեթե յուրաքանչյուր մարդ ինչ–որ չափով օժտված է կարեկցանքի բնածին զգացումով։ Ո՞վ չի ազդվի սովալլուկ երեխաների կամ խուճապի մատնված փախստականների սրտաճմլիկ տեսարաններից։ Կամ ո՞ր մայրն է, որ իր երեխային սիրելով հանդերձ՝ ուշադրություն չի դարձնի նրա հեծկլտանքների վրա։ Սակայն մարդու տանջվելը միշտ չէ, որ հեշտությամբ կարելի է նկատել։ Դժվար է հասկանալ այն անհատին, որը տառապում է դեպրեսիայի, ոչ այնքան բացահայտ ֆիզիկական արատի կամ նույնիսկ սնման հետ կապված խանգարումների պատճառով, եթե ինքներս երբեք նման խնդիրներ չենք ունեցել։ Այնուամենայնիվ, Գրությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք և պարտավոր ենք կարեկցանք զարգացնել նաև այն մարդկանց հանդեպ, ում վիճակում չենք եղել։
Կարեկցանքի ցուցաբերման աստվածաշնչյան օրինակներ
Կարեկցանք ցուցաբերելու հարցում մեզ համար ամենաառաջին օրինակը Եհովան է։ Կատարյալ լինելով հանդերձ՝ նա այնուամենայնիվ մեզանից կատարելություն չի պահանջում, «որովհետեւ.... գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14; Հռովմայեցիս 5։12)։ Դեռ ավելին, տեղյակ լինելով մեր սահմանափակ հնարավորություններին՝ նա ‘չի թողնում մեզ մեր կարողություններից վեր փորձվելու’ (Ա Կորնթացիս 10։13)։ Իր ծառաների և ոգու միջոցով նա օգնում է մեզ ելք գտնել (Երեմիա 25։4, 5; Գործք 5։32)։
Եհովան անձամբ է զգում իր ժողովրդի ցավը։ Բաբելոնից վերադարձած հրեաների մասին գրվել է. «Ձեզ դպչողը նրա [Աստծո] աչքի բիբին է դպչում» (Զաքարիա 2։8)։ Խորապես հասկանալով, թե ինչ է Աստծո կարեկցանքը՝ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Դավիթը, ասել է նրան. «Իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են» (Սաղմոս 56։8)։ Որքա՜ն մխիթարական է՝ իմանալ, որ Եհովան հիշում է այն արտասուքները, որ թափել են իր հավատարիմ ծառաները իրենց ուղղամտությունը պահելու համար պայքար մղելիս (ասես՝ դրանք գրված են իր գրքում)։
Իր երկնային Հոր նման՝ Հիսուս Քրիստոսը նույնպես անտարբեր չէ ուրիշների զգացումների նկատմամբ։ Խուլ մարդուն բուժելիս, օրինակ, Հիսուսը մի կողմ տարավ նրան, որպեսզի վերջինս այդ հրաշալի բուժումից հանկարծակիի չգա և շփոթության մեջ չընկնի (Մարկոս 7։32–35)։ Մեկ ուրիշ դեպքում՝ Հիսուսը նկատեց մի այրի կնոջ, որի միակ որդուն տանում էին թաղելու։ Անմիջապես զգալով այդ կնոջ ցավը՝ նա մոտեցավ թաղման թափորին և հարություն տվեց երիտասարդին (Ղուկաս 7։11–16)։
Դամասկոսի ճանապարհին հայտնվելով Սավուղին՝ հարություն առած Հիսուսը ցույց տվեց, որ իր աշակերտներին դաժանաբար հալածելով՝ Սավուղը նրան է հալածում։ Նա ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես» (Գործք 9։3–5)։ Հիսուսը անձամբ զգում էր իր աշակերտների ցավը, ինչպես մայրը՝ իր հիվանդ երեխայի։ Մեր Երկնային Քահանայապետը՝ Հիսուսը, «կարեկից» (ԱԹ) կամ «չարչարակից [է].... մեր տկարութեանը» (Եբրայեցիս 4։15)։
Պողոս առաքյալը նույնպես սովորել էր զգայուն լինել ուրիշների տանջանքների ու զգացումների հանդեպ։ «Կա՞յ տկար մէկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ. կա՞յ գայթակղուած մէկը, որի համար իմ սիրտը այրուած չլինի»,— հարցրել է նա (Բ Կորնթացիս 11։29)։ Երբ հրեշտակը Փիլիպպեի բանտում գտնվող Պողոսին ու Շիղային հրաշքով շղթաներից ազատեց, Պողոսն առաջին հերթին տեղեկացրեց բանտապետին այն մասին, որ ոչ ոք չի փախել։ Պողոսը մտավ վերջինիս դրության մեջ և մտածեց, որ նա հավանաբար ինքնասպան կլինի։ Պողոսը գիտեր, որ հռոմեական ավանդության համաձայն՝ բանտապետը շատ խիստ պատժի կարժանանար, եթե բանտարկյալը փախուստի դիմեր, հատկապես՝ եթե հրամայված լիներ ուժեղ հսկողության տակ պահել նրան (Գործք 16։24–28)։ Կյանք փրկող, բարի այս արարքից տպավորված՝ բանտապետն ու նրա տան անդամները քայլեր կատարեցին՝ քրիստոնյա դառնալու (Գործք 16։30–34)։
