Աստվածաշնչի գիրք համար 45. Հռոմեացիներ
Գրողը՝ Պողոս
Գրվելու վայրը՝ Կորնթոս
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 56թ.
1. Ի՞նչ է գրում Պողոսը հռոմեացիներին ուղղված նամակում։
«ԳՈՐԾԵՐ» գրքում տեսանք, որ Պողոսը՝ հրեա քրիստոնյաների նախկին կատաղի հակառակորդը, դարձավ Քրիստոսի եռանդուն առաքյալ ոչ հրեա ազգերի համար։ «Հռոմեացիներ» գրքից սկսվում են Աստվածաշնչի 14 գրքերը, որոնք սուրբ ոգու ներշնչմամբ գրեց այս նախկին փարիսեցին՝ այժմ Աստծու հավատարիմ ծառան։ «Հռոմեացիներ» գիրքը գրելու ժամանակ Պողոսն արդեն ավարտել էր երկու երկարատև քարոզչական շրջագայությունները և երրորդ շրջագայության մեջ էր։ Նա գրել էր ուրիշ հինգ ներշնչված նամակներ՝ «1 Թեսաղոնիկեցիներ», «2 Թեսաղոնիկեցիներ», «Գաղատացիներ», «1 Կորնթացիներ» և «2 Կորնթացիներ»։ Սակայն թերևս տեղին է, որ մեր ժամանակակից Աստվածաշնչերում «Հռոմեացիներ» գիրքը նախորդում է մյուսներին, քանի որ այն մանրամասնորեն քննարկում է նոր հասկացություն. հավասարություն հրեաների ու ոչ հրեաների միջև, երկու խմբեր, որոնց քարոզել է Պողոսը։ Գիրքը բացատրում է, թե ինչպես Աստծու գործելակերպը փոխվեց իր ժողովրդի նկատմամբ, և ցույց է տալիս, որ Եբրայերեն Գրությունները վաղուց նախագուշակել էին, որ բարի լուրը պիտի հռչակվեր նաև ոչ հրեաներին։
2. ա) Ի՞նչ խնդիրների մասին է խոսում Պողոսը «Հռոմեացիներ» նամակում։ բ) Ի՞նչ է նա հստակ ցույց տալիս։
2 Տերտիոսի միջոցով, որը ծառայեց որպես քարտուղար, Պողոսը շարադրեց տրամաբանական փաստեր և Եբրայերեն Գրություններից բազմաթիվ մեջբերումներ արեց՝ ստեղծելով Քրիստոնեական Հունարեն Գրությունների ամենաազդեցիկ գրքերից մեկը։ Գեղեցիկ լեզվով գրված այս նամակում խոսվում է այն խնդիրների մասին, որոնք ծագել էին հրեաներից և հույներից բաղկացած առաջին դարի քրիստոնեական ժողովներում։ Արդյո՞ք հրեաները՝ որպես Աբրահամի ժառանգներ, առավելություններ ունեին։ Արդյո՞ք այլևս Մովսիսական օրենքի տակ չեղող հասուն քրիստոնյաները իրավունք ունեին գայթակղության քար լինելու ավելի թույլ խիղճ ունեցող հրեա եղբայրների համար, որոնք դեռ պահում էին հին սովորույթները։ Այս նամակում Պողոսը հստակ ցույց է տալիս, որ հրեաները և ոչ հրեաները հավասար են Աստծու առաջ, և մարդիկ արդար են հայտարարվում ոչ թե Մովսիսական օրենքի միջոցով, այլ Հիսուս Քրիստոսին հավատ ընծայելու և Աստծու անզուգական բարության շնորհիվ։ Միևնույն ժամանակ Աստված պահանջում է քրիստոնյաներից սրտանց հնազանդություն դրսևորել տարբեր իշխանությունների հանդեպ։
3. Ինչպե՞ս է Հռոմում ժողով կազմավորվել, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ Պողոսը ճանաչում էր այդ ժողովի շատ անդամների։
3 Ինչպե՞ս էր կազմավորվել Հռոմի ժողովը։ Հռոմում մեծ հրեական համայնք կար՝ սկսած առնվազն մ.թ.ա. 63թ.-ից, երբ Պոմպեոսը գրավեց Երուսաղեմը։ Գործեր 2։10-ում կոնկրետ նշվում է, որ այդ հրեաներից ոմանք մ.թ. 33թ. Պենտեկոստեին Երուսաղեմում էին, որտեղ էլ լսեցին բարի լուրը։ Նորահավատները մնացին Երուսաղեմում՝ սովորելու առաքյալներից, իսկ ավելի ուշ շատերը վերադարձան Հռոմ, ոմանք հավանաբար այն ժամանակ, երբ Երուսաղեմում հալածանք սկսվեց (Գործ. 2։41–47; 8։1, 4)։ Բացի դրանից, այդ ժամանակ մարդիկ շատ էին ճանապարհորդում, և հենց դա էր պատճառը, որ Պողոսը լավ ճանաչում էր Հռոմի ժողովի շատ անդամների, որոնցից ոմանք թերևս լսել էին բարի լուրը Հունաստանում կամ Ասիայում նրա քարոզչության արդյունքում։
