Մատթեոս
25 «Երկնքի թագավորությունը նման է տասը կույսերի, որոնք վերցրին իրենց ճրագները+ և դուրս գնացին փեսային դիմավորելու:+ 2 Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն:*+ 3 Հիմարները ճրագները վերցրել էին, բայց իրենց հետ ձիթայուղ չէին վերցրել, 4 իսկ իմաստունները ճրագների հետ նաև սրվակներով ձիթայուղ էին վերցրել: 5 Քանի որ փեսան ուշանում էր, բոլորի քունը սկսեց տանել, ու նրանք քնով անցան: 6 Ուղիղ կեսգիշերին բղավոց լսվեց. «Փեսան գալի՛ս է: Դո՛ւրս եկեք նրան դիմավորելու»: 7 Բոլոր կույսերը վեր կացան ու սկսեցին կարգի բերել իրենց ճրագները:+ 8 Հիմարներն ասացին իմաստուններին. «Ձեր ձիթայուղից մի քիչ մեզ տվեք, որովհետև մեր ճրագները ուր որ է կհանգչեն»: 9 Իմաստուններն էլ ասացին. «Գուցե չհերիքի և՛ մեզ, և՛ ձեզ: Գնացեք վաճառողների մոտ ու ձեզ համար գնեք»: 10 Երբ նրանք գնացին ձիթայուղ գնելու, այդ ընթացքում փեսան եկավ, և այն կույսերը, որոնք պատրաստ էին, նրա հետ ներս մտան հարսանեկան խնջույքի,+ և դուռը փակվեց: 11 Հետո մյուս կույսերը եկան ու ասացին. «Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա»:+ 12 Նա էլ ասաց. «Հաստատ ասում եմ. ես ձեզ չեմ ճանաչում»:
13 Ուստի զգո՛ն եղեք,+ որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ էլ ժամը:+
14 Թագավորությունը նաև կարելի է նմանեցնել մի մարդու, որը օտար երկիր գնալիս իր ծառաներին հավաքեց և իր ունեցվածքը նրանց վստահեց:+ 15 Մեկին հինգ տաղանդ* տվեց, մեկին՝ երկու,* մյուսին էլ՝ մեկ տաղանդ,* ամեն մեկին՝ իր ունակություններին համապատասխան, ապա մեկնեց օտար երկիր: 16 Հինգ տաղանդ ստացողը անմիջապես գնաց ու գործի մեջ դրեց այդ փողը: Արդյունքում՝ նա ևս հինգ տաղանդ վաստակեց: 17 Երկու տաղանդ ստացողը նույն կերպ վարվեց ու ևս երկուսը վաստակեց: 18 Իսկ այն ծառան, որն ընդամենը մեկ տաղանդ էր ստացել, գնաց, հողը փորեց և իր տիրոջ դրամը* թաքցրեց այնտեղ:
19 Երկար ժամանակ անց այդ ծառաների տերը եկավ և նրանցից հաշվետվություն պահանջեց:+ 20 Հինգ տաղանդ ստացողը մոտեցավ և իր վաստակած մյուս հինգ տաղանդն էլ տալով՝ ասաց. «Տե՛ր, դու ինձ հինգ տաղանդ էիր վստահել, և ահա ես ևս հինգն եմ վաստակել»:+ 21 Տերն ասաց. «Ապրե՛ս, իմ լա՛վ ու հավատարի՛մ ծառա: Դու քեզ վստահված քչի մեջ հավատարիմ եղար, ուստի քեզ շատ բաներ կվստահեմ:+ Ուրախացի՛ր քո տիրոջ հետ»:+ 22 Ապա մոտեցավ երկու տաղանդ ստացողն ու ասաց. «Տե՛ր, դու ինձ երկու տաղանդ էիր վստահել, և ահա ես ևս երկուսն եմ վաստակել»:+ 23 Տերն ասաց. «Ապրե՛ս, իմ լա՛վ ու հավատարի՛մ ծառա: Դու քեզ վստահված քչի մեջ հավատարիմ եղար, ուստի քեզ շատ բաներ կվստահեմ: Ուրախացի՛ր քո տիրոջ հետ»:
