Գլուխ 66
Տաղավարների տոնին
ՀԻՍՈՒՍԻ մկրտությունից անցել է մոտ երեք տարի։ Շատերն արդեն ճանաչում են նրան։ Հազարավոր մարդիկ տեսել են նրա հրաշքները, և նրա գործերի մասին լուրերը տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Այժմ ժողովուրդը, որ գալիս է Երուսաղեմ Տաղավարների տոնին, նրան է փնտրում։ «Որտե՞ղ է նա»,— ուզում են իմանալ նրանք։
Հիսուսը դարձել է վեճի առարկա։ Ոմանք նրա մասին ասում են. «Լավ մարդ է»։ Ուրիշներն էլ պնդում են. «Լավը չէ, այլ ժողովրդին մոլորեցնում է»։ Տոնի առաջին օրերին Հիսուսի մասին շատ շշուկներ են գնում։ Սակայն ոչ մեկը համարձակություն չունի նրա մասին բացահայտ խոսելու, քանի որ մարդիկ վախենում են, որ հրեա առաջնորդները կպատժեն իրենց։
Երբ արդեն տոնի կեսն անցել է, Հիսուսը գալիս է։ Նա ելնում է տաճար և սկսում է սովորեցնել։ Տեսնելով, թե ինչպես է նա սովորեցնում՝ մարդիկ զարմանում են։ Քանի որ Հիսուսը երբեք չի սովորել ռաբունական դպրոցներում, հրեաների մոտ հարց է առաջանում. «Այս մարդուն որտեղի՞ց այսքան գիտելիքներ և ուսում, երբ չի սովորել դպրոցներում»։
«Ինչ որ ես սովորեցնում եմ, իմը չէ,— բացատրում է Հիսուսը,— այլ նրանն է, ով ուղարկեց ինձ։ Եթե մեկը ցանկանում է Նրա կամքը կատարել, այս ուսմունքի մասին կիմանա՝ արդյոք այն Աստծո՞ւց է, թե՞ ես ինքս ինձանից եմ խոսում»։ Հիսուսի ուսմունքները ամբողջովին հիմնված են Աստծու օրենքի վրա, ուստի ակնհայտ է, որ նա Աստծու փառքն է փնտրում, ոչ թե իրենը։ «Մի՞թե Մովսեսը ձեզ չտվեց Օրենքը»,— հարցնում է Հիսուսը։ Ապա հանդիմանելով ասում է. «Ձեզանից ոչ մեկը չի հնազանդվում Օրենքին»։
— Ինչո՞ւ եք ուզում սպանել ինձ,— հարցնում է նա։
Այնտեղ հավաքված բազմության միջից մարդիկ, որ հավանաբար եկել են տոնին, չգիտեն այդ մասին։ Նրանց համար անհավանական է, որ որևէ մեկը ցանկանա սպանել Հիսուսի նման հիանալի ուսուցչի։ Ուստի կարծում են, թե նրա հետ ինչ–որ բան այն չէ։ Նրանք ասում են. «Դու դև՛ ունես։ Քեզ ո՞վ է ուզում սպանել»։
Ժողովրդի մտքով անգամ չի անցնում, որ հրեա առաջնորդները ուզում են սպանել Հիսուսին։ Երբ մեկ ու կես տարի առաջ նա շաբաթ օրով բուժեց մի մարդու, առաջնորդները փորձեցին սպանել նրան։ Դրա համար էլ Հիսուսը, ցույց տալով, թե նրանք որքան անխոհեմ են, հարց է ուղղում. «Եթե մարդը շաբաթ օրով թլփատվում է, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, ինձ վրա զայրանո՞ւմ եք, որ շաբաթ օրով մի մարդու ամբողջապես բուժեցի։ Մի՛ դատեք արտաքին երևույթով, այլ արդար դատաստանով դատեք»։
Իսկ Երուսաղեմի բնակիչները, որոնք տեղյակ են իրավիճակից, ասում են. «Սա այն մարդը չէ՞, որին ուզում են սպանել։ Բայց ահա նա բացահայտ խոսում է, և ոչինչ չեն ասում նրան։ Չլինի՞ թե իշխաններն էլ համոզվեցին, թե սա է Քրիստոսը»։ Ապա նրանք պարզաբանում են, թե ինչու չեն հավատում, որ Հիսուսն է Քրիստոսը. «Մենք գիտենք, թե որտեղից է այս մարդը։ Բայց երբ որ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանալու, թե որտեղից է նա»։
Հիսուսը պատասխանում է. «Դուք գիտեք ինձ և գիտեք նաև, թե որտեղից եմ ես։ Ես չեկա ինքս ինձանից, այլ նա, ով ուղարկեց ինձ, իսկապես գոյություն ունի, և դուք չեք ճանաչում նրան։ Իսկ ես ճանաչում եմ նրան, որովհետև ես նրա կողմից ներկայացուցիչ եմ, և Նա՛ է ուղարկել ինձ»։ Սա լսելով՝ նրանք փորձում են բռնել Հիսուսին՝ հավանաբար նրան սպանելու նպատակով։ Սակայն դա նրանց չի հաջողվում, քանի որ Հիսուսի մահանալու ժամանակը դեռ չի եկել։
Այնուամենայնիվ, շատերն են հավատում Հիսուսին, և այդպես վարվելու պատճառ ունեն։ Չէ՞ որ նա քայլեց ջրի վրայով, հանդարտեցրեց քամիները, խաղաղեցրեց փոթորկալից ծովը, մի քանի հացով ու ձկով հրաշքով կերակրեց հազարավորների, բուժեց հիվանդների, կաղերի, բացեց կույրերի աչքերը, բուժեց բորոտների և նույնիսկ մահացածներին հարություն տվեց։ Ուստի նրանք հարցնում են. «Երբ որ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ նշաններ կանի, քան այս մարդն արեց»։
Երբ փարիսեցիներն ու ավագ քահանաները լսում են, որ ժողովրդի մեջ այդպիսի խոսակցություններ կան, պահապաններ են ուղարկում, որ ձերբակալեն Հիսուսին։ Հովհաննես 7:11–32։
▪ Ե՞րբ է Հիսուսը գալիս տոնին, և ի՞նչ են մարդիկ խոսում նրա մասին։
▪ Ինչո՞ւ են ոմանք ասում, թե Հիսուսը դև ունի։
▪ Ի՞նչ են մտածում Երուսաղեմի բնակիչները Հիսուսի մասին։
▪ Ինչո՞ւ են շատերը հավատում Հիսուսին։