Երկրորդ Օրենք
15 «Ամեն յոթերորդ տարում* պարտքերից ազատում* հայտարարեք:+ 2 Ահա թե ինչ պետք է անեք. ամեն պարտատեր պետք է իր դրացուն ազատի պարտքից: Նա չպետք է պարտքը պահանջի իր դրացուց՝ իր եղբորից, քանի որ Եհովայի պատվին պետք է ազատում հայտարարվի:+ 3 Օտարականից կարող եք պարտքը պահանջել,+ բայց ձեր եղբորից չպահանջեք, ինչ էլ որ նա պարտք լինի: 4 Ձեր մեջ ոչ ոք չպետք է աղքատության մեջ ընկնի, քանի որ Եհովան անշուշտ կօրհնի ձեզ+ այն երկրում, որին տիրանալու եք, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն: 5 Բայց կօրհնի միայն այն դեպքում, եթե լսեք ձեր Աստված Եհովային և ճշգրտորեն կատարեք այն բոլոր պատվիրանները, որ այսօր տալիս եմ ձեզ:+ 6 Ձեր Աստված Եհովան կօրհնի ձեզ, ինչպես որ խոստացել է, և դուք շատ ազգերի պարտք կտաք,* մինչդեռ ինքներդ պարտք վերցնելու կարիք չեք ունենա:+ Դուք կտիրապետեք շատ ազգերի, մինչդեռ նրանք չեն տիրապետի ձեզ:+
7 Եթե ձեր Աստված Եհովայի տված երկրում՝ դրա քաղաքներից մեկում, ձեր եղբայրներից որևէ մեկը աղքատանա, ձեր սիրտը չկարծրացնեք ու ժլատ* չլինեք ձեր աղքատ եղբոր հանդեպ:+ 8 Առատաձեռն եղեք նրա հանդեպ+ և անպատճառ պարտք տվեք,* ինչ որ նրան պետք է, ինչի կարիք որ նա ունի: 9 Զգույշ եղեք, որ ձեր սրտում նենգ միտք բույն չդնի, ու չլինի այնպես, որ մտածելով, թե յոթերորդ տարին՝ ազատման տարին, մոտ է՝+ առատաձեռն չլինեք ձեր աղքատ եղբոր հանդեպ ու նրան ոչինչ չտաք: Եթե նա Եհովային բողոքի ձեզանից, դուք մեղավոր կհամարվեք:+ 10 Ժլատությամբ չտաք նրան,+ այլ առատաձեռնությամբ կտաք, որովհետև դրա համար է ձեր Աստված Եհովան օրհնելու ձեզ ձեր բոլոր գործերում ու ձեռնարկումներում:+ 11 Երկրում միշտ էլ աղքատներ կլինեն:+ Ահա թե ինչու եմ պատվիրում, որ առատաձեռն* լինեք ձեր չքավոր ու աղքատ եղբոր հանդեպ:+
12 Եթե ձեր ազգակիցը՝ որևէ եբրայեցի կին կամ տղամարդ, ստրկության վաճառվի ձեզ ու վեց տարի ծառայի, ապա յոթերորդ տարում պետք է նրան ազատ արձակեք:+ 13 Եվ ազատ արձակելիս նրան դատարկաձեռն չուղարկեք: 14 Առատաձեռնորեն բաժին տվեք նրան ձեր հոտից և ձեր կալի,* ձիթհանի ու հնձանի արդյունքից: Ինչպես որ ձեր Աստված Եհովան է առատաձեռնորեն օրհնել ձեզ, այդպես էլ դուք առատաձեռնորեն տվեք նրան: 15 Հիշեք, որ Եգիպտոսում դուք ստրուկ էիք, և ձեր Աստված Եհովան փրկագնեց ձեզ: Ահա թե ինչու եմ այս պատվերը տալիս այսօր:
16 Բայց եթե ստրուկն ասի տիրոջը, որ չի գնա նրա մոտից, քանի որ սիրում է նրան ու նրա տնեցիներին, և իրեն հաճելի է եղել նրանց մոտ մնալը,+ 17 ապա տերը թող մի բիզ վերցնի և նրան կանգնեցնելով դռան դիմաց՝ բզով ծակի ականջը, ու նա իր ողջ կյանքում այդ մարդու ծառան կլինի: Նույն կերպ վարվեք նաև ստրկուհու հետ: 18 Մի՛ մտածեք, որ ձեր ստրուկին ազատ արձակելով՝ կորուստ եք կրում: Չէ՞ որ եթե վեց տարվա ընթացքում նրա արած գործը վարձկանը աներ, կրկնակի թանկ կնստեր ձեզ վրա, այնպես որ դուք կրկնակի շահել եք, և ձեր Աստված Եհովան էլ օրհնել է ձեզ ամեն ինչում:
19 Ձեր խոշոր ու մանր եղջերավոր անասուններից ծնված ամեն արու առաջնեկի առանձնացրեք* ձեր Աստված Եհովայի համար:+ Ձեր նախիրներում ծնված առաջնեկներին* գործի չլծեք և հոտերում ծնված առաջնեկներին չխուզեք: 20 Ամեն տարի դուք և ձեր տնեցիները դրանք պետք է ուտեք ձեր Աստված Եհովայի առաջ այն վայրում, որը Եհովան կընտրի:+ 21 Բայց եթե կենդանին լինի կաղ կամ կույր, կամ էլ ուրիշ լուրջ արատ ունենա, այն չմատուցեք որպես զոհ ձեր Աստված Եհովային:+ 22 Այն ձեր քաղաքներում կերեք: Թե՛ մաքուր, թե՛ անմաքուր մարդը կարող է ուտել դրանից, ինչպես որ այծեղջերուի ու եղնիկի մսից:+ 23 Միայն թե դրա արյունը չուտեք,+ ջրի պես այն գետնին թափեք»:+