4. ա) Ի՞նչ կարելի է իմանալ հռոմեացիներին ուղղված նամակից այդ քաղաքի ժողովի մասին։ բ) Ի՞նչ է մատնացույց անում այն, որ Ակյուղասն ու Պրիսկիղան Հռոմում էին։
4 Այս ժողովի մասին առաջին հավաստի տեղեկությունը գտնում ենք Պողոսի նամակում։ Ժողովը կազմված էր հրեա և ոչ հրեա քրիստոնյաներից, և նրանց նախանձախնդրությունը գովասանքի էր արժանի։ Պողոսը հռոմեացիներին ասաց՝ «ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում» և «ձեր հնազանդությունը նկատելի դարձավ բոլորին» (Հռոմ. 1։8; 16։19)։ Երկրորդ դարի պատմիչ Սվետոնիոսը նշում է, որ Կլավդիոսի (մ.թ. 41–54թթ.) իշխանության օրոք հրեաները վտարվեցին Հռոմից։ Սակայն ավելի ուշ նրանք վերադարձան։ Դա երևում է այն բանից, որ Ակյուղասը և Պրիսկիղան, որոնք հրեաներ էին, Հռոմում էին ապրում։ Պողոսը ծանոթացել էր նրանց հետ Կորնթոսում։ Նրանք հեռացել էին Հռոմից Կլավդիոսի հրամանով, բայց երբ Պողոսը գրում էր այս նամակը հռոմեացիներին, նրանք կրկին Հռոմում էին ապրում (Գործ. 18։2; Հռոմ. 16։3)։
5. Ո՞ր փաստերն են հաստատում «Հռոմեացիներ» նամակի վավերականությունը։
5 Նամակի կանոնականությունը հաստատված է։ Ինչպես նախաբանում է ասվում, նամակը «Պողոսից է՝ Հիսուս Քրիստոսի ծառայից, որ կանչվել է առաքյալ լինելու.... բոլոր նրանց, ովքեր Հռոմում են՝ Աստծու սիրելիներին, որ կանչված են սուրբ լինելու համար» (Հռոմ. 1։1, 7)։ «Հռոմեացիներ» նամակը հիշատակվում է ամենավաղ աղբյուրներում, որոնք հաստատում են Քրիստոնեական Հունարեն Գրությունների վավերականությունը։ «1 Պետրոս» նամակում, որը գրվել է «Հռոմեացիներ» նամակից մոտ 6–8 տարի հետո, այնքան շատ նման արտահայտություններ կան, որ շատ աստվածաշնչագետներ կարծում են, որ Պետրոսը տեսել էր «Հռոմեացիներ» նամակի օրինակը։ «Հռոմեացիներ»-ը վերագրում են Պողոսին։ Այն մեջբերվել է Կղեմես Հռոմեացու, Պոլիկարպոս Զմյուռնիացու և Իգնատիոս Անտիոքցու կողմից։ Բոլորն էլ ապրել են մ.թ. առաջին դարի վերջին և երկրորդ դարի սկզբին։
6. Ինչպե՞ս է մի հին պապիրուս հաստատում «Հռոմեացիներ» նամակի կանոնականությունը։
6 «Հռոմեացիներ» նամակը հայտնաբերվել է Պողոսի մյուս ութ նամակների հետ մի ձեռագրում, որը կոչվում է Չեստեր Բիատիի պապիրուս № 2 (P46)։ Այս հին ձեռագրի վերաբերյալ Ֆրեդերիկ Քենյոնը գրում է. «Այս պարագայում մենք ունենք Պողոսի Ուղերձների գրեթե ամբողջական ձեռագիրը՝ հավանաբար գրված երրորդ դարի սկզբին»a։ Չեստեր Բիատիի Հունարեն աստվածաշնչյան պապիրուսները ավելի հին են, քան հայտնի Սինայական ձեռագիրը և Վատիկանյան № 1209 ձեռագիրը, որոնք պատկանում են մ.թ. չորրորդ դարին։ Սրանք նույնպես պարունակում են «Հռոմեացիներ» նամակը։
7. Ե՞րբ և որտե՞ղ է գրվել «Հռոմեացիներ» նամակը։