24 Ի վերջո մեկ տաղանդ ստացողը մոտեցավ ու ասաց. «Տե՛ր, ես գիտեմ, որ դու խստապահանջ մարդ ես: Ավելին՝ հնձում ես այնտեղի բերքը, որտեղ ոչինչ չես ցանել, և հավաքում ես այն, ինչի վրա ջանք չես թափել:+ 25 Ես էլ վախից գնացի ու քո տաղանդը թաքցրի հողի մեջ: Ահա քո տվածը քեզ եմ վերադարձնում»: 26 Տերը պատասխանեց. «Չա՛ր և ծո՛ւյլ ծառա, դե եթե մտածում ես, որ ես հնձում եմ այնտեղի բերքը, որտեղ ոչինչ չեմ ցանել, և հավաքում եմ այն, ինչի վրա ջանք չեմ թափել, 27 ուրեմն ինչո՞ւ իմ փողը չդրեցիր շրջանառության մեջ, որ երբ գայի, իմ տվածը տոկոսով հետ ստանայի»:
28 Ապա դիմելով իր սպասավորներին՝ ասաց. «Նրանից վերցրեք այդ տաղանդը և տվեք տասը տաղանդ ունեցողին:+ 29 Ով ունի, նրան ավելին կտրվի, և նա առատությամբ կունենա, իսկ ով գրեթե չունի, նույնիսկ նրա մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից:+ 30 Այդ անպիտան ծառային գցեք դուրս՝ խավարի մեջ, որտեղ նա լաց կլինի և կկրճտացնի իր ատամները»:
31 Երբ մարդու Որդին+ բոլոր հրեշտակների հետ գա իր փառքով,+ այդ ժամանակ կնստի իր փառավոր գահին: 32 Բոլոր ազգերը կհավաքվեն նրա առաջ, և նա մարդկանց կզատի իրարից, ինչպես հովիվն է ոչխարներին զատում այծերից: 33 Ոչխարներին+ կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ ձախ կողմում:+
34 Այդ ժամանակ Թագավորը կասի իր աջ կողմում եղողներին. «Եկե՛ք, իմ Հոր կողմից օրհնվածնե՛ր, և ժառանգե՛ք մարդկության սկզբնավորումից* ի վեր ձեզ համար պատրաստված Թագավորությունը, 35 որովհետև ես սոված էի, և ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտարական էի, և ինձ գրկաբաց հյուրընկալեցիք,+ 36 մերկ* էի, և ինձ հագցրիք,+ հիվանդ էի, և ինձ հոգ տարաք, բանտում էի, և ինձ այցելեցիք»:+ 37 Այդ արդար մարդիկ կասեն. «Տե՛ր, ե՞րբ քեզ տեսանք սոված և կերակրեցինք կամ՝ ծարավ և խմելու բան տվեցինք:+ 38 Ե՞րբ տեսանք քեզ օտարական դարձած և գրկաբաց հյուրընկալեցինք կամ՝ մերկ և հագցրինք: 39 Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտարկված և այցելեցինք»: 40 Թագավորն էլ կպատասխանի. «Հավաստիացնում եմ ձեզ. եթե իմ այս եղբայրներից անգամ ամենափոքրի համար արեցիք, ուրեմն ինձ համար արեցիք»:+
41 Ապա իր ձախ կողմում եղողներին կասի. «Հեռացե՛ք ինձանից,+ անիծվածնե՛ր: Դուք արժանի եք հավիտենական կրակի,+ որ պատրաստված է Բանսարկուի և նրա հրեշտակների համար,+ 42 որովհետև ես սոված էի, բայց ինձ ուտելիք չտվեցիք, ծարավ էի, բայց ինձ խմելու ոչինչ չտվեցիք, 43 օտարական էի, բայց ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի, բայց ինձ չհագցրիք, հիվանդ էի և բանտում էի, բայց իմ մասին հոգ չտարաք»: 44 Այդ ժամանակ նրանք կասեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված կամ ծարավ, օտար կամ մերկ, հիվանդ կամ բանտարկված և չօգնեցինք»: 45 Նա էլ կպատասխանի. «Հավաստիացնում եմ ձեզ. եթե այս ամենափոքրերից անգամ մեկի համար չարեցիք, ուրեմն ինձ համար չարեցիք»:+ 46 Եվ նրանք կարժանանան հավիտենական մահվան,*+ իսկ արդարները հավիտենական կյանք կստանան»:+