Ջանադրաբար Փնտրիր Եհովայի Օրհնությունը
«[Աստված] վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (ԵԲՐ. 11։6)։
1, 2. ա) Ինչպե՞ս են շատ մարդիկ փնտրում Աստծու օրհնությունը։ բ) Ինչո՞ւ հատկապես մենք պետք է ձգտենք ստանալ Եհովայի օրհնությունը։
«ԱՍՏՎԱԾ օրհնի քեզ»։ Որոշ երկրներում սովորական բան է, երբ նույնիսկ անծանոթներն են այս արտահայտությունն անում, երբ մարդը փռշտում է։ Տարբեր կրոնների առաջնորդներն օրհնում են մարդկանց, կենդանիներին և առարկաներին։ Ճամփորդողները հասնում են սրբավայրեր՝ օրհնություն ստանալու փափագով։ Քաղաքական գործիչները կանոնավորաբար խնդրում են, որ Աստված օրհնի իրենց ազգին։ Ի՞նչ ես կարծում, օրհնություն ստանալու այս խնդրանքները տեղի՞ն են։ Արդյոք դրանք լսվո՞ւմ են։ Ովքե՞ր են իրականում ստանում Աստծու օրհնությունը և ինչո՞ւ։
2 Եհովան կանխագուշակեց, որ վերջին օրերում կունենա բոլոր ազգերից հավաքված մաքուր և խաղաղ ժողովուրդ, որը կքարոզի Թագավորության բարի լուրը մինչև երկրի ծայրերը՝ չնայած ատելությանն ու հակառակությանը (Ես. 2։2–4; Մատթ. 24։14; Հայտն. 7։9, 14)։ Մեզանից նրանք, ովքեր իրենց վրա վերցրել են այդ ժողովրդի մի մասը լինելու պատասխանատվությունը, ուզում են ունենալ Աստծու օրհնությունը, ավելին, զգում են դրա կարիքը, քանի որ առանց աստվածային օրհնության, հնարավոր չէ հաջողության հասնել (Սաղ. 127։1)։ Սակայն ինչպե՞ս կարող ենք ստանալ Աստծու օրհնությունը։
Օրհնությունները «կհասնեն» հնազանդ մարդկանց
3. Եթե իսրայելացիները հնազանդ լինեին, ի՞նչ կլիներ արդյունքը։
3 Կարդա՛ Առակներ 10։6, 7։ Նախքան Իսրայել ազգը կմտներ Ավետյաց երկիր, Եհովան ասաց, որ ժողովուրդը բարեկեցիկ կյանքով կապրի և պաշտպանություն կունենա միայն այն դեպքում, եթե լսի իր ձայնին (2 Օրենք 28։1, 2)։ Եհովայի օրհնությունները ոչ միայն կգային իր ժողովրդի վրա, այլև «կհասնեին» նրան։ Հնազանդ մարդիկ անպայման կօրհնվեին։
4. Ի՞նչ է իսկական հնազանդությունը։
4 Իսկ ի՞նչ տրամադրվածությամբ իսրայելացիները պիտի հնազանդվեին։ Օրենքում նշվում էր, որ Աստծուն հաճելի չէր լինի, եթե իր ժողովուրդը թերանար ծառայել իրեն «ուրախությամբ և սրտի բերկրանքով» (կարդա՛ 2 Օրենք 28։45–47)։ Եհովան իր պատվիրաններին մեխանիկորեն հնազանդություն ցուցաբերելուց ավելին է պահանջում, չէ՞ որ կենդանիներն ու դևերը նույնպես հնազանդվում են (Մարկ. 1։27; Հակ. 3։3)։ Աստծուն անկեղծորեն հնազանդվելը սիրո դրսևորում է։ Այդպիսի հնազանդությունը ուրախություն է պատճառում, քանի որ հավատում ենք, որ Եհովայի պատվիրանները ծանրաբեռնող չեն և որ նա «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբր. 11։6; 1 Հովհ. 5։3)։
5. Եհովայի խոստման հանդեպ վստահությունը ինչպե՞ս էր օգնում անհատին հնազանդվելու 2 Օրենք 15։7, 8-ում գրված պատվերին։
5 Տեսնենք, թե ինչպես կարող էր Աստծու ժողովուրդը հնազանդություն դրսևորել՝ պահելով 2 Օրենք 15։7, 8-ում գրված պատվերը, և այդպիսով ցույց տալ, որ հավատում է, որ կվարձատրվի (կարդա՛)։ Այս պատվերին դժկամությամբ ենթարկվող մարդը, անշուշտ, որոշ չափով օգնում էր աղքատին, սակայն արդյոք դա նպաստո՞ւմ էր Աստծու ժողովրդի մեջ մտերիմ հարաբերություններ և ջերմ մթնոլորտ ստեղծելուն։ Իսկ որն ավելի կարևոր էր, արդյոք այդ վերաբերմունքը ցույց տալի՞ս էր, որ անհատը հավատում է, թե Եհովան կարող է հոգ տանել իր ծառաների մասին։ Ցույց տալի՞ս էր, որ նա երախտագետ է Աստծու առատաձեռնությունը արտացոլելու հնարավորության համար։ Դժվար թե։ Իրականում, Աստված ուշադրություն էր դարձնում անկեղծորեն առատաձեռնություն ցուցաբերող անհատի սրտի վիճակին և խոստանում էր օրհնել նրա բոլոր գործերն ու ձեռնարկումները (2 Օրենք 15։10)։ Այս խոստմանը հավատալը մղում էր բարի գործերի, և անհատը առատ օրհնություններ էր ստանում (Առակ. 28։20)։
6. Ինչո՞ւմ է մեզ վստահեցնում Եբրայեցիներ 11։6-ը։
6 Հավատալուց բացի, որ Եհովան վարձատրում է իր ծառաներին, Աստծու օրհնությունը ստանալու համար անհրաժեշտ է մեկ այլ հատկություն, ինչի մասին նույնպես նշվում է Եբրայեցիներ 11։6-ում։ Ուշադրություն դարձրու, որ Եհովան օրհնում է նրանց, ովքեր «ջանադրաբար փնտրում են իրեն»։ Բնագրում օգտագործված բառը վերաբերում է որոշակի ուղղությամբ ինտենսիվ ջանքեր գործադրելուն։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ անպայման կօրհնվենք, չէ՞ որ օրհնության աղբյուրը միակ ճշմարիտ Աստվածն է, «որը չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Նա հազարամյակներ շարունակ ցույց է տվել, որ իր խոստումները լիովին վստահարժան են։ Նրա խոսքը երբեք չի ձախողվում, այն միշտ կատարվում է (Ես. 55։11)։ Ուստի կարող ենք ամբողջովին համոզված լինել, որ եթե անկեղծորեն հավատ դրսևորենք Աստծու հանդեպ, նա մեզ կվարձատրի։
7. Ինչպե՞ս կարող ենք օրհնություն ստանալ Աբրահամի «սերնդի» միջոցով։
7 Հիսուս Քրիստոսը Աբրահամի «սերնդի» գլխավոր մասն է, իսկ օծյալ քրիստոնյաները այդ կանխագուշակված «սերնդի» երկրորդական մասն են։ Նրանց հանձնարարվել է «հռչակել գերազանց հատկությունները նրա, ով խավարից կանչեց [նրանց] իր սքանչելի լույսի մեջ» (Գաղ. 3։7–9, 14, 16, 26–29; 1 Պետ. 2։9)։ Մենք չենք կարող լավ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ, եթե արհամարհում ենք նրանց, ում Հիսուսը նշանակել է հոգալու իր ունեցվածքի մասին։ Առանց «հավատարիմ և իմաստուն ծառայի» աջակցության՝ մենք ո՛չ լիովին կհասկանանք այն, ինչ կարդում ենք Աստծու Խոսքից, ո՛չ էլ կիմանանք, թե ինչպես պետք է կիրառենք մեր կարդացածը (Մատթ. 24։45–47)։ Եթե կիրառենք այն, ինչ սովորում ենք Սուրբ Գրքից, անպայման կստանանք Աստծու օրհնությունը։
Կենտրոնացած լինենք Աստծու կամքը կատարելու վրա
8, 9. Ի՞նչ ջանքեր ներդրեց Հակոբ նահապետը, որ գործի Աստծու կամքին ներդաշնակ։
8 Երբ մտածում ենք այն մասին, որ Աստծու օրհնությունը ստանալու համար մեծ ջանքեր է հարկավոր գործադրել, հիշում ենք նահապետ Հակոբին։ Թեև նա չգիտեր, թե ինչպես է իրագործվելու Աբրահամին տված Աստծու խոստումը, սակայն հավատում էր, որ Եհովան շատացնելու է իր պապի սերունդը, և այն մեծ ազգ է դառնալու։ Ուստի մ.թ.ա. 1781թ.-ին Հակոբը գնաց Խառան, որ իր համար կին առնի։ Նա չէր ուզում պարզապես հաճելի ընկեր գտնել, այլ ցանկանում էր, որ իր կողքին լինի Եհովային երկրպագող և հոգևոր մտածելակերպ ունեցող կին, որը ապագայում լավ մայր կլինի իր երեխաների համար։
