Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Մասքիլ: Դավթի երգը:
55 Ո՜վ Աստված, լսիր աղոթքս,+
Մի՛ անտեսիր գթասրտությանդ արժանանալու խնդրանքս:+
2 Ուշադրություն դարձրու և պատասխանիր ինձ:+
Մտահոգություններս ինձ հանգիստ չեն տալիս,+
Ալեկոծված է հոգիս,
3 Քանի որ թշնամիներս ինձ սպառնում են,
Անօրեններն ինձ ճնշում են:
Նրանք ինձ վրա չարիք են տեղում,
Զայրույթով համակված՝ իմ հանդեպ թշնամանքով են լցվում:+
4 Սիրտս կծկվում է ցավից,+
Մահվան սարսափն է պատել ինձ:+
5 Ահուդողի մեջ եմ ընկել,
Սարսուռն է ինձ համակել:
6 Շարունակ ասում եմ. «Երանի՜ աղավնու պես թևեր ունենայի,
Այդժամ կթռչեի հեռու և ապահով կապրեի:
7 Դեպի հեռուները կփախչեի,+
Ամայի վայրում կբնակվեի:+ (Սելա)
8 Դեպի ապաստան կշտապեի,
Մոլեգնած քամուց ու փոթորկից կպաշտպանվեի»:
9 Ո՛վ Եհովա, նրանց խուճապի մատնիր,
Նրանց ծրագրերը խափանիր,+
Որովհետև քաղաքում կռիվ են անում
Եվ բռնություն են գործադրում:
10 Օր ու գիշեր պարիսպների վրա դա եմ տեսնում,
Քաղաքում չարիք է ու նեղություն:+
11 Այնտեղ ամենուր ավերածություն է,
Կեղեքումն ու խաբեությունը հրապարակից անպակաս են:+
12 Թշնամի մարդ չէ ինձ ծաղրողը,+
Այլապես կհամակերպվեի:
Հակառակորդ մեկը չէ իմ դեմ դուրս եկողը,
Այլապես նրանից կթաքնվեի:
13 Այլ ինձ նման մեկն է՝ իմ ընկերը,+
Նա, ում ես լավ գիտեմ:+
14 Մենք ջերմ ընկերակցություն էինք վայելում,
Մեծախումբ ժողովրդի հետ Աստծու տուն էինք գնում:
15 Թող թշնամիներս կործանվեն,+
Թող ողջ-ողջ գերեզման իջնեն,
Քանի որ նրանց բնակավայրում ու նրանց սրտերում
Չարություն է տիրում:
16 Իսկ ես Աստծո՛ւց կխնդրեմ օգնություն,
Եհովան ինձ կտա փրկություն:+
17 Առավոտ լինի, կեսօր թե իրիկուն՝
Ես տագնապում եմ ու հառաչում,+
Եվ նա իմ ձայնին ականջ է դնում:+
18 Ամբոխներ են իմ դեմ դուրս գալիս,
Բայց նա ինձ կփրկի իմ դեմ կռվողներից
Եվ խաղաղություն կտա ինձ:+
19 Աստված ինձ կլսի,+
Հնուց ի վեր գահին նստողը նրանց դեմ կգործի.+ (Սելա)
Նրանք չեն ցանկանա փոխվել,
Նրանք Աստծու հանդեպ վախ չունեն:+
20 Ընկերս իր հետ հաշտ ապրողների վրա հարձակվեց,+
Իր ուխտը խախտեց:+
21 Նրա խոսքերը կարագից էլ կակուղ են,+
Բայց նրա սիրտը կռիվ է տենչում:
Նրա խոսքերը յուղից էլ փափուկ են,
Բայց իրականում մերկացված սրեր են:+
22 Բեռդ Եհովայի վրա գցիր,+
Եվ նա քեզ թիկունք կկանգնի:+
Նա երբեք չի թողնի, որ արդարն ընկնի:+
23 Չարագործներին, ո՜վ Աստված, դու կիջեցնես գերեզման,+
Արյունապարտ ու խաբեբա մարդիկ չեն ապրի իրենց կյանքի կեսն անգամ,+
Իսկ ես քեզ մոտ կփնտրեմ ապաստան: