Գլուխ 91
Ղազարոսը հարություն է առնում
ԻՐԵՆ ուղեկցող մարդկանց հետ Հիսուսը հասնում է Ղազարոսի գերեզմանի մոտ։ Իրականում, այն մի քարայր է, որի մուտքին քար է դրված։ «Քարը մի կո՛ղմ տարեք»,— ասում է Հիսուսը։
Մարթան դեռ չի հասկանում, թե ինչ է Հիսուսը մտադիր անել, ուստի առարկում է։ «Տե՛ր,— ասում է նա,— պետք է որ արդեն հոտած լինի, քանի որ չորրորդ օրն է»։
Բայց Հիսուսն ասում է. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։
Ուստի քարը մի կողմ են տանում։ Այդ ժամանակ Հիսուսը բարձրացնում է իր աչքերը և աղոթում. «Հա՛յր, շնորհակա՛լ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ Ճիշտ է, ես գիտեի, որ դու միշտ լսում ես ինձ, բայց այստեղ կանգնած ժողովրդի համա՛ր ասացի, որպեսզի հավատան, որ դու ես ինձ ուղարկել»։ Հիսուսը մարդկանց ներկայությամբ է աղոթում, որպեսզի նրանք իմանան, որ այն, ինչ հիմա նա պատրաստվում է անել, կատարվելու է Աստծու տված զորությամբ։ Այնուհետև նա բացականչում է. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»։
Այդ պահին Ղազարոսը դուրս է գալիս։ Նրա ձեռքերն ու ոտքերը կապված են պատանքով, իսկ դեմքը փաթաթված է կտորով։ «Արձակե՛ք նրան և թողե՛ք, որ գնա»,— ասում է Հիսուսը։
Տեսնելով այդ հրաշքը՝ հրեաներից շատերը, որ եկել էին Մարիամին և Մարթային մխիթարելու, սկսում են հավատալ Հիսուսին։ Իսկ մյուսները գնում են, որ փարիսեցիներին պատմեն կատարվածը։ Փարիսեցիներն ու ավագ քահանաները անմիջապես հավաքում են Սինեդրիոնը՝ հրեաների գերագույն ատյանը։
Սինեդրիոնի կազմի մեջ մտնում են ներկայիս քահանայապետը՝ Կայիափան, ինչպես նաև փարիսեցիները, սադուկեցիները, ավագ քահանաներն ու նախկին քահանայապետները։ Նրանք վրդովված գանգատվում են. «Ի՞նչ պիտի անենք, քանի որ այս մարդը բազում նշաններ է անում։ Եթե նրան այսպես թողնենք, բոլորը կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կվերցնեն թե՛ մեր վայրը, թե՛ մեր ազգը»։
Թեև կրոնական առաջնորդներն ընդունում են, որ Հիսուսը «բազում նշաններ է անում», միակ բանը, որ նրանց մտահոգում է, իրենց դիրքն ու իշխանությունն է։ Ղազարոսի հարությունը ուժեղ հարված է հատկապես սադուկեցիներին, քանի որ նրանք չեն հավատում հարությանը։
Կայիափան, որը հավանաբար սադուկեցի է, ասում է. «Դուք ոչինչ չգիտեք և չեք էլ խորհում, որ ձեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կործանվի»։
Աստծու միջամտությամբ էր, որ Կայիափան դա ասաց, քանի որ հետագայում Հովհաննես առաքյալը գրեց. «Սակայն այս խոսքերը [Կայիափան] իրենից չասաց»։ Նա իրականում ուզում էր ասել, որ Հիսուսը պետք է սպանվի, որպեսզի նրա պատճառով չկորցնեն իրենց իշխանությունն ու ազդեցությունը։ Սակայն ըստ Հովհաննեսի՝ Կայիափան «մարգարեացավ, որ Հիսուսը պետք է մահանար ոչ միայն ազգի համար, այլև նրա համար, որ Աստծու ցիրուցան եղած զավակներին էլ մեկտեղ հավաքեր»։ Եվ իսկապես, Աստծու կամքն է, որ Որդին իր կյանքը տա որպես փրկանք բոլոր մարդկանց համար։
Կայիափային հաջողվում է ազդեցություն բանեցնել Սինեդրիոնի անդամների վրա, որպեսզի նրանք ծրագրեն Հիսուսի սպանությունը։ Սակայն Հիսուսը այդ ծրագրերի մասին հավանաբար տեղեկանում է Նիկոդեմոսից (որը Սինեդրիոնի անդամ է և լավ է վերաբերվում Հիսուսին), ուստի հեռանում է այդտեղից։ Հովհաննես 11։38–54։
▪ Ինչո՞ւ է Հիսուսը Ղազարոսին հարություն տալուց առաջ մարդկանց ներկայությամբ աղոթում։
▪ Ինչպե՞ս են արձագանքում այս հարության ականատեսները։
▪ Ի՞նչն է բացահայտում Սինեդրիոնի անդամների չարամտությունը։
▪ Ի՞նչ էր մտադիր անել Կայիափան, սակայն ինչի՞ մասին մարգարեացավ նա Աստծու միջամտությամբ։