7 Ե՞րբ և որտե՞ղ է գրվել «Հռոմեացիներ» նամակը։ Աստվածաշնչի մեկնաբանների մեջ տարաձայնություն չկա այն հարցի վերաբերյալ, որ այս նամակը գրվել է Հունաստանում՝ ամենայն հավանականությամբ Կորնթոսում, երբ Պողոսը մի քանի ամիս այնտեղ մնաց իր երրորդ միսիոներական ճանապարհորդության վերջում։ Այն, որ նամակը գրվել է Կորնթոսում, ապացուցվում է հենց նամակով։ Պողոսը գրել է նամակը Գայոսի տնից, որն այնտեղի ժողովի անդամ էր, և երաշխավորություն է տվել Ֆիբեի վերաբերյալ, որը Կորնթոսի նավահանգիստ Կենքրայի ժողովի անդամ էր։ Ակներևաբար, Ֆիբեն էր, որ նամակը տարավ Հռոմ (Հռոմ. 16։1, 23; 1 Կորնթ. 1։14)։ Հռոմեացիներ 15։23-ում Պողոսը գրել է. «Այս կողմերում այլևս չքարոզված տարածք չունեմ»։ Հաջորդ համարում առաքյալը նշում է, որ մտադրվել է ընդլայնել իր միսիոներական ծառայությունը դեպի արևմուտք՝ Իսպանիա։ Նա այս մասին կարող էր գրել երրորդ ճանապարհորդության վերջում՝ մ.թ. 56թ. սկզբին։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
8. ա) Ի՞նչ է Պողոսը ասում իր հանձնարարության մասին։ բ) Ինչպե՞ս է նա ցույց տալիս, որ թե՛ հրեաները, թե՛ հույները արժանի են Աստծու ցասմանը։
8 Աստծու անկողմնապահությունը հրեաների և այլազգիների հանդեպ (1։1–2։29)։ Ի՞նչ է գրում Պողոսը հռոմեացիներին՝ Աստծու կողմից ներշնչված։ Նամակի սկզբում նա իրեն անվանում է առաքյալ, որին Քրիստոսը ընտրել է այլազգիներին սովորեցնելու համար, որ նրանք «հավատան և հնազանդ լինեն»։ Նա գրում է, որ փափագով է ուզում տեսնել Հռոմի սրբերին, որպեսզի «փոխադարձ քաջալերություն» ստանան և նրանց հռչակի բարի լուրը, որը «Աստծու զորությունն է բոլոր հավատ ունեցողների փրկության համար»։ Ինչպես որ վաղուց գրվել էր, արդարը կապրի «հավատի շնորհիվ» (1։5, 12, 16, 17)։ Պողոսը ցույց է տալիս, որ թե՛ հրեաները, թե՛ հույները արժանի են Աստծու ցասմանը։ Մարդկանց աստվածամերժ գործերը արդարացում չունեն, քանի որ Աստծու «անտեսանելի հատկությունները.... հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր» (1։20)։ Այդուհանդերձ, ազգերը անմտորեն աստվածներ են սարքում ստեղծված բաներից։ Սակայն հրեաները չպետք է դաժանորեն դատեն ազգերին, որովհետև նրանք նույնպես մեղավոր են։ Երկու խմբերն էլ դատվելու են իրենց գործերի համաձայն, քանի որ Աստված կողմնապահ չէ։ Ֆիզիկական թլփատությունը վճռորոշ գործոն չէ։ «Նա է հրեա, ով ներքուստ է այդպիսին, և նրա թլփատությունը սրտի թլփատությունն է» (2։29)։
9. ա) Ո՞րն է հրեա լինելու առավելությունը, և ի՞նչ համարներ է մեջբերում Պողոսը ցույց տալու համար, որ բոլորն են մեղավոր։ բ) Ինչպե՞ս է անհատը արդար հայտարարվում, և ո՞ւմ օրինակն է թիկունք կանգնում այդ մտքին։