Ինչպես կարեկցանք զարգացնել
Գրություններում բազմիցս հորդոր է տրվում՝ ընդօրինակելու մեր երկնային Հորը և նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Նշանակում է՝ հարկավոր է նաև կարեկցանք զարգացնել։ Ինչպե՞ս կարող ենք անել այդ։ Ուրիշների կարիքների ու զգացումների հանդեպ զգայունություն զարգացնելու երեք հիմնական ձև կա՝ լսել, դիտել և պատկերացնել։
Լսիր։ Ուշադիր լսելով՝ կարող ենք իմանալ, թե ինչ խնդիրների հետ են բախվում ուրիշները։ Եվ որքան ավելի լավ լսողներ լինենք, այնքան ավելի մեծ կլինի այն բանի հավանականությունը, որ մարդ կբացի իր սիրտը և կպատմի իր զգացմունքների մասին։ «Ես կարողանում եմ խոսել երեցի հետ, երբ վստահ եմ, որ նա լսում է ինձ,— ասում է Միրիամը։— Ես ուզում եմ համոզված լինել, որ երեցը իսկապես հասկանում է իմ խնդիրը։ Երբ նա հանգամանալից հարցեր է տալիս, իմ վստահությունը աճում է, քանզի դրանից երևում է, որ նա ուշադրությամբ լսում է իմ ասածները»։
Դիտիր։ Ոչ բոլորը անկեղծորեն կպատմեն իրենց զգացմունքների կամ ապրումների մասին։ Սակայն լավ դիտորդը կնկատի, որ հավատակիցը տխուր է, կամ որ պատանին դարձել է չշփվող, կամ էլ՝ որ եռանդուն ծառայողը կորցրել է իր ոգևորվածությունը։ Պրոբլեմը իր սկզբնական փուլերում բացահայտելու ունակությունը շատ կարևոր է հատկապես ծնողների համար։ «Մայրս ինչ–որ մի ձևով գլխի է ընկնում, թե ինչպես եմ զգում ինձ նախքան իր հետ խոսելը,— ասում է Մերին,— ուստի ինձ համար հեշտ է լինում անկեղծորեն պատմել նրան իմ խնդիրները»։
Գործի դիր երևակայությունդ։ Կարեկցանք զարգացնելու լավագույն ձևն այն է, որ հարցնես ինքդ քեզ. «Ի՞նչ կզգայի, եթե նրա վիճակում հայտնվեի։ Ինչպե՞ս կարձագանքեի։ Ինչի՞ կարիք կունենայի»։ Հոբի երեք կեղծ մխիթարողները չկարողացան մտնել նրա դրության մեջ։ Այդ պատճառով սկսեցին մեղադրել նրան ինչ–որ երևակայական մեղքերի մեջ, որ նրանց կարծիքով Հոբը գործած պետք է լիներ։
Անկատար մարդկանց համար շատ ավելի հեշտ է քննադատաբար մոտենալ որևէ մեկի սխալներին, քան հասկանալ նրա զգացումները։ Բայց եթե ջանք ենք թափում տրտմած անհատի վիշտը հասկանալու, կկարողանանք դատապարտելու փոխարեն կարեկցել նրան։ «Իմ տված խորհուրդը շատ ավելի լավն է լինում, երբ որևէ բան առաջարկելուց առաջ ուշադրությամբ եմ լսում և փորձում եմ ամբողջովին հասկանալ իրավիճակը»,— ասում է Խուանը, որը մի փորձառու երեց է։
Եհովայի վկաների կողմից բաժանվող հրատարակությունները այս հարցում շատերին են օգնել։ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում քննարկվել են այնպիսի բարդ խնդիրներ, ինչպիսիք են դեպրեսիան և երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքը։ Ժամանակին տրվող այդ տեղեկությունները օգնում են ընթերցողներին ավելի զգայուն լինել նման խնդիրներ ունեցող մարդկանց զգացմունքների հանդեպ։ Նմանապես՝ «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը օգնել է շատ ծնողների հասկանալու իրենց երեխաների պրոբլեմները։
Կարեկցանքը օգնում է քրիստոնեական գործունեության մեջ
Քչերն անտարբերություն կցուցաբերեին սովի մատնված երեխայի հանդեպ և ուտելիք ունենալու դեպքում ոչինչ չէին տա նրան։ Սակայն կարեկից անհատը կփորձի հասկանալ նաև մարդու հոգևոր վիճակը։ Աստվածաշնչում Հիսուսի մասին պատմվում է հետևյալը. «Տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն» (Մատթէոս 9։36)։ Մեր օրերում միլիոնավոր մարդիկ նույն հոգևոր վիճակում են գտնվում և օգնության կարիք ունեն։
