Գլուխ 112
Հիսուսի վերջին Պասեքը մոտ է
ՆԻՍԱՆԻ 11–ը՝ երեքշաբթի օրը, մոտենում է իր ավարտին։ Հիսուսը վերջացնում է իր առաքյալներին ուսուցանել Ձիթենյաց լեռան վրա։ Իրոք որ, շատ զբաղված ու ծանր օր էր։ Այժմ՝ թերևս գիշերելու նպատակով Բեթանիա վերադառնալիս, նա առաքյալներին ասում է. «Դուք գիտեք, որ երկու օր հետո Պասեքն է լինելու, և մարդու Որդուն մատնելու են, որ ցցին գամվի»։
Հաջորդ օրը՝ չորեքշաբթի, նիսանի 12–ին, Հիսուսն ակներևաբար առանձին իր առաքյալների հետ է անցկացնում։ Նախորդ օրը նա հրապարակորեն սաստեց կրոնական առաջնորդներին և գիտակցում է, որ նրանք հնար են փնտրում, թե ինչպես սպանեն իրեն։ Ուստի չորեքշաբթի օրը նա բացեիբաց չի հայտնվում մարդկանց մեջ, քանի որ չի ցանկանում, որ ինչ–որ բան խանգարի իրեն հաջորդ երեկո Պասեքը նշել իր առաքյալների հետ։
Իսկ այդ ժամանակ ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները հավաքվում են Կայիափա քահանայապետի բակում։ Նրանք սաստիկ վիրավորված են նախորդ օրը Հիսուսի ասած խիստ մեղադրանքներից, ուստի ծրագրեր են կազմում, որ խորամանկությամբ բռնեն ու սպանել տան նրան։ Սակայն ասում են. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որ ժողովրդի մեջ խռովություն չբարձրանա»։ Նրանք վախենում են ժողովրդից, քանի որ մարդիկ լավ են տրամադրված Հիսուսի հանդեպ։
Մինչ կրոնական առաջնորդները չարակամորեն դավ են նյութում, որ սպանեն Հիսուսին, ինչ–որ մեկը գալիս է նրանց մոտ։ Ի զարմանս իրենց՝ այդ այցելուն Հիսուսի առաքյալներից մեկն է՝ Հուդա Իսկարիովտացին, որի մեջ Սատանան սերմանել է Տիրոջը մատնելու ստոր գաղափարը։ Որքան են նրանք ուրախանում, երբ Հուդան հարցնում է. «Ինձ ի՞նչ կտաք, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք մեծ ուրախությամբ համաձայնվում են 30 կտոր արծաթ տալ, որը Մովսիսական օրենքի համաձայն՝ ծառայի գին է։ Այդ ժամանակվանից հետո Հուդան հարմար առիթ է փնտրում, որ Հիսուսին մատնի նրանց, երբ մոտակայքում ժողովուրդ չլինի։
Նիսանի 13–ը սկսվում է չորեքշաբթի արևամուտին։ Հիսուսը Երիքովից եկել էր ուրբաթ օրը, ուստի սա վեցերորդ և վերջին գիշերն է, որ նա անցկացնում է Բեթանիայում։ Հաջորդ օրը՝ հինգշաբթի, հարկ կլինի վերջին պատրաստությունները տեսնել Պասեքը տոնելու համար, որը սկսվում է արևամուտին։ Հենց այդ ժամանակ է, որ մորթում են Պասեքի գառը և ամբողջությամբ խորովում։ Որտե՞ղ են նրանք նշելու այդ տոնը, և ո՞վ է պատրաստություններ տեսնելու։
Հիսուսը դեռ չի խոսել այդ մանրամասների մասին հավանաբար այն պատճառով, որ Հուդան չկարողանա տեղեկացնել ավագ քահանաներին, ու նրանք չձերբակալեն իրեն Պասեքը տոնելիս։ Սակայն հիմա՝ թերևս հինգշաբթի կեսօրին, Հիսուսը Բեթանիայից ուղարկում է Պետրոսին ու Հովհաննեսին՝ ասելով.
— Գնացե՛ք և մեզ համար Պասեքի ընթրիքը պատրաստեք, որ ուտենք։
— Որտե՞ղ ես ուզում, որ այն պատրաստենք,— հարցնում են նրանք։
— Երբ քաղաք մտնեք,— բացատրում է Հիսուսը,— ձեզ մի մարդ կհանդիպի ջրի կավե աման տանելիս։ Նրա հետևից գնացեք ու մտեք այն տունը, ուր որ նա կմտնի։ Եվ տանտիրոջն ասեք. «Ուսուցիչն ասում է. «Որտե՞ղ է այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ Պասեքի ընթրիքը պիտի ուտեմ»»։ Եվ այդ մարդը կահավորված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ. այնտե՛ղ պատրաստեք։
Կասկած չկա, որ տանտերը Հիսուսի աշակերտներից մեկն է, որը թերևս սպասում է, որ Հիսուսը կխնդրի իրեն օգտագործել իր տունը այս հատուկ առիթի համար։ Ինչևիցե, երբ Պետրոսն ու Հովհաննեսը հասնում են Երուսաղեմ, նրանք ամեն բան գտնում են հենց այնպես, ինչպես որ Հիսուսն ասել էր։ Ուստի երկուսով հոգ են տանում, որ գառը պատրաստ լինի, ինչպես նաև անում են մնացած բոլոր բաները, որպեսզի 13 հոգի՝ Հիսուսն ու իր 12 առաքյալները, կարողանան նշել Պասեքը։ Մատթեոս 26։1–5, 14–19; Մարկոս 14։1, 2, 10–16; Ղուկաս 22։1–13; Ելից 21։32։
▪ Ակներևաբար ի՞նչ է անում Հիսուսը չորեքշաբթի օրը և ինչո՞ւ։
▪ Ի՞նչ հավաքույթ է տեղի ունենում քահանայապետի տանը, և ի՞նչ նպատակով է Հուդան գնում կրոնական առաջնորդների մոտ։
▪ Ո՞ւմ է Հիսուսը Երուսաղեմ ուղարկում հինգշաբթի օրը և ի՞նչ նպատակով։
▪ Ի՞նչ են գտնում այս ուղարկվածները, ինչը դարձյալ վկայում է Հիսուսի գերբնական կարողությունների մասին։