9 Հավատով բոլորը արդար են հայտարարվում (3։1–4։25)։ «Ո՞րն է, ուրեմն, հրեաների առավելությունը»։ Իրականում, նրանք մեծ առավելություն ունեն, քանի որ նրանց վստահվեց Աստծու սրբազան պատգամները։ Այդուհանդերձ, «ինչպես հրեաները, այնպես էլ հույները՝ բոլորն էլ մեղքի տակ են», և ոչ ոք «արդար» չէ Աստծու աչքում։ Առաքյալը Եբրայերեն Գրություններից յոթ մեջբերում է անում իր ասածները հաստատելու համար (Հռոմ. 3։1, 9–18; Սաղ. 14։1–3; 5։9; 140։3; 10։7; Առակ. 1։16; Ես. 59։7, 8; Սաղ. 36։1)։ Օրենքը ակնհայտ է դարձնում մարդու մեղավոր վիճակը, հետևաբար «օրենքի գործերով ոչ մի մարմին արդար չի հայտարարվի»։ Սակայն Աստծու անզուգական բարությամբ և փրկանքով տրված ազատության միջոցով թե՛ հրեաները, թե՛ հույները արդար են հայտարարվում «հավատով՝ անկախ օրենքի գործերից» (Հռոմ. 3։20, 28)։ Պողոսը թիկունք է կանգնում այս մտքին՝ բերելով Աբրահամի օրինակը, որը արդար համարվեց ոչ թե գործերի կամ թլփատության շնորհիվ, այլ հավատի։ Ուստի Աբրահամը ոչ միայն հրեաների հայրն է, այլև «բոլոր հավատ ունեցողների» (4։11)։
10. ա) Ինչպե՞ս մահը թագավորեց։ բ) Քրիստոսի հնազանդությամբ ի՞նչ եղավ, և ի՞նչ զգուշացում է տրվում մեղքի հետ կապված։
10 Քրիստոսի շնորհիվ արդարության ծառա ենք, ոչ թե մեղքի (5։1–6։23)։ Մեկ մարդու՝ Ադամի միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, «այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (5։12)։ Մահը թագավորեց Ադամից մինչև Մովսես։ Երբ Օրենքը տրվեց Մովսեսի միջոցով, մեղքը շատացավ, իսկ մահը շարունակեց իշխել։ Սակայն այժմ Աստծու անզուգական բարությունը ավելի է առատանում, և Քրիստոսի հնազանդությամբ շատերը արդարներ են դառնում հավիտենական կյանքի համար։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է մնանք մեղքի մեջ։ Նրանք, ովքեր մկրտված են Քրիստոսում, պետք է իրենց անձերը մեռած համարեն մեղքի հանդեպ։ Նրանց հին անձնավորությունը ցցին է գամվել, և նրանք ապրում են Աստծու համար։ Մեղքը այլևս չի իշխում նրանց վրա, այլ նրանք դառնում են արդարության ծառաներ սրբության համար։ «Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (6։23)։
11. ա) Ի՞նչ օրինակով է Պողոսը բացատրում, որ հրեա քրիստոնյաները ազատվել են Օրենքից։ բ) Օրենքը ի՞նչը ակնհայտ դարձրեց, և քրիստոնյաները ի՞նչ պատերազմ են մղում։
11 Մահացած Օրենքի հանդեպ, կենդանի ոգու շնորհիվ՝ Քրիստոսի հետ միության մեջ լինելով (7։1–8։39)։ Կնոջ օրինակով, որը կապված է իր ամուսնուն այնքան ժամանակ, քանի դեռ նա կենդանի է, և ազատ է ուրիշի հետ ամուսնանալու, եթե նա մահանա, Պողոսը ցույց է տալիս, որ Քրիստոսի զոհի միջոցով հրեա քրիստոնյաները մահացան Օրենքի հանդեպ և ազատվեցին, որ պատկանեն Քրիստոսին ու պտուղ բերեն Աստծու համար։ Սուրբ Օրենքը մեղքը ավելի ակնհայտ դարձրեց, իսկ մեղքը մահ բերեց։ Մեղքը, որ բնակվում է մեր մարմնում, պատերազմում է մեր լավ մտադրությունների դեմ։ Պողոսն ասաց. «Բարին, որ ուզում եմ անել, չեմ անում, բայց չարը, որ չեմ ուզում անել, հենց դա եմ անում»։ Հետևաբար, «այդ անողը այլևս ես չեմ, այլ մեղքը, որ բնակվում է իմ մեջ» (7։19, 20)։
12. Ինչպե՞ս են ոմանք դառնում Քրիստոսի ժառանգակիցներ, և ինչո՞ւմ են նրանք լիակատար հաղթանակ տանում։
12 Ի՞նչը կարող է անհատին փրկել այս թշվառ վիճակից։ Աստված կարող է իր ոգով կյանք տալ նրանց, ովքեր պատկանում են Քրիստոսին։ Նրանք որդեգրվել են, արդար են հայտարարվել, դարձել են Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ ու փառավորվել են։ Նրանց Պողոսը ասում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել.... Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց»։ Ո՛չ ոք։ Հաղթական տոնով նա ասում է. «Մենք լիովին հաղթանակած ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ։ Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ կառավարությունները, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է» (8։31, 35, 37–39)։
13. ա) Մարգարեության համաձայն՝ ովքե՞ր են մտնում Աստծու իսկական Իսրայելի մեջ, և դա Աստծու ո՞ր սկզբունքին է ներդաշնակ։ բ) Ինչո՞ւ մարմնավոր Իսրայելը համապատասխան չհամարվեց, բայց ի՞նչ է հարկավոր փրկության համար։
13 Հավատով և Աստծու ողորմությամբ «Իսրայելը» փրկվում է (9։1–10։21)։ Պողոսը «մեծ տրտմություն» է զգում իր ազգակիցների, այսինքն՝ իսրայելացիների հանդեպ, բայց հասկանում է, որ ամբողջ մարմնավոր Իսրայելը չէ, որ իսկապես «Իսրայել» է, քանի որ Աստված իշխանություն ունի որդեգրելու նրանց, ում ուզում է։ Ինչպես երևում է փարավոնի հետ Աստծու գործելակերպից, նաև բրուտի օրինակից, «ո՛չ ցանկացողից է կախված և ո՛չ էլ վազողից, այլ Աստծուց, որը ողորմած է» (9։2, 6, 16)։ Նա կանչում է որպես որդիներ «ոչ միայն հրեաների միջից, այլև մյուս ազգերի», ինչպես որ վաղուց ի վեր կանխագուշակել էր Օսեեն (Օս. 2։23)։ Իսրայելը համապատասխան չհամարվեց, քանի որ Աստծու հավանությունը որոնում էր «ոչ թե հավատով, այլ իբրև թե գործերով» և գայթակղվեց Քրիստոսի՝ «սայթաքելու վեմի» պատճառով (Հռոմ. 9։24, 32, 33)։ Նրանք «Աստծու հանդեպ նախանձախնդրություն» ունեն, բայց ոչ «ճշգրիտ գիտելիքների համաձայն»։ Քրիստոսը Օրենքի վերջն է նրանց համար, ովքեր սրտով հավատում են արդարության համար, իսկ փրկվելու համար անհատը պետք է հրապարակորեն հռչակի, որ «Հիսուսը Տեր է», և հավատ ընծայի, որ «Աստված հարություն տվեց նրան» (10։2, 9)։ Քարոզիչներ են ուղարկվում, որպեսզի բոլոր ազգերի մարդիկ լսեն, հավատան ու փրկություն ստանալու համար կանչեն Եհովայի անունը։
14. Ի՞նչ է Պողոսը ցույց տալիս ձիթենու օրինակով։
14 Ձիթենու օրինակը (11։1–36)։ Աստված իր անզուգական բարությամբ մարմնավոր Իսրայելից մի մնացորդ ընտրեց, սակայն քանի որ մեծամասնությունը սայթաքեց, «փրկություն եղավ ուրիշ ազգերի մարդկանց» (11։11)։ Պողոսը ձիթենու օրինակով ցույց է տալիս, թե ինչպես մարմնավոր Իսրայելի անհավատության պատճառով ոչ հրեաներ պատվաստվեցին։ Այդուհանդերձ, ոչ հրեաները չպետք է ուրախանան, որ Իսրայելը մերժվել է, քանի որ եթե Աստված չխնայեց անհավատարիմ բուն ճյուղերին, ապա վայրի ձիթենուց պատվաստված ճյուղերին՝ ուրիշ ազգերին էլ չի խնայի։
15. Ի՞նչ է նշանակում մարմինը որպես զոհ ներկայացնել Աստծուն։
15 Նորոգել միտքը, վերին իշխանություններ (12։1– 13։14)։ «Ձեր մարմինները ներկայացրեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի»,— խորհուրդ է տալիս Պողոսը։ Այլևս չպետք է «ընդունել այս աշխարհի կերպարանքը», այլ «վերափոխվել՝ նորոգելով միտքը»։ Չպետք է մեծամտանալ։ Քրիստոսի մարմինը, մեր մարմնի պես, շատ անդամներ ունի, որոնք տարբեր գործողություններ են անում, սակայն աշխատում են միասնաբար։ Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցիր։ Վրեժխնդրությունը Եհովային թող։ «Բարիով հաղթիր չարին» (12։2, 21)։
