Գլուխ 72
Հիսուսն ուղարկում է 70–ին
ՄԵՐ թվարկության 32 թվականի աշունն է։ Հիսուսի մկրտությունից անցել է ուղիղ երեք տարի։ Նա և իր աշակերտները վերջերս գտնվում էին Տաղավարների տոնին Երուսաղեմում և ակներևաբար դեռևս նրա շրջակայքում են։ Փաստորեն, Հիսուսն իր ծառայության վերջին վեց ամիսը անց է կացնում կա՛մ Հրեաստանում, կա՛մ էլ Հորդանան գետի մյուս կողմում՝ Պիրեայի շրջակայքում։ Այս տարածքը նույնպես պետք է քարոզվի։
Ճիշտ է, 30 թվականի Պասեքից հետո Հիսուսը մոտ ութ ամիս քարոզել է Հրեաստանում, բայց երբ 31 թվականի Պասեքի տոնի ժամանակ հրեաները փորձեցին սպանել նրան, հաջորդ մեկուկես տարին նա հիմնականում անցկացրեց Գալիլեայում սովորեցնելով։ Այդ ընթացքում նա կազմեց լավ ուսուցանված քարոզիչների մի մեծ խումբ, որը մինչ այդ չկար։ Եվ այժմ նա սկսում է վերջին լայնածավալ քարոզարշավը Հրեաստանում։
Հիսուսն ընտրում է 70 աշակերտների և երկու–երկու ուղարկում նրանց։ Ընդհանուր առմամբ ստացվում է 35 զույգ, որոնք պետք է այդ տարածքում Թագավորության մասին քարոզեն։ Նրանք նախօրոք գնում են այն բոլոր քաղաքներն ու վայրերը, որտեղ Հիսուսը, ըստ երևույթին, պատրաստվում է իր առաքյալների հետ այցելել։
Հիսուսը 70 աշակերտներին պատվիրում է գնալ ոչ թե ժողովարանները, այլ մտնել մարդկանց տները։ Նա բացատրում է. «Երբ որևէ տուն մտնեք, նախ ասեք. «Թող խաղաղությո՛ւն լինի այս տանը»։ Եվ եթե այնտեղ խաղաղության ընկեր լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կմնա»։ Ի՞նչ պատգամ նրանք պետք է հայտնեն։ «Ասեք նրանց. «Աստծու թագավորությունը մոտեցել է ձեզ»»,— ասում է Հիսուսը։ 70 աշակերտների գործունեության վերաբերյալ Աստվածաշունչը մեկնաբանող մի աշխատության մեջ գրված է. «Իրենց Ուսուցչի նման՝ ուր էլ որ նրանք գնում էին, քարոզում էին տնետուն» («Matthew Henry’s Commentary»)։
Այն հրահանգները, որոնք Հիսուսը տվեց 70 աշակերտներին, նման են 12 առաքյալներին տված հրահանգներին, երբ մոտ մեկ տարի առաջ նա ուղարկեց նրանց Գալիլեա՝ քարոզչական արշավի։ Պատրաստելով 70–ին, թե ինչպես պատգամը հայտնեն մարդկանց՝ Հիսուսը ոչ միայն զգուշացնում է, որ նրանք հակառակության կհանդիպեն, այլև հիվանդներին բուժելու զորություն է տալիս։ Տեսնելով աշակերտների կատարած հրաշալի գործերը՝ մարդիկ անհամբերությամբ կսպասեն նրանց Ուսուցչին, որը շուտով պետք է այցելի նրանց։
70 աշակերտների քարոզչությունը և դրան հաջորդող՝ Հիսուսի գործունեությունը համեմատաբար կարճ են տևում։ Շուտով 35 զույգ Թագավորության քարոզիչները վերադառնում են Հիսուսի մոտ։ «Տե՛ր,— ոգևորված ասում են նրանք,— նույնիսկ դևերն են մեզ հպատակվում քո անունով»։ Ծառայության մասին այսպիսի լավ տեղեկությունները ուրախացնում են Հիսուսին և նա ասում է. «Տեսա, թե ինչպես Սատանան կայծակի պես արդեն վայր էր ընկել երկնքից։ Ահա ձեզ իշխանություն տվեցի, որ ոտքերի տակ օձերի ու կարիճների կոխկրտեք»։
Հիսուսը գիտի, որ երբ վերջին ժամանակներում ծնվի Աստծու Թագավորությունը, Սատանան և իր դևերը դուրս կնետվեն երկընքից։ Իսկ այժմ այն հանգամանքը, որ սովորական մարդիկ կարողանում են հանել անտեսանելի դևերին, էլ ավելի է վստահեցնում, որ դա տեղի կունենա։ Դա է պատճառը, որ Հիսուսը բացարձակ վստահությամբ է խոսում այն մասին, որ ապագայում Սատանան երկնքից վայր է նետվելու։ Ուստի խորհրդանշական իմաստ ունի այն, որ 70 աշակերտները իշխանություն ունեն կոխկրտելու օձերին և կարիճներին։ Սակայն Հիսուսն ասում է. «Մի՛ ուրախացեք այս բանի համար, որ ոգիները հպատակվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում»։
Հիսուսը բերկրանքով է լցվում և բոլորի առջև փառաբանում է իր Հորը, որ նա այդպիսի զորավոր կերպով օգտագործում է այս խոնարհ ծառաներին։ Դիմելով իր աշակերտներին՝ նա ասում է. «Երանի այն աչքերին, որ տեսնում են այն, ինչ որ դուք եք տեսնում։ Որովհետև ասում եմ ձեզ. շատ մարգարեներ և թագավորներ ցանկացան տեսնել այն բաները, որ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն բաները, որ դուք եք լսում, բայց չլսեցին»։ Ղուկաս 10։1–24; Մատթեոս 10։1–42; Հայտնություն 12։7–12։
▪ Իր ծառայության առաջին երեք տարիների ընթացքում որտե՞ղ էր քարոզում Հիսուսը, և ո՞ր տարածքում է նա քարոզում վերջին վեց ամիսներին։
▪ Ըստ Հիսուսի տված հրահանգի՝ որտե՞ղ պետք է քարոզեն 70 աշակերտները։
▪ Ինչո՞ւ է Հիսուսն ասում, որ տեսավ Սատանային երկնքից արդեն վայր ընկած։
▪ Ի՞նչ իմաստով 70 աշակերտները կարող են կոխկրտել օձերին և կարիճներին։