Իմաստուն խորհուրդ աչքի վերաբերյալ
● Մարդու աչքը զարմանահրաշ ստեղծագործություն է։ Այն նաև զորեղ է։ Մի գրքում նշվում է, որ «նյարդաթելերի քառասուն տոկոսը միացված է ուղեղին և կապված է ցանցաթաղանթի հետ», որը բարակ և խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթ է։ Աչքի ներսային մակերևույթը ծածկված է հենց այս թաղանթով (Visual Impact, Visual Teaching)։
Հիսուս Քրիստոսը աչքը կոչեց «մարմնի ճրագ»։ Եվ բացատրելով, թե ինչ նկատի ուներ այդպես ասելով՝ շարունակեց. «Եթե աչքդ պարզ է [ուղիղ, կենտրոնացած լավի վրա], ամբողջ մարմինդ լուսավոր կլինի, բայց եթե աչքդ չար է, ամբողջ մարմինդ խավար կլինի» (Մատթեոս 6։22, 23)։ Այս խոսքերով Հիսուսը ուզում էր ասել, թե որքան զորեղ է աչքը, այլ կերպ ասած՝ այն կարող է մտքեր, զգացմունքներ առաջացնել մեր մեջ և անգամ գործերի մղել։ Լավ մտքերը լուսավորում են կյանքը, իսկ վատ մտքերը՝ խավարեցնում։
Նկատի առնենք Մատթեոս 5։28, 29 համարներում գրված Հիսուսի խոսքերը. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում։ Ուրեմն եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն [փոխաբերական իմաստով]»։ Ի՞նչ էր ուզում ասել Հիսուսը։ Թափառող աչքը կարող է այն աստիճան վատ ցանկություններ առաջացնել, որ առիթի դեպքում անհատը անբարոյություն գործի և կորցնի Աստծու հավանությունը (Հակոբոս 1։14, 15)։
Հետևաբար լավ կլինի ինքնատիրապետում զարգացնել, անգամ եթե այդպես վարվելը աչքդ հանելու չափ ցավոտ է։ Չէ՞ որ չարժե հավիտենական կյանքի հեռանկարը զոհել մարմնական ակնթարթային հաճույքների համար։
Աչքը կարող է նաև ագահություն առաջացնել։ Այդ պատճառով Աստվածաշունչը զգուշացնում է մեզ՝ ասելով, որ «աչքերի ցանկությունը.... Հորից չէ, այլ աշխարհից է։ Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։16, 17)։
Արդյո՞ք Աստվածաշունչը չափից շատ խիստ խորհուրդներ է պարունակում։ Ո՛չ։ Աստվածաշնչային չափանիշներն անտեսելը ի վերջո բազում խնդիրների և դժբախտությունների պատճառ է դառնում (Գաղատացիներ 6։7, 8)։ Աստծու Խոսքին ականջ դնելով, ինչպես նաև հետևելով աչքի վերաբերյալ իմաստուն խորհրդին՝ միայն ուրախություն և երջանկություն կհնձենք։ «Երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն»,— ասաց Հիսուսը (Ղուկաս 11։28)։ Եվ ամենակարևորը, այդպես վարվողները երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն, մինչդեռ նրանք, ովքեր թափառող կամ ագահ աչք ունեն, կկորցնեն թե՛ երջանկությունը, թե՛ կյանքը։