16. Ինչպե՞ս պետք է քրիստոնյաները վերաբերվեն վերին իշխանություններին և ուրիշներին։
16 Հարկավոր է հպատակվել վերին իշխանություններին։ Դա Աստծու կառույցն է։ Չպետք է ոչ ոքի ոչ մի բան պարտք լինել, բացի իրար սիրելուց։ Փրկությունը մոտենում է, ուստի պետք է «մեր վրայից հանենք խավարին պատկանող գործերը և հագնենք լույսի զենքերը» (13։12)։ Պետք է պարկեշտությամբ քայլենք և ոչ թե մարմնի ցանկությունների համաձայն։
17. Թույլ անհատներին դատելու և նրանց կերտելու առնչությամբ ի՞նչ խորհուրդ է տրվում։
17 Բոլորի հանդեպ լինել անկողմնապահ՝ առանց որևէ մեկին դատելու (14։1–15։33)։ Պետք է համբերատար լինենք նրանց հանդեպ, ովքեր հավատի մեջ թույլ լինելու պատճառով հեռու են մնում սննդի որոշ տեսակներից կամ որոշ օրեր կարևոր են համարում։ Չպետք է դատենք եղբորը և ոչ էլ գայթակղության քար դնենք նրա առաջ ուտելիքի կամ խմելիքի պատճառով, քանի որ Աստված դատում է բոլորին։ Հարկավոր է հետամուտ լինել խաղաղության, նպաստել միմյանց կերտելուն ու կրել ուրիշների թուլությունները։
18. ա) Ի՞նչ մեջբերումներ է անում Պողոսը՝ ցույց տալու համար, որ Աստված ընդունում է ուրիշ ազգերի մարդկանց։ բ) Ինչպե՞ս է Պողոսն անձամբ օգտվում Աստծու անզուգական բարությունից։
18 Առաքյալը գրում է. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց»։ Այնուհետև Եբրայերեն Գրություններից ուրիշ չորս մեջբերում է անում՝ վերջնականապես ապացուցելով, որ ներշնչված մարգարեները դեռ վաղուց կանխագուշակել էին, որ Աստծու խոստումները տարածվելու են նաև այլ ազգերի մարդկանց վրա (Հռոմ. 15։4, 9–12; Սաղ. 18։49; 2 Օրենք 32։43; Սաղ. 117։1; Ես. 11։1, 10)։ «Ուստի,— հորդորում է Պողոսը,— ընդունեք միմյանց այնպես, ինչպես Քրիստոսն ընդունեց մեզ, որպեսզի Աստված փառավորվի» (Հռոմ. 15։7)։ Առաքյալը իր գնահատանքն է հայտնում իր հանդեպ Աստծու դրսևորած անզուգական բարության համար, որպեսզի մյուս ազգերի համար ծառա լինի՝ «Աստծու բարի լուրի սուրբ գործին մասնակցելու»։ Նա միշտ առիթներ է փնտրում նոր տարածքներում քարոզելու, որ չլինի թե «ուրիշի դրած հիմքի վրա կառուցի»։ Եվ դա դեռ ամենը չէ, քանի որ նա ծրագրում է Երուսաղեմ նվիրաբերություններ տանելուց հետո ավելի մեծ քարոզչական շրջագայություն ձեռնարկել դեպի հեռավոր Իսպանիա և այնտեղ գնալու ճանապարհին «Քրիստոսի լիառատ օրհնությունները» բերել Հռոմում եղող եղբայրներին (15։16, 20, 29)։
19. Նամակի վերջում ի՞նչ ողջույններ ու հորդորներ են տրվում։
19 Եզրափակիչ ողջույններ (16։1–27)։ Պողոսը ողջույնի խոսքեր է հղում Հռոմի ժողովի 26 անդամներին՝ նշելով նրանց անունները, ինչպես նաև բարևում է ուրիշներին և հորդորում նրանց հեռու մնալ նրանցից, ովքեր բաժանումներ են առաջ բերում, ու «իմաստուն լինել դեպի բարին և անմեղ՝ դեպի չարը»։ Եվ այս ամենը ի փառս Եհովայի «Հիսուս Քրիստոսի միջոցով.... Ամեն» (16։19, 27)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