9 Ինչպես գիտենք, Հակոբը հանդիպեց Ռաքելին, որն իր բարեկամուհին էր։ Նա սիրեց աղջկան և համաձայնեց յոթ տարի աշխատել նրա հոր՝ Լաբանի համար, որպեսզի Ռաքելն իր կինը դառնա։ Սա պարզապես հիշարժան սիրո պատմություն չէ։ Անշուշտ, Հակոբը գիտեր, թե Ամենակալ Աստվածն ինչ խոստում էր տվել իր պապ Աբրահամին և իր հայր Իսահակին (Ծննդ. 18։18; 22։17, 18; 26։3–5, 24, 25)։ Իսահակն իր որդի Հակոբին ասել էր. «Ամենակարող Աստվածը կօրհնի քեզ, կշատացնի ու կբազմացնի քեզ, և դու ժողովուրդների ժողով կդառնաս։ Աբրահամի օրհնությունը նա քեզ ու քո սերնդին կտա, որպեսզի դու տիրանաս քո պանդխտության երկրին, որն Աստված տվել է Աբրահամին» (Ծննդ. 28։3, 4)։ Ուստի համապատասխան կին գտնելու և ընտանիք կազմելու համար Հակոբի ներդրած ջանքերը արտացոլեցին իր վստահությունը Եհովայի խոսքերի հանդեպ։
10. Ինչո՞ւ Եհովան օրհնեց Հակոբին։
10 Հակոբը հարստության հետևից չէր ընկել իր ընտանիքին բարեկեցիկ կյանքով ապահովելու համար։ Նա մտածում էր իր սերունդների վերաբերյալ Աստծու խոստման մասին։ Հակոբը կենտրոնացած էր Եհովայի կամքը կատարելու վրա։ Նա վճռել էր ամեն ինչ անել, որ չնայած խոչընդոտներին՝ ստանա նրա օրհնությունը։ Մինչև ծերություն Հակոբը պահպանեց այդ տրամադրվածությունը, և Աստված օրհնեց նրան դրա համար (կարդա՛ Ծննդոց 32։24–29)։
11. Ի՞նչ ջանք պետք է ներդնենք, որ գործենք Աստծու կամքին ներդաշնակ։
11 Հակոբի պես՝ մենք մանրամասնորեն չգիտենք, թե ինչպես է իրագործվելու Եհովայի նպատակը։ Սակայն ուսումնասիրելով Աստծու Խոսքը՝ ընդհանուր պատկերացում ենք կազմում այն մասին, թե ինչ կարող ենք ակնկալել «Եհովայի օրվա» հետ կապված (2 Պետ. 3։10, 17)։ Օրինակ՝ մենք հստակ չգիտենք, թե այդ օրը երբ է գալու, սակայն գիտենք, որ այն մոտ է։ Մենք հավատում ենք Աստվածաշնչի խոսքերին, որ եթե հիմնովին վկայություն տանք այն կարճ ժամանակահատվածում, որ մնացել է, կփրկենք թե՛ մեզ և թե՛ մեզ լսողներին (1 Տիմոթ. 4։16)։
12. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։
12 Մենք հասկանում ենք, որ վերջը կարող է գալ ցանկացած պահի. Եհովան չի սպասելու մինչև յուրաքանչյուր մարդու անհատապես վկայություն տրվի (Մատթ. 10։23)։ Բայցևայնպես, մենք լավ առաջնորդություն ենք ստանում, թե ինչպես արդյունավետորեն կատարենք քարոզչական գործը։ Հավատ դրսևորելով՝ մեր լավագույնն ենք անում, որ մասնակցենք այս գործին, և օգտագործում ենք մեր ունեցած բոլոր միջոցները։ Մենք նախօրոք չգիտենք, թե մեր տարածքում քարոզչական գործը ինչ արդյունքներ կբերի (կարդա՛ Ժողովող 11։5, 6)։ Մեր գործը քարոզելն է, և պետք է անենք դա՝ վստահ լինելով, որ Եհովան կօրհնի մեզ (1 Կորնթ. 3։6, 7)։ Կարող ենք համոզված լինել, որ նա տեսնում է մեր ջանքերը և իր սուրբ ոգու միջոցով կտա անհրաժեշտ առաջնորդությունը (Սաղ. 32։8)։
Փնտրենք սուրբ ոգին
13, 14. Ինչպե՞ս է սուրբ ոգին օգնել Աստծու ծառաներին, որ կատարեն իրենց նշանակումը։
13 Իսկ ի՞նչ պետք է անենք, եթե կարծում ենք, որ չենք կարող կատարել մեր նշանակումը կամ մասնակցել քարոզչական գործին։ Պետք է խնդրենք Եհովային, որ տա իր սուրբ ոգին, որպեսզի բարելավենք ծառայության մեջ ունեցած մեր հմտությունները (կարդա՛ Ղուկաս 11։13)։ Աստծու ոգին կօգնի անհատին, որ կատարի ցանկացած գործ կամ ծառայության մեջ իր նշանակումը, անկախ նրանից, թե անցյալում ինչ հանգամանքներ կամ փորձ է ունեցել։ Օրինակ՝ Եգիպտոսից դուրս գալուց անմիջապես հետո այդ ոգին հովիվներին ու ստրուկներին պատերազմում օգնեց հաղթելու իրենց թշնամիներին, չնայած որ պատերազմելու փորձ չունեին (Ելք 17։8–13)։ Դրանից հետո այդ նույն ոգին օգնեց Բեսելիելին ու Օհոլիաբին կատարելու խորանի համար նախատեսված նրբագեղ աշխատանքները՝ կյանքի կոչելով Աստծու մտադրությունները (Ելք 31։2–6; 35։30–35)։
14 Այս զորեղ ոգին օգնեց Աստծու ժամանակակից ծառաներին հոգալու կազմակերպության կարիքները, երբ անհրաժեշտություն առաջացավ սկսելու իրենց սեփական տպագրական գործը։ Եղբայր Ռ. Մարտինը, որն այդ ժամանակ տպարանի վերակացուն էր, մի նամակում պատմեց, թե արդեն ինչ էր իրագործվել մինչև 1927թ.։ Նա գրեց. «Ճիշտ ժամանակին Տերը բացեց դուռը, և մեծ գլանատպագրության [մամլիչը] մեր ձեռքն ընկավ, մինչդեռ մենք ոչինչ չգիտեինք դրա կառուցվածքի և շահագործման մասին։ Սակայն Տերը գիտի՝ ինչպես բարելավել նրանց կարողություններն ու հմտությունները, ովքեր իրենց լավագույնն են տալիս իրեն.... Ընդամենը մի քանի շաբաթ անց արդեն կարողանում էինք լավ աշխատեցնել այդ մամլիչը։ Այն դեռ աշխատում է՝ անելով այնպիսի գործ, որ նույնիսկ ստեղծողները չէին պատկերացնի»։ Եհովան առայսօր շարունակում է օրհնել այսպիսի անկեղծ ջանքերը։
15. Ինչպե՞ս կարող է Հռոմեացիներ 8։11-ը քաջալերել նրանց, ովքեր կանգնած են գայթակղության առաջ։
15 Եհովայի ոգին գործում է տարբեր կերպերով։ Աստծու բոլոր ծառաները կարող են ստանալ սուրբ ոգին, որն օգնում է նրանց ահռելի խոչընդոտներ հաղթահարելու։ Իսկ ի՞նչ անենք, եթե կանգնած ենք գայթակղության առաջ։ Մեզ կարող են զորացնել Պողոսի խոսքերը, որոնք արձանագրված են Հռոմեացիներ 7։21, 25-ում և 8։11-ում։ Այո՛, «նրա ոգին, ով հարություն տվեց Հիսուսին», կարող է գործել հօգուտ մեզ և զորացնել, որ մարմնի ցանկությունների դեմ պայքարում հաղթանակած դուրս գանք։ Թեև այս խոսքերը գրվել են ոգով օծված քրիստոնյաների համար, սակայն սկզբունքը կիրառելի է նաև Աստծու բոլոր ծառաների առնչությամբ։ Բոլորս կարող ենք կյանք ստանալ, եթե հավատ դրսևորենք Քրիստոսի հանդեպ, ջանանք արմատախիլ անել սխալ ցանկությունները և ապրենք ոգու առաջնորդության համաձայն։
16. Ի՞նչ պետք է անենք, որ Աստված տա մեզ իր սուրբ ոգին։