Հիսուսի նման՝ այսօր մենք էլ գուցե ստիպված լինենք հաղթահարել հասարակության մեջ արմատացած ավանդություններ կամ նախապաշարմունքներ՝ որոշ մարդկանց սրտերին հասնելու համար։ Կարեկցանք ունենալու դեպքում՝ Աստծո ծառան ջանք կթափի ընդհանուր լեզու գտնելու, կամ խոսելու այնպիսի հարցերի շուրջ, որոնք ծանոթ են մարդկանց՝ իր լուրը ավելի հետաքրքրական դարձնելու համար (Գործք 17։22, 23; Ա Կորնթացիս 9։20–23)։ Իսկ կարեկցանքով թելադրված բարի գործերը կարող են մղել մեր ունկնդիրներին ավելի պատրաստակամորեն ընդունելու Թագավորության լուրը, ինչպես դա տեղի ունեցավ փիլիպպեցի բանտապետի դեպքում։
Կարեկցանքն անգնահատելի օգնություն է այն սխալները ներելու հարցում, որ մեր հանդեպ թույլ են տալիս ժողովի անդամները։ Եթե ջանք թափենք հասկանալու այն եղբոր զգացումները, որը վիրավորել է մեզ, անկասկած ավելի հեշտությամբ կներենք նրան։ Հնարավոր է, որ եթե նույն վիճակում լինեինք և նույն անցյալն ունենայինք, ապա մենք էլ նրա պես վարվեինք։ Եհովան կարեկցանք է ցուցաբերում և «յիշում է որ հող ենք մենք»։ Մի՞ թե, ուրեմն, մենք ևս չպետք է կարեկցանք ցուցաբերենք՝ հաշվի առնելով ուրիշների անկատարությունը և ‘ներելով նրանց’ (Սաղմոս 103։14; Կողոսացիս 3։13)։
Որևէ մեկին խորհուրդ տալիս հավանաբար շատ ավելի բարյացակամ կլինենք, եթե փորձենք հասկանալ սխալված անհատի զգացումները։ Մի կարեկից երեց, օրինակ, հիշեցնում է իրեն. «Ես նույնպես կարող էի գործել այդ սխալը։ Ես կարող էի հայտնվել նրա վիճակում»։ Պողոսը տալիս է հետևյալ խորհուրդը. «Վերահաստատէ՛ք նրան [այդպիսի մարդուն] հեզութեան ոգով. զգո՛յշ եղէք ինքներդ ձեր նկատմամբ, որպէսզի դուք էլ փորձութեան չենթարկուէք» (Գաղատացիս 6։1)։
Կարեկցանքը կարող է մղել մեզ հնարավորությունների սահմաններում գործնական օգնություն ցույց տալ մեր հավատակցին, նույնիսկ եթե նա չի ուզում խնդրել մեզ այդ մասին։ Հովհաննես առաքյալը գրել է. «Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ։.... Խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ» (Ա Յովհաննէս 3։17, 18)։
«Գործով եւ ճշմարտությամբ» սիրելու համար մենք առաջին հերթին պետք է հասկանանք, թե մեր եղբայրը հատկապես ինչ բաների կարիք ունի։ Արդյոք ուշադի՞ր ենք և նկատո՞ւմ ենք մեր եղբայրների կարիքները՝ նրանց օգնելու մտադրությամբ։ Հենց դա է կարեկցանքը։
Սովորիր կարեկցել
Գուցե կարեկցանքը այդքան էլ բնորոշ չէ մեզ։ Բայցևայնպես կարող ենք զարգացնել այդ հատկությունը։ Եթե ավելի ուշադիր լսենք, ավելի լավ դիտենք և ավելի հաճախ փորձենք պատկերացնել մեզ ուրիշի տեղում, մեր կարեկցանքը կաճի։ Դրա հետևանքով կմղվենք ավելի շատ սեր, բարություն և գթասրտություն ցուցաբերելու մեր երեխաների, մյուս քրիստոնյաների և մերձավորների հանդեպ։
Երբեք թույլ մի տվեք, որ եսասիրությունը խեղդի ձեր մեջ կարեկցանքի զգացումը։ «Միայն ձեր շահը մի՛ փնտռէք,— գրել է Պողոսը,— այլ իւրաքանչիւր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլիպպեցիս 2։4)։ Մեր հավիտենական ապագան կախված է նրանից, թե Եհովան և իր Քահանայապետը՝ Հիսուս Քրիստոսը, կարեկցանք կցուցաբերե՞ն արդյոք մեր հանդեպ։ Եթե այդպես է, ուրեմն այդ հատկությունը զարգացնելը մեր բարոյական պարտքն է։ Կարեկցանքը հնարավորություն կտա մեզ լինելու ավելի լավ ծառայողներ ու ծնողներ, իսկ ամենակարևորը՝ կօգնի, որ անձամբ զգանք հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35)։
[նկար 25–րդ էջի վրա]
Կարեկցել՝ նշանակում է ուշադիր լինել և նկատել ուրիշների կարիքները՝ նրանց օգնելու մտադրությամբ
[նկար 26–րդ էջի վրա]
Կսովորե՞քկարեկցանք ցուցաբերել այնպես, ինչպես սիրող մայրը՝ իր երեխայի հանդեպ