Գլուխ 90
Հարության հույսը
ՎԵՐՋԱՊԵՍ Հիսուսը մոտենում է Բեթանիային՝ մի գյուղ, որը գտնվում է Երուսաղեմից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա։ Ղազարոսի մահվանից ու թաղումից հետո ընդամենը մի քանի օր է անցել։ Նրա քույրերը՝ Մարիամն ու Մարթան, դեռ սգում են, և շատերը եկել են նրանց տուն, որպեսզի սփոփեն նրանց։
Մինչ նրանք լաց են լինում, ինչ–որ մեկը տեղեկացնում է Մարթային, որ Հիսուսը գալիս է։ Լսելով դա՝ Մարթան շտապ դուրս է գալիս նրան դիմավորելու և ակներևաբար քրոջը տեղյակ չի պահում այդ մասին։ Մոտենալով Հիսուսին՝ Մարթան կրկնում է այն խոսքերը, որոնք նա և իր քույրը պետք է որ անցած չորս օրերի ընթացքում շատ անգամ ասած լինեին. «Եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»։
Սակայն Մարթան հույս է հայտնում՝ տալով այն միտքը, որ Հիսուսը դեռ կարող է ինչ–որ բան անել իր եղբոր համար։
— Գիտեմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց, Աստված կտա քեզ,— ասում է նա։
— Քո եղբայրը հարություն կառնի,— խոստանում է Հիսուսը։
Մարթան հասկանում է, որ Հիսուսը խոսում է ապագա երկրային հարության մասին, որին փափագով սպասում էին նաև Աբրահամը և Աստծու մյուս ծառաները։ Ուստի պատասխանում է. «Ես գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, նա հարություն կառնի»։
Բայց Հիսուսի պատասխանը հույս է տալիս, որ թեթևացումն իսկույն պիտի լինի։ Նա ասում է. «Ե՛ս եմ հարությունը և կյանքը»։ Նա հիշեցնում է Մարթային, որ Աստված իրեն իշխանություն է տվել մահվան վրա. «Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա, և ամեն ոք, ով կենդանի է և հավատ է դրսևորում իմ հանդեպ, երբեք չի մահանա»։
Հիսուսը չի ասում Մարթային, որ այդ ժամանակ ապրող հավատարիմ մարդիկ երբեք չեն մահանալու։ Նրա խոսքերի իմաստն այն է, որ իր հանդեպ հավատ դրսևորելը կարող է առաջնորդել հավիտենական կյանքի։ Այդպիսի կյանք կվայելի մարդկանց մեծամասնությունը, երբ վերջին օրը հարություն առնի։ Իսկ մյուս հավատարիմները կվերապրեն իրերի այս համակարգի վախճանից, և նրանց պարագայում Հիսուսի խոսքերը բառի բուն իմաստով կիրականանան։ Նրանք երբեք չեն մահանա։ Այս հրաշալի խոսքերից հետո Հիսուսը հարցնում է Մարթային.
— Հավատո՞ւմ ես դրան։
— Այո՛, Տե՛ր,— պատասխանում է նա,— հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին՝ նա, որ աշխարհ պետք է գար։
Այդ ժամանակ Մարթան շտապում է տուն՝ քրոջը կանչելու։ Նա թաքուն ասում է Մարիամին. «Ուսուցիչը եկել է և կանչում է քեզ»։ Մարիամն իսկույն դուրս է գալիս տնից։ Դա տեսնելով՝ մյուսները հետևում են նրան՝ կարծելով, թե նա գերեզման է գնում։
Երբ Մարիամը գալիս է Հիսուսի մոտ, լացակումած նրա ոտքերն է ընկնում ու ասում. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»։ Տեսնելով, որ Մարիամն ու նրա հետևից եկած ժողովուրդը լաց են լինում՝ Հիսուսը հուզվում է իր հոգու խորքում։
— Որտե՞ղ եք դրել նրան,— հարցնում է նա։
— Տե՛ր, ե՛կ և տե՛ս,— պատասխանում են նրանք։
Հիսուսի աչքերից նույնպես արցունքներ են հոսում։ Դա տեսնելով՝ հրեաներն ասում են. «Տեսեք, թե որքա՜ն էր սիրում նրան»։
Ոմանք հիշում են, որ մի քանի ամիս առաջ՝ Տաղավարների տոնի ժամանակ, Հիսուսը մի երիտասարդ մարդու էր բուժել, որն ի ծնե կույր էր։ Ուստի հարցնում են. «Այս մարդը, որ կույրի աչքերը բաց արեց, մի՞թե չէր կարող այնպես անել, որ սա չմեռներ»։ Հովհաննես 5։21; 6։40; 9։1–7; 11։17–37։
▪ Հիսուսը ե՞րբ է մոտենում Բեթանիային, և ինչպիսի՞ իրավիճակ է այնտեղ տիրում։
▪ Ի՞նչ հիմք ունի Մարթան հավատալու հարությանը։
▪ Ինչպե՞ս է Ղազարոսի մահը ազդում Հիսուսի վրա։