20. ա) Ի՞նչ տրամաբանական պատճառ է տրվում Աստծուն հավատալու համար «Հռոմեացիներ» գրքում։ բ) Ի՞նչ օրինակով է բացատրվում Աստծու արդարությունն ու ողորմությունը, և այդ մասին խորհելիս ի՞նչ է բացականչում Պողոսը։
20 «Հռոմեացիներ» նամակը տրամաբանական փաստարկներ է բերում Աստծուն հավատալու համար՝ նշելով, որ «նրա անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով»։ Նամակը փառաբանում է Աստծու արդարությունը և հայտնի է դարձնում նրա մեծ ողորմությունն ու անզուգական բարությունը։ Այս հատկությունները վառ կերպով արտահայտված են ձիթենու օրինակում, որի վրա պատվաստվել են վայրի ճյուղեր, մինչդեռ բուն ճյուղերը կտրվել են։ Այս խստության և Աստծու բարության մասին խորհելով՝ Պողոսը բացականչում է. «Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները, և անզննելի նրա ճանապարհները» (1։20; 11։33)։
21. Ինչպե՞ս է «Հռոմեացիներ»-ում ցույց տրվում, թե հետագայում ինչ զարգացում ունեցավ Աստծու սրբազան գաղտնիքը։
21 Դրա հետ կապված՝ «Հռոմեացիներ» գիրքը բացատրում է Աստծու սրբազան գաղտնիքի հետագա զարգացումը։ Քրիստոնեական ժողովում այլևս խտրություն չկա հրեայի և այլազգու միջև, այլ բոլոր ազգերի մարդիկ էլ կարող են օգտվել Եհովայի անզուգական բարությունից, որը դրսևորվում է Հիսուս Քրիստոսի միջոցով։ «Աստված կողմնապահություն չի անում»։ «Նա է հրեա, ով ներքուստ է այդպիսին, և նրա թլփատությունը սրտի թլփատությունն է՝ ոգու միջոցով և ոչ թե գրավոր օրենքի»։ «Ոչ մի խտրություն չկա հրեայի և հույնի միջև, որովհետև Տերը մեկն է ամենքի համար, որը առատորեն օրհնում է բոլոր իրեն կանչողներին»։ Նրանք բոլորը արդար են հայտարարվում հավատով և ոչ թե գործերով (2։11, 29; 10։12; 3։28)։
22. Ի՞նչ գործնական խորհուրդ է տրվում ժողովից դուրս մարդկանց հետ ունեցած մեր փոխհարաբերությունների առնչությամբ։
22 Այն գործնական խորհուրդները, որ կան հռոմեացի քրիստոնյաներին ուղղված նամակում, օգտակար են քրիստոնյաների համար նաև այսօր, քանի որ մենք նույնպես նմանատիպ խնդիրների ենք բախվում այս աշխարհում։ Քրիստոնյային հորդոր է տրվում «խաղաղություն ունենալ բոլոր մարդկանց», այդ թվում նաև նրանց հետ, ովքեր ժողովի անդամ չեն։ Ամեն անձ պիտի «հպատակվի վերին իշխանություններին», քանի որ դրանք Աստծու սահմանած կառույցն են և վախի պատճառ են ոչ թե բարի գործ անողների համար, այլ չար։ Քրիստոնյաները պետք է հպատակվեն ոչ միայն պատժվելու վախից դրդված, այլև իրենց քրիստոնեական խղճի համար՝ վճարելով հարկերը, տուրքերը, կատարելով պարտականությունները և ոչ ոքի ոչ մի բան պարտք չլինելով, բացի «սիրուց»։ «Սերը օրենքի կատարումն է» (12։17–21; 13։1–10)։
23. Ինչպե՞ս է Պողոսը շեշտում բարի լուրը հրապարակորեն հռչակելու կարևորությունը, և ի՞նչ օրինակ է նա թողնում ծառայությանը պատրաստվելու հարցում։