16 Կարո՞ղ ենք ակնկալել, որ Եհովան կտա իր գործուն ուժը, եթե մենք ոչ մի ջանք չգործադրենք։ Ո՛չ։ Սուրբ ոգին ստանալու համար աղոթելուց բացի, պետք է նաև ջանադրաբար ուսումնասիրենք Աստծու ներշնչյալ Խոսքը (Առակ. 2։1–6)։ Քանի որ Աստծու ոգին նաև քրիստոնեական ժողովում է, կանոնավորաբար ժողովի հանդիպումներին մասնակցելով՝ ցույց կտանք, որ ցանկանում ենք «լսել, թե ոգին ինչ է ասում ժողովներին» (Հայտն. 3։6)։ Ավելին, պետք է խոնարհաբար կիրառենք մեր սովորածը։ Առակներ 1։23-ում մեզ հետևյալ խորհուրդն է տրվում. «Ականջ դրեք իմ հանդիմանությանը և հետ դարձեք։ Այդ ժամանակ ձեզ համար առատորեն կթափեմ իմ ոգին»։ Իսկապես, Աստված տալիս է իր սուրբ ոգին «նրանց, ովքեր հնազանդվում են իրեն որպես ղեկավարի» (Գործ. 5։32)։
17. Ինչի՞ հետ կարող ենք համեմատել Աստծու օրհնությունը, որ ստանում ենք մեր ջանքերի դիմաց։
17 Թեև մեծ ջանքեր են անհրաժեշտ Աստծու օրհնությունը ստանալու համար, հիշիր, որ միայն դրանց շնորհիվ չէ, որ Եհովան առատորեն օրհնել է իր ժողովրդին։ Օրհնությունները, որ ստանում ենք մեր ջանքերի դիմաց, կարող են համեմատվել այն բանի հետ, թե ինչպես է մեր օրգանիզմը օգուտներ ստանում առողջ կերակուրից։ Աստված մեզ այնպես է ստեղծել, որ հաճույք ենք ստանում կերակուրից, իսկ սննդարար նյութերը անցնում են մեր օրգանիզմ։ Կերակուրը նույնպես նա է տալիս մեզ։ Ճիշտ է, մենք լիարժեքորեն չգիտենք, թե ինչպես է սնունդը օգտակար նյութեր ձեռք բերում, ոչ էլ մեզանից շատերը կարող են բացատրել, թե ինչպես է մեր օրգանիզմը այդ կերակուրից էներգիա ստանում։ Մենք միայն գիտենք, որ այդ պրոցեսն ընթանում է, և մեզնից պահանջվում է ընդամենը ուտել։ Իսկ երբ օգտակար սնունդ ենք ուտում, ավելի մեծ օգուտներ ենք ստանում։ Նմանապես, Եհովան ասում է, թե ինչ է պահանջվում հավիտենական կյանք ստանալու համար, և անհրաժեշտ օգնություն է տալիս, որ կարողանանք կատարել այդ պահանջները։ Փաստորեն, գործի մեծ մասը նա է անում, հետևաբար արժանի է փառքի։ Բայցևայնպես, օրհնություն ստանալու համար մենք պետք է համագործակցենք Աստծու հետ՝ վարվելով նրա կամքին ներդաշնակ (Անգե 2։18, 19)։
18. Ի՞նչ ես վճռել և ինչո՞ւ։
18 Ուստի ամեն ջանք գործադրիր, որ լավագույնս կատարես քո նշանակումը։ Միշտ դիմիր Եհովային՝ հաջողություն ունենալու համար (Մարկ. 11։23, 24)։ Վարվիր այդպես և վստահ եղիր, որ նա, «ով փնտրում է, կգտնի» (Մատթ. 7։8)։ Ոգով օծված քրիստոնյաները կօրհնվեն՝ ստանալով «կյանքի պսակը» երկնքում (Հակ. 1։12)։ Իսկ «ուրիշ ոչխարները», որոնք ձգտում են օրհնություն ստանալ Աբրահամի սերնդի միջոցով, կուրախանան, երբ լսեն Քրիստոսի ձայնը. «Եկե՛ք, ո՛վ իմ Հոր կողմից օրհնվածներ, և ժառանգե՛ք աշխարհը հիմնվելուց ի վեր ձեզ համար պատրաստված թագավորությունը» (Հովհ. 10։16; Մատթ. 25։34)։ Այո՛, «նրանք, ում Աստված օրհնում է, կժառանգեն երկիրը.... և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղ. 37։22, 29)։
Կարո՞ղ ես բացատրել
• Ի՞նչ է իսկական հնազանդությունը։
• Ի՞նչ է հարկավոր Աստծու օրհնությունը ստանալու համար։
• Ինչպե՞ս կարող ենք ստանալ Աստծու սուրբ ոգին, և ինչպե՞ս այն կարող է գործել հօգուտ մեզ։
[Նկարներ 9–րդ էջի վրա]
Եհովայի օրհնությունը ստանալու համար Հակոբը մարտնչեց հրեշտակի հետ
Իսկ դու մեծ ջանքեր ներդնո՞ւմ ես
[Նկար 10–րդ էջի վրա]
Աստծու սուրբ ոգին օգնեց Բեսելիելին ու Օհոլիաբին, որ կատարեն իրենց աշխատանքը