23 Պողոսը շեշտում է մարդկանց վկայություն տալու կարևորությունը։ Մարդը սրտով հավատում է արդարության համար, բայց բերանով հրապարակորեն հռչակում է փրկության համար։ «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քարոզիչները գնան և «բարի լուր հռչակեն բարի բաների մասին»։ Երջանիկ ենք մենք, եթե այս քարոզիչների թվում ենք, որոնց ձայնը տարածվում է «մինչև բնակեցված երկրի ծայրերը» (10։13, 15, 18)։ Քարոզչական գործին պատրաստված մասնակցելու համար թող որ ձգտենք այնքան լավ իմանալ Սուրբ Գիրքը, ինչպես Պողոսը, որը ընդամենը մի փոքր հատվածում (10։11–21) մի շարք մեջբերումներ արեց Եբրայերեն Գրություններից (Ես. 28։16; Հովել 2։32; Ես. 52։7; 53։1; Սաղ. 19։4; 2 Օրենք 32։21; Ես. 65։1, 2)։ Նա իրավամբ կարող էր ասել. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմ. 15։4)։
24. Ի՞նչ խորհուրդ է տալիս Պողոսը եռանդուն լինելու և միմյանց հետ վարվելու վերաբերյալ։
24 Հրաշալի գործնական խորհուրդներ են տրվում քրիստոնեական ժողովի ներսում եղած փոխհարաբերությունների վերաբերյալ։ Անկախ ազգային, ռասայական կամ սոցիալական ծագումից՝ բոլորն էլ իրենց միտքը պետք է պատրաստեն սրբազան ծառայություն մատուցելու Աստծուն՝ համաձայն նրա «բարի, ընդունելի և կատարյալ կամքի» (11։17–22; 12։1, 2)։ Որքա՜ն գործնական և խոհեմ են Պողոսի խորհուրդները՝ արձանագրված Հռոմեացիներ 12։3–16-ում։ Իսկապես, հրաշալի հորդորներ են տրվում լինել եռանդուն, ժողովի անդամների հանդեպ դրսևորել խոնարհություն և ջերմ գորովանք։ Վերջին գլուխներում Պողոսը խստորեն խորհուրդ է տալիս զգուշանալ և խուսափել այն մարդկանցից, ովքեր բաժանումներ են առաջ բերում։ Նաև խոսում է այն փոխադարձ ուրախության և թարմության մասին, որը գալիս է ժողովում մաքուր ընկերակցություն վայելելուց (16։17–19; 15։7, 32)։
25. ա) Աստծու Թագավորության վերաբերյալ «Հռոմեացիներ» գրքում ի՞նչ ճիշտ տեսակետ է արտահայտված, և ուրիշ ի՞նչ է ասվում Թագավորության մասին։ բ) Ի՞նչ օգուտներ կքաղենք այս գրքի ուսումնասիրությունից։
25 Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է շարունակ ուշադիր լինենք, թե ինչպես ենք վարվում միմյանց հետ։ «Աստծու թագավորությունը ուտելիք ու խմելիք չէ, այլ արդարություն է, խաղաղություն և ուրախություն սուրբ ոգով» (14։17)։ Այս արդարությունը, խաղաղությունը և ուրախությունը հատկապես «Քրիստոսի ժառանգակիցներինն» է, որոնք «կփառավորվեն» նրա հետ երկնային Թագավորությունում։ Ուշադրություն դարձրու նաև, թե «Հռոմեացիներ» նամակը ինչ տեղեկություն է հայտնում Թագավորության վերաբերյալ մարգարեության կատարման մասին, որը տրվեց Եդեմի պարտեզում. «Աստված, որ խաղաղություն է տալիս, շուտով կջախջախի Սատանային ձեր ոտքերի տակ» (Հռոմ. 8։17; 16։20; Ծննդ. 3։15)։ Քանի որ հավատում ենք այս հրաշալի ճշմարտություններին, շարունակենք լցվել ուրախությամբ ու խաղաղությամբ և առատանանք հույսով։ Թող որ վճռենք հաղթել Թագավորության Սերնդի հետ՝ համոզված լինելով, որ երկնքում կամ երկրի վրա եղող ոչ մի բան, «ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է» (Հռոմ. 8։39; 15։13)։
[ծանոթագրություն]
a «Our Bible and the Ancient Manuscripts», 1958, էջ 188։